04:45
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարևոր է, որպեսզի բնակչությունը հասկանա՝ երբ պետք է դիմի շտապօգնությանը

2015-06-26 10:56

                                              «Դե Ֆակտո» N108 (2015թ.)

Երևանի շտապ բուժօգնության ծառայությունում վերջին տարիներին իրականացրած բարեփոխումներն ակնհայտ են, ինչի մասին փաստում են ինչպես ոլորտի պատասխանատուները, այնպես էլ հասարակ քաղաքացիները։ Շտապ բժշկական ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ով համակարգը տնօրինում է սկսած 2010 թվականից, «Դե ֆակտո»  ամսագրին տված հարցազրույցում ներկայացրեց ծառայությունում իրականացված լայնածավալ աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

-2010-14թթ. պետական ծրագրերի շրջանակներում զգալի աշխատանքներ են կատարվել ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման, ծառայության որակական և տեխնիկական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ։ Երևանի և մարզերի շտապօգնության ծառայություններին տրամադրվել են ժամանակակից տրանսպորտային միջոցներ, բժշկական սարքավորումներ, արդիականացվել է կարգավարական կենտրոնի ծառայությունը, կապի ժամանակակից  միջոցների GPS և նավիգացիոն համակարգի ներդնումով, ինչը հնարավորություն է տալիս մոնիտորների վրա նկատել  շտապօգնության բրիգադների բաշխվածությունը հանրապետության ողջ տարածքում և  կանչին առավել օպերատիվ արձագանքել։ Կիրառվում է կանչերի ընդունման և բրիգադների հանձնման ավտոմատացված համակարգ, ինչի շնորհիվ կրճատվել է հիվանդին հասնելու ժամանակահատվածը։ Ոլորտի մասնագետների կողմից մշակվել և համակարգում ներդրվել են կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապօգնության բժշկի կողմից ցուցաբերված անհետաձգելի բուժօգնության գործելակարգեր և չափորոշիչներ, որոնք նպաստում են բուժօգնության որակի բարձրացմանը և գործողությունների վերահսկմանը։  Կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում հիվանդանոցային բուժօգնությունն արագ ապահովելու համար շտապօգնության բրիգադների և մի շարք բազմապրոֆիլ հիվանդանոցների ընդունարանների միջև ներդրվել է ռադիոհաճախականությունների միջոցով աշխատող կապի համակարգ, որի շնորհիվ մինչև հիվանդանոց հասնելը շտապօգնության բժիշկը նախապատրաստում է հիվանդանոցի ընդունարանին՝ տեղեկատվություն տրամադրելով տվյալ հիվանդի իրավիճակի և անհրաժեշտ բժշկական միջամտությունների վերաբերյալ։ Բացի այդ, ծառայության բարեփոխումների շրջանակներում շտապօգնության ծառայություն իրականացնող անձնակազմն անց է կացրել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որոնք կրում են շարունակական բնույթ։ Վերանայվել է շտապօգնության դեղորայքի պարտադիր դեղերի ցանկը, այն համալրվել է ավելի արդյունավետ և ժամանակակից դեղամիջոցներով, ինչի շնորհիվ ծառայությունն այսօր ապահոված է նյութատեխնիկական բազայով թե՛ դեղորայքի ու բժշկական նշանակության պարագաների և թե՛ վառելիքի մասով։

-Օրական միջինը քանի՞ կանչ է սպասարկում Երևան քաղաքի շտապօգնության ծառայությունը։ Արդյո՞ք վերջին շրջանում նկատվում է կանչերի աճի միտում։

-Երևանում այսօր գործում է 35 շտապօգնության ավտոմեքենա։ Այո, կարող եմ ասել, որ շտապօգնության ծառայության բարեփոխմանը զուգընթաց ավելացել են նաև կանչերի քանակը։ Եթե 2009 թվականին կատարվել է 159 հազար կանչ, ապա 2013-ին կանչերի քանակը հասել է 208 հազարի, որը միջինացված ցուցանիշներով կազմում է օրական 570 կանչ։ Եղել են օրեր, երբ կանչերի քանակը հասել է 800-ի։ Այժմ օրական  միջինում ստանում ենք 650-680 կանչ։

