01:02
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզը` կայուն զարգացման ճանապարհին

2015-08-12 15:11

                             «Դե Ֆակտո» N110 (2015թ.)

Վերջին  երեք տարիների ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզը  ընթանում է կայուն զարգացման ուղով` աճ արձանագրելով բոլոր ոլորտներում։ Ձեռքբերումները ՀՀ Գեղարքունիքի մարզպետի և ՀՀ կառավարության գործադրած ջանքերի արդյունքն են, որոնք շարունակական բնույթ են կրում։

Ռաֆիկ Գրիգորյան, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

-Պարո՛ն Գրիգորյան, արդեն երեք տարուց ավելի է, ինչ զբաղեցնում եք Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, ինչպե՞ս կգնահատեք այդ տարիների ընթացքում մարզի զարգացման տեմպերը։

-Պետք է նշեմ, որ այդ երեք տարիների ընթացքում բավականին մեծ և կարևոր աշխատանքներ են տարվել Գեղարքունիքի մարզում, որոնք, անշուշտ, նպաստել են մարզի զարգացմանն ու ձեռքբերումների ավելացմանը։ Մարզում պետական աջակցությամբ բազում ծրագրեր են իրականացվել, որոնք բխում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթներից և որոնց իրականացման արդյունքում մարզի բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել։

-Մանսավորապես` ի՞նչ ծրագրեր են իրականացվել, որոնք հատկապես կարևորում եք։

-Ինչպես գիտեք, Գեղարքունիքի մարզում ազգաբնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Այդ ոլորտներում վերջին 20 տարիների ընթացքում կուտակվել էին բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ բավականին արդյունավետ քայլեր ձեռնարկեց ՀՀ կառավարությունը տարածքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես` հաջողվեց գյուղատնտեսությամբ զբաղվող  տնտեսություններին տարեց տարի պետական աջակցությամբ տրվող վառելանյութի, ազոտական պարարտանյութի և սերմացուի քանակը դարձնել անսահմանափակ, այսինքն` հայտ ներկայացնող յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն ստանում է իրեն անհրաժեշտ քանակությամբ պարարտանյութ, սերմացու և այլն։  Հենց դա էր հիմնական պատճառը, որ 2014թ. ամենաշատ ցանքատարածություններն առկա էին ՀՀ Գեղարքունիքի  մարզում, տարեկան վիճակագրական տվյալներով` մենք 2014թ. ունեցանք  շուրջ 14.5 տոկոս տնտեսական աճ, որն աննախադեպ էր։

Մեզ համար բավականին բարեհաջող էր 2015թ. գարունը. 2014թ. համեմատ` հացահատիկային կուլտուրաների և կարտոֆիլի ցանքատարածությունները մարզում  ավելացել են 10-15 տոկոսով. այս տարի մենք ունենք շուրջ 45 հազար 700 հա հացահատիկային կուլտուրաների և 14 հազար 880 հա կարտոֆիլի ցանքատարածություններ։
 Ցավոք սրտի, այս տարվա երաշտը  դեռ շարունակվում է, այդ իսկ պատճառով  տարին շատ ծանր  կլինի գյուղացիական տնտեսությունների համար։

ՀՀ կառավարության աջակցությամբ մարզում շարունակվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը։ Մենք առաջին փուլն ավարտեցինք նախորդ տարի։ Իրականացվեց արոտների ջրարբիացման ծրագիր, որի հիմնական բաղադրիչներից մեկը գյուղացիական տնտեսություններին գյուղատնտեսական մեքենաներով ապահովելն էր։ Մարզի 22 համայնքներում արդեն ավարտվել է այդ ծրագիրը, որի արդյունքում շուրջ 54-55 միավոր անվավոր տրակտոր և 200-220  գյուղտեխնիկա է տրամադրվել գյուղացիական տնտեսություններին։

Այս տարվա ծրագիրն արդեն  հաստատված է, համայնքներում ավարտին են հասցվում համայնքային ժողովները, որոնց ընթացքում ձևավորվում են կոոպերացիաներ։ Արդեն 5 համայնքներում սկսվել են նախագծա-նախահաշվային աշխատանքները։ Երկու տարվա ընթացքում մենք այս ծրագիրն ավարտին կհասցնենք, կսկսենք երկրորդ փուլը, ծրագիրը շարունակական կլինի և այդ ընթացքում ձեռք կբերվի շուրջ 300 գյուղատնտեսական տեխնիկա և գյուղգործիքներ։

Այս ծրագիրը կարևորվում է նաև այն առումով, որ դրա շրջանակներում  մարզի ֆերմերային տնտեսություններին և գյուղատնտեսության ոլորտում խոշոր արտադրող ձեռնարկություններին ևս տրվելու է օժանդակություն` սարքավորումների տեսքով։ Արդեն կան գործարարներ, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մասնագետների կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։ Առաջիկա երկու տարիների ընթացքում խոշոր վերամշակող ձեռնարկություններին կտրվեն սարքավորումներ։

