15:23
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կնոջ, մոր և մանկավարժի կատարյալ ներդաշնակություն մեկ կերպարում

2015-04-16 12:46

                                      «Դե Ֆակտո» N106 (2015թ.)

Դրականի և բացասականի սահմանին. ի՞նչը կարող է դրական և ընդհակառակը` բացասական հույզեր առաջացնել Գայանե Սարուխանյանի հոգում։

Գայանե Սարուխանյան`Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն

-Բարև Ձեզ, ինչպե՞ս եք։

-Բարև Ձեզ, գերազանց։

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լավ տրամադրությունը։

-Ես առհասարակ լավատես եմ, անկախ ամեն ինչից։

-Իսկ ի՞նչն է ազդում Ձեր տրամադրության վրա  թե՛ վատ, թե՛ լավ առումով։

- Իմ տրամադրության վրա ազդում է ամեն ինչ, լավը՝ դրականորեն, վատը՝ բացասաբար։

-Իսկ ի՞նչն է դրականորեն ազդում։

-Պոզիտիվ լիցքերն են ազդում, բարձրաճաշակ գործերը, լավ երաժշտությունը, լավ գիրքը, լավ հոդվածը, լավ ֆիլմը, գեղեցիկ, խնամված կինը, ճաշակով ինտերիերը, հարմարավետ մեքենան,  սպորտը…

-Իսկ բացասաբա՞ր։

-Վիսոցսկու երգը հիշեցի.
Я не люблю, когда наполавину
Или когда прервали разговор.
Я не люблю, когда стреляют в спину,
Я также против выстрелов в  упор.
Я ненавижу сплетни в виде версий,
Червей сомнения, почестей иглу…
էսպես, մի  հսկայական շարք….

-Ձեր մանկության ընկերներից այսօր շատե՞րը կան Ձեր կողքին։

-Ցավոք, ոչ։ Մանկությանս ամենապայծառ կերպարն այսօր այստեղ չէ։  Հերմինեն, ով իմ ամենահավատարիմ ու ամենաանբաժանելի ընկերուհին էր։ Մենք միասին ենք մեծացել, նա այսօր Փարիզում է ապրում, բայց մեր ընկերությունը շարունակվում է։ Վերջերս ենք հանդիպել։ Մանկության տարիների  ոչնչով  չպայմանավորված անկեղծ զգացմունքներ կան, որոնք մշտապես ջերմացնում են, տարիքի հետ ուղեկցում, դա շատ մեծ հարստություն է։

Յուրաքանչյուրի կյանքում պետք է լինի հեղինակություն, ում գնահատականին սպասում ես, և ում ոգևորող խոսքերը անպայման իրականություն են դառնում։

-Երբ փոքր էիք, ի՞նչ էիք ուզում  դառնալ։

-Երբ փոքր էի, ինձ ուսուցչի դերում էի միշտ տեսնում, բայց չեմ կարող ասել, որ ուսուցիչ դառնալու ձևակերպված երազանք ունեի։

-Իսկ ինպե՞ս եղավ, որ ուսուցիչ դարձաք։

-Ցանկություն ունեցա աշխատել դպրոցում։ Դա ինձ այնքան անհավանական էր թվում, ռեալ չէի համարում, նույնիսկ մտածում էի, որ դպրոցում աշխատեմ թեկուզ ոչ որպես ուսուցիչ, այլ լաբորանտ կամ գրադարանավար, բայց դպրոց մտնելու ու դուրս գալու այդ պատիվն ունենամ, ու դա ինձ հաջողվեց։ Ինձ վստահեցին, տվեցին հնարավորություն ուսուցիչ աշխատել № 51 դպրոցում։ Մարդը, ում երախտապարտ եմ իմ շատ հաջողությունների համար, այդ դպրոցի տնօրենն էր՝ Արմեն Սահակյանը, որն իմ մեջ տեսավ պոտենցիալ, տեսավ ու դա բարձրաձայն ասաց, լսեցի, որ իմ մեջ տեսնում են ներուժ, որը պիտի զարգանա ու դառնա մի լավ բան։ Նույնիսկ իմ՝ դպրոցի տնօրեն դառնալու մտադրության մասին առաջինը ոչ թե ընտանիքիս անդամների, մորս, մտերիմներիս, այլ իր հետ եմ կիսվել, ու եթե նա հավանություն չտար, հենց տեղում կհրաժարվեի իմ այդ որոշումից։ Բայց ինքը ոչ միայն հավանություն տվեց, այլև ասաց. “Գնա՛ և ուղիղ մեկ տարի հետո բոլորը կխոսեն քո մասին”։

