17:32
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շատ լավ ավանդույթներ պահպանվել են մինչ օրս

2015-06-11 13:43

                                   «Դե Ֆակտո» N108 (2015թ.)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից, կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից։ Այս տարի լրանում է համալսարանի հիմնադրման 85-ամյակը։Դե ֆակտոամսագիրը զրուցել է համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ։

-Պարո՛ն  Աթոյան, այս տարի լրանում է Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանի հիմնադրման 85 տարին։ Բնականաբար այս տարիների ընթացքում, ինչպես ամենուր, այստեղ ևս, շատ բաներ փոխվել են։ Հետաքրքիր է, կա՞ որևէ  ավանդույթ, որ տարիների թոհուբոհը չի փոխել։

-Ես, իհարկե, 85 տարիների մասին կդժվարանամ ասել, որովհետև բուհը ճանաչում եմ 1975 թվականից, երբ ստեղծվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Անշուշտ, որոշակի փոփոխություններ եղել են, բայց միաժամանակ շատ լավ ավանդույթներ պահպանվել են մինչ օրս։ Դասախոսների մի զգալի մասը գալիս է 75 թվականից, այս առումով պահպանվել է որոշակի մթնոլորտը։ Բացի այդ, տարբեր տարիների տնտեսագետ-շրջանավարտները միմյանց հետ շատ կապված են, ավարտելուց հետո պահպանվում է նաև հետադարձ կապը բուհի հետ, ինչի արդյունքում մենք ճանաչում ենք տարբեր ոլորտներում ներգրավված մեր շրջանավարտներին։ Թերևս սրանք են մնայուն արժեքները։

-Պարո՛ն  Աթոյան, 1975 թվականին Դուք այս համալսարանի ուսանող էիք։ Հետաքրիր է, կպատկերացնեի՞ք, որ տարիներ անց վերադառնալու եք նույն համալսարան ռեկտորի կարգավիճակով։

-Ասեմ, որ ոչ միայն համալսարանում, այլև դպրոցից սկսած ես միշտ սովորել եմ գերազանց առաջադիմությամբ։ Միշտ աշխատել եմ գործադիր մարմիններում  և թեև պաշտպանելուց հետո դասավանդել եմ, սակայն, ամենայն անկեղծությամբ, երբեք մտքովս չի անցել բուհ վերադառնալ ռեկտորի կարգավիճակով։

-Քանի՞ ֆակուլտետ ունի համալսարանը  և ո՞րն է առավել պահանջված։

-Համալսարանն ունի 6 ֆակուլտետ, այս պահի դրությամբ մեծ պահանջարկ են վայելում ֆինանսական և կառավարում ֆակուլտետները, բայց կան այլ մասնագիտություններ ևս, որոնք սկսել են  մեծ պահանջարկ վայելել։ Դրանցից են մարքեթինգը, միջազգային տնտեսական հարաբերությունները։ Իսկ, ընդհանրապես, մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե շրջանավարտը որքան դյուրին  իր տեղը կգտնի աշխատաշուկայում։ Այդ առումով այսօր շատ ավելի զարգացած է երկրի ֆինանսական հատվածը, ինչի պատճառով դիմորդներն առավելաբար նախընտրում են ֆինանսական բլոկի մասնագիտությունները, որի պահանջարկը մեծ է աշխատաշուկայում։

-Վերջին տարիներին ուսանողների թիվը աճե՞լ է, թե նվազել։

-Ընդհանուր առմամբ, գիտեք, վերջին տարիներին ուսանողերի թիվը նվազել է։ Սակայն  մեզ մոտ,  բակալավրիատում մեծ մրցակցություն է լինում, բայց դրան զուգահեռ քչանում է մագիստրատուրա և հեռակա բակալավրիատ դիմորդների թիվը, ինչը բնական է՝ հաշվի առնելով բարձրագույն կրթության ոլորտում ներկայում առկա կրթական ծառայությունների բազմազանությունը։

-Գաղտնիք չէ, որ այս համալսարանում ուսանողները ցանկանում են սովորել ոչ միայն տնտեսագետ դառնալու համար, այլև նրա համար, որ այստեղ սովորելը  բարձր իմիջ է։ Ըստ Ձեզ,  ինչու՞ է այդպես։