Այս տարի ՀՀ կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրվեց օժանդակություն անվճար սերմացուի տեսքով. շուրջ 225 տոննա գարնանացան գարու սերմացու, 30 տոննա` առվույտի, 34 տոննա կորնգանի սերմացու։ Մենք դրանք բաժանել ենք սահմանամերձ և բարձր լեռնային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին։

Կարևոր է նաև համայնքներում գյուղատնտեսական  կոոպերատիվների ստեղծումը, որի արդյունքն արդեն տեսանելի է։  2014թ. անասնագլխաքանակի հաշվառման արդյունքում պարզվեց, որ գլխաքանակի 10-15 տոկոս աճ կա, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ծառայությունների մատուցման արժեքներն առավել մատչելի են դարձել կոոպերատիվների անդամների համար։ 

Իհարկե, այս ամենին զուգահեռ`  ոլորտում կան նաև բավականին հիմնախնդիրներ, որոնք մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են և   աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ։ 

-Ի՞նչ ձեռքբերումներ կան կրթության ոլորտում։

-Առաջընթաց ունենք նաև կրթության ոլորտում։ ՀՀ Գեղարքունիքի մարզում շարունակվում են դպրոցների թե՛ վերանորոգման, թե՛ կառուցման աշխատանքները։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի կառավարությունն ամբողջությամբ ուսումնասիրեց  մարզի    վթարային  դպրոցների ցանկը։ Շուտով կսկսվեն  նախագծային  աշխատանքները և կկառուցվեն նոր դպրոցներ։ Պետական  բյուջեով նախատեսված է  Հայրավանք համայնքի դպրոցական  շենքի  շիանարարական  աշխատանքներն ամբողջությամբ ավարտին  հասցնել  մինչև ընթացիկ  տարվա  ավարտը։   

Սևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերանորոգման նախագծա-նախահաշվային աշխատանքներն ավարտվում են և շուտով մենք մրցույթ կհայտարարենք, որի արդյունքում  դպրոցն ամբողջովին կվերանորոգվի։

ՀՀ կրթության և գիտության  նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից արդեն ավարտվել են Սևանի և Մարտունու ավագ դպրոցների նախագծման աշխատանքները, առաջիկայում մրցույթ կհայտարարվի և այդ դպրոցներն ամբողջովին կվերանորոգվեն և կհագեցվեն ժամանակակից գույքով և սարքավորումներով։

 Մարզում  նախակրթարանների թիվն  այս պահի  դրությամբ 27-ն է։ Շնորհիվ  “Փրկեք երեխաներին” կազմակերպության`  վերջերս   նոր նախակրթարաններ հիմնվեցին   Ճամբարակի տարածաշրջանի Դրախտիկ, Այգուտ և Դպրաբակ համայնքների դպրոցներում։ ՀՀ կրթության և գիտության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ`  նախակրթարանների    թիվն  այս տարի  մարզում  կավելանա ևս 10-12-ով։  Մեծ կարևորություն ունի նախակրթարանների ստեղծումը, քանի որ դրանք հիմնվում ենք հատկապես այն համայնքներում, որտեղ բնակչության թիվը փոքր է, ֆինանսական միջոցները սակավ են, ինչի արդյունքում համայնքները մանկապարտեզներ չեն կարող ունենալ։ Մեկ տարի հետո նշված կառույցների պահպանման և  աշխատողների վարձատրության  ծախսերն  ամբողջությամբ  հոգալու է ՀՀ կառավարությունը։

Այս տարի  տնտեսած  միջոցների  հաշվին մարզպետարանը նախաձեռնել է դպրոցների մասնակի  հիմնանորոգման  աշխատանքներ։ Արդեն իսկ 20-22 դպրոցներում հայտարարել ենք մրցույթ։ 10-11 դպրոցներում  արդեն սկսվել են աշխատանքները։ Պետք է նշեմ, որ հիմնականում իրականացնելու ենք հրատապ խնդիրների լուծում, որոնցից են ջրամատակարարման և սանհանգույցների խնդիրները։  Կարծում եմ` մինչև սեպտեմբերի 1-ը կավարտենք այդ աշխատանքները։

Ավարտին են մոտենում Ներքին Գետաշենի մանկապարտեզի շինարարական աշխատանքները` մեծ համայնք, որը մինչև այսօր չուներ մանկապարտեզ։

-Մենք տեղյակ ենք, որ Գեղարքունիքի մարզում առողջապահության ոլորտը բավականին առաջընթաց է ապրել, Դուք ինչպե՞ս կգնահատեք։