-Եվ մեկ տարի հետո խոսեցի՞ն։

-Այո՛, և մեկ տարի հետո խոսեցին։

-Իսկ տնօրեն դառնալուց  որքա՞ն  ժամանակ հետո դարձաք պատգամավոր։

-Մեկ տարի դպրոցի տնօրեն աշխատելուց հետո։

-Այդ ժամանակ քանի՞ տարվա ուսուցիչ էիք։

-Վեց տարվա ուսուցիչ էի։ 1988թ-ից աշխատել եմ ուսուցիչ, մեկ տարի հետո դարձել եմ նույն դպրոցի փոխտնօրեն՝ շարունակելով դասավանդել հայոց լեզու և գրականություն։ 1994թ-ին դարձել եմ տնօրեն, 1995-ին՝ պատգամավոր։

- Ի՞նչ կարևոր բան եք արել խորհրդարանում։ Կա՞ մի բան, որ համարում եք Ձեր ձեռքբերումը։

-Ցանկություն ունեցել եմ, բայց, ցավոք, ժամանակներն այնպիսին էին, որ ընդունված չէր նախաձեռնություններ ցուցաբերել։ Անկեղծ մտահոգություններ ունեցել եմ, պարբերաբար հնչեցրել եմ ինձ հուզող հարցերը՝ հիմնականում կրթության ոլորտի վերաբերյալ։ Հոդվածներ եմ գրել, հանդես եմ եկել այն ժամանակվա կրթական ռեֆորմների դեմ։ Եվ այնտեղ, որտեղ կային անհամաձայնություններ, իսկ այդպիսիք կային, չեմ խուսափել, չեմ վախեցել հնչեցնել։ Խորհրդարանում էլ եմ հարցեր բարձրացրել, բայց չեմ կարող պարծենալ, որ իմ բարձրացրած հարցերը եղել են ճակատագրական։

-Քանի՞ տարվա ուսուցչական փորձ ունեք։

-Եթե համարեմ, որ տնօրեն լինելն առաջին հերթին ուսուցիչ լինելն է, ընդհանուր առմամբ,  27 տարվա, հետևաբար, շատ շուտով, 13 տարի հետո կարող եմ ասել. “40 տարվա մանկավարժ եմ…”։

-40 տարուց ընդամենը 13 տարի է պակաս, ո՞րն է Ձերորպես մանկավարժի իմացած մեկ պարզ ճշմարտությունը։

-Որ կրթությունը, համենայն դեպս,  Հայաստանի համար պիտի դառնա թիվ 1 առաջնահերթությունը, ու ամեն հայ պիտի գիտակցի, որ Աստված եթե այլոց տվեց նավթ, ուրիշ առավելություններ, ծով, օվկիանոս, ապա մեզ շնորհեց Մաշտոց, շնորհեց միտք, խելք, իր կամոք ստեղծված այբուբեն և որպես առաջին պատգամ` մեզ փոխանցվեց. “Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ”։ Իմաստություն ասվածը հզոր բան է։ Այդպես մեզ շատ վաղուց են խրատել, բայց արդյոք մենք անցկացրեցինք դա մեր սրտի ու հոգու միջով։ Այ, երբ իսկապես սովորենք իմաստություն և խրատ` ընդունելով, որ Հայաստանում քաղաքական, մշակութային, հասարակական ուղենշողները լրջորոն կրթված մարդիկ պիտի լինեն ու նրանց օրինակով էլ սովորենք գնահատել մեր շուրջը զարգացող երևույթները, ինչ-որ  բանի, երևի, կհասնենք։

-Դուք ասում եք՝ մեզ ավանդված է սովորել իմաստություն և խրատ և  Աստված մեզ նախևառաջ միտք ու խելք է տվել, ինչո՞ւ չենք  հասկացել, որ առաջինը դա է պետք անել։

-Մեր ազգի տաղանդավոր մարդիկ դա հասկացել են բոլոր ժամանակներում, խոսել են, գրել են,  թողել ժառանգություն։ Այլ հարց է, թե արդյո՞ք նրանք դարձել են հավաքականություն՝ պետություն ստեղծելու կամ ստեղծվածը բարձրացնելու համար։

