12:44
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ծառայել ազգին նույնն է, թե ծառայություն մատուցել Աստծուն

2015-03-11 11:17

                          «Դե Ֆակտո» N105 (2015թ.)


  ԽՈՀԵՐ

Սիրելինե՛ր, հայության համար լույսի խորան դարձած Սուրբ Էջմիածինը հավերժի խորան է։

Էջմիածի՜ն Հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն։ Այստեղ մեր եկեղեցու հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արցունքի միջից տեսավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսեղեն էջքը։ Եվ Սուրբ Լուսավորչին, ով “աստվածային Հոգու քաղցրախոս քնարն է”, հանձնվեց Աստծո Տաճարը կառուցելու բանալին։

Հայոց աշխարհ, հայի ոգի, հայի հավատք ու հայի խիղճ… Այս ամենի մեկտեղումից Քրիստոսաէջ սրբազնագույն վայրում ծնված Մայր Տաճար ու երկհազարամյա քրիստոնեական միասնության ոսկեզարկ կնիքով դրոշմված միաբանություն։Սիրելինե՛ր, հայության համար լույսի խորան դարձած Սուրբ Էջմիածինը հավերժի խորան է։ Քանի՜ հարյուր հազար անգամներ է հնչել այս անունը հայի շուրթերից՝ ԷՋ-ՄԻԱԾԻՆ…

Խորախորհուրդ և ահասարսուռ իրողություն. Հարուցյալ և Համբարձյալ Տերը, թողնելով Իր երկնային փառքը, իջել է այստեղ՝ հայի հետ հանդիպելու, Հայկյան ցեղի մեջ ներթափանցելու և մշտաբարբառ խոսելու. “Ես եմ ձեր Տերն ու Փրկիչը։ Ինձնո՛վ ապրեք, Ինձնո՛վ ապաշխարեք, Ինձնո՛վ արարեք և Ինձնո՛վ փնտրեք Լույսը Փրկչական”։ Եվ “ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի”։

Մենք այսօր և միշտ պետք ունենք անսալու աստվածային կանչին, պետք ունենք նորոգվելու, սիրո անաղարտ տաճարներ դառնալու՝ այս Տաճարին արժանանալու համար։

Թող Կաթողիկե Սուրբ Էջմիածինը տարրալուծվի ու սփռվի մեր հոգիներից ներս, դառնա Միածնի իջման և լույսի խորան, որպեսզի նորոգված հնչեղությամբ, Սուրբ Նարեկացու խոսքերով փառավորենք Աստծուն՝ ասելով. “Քրիստոս Փրկչին՝ քեզ պսակողին, վայելում է փառք հավիտյանս, ամեն” (Ս. Գր. Նարեկացի)։

 

                                                                                              * * *

Ո՜վ Ողորմած Տեր, թող երբեք չլռեն զանգերը Հայոց եկեղեցու, թող նրանց ղողանջները  մեր հոգիների կոչնակը դառնան։ Եվ թող ղողանջը եկեղեցու, որպես անլռելի զանգակատուն, հնչի հանապազ ու, որպես Աստծո ձայն, բարձունքներից տարածվի ամենուր։ Ով ականջ ունի, թող լսի  զանգերի “բոմբիւն”-ը, գա Աստծո տուն, հոգին բանա Նրա առջև, և թող Տերը բնակվի նրա աղոթական հոգում։

                                                                                           * * *

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սուրբ անոթ է. նրա շնորհիվ  է սերունդներին փոխանցվում  Քրիստոսի սիրո և հայրենասիրության քարոզչությունը և մեր հայրերի սրբազան ավանդությամբ շաղախված լուսավորչահաստատ   հավատքը։

                                                 

                                                                           Խաչով սպառազինված

 

