22:58
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գթասրտության և արդարադատության սահմանին

2015-02-10 11:28

                                                  «Դե Ֆակտո» N104 (2015թ.)

 

Արթուր Օհանյան, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների

ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

-Պարո՛ն Օհանյան, դատական համակարգում Ձեր գործունեությունը ձևավորվել է մասնագիտական ամենացածր պաշտոնից աստիճան առ աստիճան վեր բարձրանալով, ինչն, անշուշտ, վկայում է մասնագիտական լավ պատրաստվածության և աշխատանքային մեծ փորձի մասին։ Մի փոքր կպատմե՞ք` ինչպես եղավ, որ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։

-Իսկապես, ես ընտրել և պայքարել եմ այս մասնագիտությունը ձեռք բերելու համար։

Ծնվել և մեծացել եմ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Դպրոցը ոսկե մեդալով  ավարտելուց հետո հնարավորություն ունեի առանց քննություն հանձնելու ընդունվել ԲՈւՀ և մեկ այլ մասնագիտություն ստանալ, սակայն իմ ընտրությունը հստակ էր, և երկու տարի պայքարելուց հետո` 1984 թվականին ընդունվեցի ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ։ Սովորեցի սիրով և բարձր առաջադիմությամբ։ Ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատեցի Կապանի տրիկոտաժի արտադրական միավորման իրավախորհրդատու, այնուհետև նշանակվեցի Կապանի միջշրջանային դատախազության ստաժոր-քննիչ, իսկ հետո` քննիչ։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել եմ որպես Կապանի միջշրջանային դատախազի օգնական, 1996 թվականից` Կապանի ժողդատարանի դատավոր, այնուհետև զբաղեցրել եմ նույն ժողդատարանի նախագահի պաշտոնը։ 1999 թվականին նշանակվել եմ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև` 2005 թվականին, նույն դատարանի նախագահի պաշտոնում։2006 թվականից մինչ օրս զբաղեցնում եմ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։

-Պարո՛ն Օհանյան, ինչպիսի՞ն էր 2014թ. դատական հայցերի քանակի և տեսակների իմաստով։

- 2013 թվականի համեմատությամբ կրկնակի ավելացել են քաղաքացիական գործերի, ինչպես նաև վճարման կարգադրությունների քանակը։ Նախորդ տարվա համեմատությամբ, քրեական գործերի քանակական ցուցանիշներն ընդհանուր առմամբ նույնն են, տարբերությունները որակական առումով են, կարող եմ նշել, որ 2014 թվականին փոքր-ինչ նվազել են թմրանյութերի և թրաֆիքինգի վերաբերյալ գործերը, սակայն ավելացել են գողության և խարդախության դեպքերը։ 

-Քաղաքացիական գործերի թվի ավելացումն  ինչի՞ հետ եք կապում։

-21-րդ դարի քաղաքացին ունի բավականին բարձր իրավագիտակցություն, ավելի ինֆորմացված է, քանի որ համակարգչային տեխնոլոգիաները թույլ են տալիս յուրաքանչյուրին, անգամ առանց մասնագետի օգնության, նախնական տեղեկատվություն ստանալ իր իրավունքների և օրինական շահերի մասին, և հետևաբար ցանկացած իրական կամ ենթադրյալ խախտում դատական պաշտպանության դիմելու դրդապատճառ է հանդիսանում։ Բացի այդ, վերջին տարիներին զարգացում ապրեց նաև փաստաբանական ինստիտուտը, ինչի հետ կապված ավելացավ քաղաքացիների և կազմակերպությունների վստահությունը նրանց գործունեության նկատմամբ, հետևաբար նրանք սկսեցին ավելի շատ դիմել փաստաբաններին և նրանց միջոցով դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները։

Այսօր, ելնելով սոցիալական պայմանների ոչ բավարար լինելուց, մարդիկ շատ են օգտվում բանկերի և վարկային կազմակերպությունների վարկավորման ծրագրերից, միմյանց փոխառությամբ գումարներ են տրամադրում, իսկ այնուհետև չեն կարողանում ետ ստանալ, ինչը ևս դատական պաշտպանության դիմելու առիթ է տալիս և պատճառ հանդիսանում դատարանում գործերի թվաքանակի ավելացմանը։

Մենք նաև մեծաքանակ հայցեր ենք ստանում կապի, տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և հանրային սպասարկման այլ ոլորտների  ծառայություններ մատուցող կազմակերպություններից, վարչական շրջանների աշխատակազմերից։  

-Ինչպե՞ս կգնահատեք արդարադատության նոր նախարարի գործունեությունը։

-Հովհաննես Մանուկյանի գործունեությունը շատ բարձր եմ գնահատում, քանի որ նա ոլորտի գիտակ է, զբաղեցրել է տարբեր պաշտոններ և քաջատեղյակ է բոլոր խնդիրներին ու դժվարություններին, համակարգի բացերին ու թերի կողմերին։ Նա անցել է մասնագիտական այնպիսի ուղի, որն իրեն լիովին թույլ է տալիս զբաղեցնել նախարարի պատասխանատու պաշտոնը։ Վստահ եմ, որ նա ամեն ինչ կանի առկա բոլոր խնդիրներին արդյունավետ լուծում տալու համար։ Քիչ են նման նախարարները, որոնք Հովհաննես Մանուկյանի նման անցած ճանապարհ ունեն։