-Իսկապես, վերջին տարիներին մենք լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել առողջապահական համակարգում։ Գյուղական համայնքներում հնարավորություն ունեցանք կառուցելու ամբուլատորիաներ, ինչը շատ կարևոր եմ համարում։

Շտապեմ նշել, որ շուտով ավարտին կհասցնենք  Ճամբարակի հիվանդանոցի կառուցման աշխատանքները, որի արդյունքում Ճամբարակը կունենա ժամանակակից բժշկական կենտրոն` զինված համապատասխան սարքավորումներով։ Աշխատանքների իրականացման համար ֆինանսներ են հատկացվել  ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի վարկային միջոցների և սոցներդրումների հիմնադրամի կողմից, ինչպես նաև պետբյուջեից։ Սա նույնպես ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերից է, որն իրականություն է դառնում։

Կառավարության որոշմամբ` Սևանի կենտրոնական հիվանդանոցի և պոլիկլինիկայի շենքը կմիավորվեն և դրա կողքին կկառուցվի նոր, ժամանակակից բժշկական կենտրոն։ Շուտով մրցույթ կհայտարարվի նախագծման աշխատանքների մեկնարկի համար և  2-3 տարի հետո Սևանը կունենա ժամանակակից առողջապահական կենտրոն։

Մարզը` առողջապահության, կրթության և տուրիզմի ոլորտներով համագործակցության հուշագիր ունի Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի հետ։ Այս համագործակցության շրջանակներում   ֆրանսիացիների  կողմից իրականացվում են Ճամբարակի տարածաշրջանի բուժկետերի շինարարական  աշխատանքները։ Ըստ կնքված հուշագրի` Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջանի բոլոր բուժկետերը կապահովվեն բժշկական պայուսակներով և իրերով։ Վարդենիսի հիվանդանոցի հետ  կապված` կա հատուկ ծրագիր, որը, կարծում եմ, առաջիկայում կյանքի կկոչվի։

Առողջապահական կենտրոնների վերանորոգման և կառուցման աշխատանքներին զուգահեռ` մենք նաև ակտիվորեն զբաղվում ենք այդ հիմնարկները լավ մասնագետներով համալրելու ուղղությամբ։ Բավականին մեծ թվով սիրիահայ երիտասարդ բժիշկներ ցանկություն են  հայտնել գալու և  աշխատելու մեր մարզում։ Նաև պայմանավորվածություն ունենք Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետ` իրենց շրջանավարտներին մեզ մոտ գործուղելու առումով։

Այս պահին դեռ լուծված չէ Մարտունու հիվանդանոցի հարցը, բայց կարծում եմ` այս տարվա ընթացքում մենք լուծումը կգտնենք։ Պետք  է նոր շենք կառուցենք, քանի որ գործող շենքը  չի համապատասխանում մի շարք կարևորագույն չափորոշիչների։Այս խնդիրը ևս գտնվում է Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում։

-Նախորդ շաբաթ նախագահն էր այցելել Ձեր մարզ։

-Այո՛, ՀՀ նախագահի  այցի ընթացքում ընդգրկված էր Գավառի “Սևան” հանքային ջրերի գործարանի բացումը, Լիճք համայնքում ածխաթթու գազի արտադրամասի բացումը։

Գավառ քաղաքը մինչև Խորհրդային Միության փլուզումն ուներ  շուրջ 28-30 խոշոր, միջին, փոքր արտադրական ձեռնարկություններ, սակայն դադարեցվեց բոլորի աշխատանքը։ Սա առաջին գործարանն է, որ վերագործարկվեց։ Թող  դա լինի մեկնարկը և ոչ միայն Գավառում, այլ, ընդհանուր առմամբ, մեր մարզում։ Մենք փորձում ենք գտնել ներդրողներ, որպեսզի մեր մարզում ստեղծվեն նորանոր արտադրական ձեռնարկություններ։

-Ի՞նչ վիճակում են մարզի մշակույթի, սպորտի հաստատությունները, արդյո՞ք գործում են։

-Մշակութային տների վիճակը անմխիթար է հատկապես գյուղական համայնքներում, քաղաքներում դրանք ավելի բարվոք վիճակում են։ Ամբողջությամբ վերանորոգվել են Վարդենիսի և Մարտունու   մշակույթի տները, այժմ միջոցներ ենք փնտրում  Գավառ քաղաքի մշակույթի տան մասնակի և Սևան  ու Ճամբարակ  քաղաքների մշակույթի օջախների  ամբողջական վերանորոգման համար։