-Արդյո՞ք գրանցվում են չհիմնավորված կանչեր և ինչո՞վ են դրանք պայմանավորված։

-Այո, նման դեպքեր շատ հաճախ են գրանցվում, ինչը պայմանավորված է նաև շտապօգնության ծառայության նկատմամբ բնակչության վստահության բարձրացմամբ։ Հաճախ են գրանցվում դեպքեր, երբ քաղաքացիները, ովքեր կարող են դիմել իրենց ընտանեկան բժշկին կամ այցելել տեղամասային պոլիկլինիկա, դիմում են մեզ։ Այստեղ կա հանրային իրազեկվածության պակաս, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել շտապօգնության ծառայությանը և այս ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։

-Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հանրային իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

-Շտապօգնության ծառայության բարելավման և մի շարք  խնդիրների լուծման հարցում իր ուրույն աջակցությունն ունի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որն իրականացնում է ‚Աջակցություն շտապօգնության ծառայություններինե դրամաշնորհային ծրագիրը։ Այն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ այդ թվում իրավական ակտերի և փաստաթղթերի նախագծերի մշակում, որոնց միջոցով շտապօգնության կանչերը բաժանվել են կատեգորիաների, սահմանվել են յուրաքանչյուր կատեգորիայի կանչի արձագանքման և սպասարկման ժամկետները։ Ըստ այդմ, մարդու կյանքի համար անհետաձգելի կանչերին (ինֆարկտ, ինսուլտ, ուշագնացություն, վթարներ և այլն) շտապօգնության ծառայությունը պետք է արձագանքի 7-15 րոպեում, իսկ կյանքին վտանգ չսպառնացող կանչերին, որոնք անհետաձգելի չեն, տրվում են երկրորդային նշանակություն։

Բուկլետների տեսքով պատրաստվել են հանրային իրազեկման նյութեր, որոնց միջոցով հանրությունը կիրազեկվի, թե որ դեպքերում պետք է դիմել շտապօգնության ծառայությանը և դիմելու դեպքում, կարգավարի ինչ հարցերի պետք է պատասխանել։ Կանչի թերթիկը վերամշակվել է, ինչի արդյունքում շատ կարևոր հարցեր են ավելացել  հիվանդի, մեր և ընդհանուր վիճակագրության համար։

-Ուրիշ ի՞նչ ծրագրեր են իրականացվել շտապօգնության ծառայության աշխատանքի արդյունավետության ուղղությամբ։

-Պետք է նշեմ, որ ծրագրի շրջանակներում մշակվել և գործում է 103.am վեբ-կայքը, որտեղ հանրության համար ներկայացված են շտապօգնության ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներ։ Գործում է նաև օն-լայն համակարգ, որտեղ քաղաքացին հնարավորություն ունի առողջության հետ կապված իրեն անհանգստացնող հարցն ուղղել համապատասխան որակավորում ունեցող բժիշկ մասնագետի և ստանալ պատասխան։ Հանրապետության ողջ տարածքում գործարկվում է նաև շտապօգնության տեղեկատվական-վերլուծական համակարգը. որի միջոցով կարելի է ստանալ կանչերի հետ կապված տեղեկատվություն։ Էլեկտրոնային տարբերակով ստեղծվել է կանչի թերթիկը, որում ֆիքսվում է բոլոր կանչերի ընդունման, սպասարկման, հոսպիտալացման ժամանակը, տրվում է ինֆորմացիա ՝ կապված հիվանդությունների տեսակների, ախտորոշումների, օգտագործված դեղորայքի, իրականացված միջամտությունների վերաբերյալ։ Ծրագրի շրջանակներում  շտապօգնության ծառայությանը սպասարկող բոլոր ավտոմեքենաներում տեղադրվել են պլանշետներ, որոնց միջոցով հերթապահող ջոկատները կարող են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում նաև հիվանդի բժշկական անցյալը։