Հավատքով պետք է նայել խաչին և խաչի կնիքը կրել մեր սրտերում

Սիրելինե՛ր, Օծյալ խաչը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գահն է։ Խաչի վրա թափված Իր անմեղ Արյունը դարձավ գինը մարդկության փրկության։ Մենք խաչապաշտ ենք, հավատում ենք խաչով հաղթությանը և երկրպագում ենք խաչին։ Խաչը խորհրդանիշն է մեր քրիստոնեական հավատքի։ Այն բարձրացնում ենք մեր գմբեթների վրա, դրոշմում քարին, խաչակնքում՝ որպես հավատքի, իսկության արտահայտություն։ Խաչը մեր ժողովրդի կյանքում եղել է թե՛ որպես սուր և թե՛ վահան՝ ընդդեմ չարի։ Հայ քրիստոնյան սպառազինված է խաչի հաղթական խորհրդով։ Հավատքով պետք է նայել խաչին և խաչի կնիքը կրել մեր սրտերում։

                                                                           Հայ քրիստոնյային


 Ապրե՛նք հավատքով, հույսով և սիրով առլեցուն մի կյանք։       

 Սիրելինե՛ր, մենք  պետք է միաբանվենք հոգեհարազատության անսահման զգացումով և յուրայինի ցավը կիսելու ներքին մղումով։ Մենք միասիրտ ենք և միակամ մի վեհ առաքելությամբ, որ կոչվում է հայ քրիստոնյա, ասել է, թե՝ քրիստոնյա՝ հայի տեսակով։ Կյանքում, որպես կանոն, ցավն ու փորձություններն են մեզ ամենից շատ ստիպում դառնալ դեպի Աստված, Ում գոյությունն ու ներկայությունը դառնում են մեր հոգու երջանկության և աստվածային մտածումի աղբյուրը, ցավի հանդեպ հաղթանակ տանելու ուժը։ Տառապանքը մեզ համար կարող է դառնալ մաքրագործում, երկնքի հետ կապող հավերժական կամուրջ, հոգևոր և մարդկային ճշմարիտ արժեքների վերարժևորման առիթ։ Եվ, վերջապես, տառապանքի փորձը մեզ սովորեցնում է հասկանալ անանց երջանկության և անցողիկ հաճույքի տարբերությունը։ Հիսուս կամավորապես հանձն առավ ամենամեծ տառապանքը՝ խաչի մահը, որով կիսեց նաև մարդկության ճակատագիրը. ապրեց լքվածության ցավալի փորձությունը և խոնարհվելով Հայր Աստծո կամքի առջև՝ Հարության զորությամբ հաղթեց մահվանն ու աշխարհին։ Ապա համբարձվելուց առաջ իր սիրելիներին գոտեպնդելով՝ ասաց. “Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը” (Մատթ. ԻԸ 20)։

                                                                                              * * *

Մեզ միաբանում  են Հավատքի անսասանությունը, Սիրո ուժը և Բարու հաղթանակը։ Մենք որդեգիրն ենք Ողորմածության և Գթասրտության, սերմնացանները՝ Աստվածային Խոսքի ու Երկնային Արքայության։ Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Ամենախնամ Աջը խաղաղ պահի Հայոց երկնակամարը, զորացնի մեզ՝ Իր եկեղեցու զինվորներին, որպեսզի հաղթանակած դուրս գանք տեսակ-տեսակ փորձությունների միջից ու փառավորենք Բարեգութ Աստծուն այժմ և հավիտյաններում։ Ամեն։

                                                                                             * * *

Լինում են պահեր, երբ մեր կյանքը կորցնում է իր փայլը, շուրջն ամեն ինչ խավարում է, և մենք անհուսալիորեն ճնշվում ենք ու խեղճանում։ Ամենուր թագավորում է անհուսությունը, և խտանում են մեր հոգու ներկապնակի գույները։ Ավետարանը սովորեցնում է. այս ամենից դուրս գալու ելքը չհուսալքվելն է, քանզի հույսը չի երբեք ամաչեցնում” (Հռոմ. Ե 5)։ Նա, ով ունի այս մտածումը, կարող է տոկալ և հաղթանակել։ Հույսն առավել է, այն լույսին հավասարազոր է, և խավարը փախչում է նրանից։ Ապրե՛նք հավատքով, հույսով և սիրով առլեցուն մի կյանք։ Սիրո կենդանարար շնչով զորակից լինենք քաղցածին, հիվանդին, օտարին, ծարավածին  և նեղության մեջ եղողին։ Սերն է միության կապը և զորության աղբյուրը։ Ի՞նչը կարելի է համարել առավել մեծ եղբայրասիրություն, եթե ոչ՝ քրիստոնյաների միաբանական ծառայասիրությունը։