Կարծում եմ` հիշում եք, որ Գավառն ունեցել է թատրոն, որի շենքը, սակայն, հայտնվել էր վթարային վիճակում։ Ի պատիվ ՀՀ  նախագահի`  2016թ. տարեվերջին  կունենանք ժամանակակից  թատրոնի շենք, որը կրկին իր հյուրընկալ դռները կբացի հանդիսատեսի առջև` վերականգնելով հին ավանդույթները։ Այժմ զբաղվում ենք նաև անձնակազմի համալրման ուղղությամբ։  Գեղարքունիքի մարզը հանրապետության թատերական տարբեր կրթօջախներում ուսանող  հրաշալի երիտասարդ սերունդ ունի, որը պատրաստակամ է իր տաղանդը դրսևորելու  Գավառի նորաբաց թատրոնում։

-Երկրի զարգացման կարևոր գրավականներից է նաև բարեկարգ ճանապարհներ ունենալը։ Ի՞նչ ընթացքի մեջ են ճանապարհաշինական աշխատանքները մարզում։

-Ճանապարհաշինության ոլորտում նույնպես  ունենք հաջողություններ։ Մեծ կարևորություն ունի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, որը 1-2 տարվա ընթացքում ավարտին կհասցնենք։ Աշխատանքներն իրականացնելու համար տրամադրվել է 1.5 մլրդ դրամ։ Ճանապարհի կառուցումից հետո, բացառությամբ Վայոց ձորի և Սյունիքի մարզի` մյուս մարզերը Ղարաբաղի հետ կապ կունենան մեր մարզի միջոցով, ինչը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանը։ Իսկ եթե հաջողվի վերանորոգել նաև  Շորժա-Վարդենիս ավտոճանապարհը, ապա մարզի այդ հատվածը նույնպես մեծ զարգացում կապրի։

-Գրեթե բոլոր մարզերն ունեն ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։ Ինչպիսի՞ վիճակ է այդ առումով Գեղարքունիքի մարզում։

-Վերջին երկու տարիներին բավականին աշխատանքներ տարվեցին և ներդրումներ կատարվեցին այս ոլորտում։  Այս տարի ամբողջությամբ ավարտին կհասցնենք Գավառի, Սևանի տարածաշրջանների, Ճամբարակ, Մարտունի քաղաքների և դրանց հարակից համայնքների ջրամատակարարման արդիականացմանն ուղղված աշխատանքները։ Հաջորդ ծրագրում կընդգրկվի նաև Վարդենիսի տարածաշրջանը։

Մարզի համար մեծ կարևորություն ունի Սևանի ձկնաբուծարանի կառուցումը, որի աշխատանքներն ընթացքի մեջ են։

-Ի՞նչ աշխատանքներ են տարվում Սևանի ջրի բարձրացման և  ձկնապաշարի ավելացման ուղղությամբ։

-Սևանի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է, այդ թվում` Սևանի ջրի բարձրացման ծրագիրը։

Այժմ հիմնականում Սևանի ձկնապաշարի խնդիր ունենք, որի ավելացման  ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։ Վերջապես հաստատվեց ձկնաբուծության զարգացմանն  ուղղված ծրագիրը, այժմ իրականացվում են ձկնաբուծարանի կառուցման շինարարական աշխատանքները։ Դրանց ավարտից հետո կկառուցենք ավազաններ մայրական կազմի համար, անուհետև` վերամշակման արտադրամաս։ Կարծում եմ` 3-4 տարի հետո մենք խնդիրներ չենք ունենա այս ուղղությամբ։

Ծրագրի ավարտից հետո կբացվեն նոր աշխատատեղեր։

-Որքանով տեղյակ ենք, հաճախ եք այցելում մարզի համայնքներ, ինչպե՞ս են ավարտվում այդ այցերը, արդյո՞ք հաջողվում է տեղում խնդիրներին լուծում տալ։

-Ես շաբաթական մեկ օր ունեմ ընդունելության օր, սակայն, այո՛, պարբերաբար լինում եմ համայնքներում, անձամբ տեսնում ինչ վիճակում են դրանք։ Օրինակ` այս ամիս  17 համայնքում եմ եղել։

Այցելությունների ընթացքում, բնականաբար, շփվում եմ համայնքների բնակիչների հետ, նրանք դիմում են ամենատարբեր խնդիրներով, շատ խնդիրներ լուծվում են տեղում, իսկ մնացած խնդիրները սահմանված կարգով ստանում են իրենց լուծումները։

-Ի՞նչ աշխատանքներ են տարվում զբոսաշրջության զարգացումը խթանելու ուղղությամբ։

-Զբոսաշրջության ոլորտում բավականին հիմանախնդիրներ կան։ Կառավարության կողմից փորձ է արվում կարգավորել ոլորտը,  բավականին մեծ ներդրումների պահանջ կա,  մենք ևս փորձում ենք ներդրողներ գտնել։

                               

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...