-Ճիշտն ասած չեմ կարող ասել ինչից է, բայց հայաստանյան բուհերի մեջ, մեր համալսարանը մշտապես իր տեղն ու դիրքն է ունեցել։ Դա գալիս է նաև մասնագիտություններից։  Կան մասնագիտություններ, որոնցով աշխատանք գտնելու հնարավորությունները սահմանափակ են, իսկ տնտեսագետների համար, ինչպես նշեցի, ավելի լայն հնարավորություններ կան այս առումով։

-Պարո՛ն Աթոյան, գիտեմ, որ արդեն մի քանի տարի է, ինչ այս համալսարանում ուսանում են նաև օտարերկրյա քաղաքացիներ, կասե՞ք,  որ երկրից են առավել շատ դիմում։

-Նշեմ, որ նախկինում մեր համալսարանը օտարերկրյա  ուսանողներ չի ունեցել։  Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 12.07.2012թ. 01/05.1/7357-12 գրության՝  ՀՊՏՀ-ն  թույլտվություն ստացավ իրականացնել օտարերկրյա ուսանողների ուսուցում։ Սկզբում ուսանողներ ունեցանք Հնդկաստանից և Նեպալից, իսկ այս պահին բանակցում ենք Իրանի, Սիրիայի և Հորդանանի հետ։ Եվ, ամենակարևորը, փորձում ենք ընդլայնել կրթական ծառայությունների արտահանումը՝ այն դարձնելով ավանդույթ։ Ակնկալում եմ, որ այսուհետ ևս կունենանք օտարերկրյա ուսանողներ։ Այս ուսումնական տարում ՀՊՏՀ-ն կավարտեն առաջին օտարերկրյա մագիստրոսները։ Նախորդ երկու տարիներին ունեցել ենք նախապատրաստական դասընթացների օտարերկրյա շրջանավարտներ։ 

-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երիտասարդ դասախոսներ շատ կա՞ն։

-Ես արդեն այստեղ եմ 4 տարի և այս տարիների ընթացքում  պահպանելով և հարգելով ավագ սերնդի վաստակն ու փորձը, միաժամանակ կարողացել եմ սահուն սերնդափոխություն ապահովել։ Ընդ որում, այդ սերնդափոխությունը մենք իրականացնում ենք ոչ միայն պրոֆեսորադասախոսական, այլև վարչական աշխատակազմում։ Ավելին, ես փորձում եմ ինքս դառնալ գործատու և արդեն աշխատանքի եմ ընդունել շուրջ 5 տասնյակ մեր համալսարանի շրջանավարտների։

-Ինչպիսի՞ն  են ուսանող- ռեկտոր հարաբերությունները։

-Իհարկե  ցանկալի կլիներ ուսանողներին հարցնեիք այդ մասին։ Ես աշխատում եմ ազատ ոճով, առանց ավելորդ ձևականությունների, և իմ հանդիպումները ուսանողների հետ լինում են տարբեր ձևաչափի, կան նաև ավանդական ամենամյա մեծամասշտաբ հանդիպումներ, որտեղ ուսանողներն անկաշկանդ, առանց միջնորդության ինձ են ուղղում իրենց հուզող հարցերը։ Կարծում եմ, կայացած, նորմալ հարաբերություններ են, կարող եք նրանցից հարցնել, ես խնդիր չեմ տեսնում։  Բոլոր դեպքերում մենք մշտապես զրուցում ենք, քննարկումներ անում, առաջարկներ լսում և ընդունում։

 -Ռեկտորի մոտ ծնողների համար ընդունելության օրեր կան։

-Ինձ մոտ միշտ ընդունելություն է՝ ով երբ գա, իսկ ընդունելության հատուկ օրեր, ժամեր ես իմ դռներին չեմ գրում, կան մարդիկ գյուղից են գալիս, ինչպե՞ս սպասեն հատուկ օրվան։

-Այս տարի համալսարանի համար հոբելյանական տարի է, այդ առիթով  ինչպիսի՞ միջոցառումներ եք նախապատրաստում։

-Այո, այս տարի հոբելյանական տարի է, ես հանձնարարել եմ պրոռեկտորներին, բոլոր ստորաբաժանումներին՝ կազմակերպել միջոցառումներ։Առաջարկներ ենք  քննարկել նաև ուսանողական խորհրդի հետ: Այս տարի արդեն մի քանի խոշոր ձեռնարկներ ունեցել ենք, իսկ գլխավոր հոբելյանական միջոցառումը նախատեսված է անցկացնել աշնանը։

Հարցազրույցը՝ Օվսաննա Մնացականյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...