                                                                                      Հայրենիքիս

 

Ծառայել ազգին նույնն է, թե ծառայություն մատուցել Աստծուն։

Աղոթենք միասնաբար, որ Աստված Իր Ամենախնամ Աջով խաղաղ պահի մեր Հայրենիքի սահմանները։ Թո՛ղ մեր պատմության էջերում ամրագրվեն հայոց ազգի միասնականության, ոգու ամրության և հզորացման տարիներ։ Եվ թո՛ղ պտղաբերեն Հավատքի, Հույսի, Սիրո ու Բարության անդաստանները՝ ի շենություն և բարօրություն Հայրենիքի և Հայոց ազգի։ Ամեն։

                                                                                              * * *

Մեր  ուժը,  միասնության և արդար դատի վերջնական հաղթանակի ուժը  հայության ամբողջական և միասնական ինքնաարտահայտության մեջ է։ Հայի պայքարն արդար է և օրհնյալ, ուստի “Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր և մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանց ներկայությունից, քանի որ քո Տեր Աստվածն ինքը պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ” (Բ Մնացորդաց 31։6)։

                                                                                                * * *

Մեր մեծ հայրերն ասում էին. “Մեր հայրն Ավետարանն է, մայրը՝ Սուրբ Եկեղեցին”։ Այս ոսկե խոսքերով մեր ժողովրդի լավագույն զավակները, ովքեր ունեցել են ազգային պատկանելության գիտակցություն, քրիստոնեական ընդհանրական եկեղեցին դարձրել են բնույթով ազգային։ Իրենց հոգու փրկության համար Աստծուն ծառայելով` ծառայել են իրենց ազգին։ Ուրեմն ծառայել անձին քրիստոնեաբար՝ կնշանակի ծառայել ազգին, իսկ ծառայել ազգին նույնն է, թե ծառայություն մատուցել Աստծուն։

                                                                                                * * *

Ճշմարտության, բարու, հավատքի, սիրո և Հայրենիքի համար արժե արյուն հեղել և կյանք տալ, որպեսզի ապրեն Եկեղեցին ու Ազգը, Կրոնն ու Հայրենիքը, Լեզուն և Գիրը։

                              

                                                                              Ցեղասպանության ոգեկոչումով

 

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը մեզ առաջնորդում է միաբանության և միասնականության, ինչը մեր  հզորության աղբյուրն է։

Սիրելի՛ք, հայրենասիրությունը զգացմունք է, հայրենաշինությունը՝ գործ։ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը մեզ առաջնորդում է միաբանության և միասնականության, ինչը մեր  հզորության աղբյուրն է։  Այսու հիշենք, որ  երկվությունը չարյաց մայրն է։

Վա՛յ այն հայ երիտասարդին, ով հատուցման պահանջ չի ունենա, ում հոգին չի ձայնի Բարձրյալին՝ ասելով. “Վարձատրի՛ր նրանց, Տե՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տու՛ր իրենց հատուցումը” (Սաղմոս 27։4)։ Քրիստոս Իր խոսքով և կյանքով փոխանցեց. “Եւ մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին չեն կարող…” (Մատթեոս Ժ 28)։

Ոգին է կենդանարար, և մենք կոչված ենք այդ ոգին պահելու և դրանով միաբան ու հաստատ մնալու, իրավացիորեն  պահանջելու վերստանալի և վերակենդանանալի մասը՝ Աստծուց մեզ բաժին տրված… Մեր պահանջն արդար է և աստվածահաճո։ Եվ թող Աստված լինի մեզ զորակից՝ արդարության այս պատերազմը մինչև վերջ հասցնելու,  մեր ազգի եղեռնագործված զավակների հիշատակի սուրբ կտակն ապրեցնելու, հետապնդելու և արդար հատուցման մխիթարությունը գտնելու համար։ Ամեն։