-Իսկ որ այդպես լինի, ու կրթությունն էլ այդ գործին իր նպաստը բերի, ի՞նչ է պետք անել, մասնավորապես կրթության ոլորտում։

-Կրթության մեջ արդեն փոխվել է ամեն ինչ, հասարակության մեջ պետք է հստակ պատկերացումներ ձևավորվեն, որ այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որը չունի սահմաններ, և եթե նույնիսկ ունի էլ սահմաններ, ապա դրանք շատ պայմանական են։ Այսօր կրթության սահմաններն էլ են վերացած և յուրաքանչյուրը, ցանկության դեպքում, կարող է հայտնվել իր ընտրած կրթական միջավայրում և ստանալ իր ուզած կրթությունը։ Այս պայմաններում չձևավորել անձնավորություն, որը ցանկություն կունենա դա անել, նշանակում է լինել ապաշնորհ և չլինել տեղում։ Դա նշանակում է չստանալ քաղաքացի, որը կկարողանա հաղթահարել կարծրատիպեր, որը կդիտարկի, թե ինչ է կատարվում շուրջը,  կփորձի դառնալ ժամանակակից  աշխարհում իր տեղն ունեցող մարդ, կունենա իր շուրջն ինչ-որ բան դեպի լավը փոխելու սկզբունք ու դրա համար համապատասխան կրթություն ու չի լինի  լոկալ-տեղային նշանակության ամբիցիոզ թերուս։

 -Եթե լինեիք մասնավոր ուսուցիչ ու Ձեզ մոտ բերեին երեխաների, ի՞նչը կլիներ Ձեր առաջին անելիքը։

-Ճիշտ սնվել, ֆիզիկապես առողջ լինել, սեփական առողջության հետ ճիշտ վարվել սովորեցնելը։ Այսինքն՝ որպեսզի իմ առջև տեսնեմ մեկին, որին պատրաստ եմ ինչ-որ տեղ ծանրաբեռնել  (իսկ սովորելը հեշտ բան չէ, դա խաղ չէ, դա  դժվարին գործընթաց է), ես պետք է որպես մարդ, որպես մայր, որպես կին`  համոզված լինեմ, որ նա ֆիզիկապես ի վիճակի է տանել այն ծանրաբեռնվածությունը, որն իր համար նախատեսել են մասնագետները։

Դրա համար պետք է լինեն նախադրյալներ, եթե ես այսօր տեսնում եմ, որ առավոտյան 8։30-ին 6 տարեկան երեխան, գունատ, կիսաարթնացած, և ամենայն հավանականությամբ, չսնված է գալիս դպրոց, այդ պահին նրան ոչ թե սովորեցնելու, այլ խնամելու ցանկություն է առաջանում։

Ի՞նչ կտայի, կտայի սովորելու ցանկություն, հետաքրքիր կդարձնեի գործընթացը, կզարգացնեի նրանց երևակայությունը։ Երեխային ոգևորելու ձևերը շատ-շատ են։

-Իսկ Դուք դրանց տիրապետո՞ւմ եք։

-Դա պետք է ընդհանուր մոտեցում լինի, և ոչ թե ինչ-որ մեկի կարողությունը կամ մասնավոր ցանկությունը։ Ա՛յ, ասում են, որ սովորելը պետք է հաճույք լինի, հետևաբար, երեխաները թող խաղան կամ մարզանք անեն կամ քիչ ծանրաբեռնվեն, բայց ուսումնառության դժվարին պրոցեսն անգամ կարող է լինել հաճելի, եթե  մարդուն հոգեբանորեն պատրաստում ես, որ սա իր համար կարևոր է։ Եթե դրանով զբաղվում են ճիշտ մասնագետները, եթե դա անում են հաճույքով, իրենց արած գործի նկատմամբ վստահությամբ ու համոզված, որ տալիս են այն, ինչը պետք է, ինչը պետք է գալու կյանքի ընթացքում և ոչ թե պարզապես այն, ինչը գրված է կրթության չափորոշիչների մեջ, ապա առաջընթաց չի կարող չլինել։