Ծրագրի շրջանակում մշակվել են նաև 2015-2018թթ. ՀՀ շտապօգնության ծառայության զարգացման ռազմավարության նախագիծը։  Եթե այսօր ծառայության որակի բարձրացումը նկատելի է միայն Հայաստանի խոշոր քաղաքներում և համայնքներում, ապա մինչև 2018 թվականը այն նկատելի կդառնա նաև հանրապետության փոքր համայնքներում։

-Որո՞նք են շտապ բժշկական ծառայության օգնությանը դիմելու ամենածանրաբեռնված ժամերը։

-Քաղաքացիներն առավել ակտիվ մեզ սովորաբար դիմում են երեկոյան ժամերին, ինչը պայմանավորված է նրանով, որ այդ ժամերին մայրաքաղաքի պոլիկլինիկաները փակ են լինում և բժշկական ծառայություն մատուցելու ողջ լարվածությունն ընկնում է շտապօգնության ծառայության վրա։

-Արդյո՞ք շտապօգնության ծառայությունն ապահովված է որակյալ կադրերով։ Ինչպե՞ս է լուծվում կադրերի վերաապատրաստման հարցը։

-  Այսօր մեր ծառայությունն ունի 650 աշխատակից` կազմակերպված, բանիմաց, միմյանց նկատմամբ բարձր պատասխանատվություն ունեցող և միաժամանակ վստահություն վայելող կոլեկտիվ։Պետք է ասեմ, որ կադրային հարցը մեզ մոտ բավականին լուրջ և բարդ հարց էր։ Գիտեք` նախկինում կարծրատիպ կար, որ շտապօգնությունում աշխատում են ոչ այնքան բանիմաց, մասնագիտական հաջողություններ չունեցող, տարբեր բուժհիմնարկներից հեռացված մասնագետներ։Ես իմ առջև խնդիր դրեցի փոխելու այս մտածելակերպը, քանի որ դա ամենևին էլ այդպես չէ. մենք ունենք ծառայությունում երկարամյա փորձ ունեցող հիանալի մասնագետներ։ Պարզապես անհրաժեշտ է երիտասարդ կադրերի ակտիվ ներգրավում շտապօգնության ծառայությունում։ Փորձառու մասնագետներին կցելով երիտասարդ, ավյունով լի նոր կադրերի, մենք ունենում ենք տարիների փորձառության և երիտասարդների նորարարության հիանալի համադրություն։ Քանի որ երիտասարդ կադրերն աշխատում են նոր ոճով, ժամանակակից մեթոդներով, ավելի արագաշարժ են, ավելի օպերատիվ։Հենց այդ պատրաստակամ, երիտասարդ բժիշկներ են, որ փոխում են շտապօգնության դեմքը։Շտապօգնության ծառայությունում հերթապահող բժիշկները միաժամանակ աշխատում են բազմապրոֆիլ հիվանդանոցներում, իսկ զուգահեռ աշխատանքը բերում է նրան, որ բժիշկը չի լճանում, ինչը կարևոր հանգամանք է որակյալ բուժսպասարկում ապահովելու առումով։

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում։

-Սիրում եմ աշխատանքս ու դրան սրտացավ եմ մոտենում, ունեմ պատասխանատվության բարձր զգացողություն։ Աշխատակիցներին ցուցաբերում եմ մարդկային վերաբերմունք, ինչն էլ դրականորեն է նպաստում աշխատանքի որակի վրա։

-Ի՞նչն է Ձեզ կյանքում ուժ տալիս ու ոգեշնչում։

-Ես միշտ աշխատում եմ լինել այնտեղ, որտեղից դրական էմոցիաներ եմ ստանում՝ դա լինի աշխատավայրում, տանը, թե ընկերների ու բարեկամների շրջապատում։ Իմ աշխատանքն ինձ հաճելի է ու դրական լիցքեր է հաղորդում։

-Ո՞րն է այն կարևոր պատգամը, որ ստացել եք Ձեր ծնողներից և այժմ էլ փոխանցում եք Ձեր որդուն։

-Լինել արդարացի, բարի, երբեք չստել, չդավաճանել սեփական սկզբունքներին։

 

Հարցազրույցը՝Լուսինե Հովհաննիսյանի

 

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...