                                                     

                                                                                      Երիտասարդներին


Երիտասարդությունը հանձնառություն է, ընծայաբերման պարտք՝ Հայրենիի և ազգի առջև։

Սիրասո՛ւն զավակունք մեր Առաքելական Մայր Եկեղեցու,

Այս կյանքի թարմությունն ու առաջմղիչ ուժը դուք եք։ Դուք եք կենսատու էներգիայի աղբյուրը, ավանդությունների նորակերտ կրողը, նորի տեսլականը։ Բայց նաև ներկա եք, կաք՝ զարդարուն խոհեմությամբ, պատվիրանասիրությամբ և գործելու վճռականությամբ՝ ընդելուզված ժառանգականության վրա և միտված ապագային։ Ձեր երիտասարդական ավյունն ու սերը փոխադարձե՛ք միմյանց, այն աստվածային է։

Այդ սիրո շաղախով ամրացրե՛ք կյանքը, և շնորհների պսակն ու ոսկյա մանյակը, որ երջանկության խորհուրդն ունեն, կզարդարեն ձեր գլուխն ու պարանոցը։ Երիտասարդությունը հանձնառություն է, ընծայաբերման պարտք՝ Հայրենիի և ազգի առջև։ Ձեր ուժը, ձեր անսպառ եռանդն առաքելաջանք նվիրումով ծառայեցրե՛ք մեկմեկու, հարստացրե՛ք Աստծո կենաց խոսքով։ Հիշե՛ք, որ առաքյալները ևս ձեզ պես երիտասարդ էին, և քրիստոնեության քարոզչության դժվարագույն ճանապարհին անձնվիրաբար տարածեցին Աստծո Խոսքը։                     

 

                                                                                               Մանուկներին   

      

 Աստծո համար թանկ ու սիրելի ենք ամենքս, առավելապես՝ երեխաները, քանզի երբ Նրա մոտ եկող մանուկներին հեռացնում էին, Հիսուս ասաց. “Թույլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է” (Մատթ. ԺԹ 14)։ Մանուկներին է խոստացված Երկնքի առաջին ժառանգորդները լինելու շնորհը՝ նրանց անմիջականության, պարզության և անմեղության համար։ Մանուկներին է տրված նաև երկրի վրա առավել սիրված լինելու պատիվը. նրանք մեր կյանքի հրաշալիքներն են, քնքուշ ծաղիկները, որ հանապազ հոգածության և սիրո կարիք ունեն։ Մենք ամեն օր անձանձիր աղոթում ենք նրանց պահպանության, երջանիկ ու անհոգ մանկության և խանդավառ օրերի համար։

                                                                                                       * * *

 Սիրելի՛ մանուկներ, դուք  մեր կյանքի սիրո առանցքն եք, մեր ներշնչման և հավերժ մանուկ մնալու ակունքը։ Տիրոջ աչքերով ձեզ տեսնելու և Նրա հոգով ձեզ սիրելու շնորհով լցված՝ հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության, սիրասուն հայրիկ-մայրիկների, տատ ու պապերի տևական ներկայության ու սիրո համար, ձեր վճիտ ու ժպտուն աչուկների խինդառատության համար։ Նաև հավերժորեն փառավորում մեր Բարեգութ Աստծուն՝ բեթղեհեմյան Մանկան Ծնունդի համար, Ով ծնվեց և հայտնվեց մեր մեջ՝ մսուրի լույսը սփռելով աշխարհով մեկ։ Թող Տիրոջ բարեխնամ Աջը հաստատուն պահի Հայոց աշխարհի խաղաղությունը, հովանի լինի ձեզ, և Կյանքի Արեգակի լուսառատ շողերը ողողեն ձեր մանկությունը։

 

Ներկայացրեց Լուսինե Հովհաննիսյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...