-Այսինքն, առաջարկում եք փոխե՞լ դասագրքերը։

-Դասագրքերը՝ երևի ամենավերջինը։ Դպրոցի շենքը, ուսումնառության պայմանները, ուսուցիչների մոտեցումները փոխելուց հետո միայն կմտածեի դասագրքերի մասին։ Այսօր, երբ մի փոքրիկ չիպը փոխարինում է ահռելի գրադարանների, խոսել դասագրքերի մասին՝ մի քիչ հնացած մոտեցում է։ Ցանկացած նյութ ցանկացած պահի կարելի է գտնել ու տալ երեխային։ Երեխան ինքը կգտնի, հերթը մեզ չի հասնի։ Կարևորը՝ լինի միջավայր, լինեն լավ պայմաններ, լինեն անձինք՝ ուսուցիչ անունը կրող, ու լինի պատասխանատու մոտեցում։

-Կարծես դժգո՞հ եք ուսուցիչների աշխատանքից։

-Ուսուցիչների աշխատանքից չեմ դժգոհ, ուսուցիչների սոցիալական կերպարից եմ դժգոհ։ Ոչ այնքան հեռավոր տարիներին դասարանի աղջիկների 90 տոկոսը ցանկանում էր ուսուցիչ դառնալ։ Մեր ուսուցիչների կերպարը սիրելի էր այնքան, որ ձգտում էինք լինել այնպիսին, ինչպիսին նրանք էին։ Նրանք մեծություն էին, հեղինակություն էին։ Այսօր գնացե՛ք ու հարցրե՛ք դպրոցում սովորող աշակերտներին՝ քանի՞սը ցանկություն ունի ուսուցիչ դառնալու, ու ամեն ինչ պարզ կդառնա։ Սրանք օդում ասված բառեր չեն։ Ուսուցչի կերպարն այսօր այդպիսին չէ, եթե աշակերտներին հարցնես, թե ինչ կուզես դառնալ, ոչ մեկն “ուսուցիչ” չի ասի։

-Եթե  կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք։

-Հայաստանը կդարձնեի Ավետյաց երկիր, այնպիսին, ինչպիսին Աստված ընտրել ու նախանշել է, որ Հայաստանը լինի ամենայն լավագույնի աղբյուրը։

-Դուք Ձեզ կողքից կարողանո՞ւմ եք դիտարկել, Դուք Ձեզ գնահատո՞ւմ եք։

-Շատ հաճախ։

-Եվ ինչպիսի՞ն եք։

-Ես անկեղծորեն ծիծաղում եմ, երբ պատկերացնում եմ ինձ զայրույթի պահին։  Ցավոք, երբեմն պոռթկումներ ունենում եմ։ Ես կարող եմ լինել շատ հետաքրքիր, կարող եմ լինել նաև արժանի քննադատության, ինչպես ցանկացած մարդ։

-Ո՞ւմ կուզեիք նմանվել։

-Ոչ մեկին, և ինչպես կարելի է ուզենալ նմանվել ինչ-որ մեկին։

-Բայց ասացիք չէ՞որ դպրոցում շատերն ուզում էին իրենց ուսուցչին նմանվել։

-Եթե հարցը ձևակերպված լիներ այսպես. “Ունեցե՞լ եք ուսուցիչ, որին կուզենայիք նմանվել” կասեի։

-Սակայն  հարցն այլ էր. Ո՞ւմ կուզենայիք նմանվել։

-Անկեղծորեն՝ ոչ մեկին։

-Դուք արդեն քսանմեկ տարի դպրոցի տնօրեն եք։ Ձեզ  քծնում են։

-Եթե նույնիսկ եղել են նման դրսևորումներ, որոնք այնքան էլ անկեղծ չեն եղել, չեմ նկատել։ Քծնանք ասվածը մի քիչ դառը բան է։ Իմ շուրջը ես դա չեմ տեսել, եթե նույնիսկ դա եղել է։