Ես կուզենայի, որ նրան ավելի շուտ նշանակեին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ Անկեղծ ասած` նախորդ տարիներին ընդունված մի շարք որոշումներ ինչպես իմ, այնպես էլ դատավորների մի ստվար զանգվածի հավանությանը չեն արժանացել և վստահաբար կարող եմ ասել, որ պատշաճ խթան չեն հանդիսացել համակարգի արդյունավետ զարգացմանը։

-Պարո՛ն Օհանյան, Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք դատական համակարգում, ո՞ր դեպքն է, որ Ձեր մեջ տպավորվել է և չեք կարողանում մոռանալ։

-Մեր աշխատանքը բավականին բարդ է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրերի, այն էլ բեկված ճակատագրերի հետ, միշտ պետք է հաշվի առնենք անմեղության կանխավարկածը և փորձենք մեր մեղավորության հատիկը չունենալ անազատության մատնվող մարդկային ճակատագրում։

Իհարկե, եղել են սպանության դեպքեր, որ ծանր ապրումներ են պատճառել ինձ, որոնք մինչև այսօր չեմ կարողանում մոռանալ։ Դրանք հիմնականում կյանքիս այն ժամանակահատվածում են եղել, երբ քննիչ էի աշխատում։

Կապան քաղաքում 1990-ական թվականներին անընդհատ հրետանակոծություններ էին լինում, օրեր էին լինում, որ 200-250 արկ էր պայթում, մեծ թվով մարդկային զոհեր ու ավերածություններ էին լինում։ Այդ ամենը ես տեսել ու այդ օրերն ապրել եմ, ծանր ու դժվար է անգամ հիշելը…

Կան դեպքեր, երբ կատարվում են ծանր հանցագործություններ, որոնց համար արդարադատությունը և օրենքը պատիժ են պահանջում, սակայն դրան հակադրվում են մարդկային խիղճն ու գթասրտությունը։ Մի դեպք պատմեմ, որ շատ է տպավորվել. դա զինվորի սպանություն էր զինվորի կողմից։ Մեր սահմանամերձ տարածքներից մեկում մի քանի ամիս ծառայած զինվորը գիշերը գետնատնակում իր ծառայությունն է իրականացնելիս եղել, երբ իր զորամասի մեկ այլ զինվոր մտել է գետնատնակ։ Զինվորը մտածելով, թե հակառակորդի զինվորներից է` կրակել է իր ծառայակցի վրա։ Վերջինս մահացել է։ Այդ գործի էությունը հասկանալու համար ինքս գնացել եմ դեպքի վայր, գիշերը մտել գետնատնակ` սեփական մաշկի վրա զգալու համար այդ զինվորի վիճակը։ Եվ իսկապես, նրա փոխարեն մեկ ուրիշը գուցե ևս այդպես վարվեր։ Ես չդատապարտեցի նրան…

 -Այստեղ տեղին է հիշել Գրիգոր Նարեկացու խոսքերը.”Մի՛ դատիր արդար, դատի՛ր գթությամբ։

-Դատավորը պարտավոր է մի կողմ դնել իր հույզերը, առաջնորդվել օրենքի տառով և իրականացնել արդարադատություն։ Սակայն, շատ հաճախ, մինչև վերջնական ակտը կայացնելը, դատավորի մեջ կռվում են մարդը և իրավաբանը։ Այդտեղ է, որ ուզում ես գթասիրտ լինել, երբ տեսնում ու զգում ես հանցանք կատարած անձի հոգեվիճակը, փորձում ես օրենքի թույլատրելի սահմաններում մեղմել նրա պատիժը, սակայն չպատժել չես կարող։

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում։

-Աշխատանքում լինել արդար, բայց նաև գթասիրտ, մշտապես հետևել օրենքի տառին և ձգտել հասնել ճշմարտության բացահայտմանը։

Իսկ կյանքում ինձ համար բարձրագույն արժեքներ են ազնվությունը, բարությունը, ընկերասիրությունը, մարդասիրությունը, աշխատասիրությունը։

-Ի՞նչ կարծիք ունեք իրավաբանների, դատավորների նոր սերնդի մասին։

-Կան շատ խելացի, պատրաստված կադրեր։ Երիտասարդների եռանդն ու ձգտումը մեծ է հասնելու հաջողության ու հենց այդ տարիքում պետք է ունենալ մասնագիտական ձեռքբերումներ։ Այդ կարծիքին եմ, որովհետև ես նույնպես երիտասարդ տարիքում (29 տարեկան) եմ դարձել դատավոր և դատարանի նախագահ։ Նրանց մոտ պակասում է միայն կյանքի փորձը, որը ժամանակի հետ կգա։

-2015թ.ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Հուսով եմ, որ 2015 թվականին մարդիկ ավելի բարի, հանդուրժող, ինչպես նաև հաջողակ կլինեն, հանցագործությունները կնվազեն, իսկ մենք` դատավորներս, ավելի քիչ կհայտնվենք մեր ներսի մարդու և մասնագետի ներքին բախումների իրավիճակում։

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...