-Ի՞նչը Ձեզ դուր չի գալիս հասարակական կյանքում։

-Այն, որ մարդիկ վերջերս շատ արագ ոգևորվում են նեգատիվից, դրա շուրջ սկսում են ակտիվանալ ու դրանով վերելք են ապրում։ Համոզված եմ, որ եթե փոխարենը որևէ դրական երևույթ ի հայտ գա, այդքան հետաքրքրություն չի լինի ու բազմություն չի հավաքի, որքան նեգատիվն է հավաքում։ Երբ ԿԳ նախարարության հրապարակած արդյունքներով` մեր դպրոցը  բոլոր ցուցանիշներով առաջինը ճանաչվեց մայրաքաղաքում, դա որևէ արձագանք չգտավ։ Նույնն է վերաբերմունքը, երբ արդեն չորրորդ տարին ճանաչվում ենք ամենաընթերցող դպրոցը։ Մեր աշակերտները միշտ հաջողություններ են ունենում տարբեր օլիմպիադաներում, դրանցում մեր թիմերի հաջողություններն ակնհայտ են, խոսուն են առաջին դասարաններում դպրոցի ընդունելության ցուցանիշները, մշտապես կազմակերպվում են հրաշալի միջոցառումներ։ Այս ամենն ակնառու հաջողություններ են, բայց որևէ արձագանք երբեէ չի լինում։ Սակայն բավական է, որ որևէ լրագրող, որևէ կայք գրի, որ Գայանե Սարուխանյանը հերթական անգամ, ես ինչ գիտեմ ինչ արեց,  ոնց արեց, դրամահավաք արեց, անմիջապես կարձագանքեն բոլոր կայքերը, անմիջապես կլինեն մեծ-մեծ արձագանքներ։ Սա է և ոչ միայն իմ պարագայում. դրական երևույթները նկատելու ցանկություն չկա, փոխարենը կա վատ, ճղճիմ, տհաճ, ոչ դրական զարգացումներին անմիջապես արձագանքելու պատրաստակամություն։

 -Ի՞նչ երաժշտություն եք սիրում։

-Լսում եմ այն, ինչ տվյալ պահին համահունչ է իմ տրամադրությանը։ Սիրում եմ զտարյուն հայկական մեղեդիներ, չգիտեմ ինչու, այսինքն` գիտեմ ինչու, տխրում եմ, երբ լսում եմ։ Սիրում եմ դասական երաժշտություն, այն ինձ տրամադրում է  հանգստության, կատարելության։ Շատ եմ սիրում ջազ լսել, նույնիսկ երեխա ժամանակ շատ եմ ջազ լսել։  Ունեի Չառլի Պարկերի, Դիզզի Գիլեսփիի, Ջեյմս Բրաունի, Էլլա Ֆիցջերալդի ձայնագրությունները, լսում էի տարված, չգիտեի էլ, որ նրանք աշխարհահռչակ դեմքեր  են։ “Բիթլզ”-ի համար խելագարվում էի։ Մինչև հիմա էլ “Բիթլզ”-ի երաժշտությունն ինձ հիշեցնում է իմ դպրոցական տարիները։

-Ո՞ր հեղինակին եք սիրում։

-Սիրում եմ համաշխարհային մեծություններին, ոչ միայն սիրում եմ, այլև հիանում ու զարմանում եմ նրանց մտքով, նրանց ուժով, ստեղծագործության թափով։ Շեքսպիր, Տոլստոյ…. մարդիկ են, որոնք ի վերուստ ունեցել են նախասահմանում։ Դոստոևսկին ծնվել է կոնկրետ նախասահմանումով՝ լինել այդպիսին։ Ու այս շարքը շատ երկար է։ Ու ասել, թե իմ ամենասիրած գրողը կամ ստեղծագործողը ով է,  չեմ կարող, չեմ կարող առանձնացնել, ինչպես չեմ կարող ասել, թե որ երաժշտությունը, որ ֆիլմն եմ նախընտրում։

-Ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը աշխատանքից դուրս։

-Ազատ ժամանակս սովորաբար տրամադրում եմ սպորտին, շատ հաճախ գնում եմ լողավազան, քայլում եմ, սիրում եմ հեծանիվ քշել և շատ ուրախ եմ, որ Երևանում շատացել են հեծանիվ քշողները։ Ֆիզիկապես ակտիվ լինելու սկզբունքին հետևել եմ ողջ կյանքում։

Սիրում եմ բնությունը, մաքուր բնությունը կատարյալ վայելք է. բնության գրկում ես խաղաղվում եմ։

Սիրում եմ շփվել հետաքրքիր մարդկանց հետ, մարդկանց, ում հետ հաճելի է, դրանք սովորաբար այն մարդիկ են, ում համարում եմ համախոհ։ Մարդկային շփումից շատ մեծ բավականություն եմ ստանում։

-Դասավանդու՞մ եք։

-Հիմա արդեն ո՛չ։

-Իսկ ինչու՞ չեք դասավանդում։

-Իբրև գործադիր տնօրեն` այնքան բազմաշերտ ու տարաբնույթ հոգսերի հետ գործ ունեմ, որ շատ դժվար է կենտրոնանալ դասապրոցեսի վրա, ինչը համարում եմ շատ պատասխանատու գործ։ Ես կարող եմ ունենալ ժամեր, բայց դա չի լինի դասավանդել։ Չի կարող որևէ 1700 աշակերտ ունեցող դպրոցի լուրջ տնօրեն իրեն  տրամադրել  դասապրոցեսի ու այդ դասապրոցեսից  գոհ մնալ։ Դա կլինի ինչ-որ ձևական բան, որը ես չեմ անում ու չեմ կարող անել։

 -Ձեզ գոտկատեղից ներքև շա՞տ են հարվածել։

-Ինձ ցավ պատճառելու ցանկություն ունեցողներ միշտ են եղել։ Յուրաքանչյուր  նման փորձի միշտ էլ ժպիտով եմ անդրադառնում։

Հիշում եմ Կոկո Շանելի միտքը համարժեք իրավիճակների մասին. “Այ, դուք գրեթե ատում  եք ինձ, իսկ ես ձեզ չեմ էլ ճանաչում… “։

-Հիշու՞մ եք  Ոսկե հորթը  ֆիլմը։

-Այո։

-Այնտեղ կա այսպիսի մի հարցադրում. “Որքա՞ն գումար է  հարկավոր երջանիկ լինելու համար։

-Երբեք այդ մասին չեմ մտածել, փոխարենը կասեմ, որ  երջանիկ լինելու համար շատ քիչ բան է հարկավոր։

-Ի՞նչ։

-Հարկավոր է, որ մարդը ներքուստ խաղաղ լինի, որ ինքն իր և իրեն շրջապատող իրականության հետ ներդաշնակության մեջ լինի։ Ա՛յ սա է կատարյալ երջանկության գրավականը։ Որ սիրելիները և իր կյանքի կարևոր մարդիկ առողջ լինեն և այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում նրանց տեսնել։ Եթե սա չկա, որևէ նյութական արժեք չի կարող դառնալ երջանկության գրավական, իսկ եթե սա կա,  չես էլ մտածի նյութականի մասին։

-Երազանք ունե՞ք։

-Այս վերջին շրջանում երազանքներս  դարձել են ավելի նվիրական։ Այո՛, ունեմ երազանք, որ տղայիս ասածը կատարվի, որ Հայաստան գան “ոսկե վիզայով”, որ Հայաստանը դառնա երկիր, որտեղ հայն իրեն հպարտ է զգում, որ Հայաստանը դառնա ուժի գործոն, որ Հայաստանը դառնա առողջ ապրելակերպի ու հարաբերությունների միջավայր,  իսկապես Աստծո ընտրյալ ազգի բնակավայր։ Վերջերս հաճախ եմ հիշում Արշիլ Գորկու արտահայտությունը Հայաստանի մասին.‚ “Տխուր, սակայն չհաղթված…” և ուզում եմ, որ լինենք ոչ միայն չհաղթված։

-Հիշատակեցիք Ձեր որդուն, ինչո՞վ է զբաղվում նա, Ձեր ընտանիքի մյուս անդամները։

-Մեր ընտանիքի անդամներն են` ես, քույրերս, եղբայրս, իրենց ընտանիքները, իրենց զավակները։ Իմ ընտանիքի անդամներն են` ես, աղջիկս, տղաս, տղայիս ընտանիքը։ Սա իմ հպարտությունն է և ամենաթանկ բանը, որ ունեմ, ու ոչ միայն այն  պատճառով, թե ինչի են հասել նրանք, այլև, թե ինչպիսին են որպես մարդ։ Աղջիկս իրավաբան է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Բավական լուրջ փորձ է ձեռք բերել աշխատելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, հարկային ծառայության առաջին դասի խորհրդական է։ Մինչև վերջերս աշխատում էր Մոսկվայում՝  RD  Group միջազգային հոլդինգում, որտեղից էլ գործուղվել է Հայաստան, որպես Դիլիջանի միջազգային դպրոցի կառավարիչ։ Սովորում է Ռուսաստանի ազգերի բարեկամության համալսարանի (РУДН) ասպիրանտուրայում և աշխատում  է գիտական թեզի վրա։

Չեմ կարող թաքցնել հպարտությունս. նրա նուրբ ու գեղեցիկ արտաքինի տակ ամփոփված է շատ ուժեղ ու լուրջ էություն։

Տղաս նեյրովիրաբույժ է։ Ավարտել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիան, նույն ակադեմիայի օրդինատուրան ընդհանուր վիրաբուժություն, ապա կլինօրդինատուրան նեյրովիրաբուժություն մասնագիտացմամբ։ Այժմ աշխատում է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցում, ՌԴ գլխավոր նեյրովիրաբույժ ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովի թիմում։  Արդեն ինքնուրույն կատարում է գլխուղեղի և ողնուղեղի բարդ վիրահատություններ։ Միաժամանակ սովորում է ասպիրանտուրայում, շուտով  կպաշտպանի թեկնածուական թեզը։   Նրա գիտական թեզն իր փորձառության, լրջագույն վիճակագրական տվյալների և դրանց համադրմամբ կատարված վերլուծության հանրագումարն է, որը  քննարկման և ուսումնասիրության առարկա է դարձել բժիշկների և գիտնականների շրջանում։  Ինքը համոզված է,  որ  արդյունքում մոտեցում է փոխվելու։ Նա հրաշալի ընտանիք ունի և երկու դուստրերի հայր է։

 -Ասացիք իմ ընտանիքը և նաև՝ մեր ընտանիքը

-Մեր ընտանիքը շատ հետաքրքիր ավանդույթներ ունի։ Մենք իրարով ենք հարուստ, իրարով հպարտ և ուժեղ։ Քույրերս, եղբայրս, նրանց զավակները բոլորն էլ կայացած մարդիկ են, լուրջ հաջողությունների հասած, ճանաչում ունեցող։

-Իսկ եթե դպրոցում չաշխատեիք, ո՞ր ոլորտը կնախընտրեիք։

-Ինձ կնվիրեի հայկական խոհանոցային  բրենդի ձևավորման գործին։ Սիրով կուսումնասիրեի հին հայկական բաղադրատոմսերը, Հայաստանի տարբեր մարզերում արտադրվող գինիներն ու ոգելից խմիչքները, ստանալու համար բացառապես հայկական խոհանոցային բրենդ՝ ժամանակակից լուծումներով։ Պատկերացնում եք, ասենք, մի պանդոկ գյուղական գեղեցիկ որևէ վայրում, բնական աղբյուրների մոտ, էկոլոգիական ճիշտ միջավայրում , ուր հրամցնում են բացառապես հայկական բնամթերքից պատրաստված ուտեստներ։

-Իսկ ինչո՞ւ չեք անում։

-Կանե՛մ։

-Ձեր երազած կնոջ կերպարը։

-Կինը, ումով  միշտ հպարտացել եմ, որը ինձ միշտ զարմացրել է ու որի ֆենոմենը ոչ միայն ինձ, այլև նրան ճանաչողներից շատերի համար մնացել է անհասանելի, եղել է մայրս։

 -Իսկ  Ձեր հայրը։

 -Հայրս ընդամենը 41 տարի է ապրել, բայց թողել է շատ շռայլ հետագիծ։

Նա բնության ծնունդ էր, բնության պես անընդգրկելի, անզուգական բարեկամ ու ընկեր… Անհամար են նրա հետ կապված հիշողությունները, անմոռաց դրվագները։

2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ` Վանաձորի Դենդրոպարկը անվանվեց հորս՝ ՀԽՍՀ վաստակավոր անտառաբույծ Ժորա Սարուխանյանի անունով, մարդ, ով իր կարճատև կյանքի ընթացքում ահռելի գործ է կատարել հայկական բնաշխարհի համար. նրա օրոք կես միլիոնի չափ ծառ է տնկվել Հայաստանի տարբեր անտառտնտեսություններում։ Այսօր Վանաձորի Դենդրոպարկը մեր ընտանիքի կողմից պահպանվող, մեր մանկության հուշերով շնչող, օրեցօր ավելի գեղեցկացող մի դրախտային անկյուն է դարձել, որտեղ նաև մեր հայրական տունն է։

 

 

 

 






Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...