18:50
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարմեն Ակոստա

2015-08-25 11:51

                            «Դե Ֆակտո» N110 (2015թ.)


Երևանյան երաժշտական կյանքին նոր երանգ ու լույս պարգևեց աշխարհահռչակ սոպրանո, Իսպանիայի օպերային թատրոնի մեներգչուհի Կարմեն Ակոստան, հայազգի տենոր Դավիդի (Հովհաննիսյան) հետ համատեղ համերգային երեկոյի գեղեցիկ ծրագրով։ Երևանը սիրեց Կ. Ակոստային, նա նույնպես առաջին հայացքից սիրահարվեց Երևանին` փոխադարձ սիրո մթնոլորտում անցկացնելով անմոռանալի պահեր։

Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

-Հարգելի՛  Ակոստա, Դուք առաջին անգամ եք Հայաստանում, ինչպիսի՞ տպավորություններ ունեք։

-Անչափ տպավորված եմ ձեր երկրով, ժողովրդի ջերմությամբ։ Հայաստանը լուսավոր երկիր է` դրական աուրայով լի։ Հյուսիսի  սառնությունը չկա մարդկանց, անգամ շենքերի մեջ։ Շնորհիվ Դավիդի հետ համերգային ծրագրի` ես ինձ ինտեգրված եմ զգում այս երկրում, ես իմ տանն  եմ։

-Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Ո՞ւմ կողմից էր առաջարկը, որքանո՞վ եք տեղյակ մեկ դար առաջ տեղի ունեցած պատմական ողբերգության մասին։

-Առաջարկը Դավիդի կողմից էր, որը ես սիրով ողջունեցի, և մենք կարճ ժամանակում պատրաստվեցինք այս համերգային երեկոյին։ Եվ քանի որ  Դավիդի հետ համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին, մինչև ձեր երկիր այցելելը ես ուսումնասիրեցի հայ ժողովրդի պատմությունը,  պատմական դաժան իրողությունները և խորապես ցավ ապրեցի։ Ես սկսեցի հոգով և սրտով պայքարել Հայոց ցեղապսանության ճանաչման համար։ Որքան պետք է հրեշ լինեն մարդիկ, որ այդքանից հետո ոչ միայն չընդունեն իրենց կատարած ոճիրը, այլ նաև ժխտեն այն։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անել այլազգիներին  պատմական այս իրողությունը ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար։

-Շնորհակալ ենք ՁեզՀարգելի՛ Ակոստա, համերգն անցավ ջերմ մթնոլորտում, նկատելի էր հանդիսատեսի հիացական արձագանքը։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր, ինչպես նաև Դավիդի առաջին մենահամերգը Երևանում։

-Առաջին հերթին, ինձ համար մեծ պատասխանատվություն էր, քանի որ բացի իմ կատարումներից, պետք է հնչեին նաև իմ ուսանողի կատարումները. երևար  իմ աշխատանքը։ Պետք է խոստովանեմ, որ ավելի լարված էի Դավիդի համար, և երբ ավարտում էի իմ կատարումը ու պետք է հանգստանայի, շունչս պահած լսում էի Դավիդի կատարումը։ Դավիդը տաղանդավոր երիտասարդ է և մեծ բարձունքների կհասնի օպերային արվեստում։

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր անցած ուղու մասին, ե՞րբ էր Ձեր առաջին բեմելը։

-Ծնվել եմ Սանտա Կրուսդե Տեներիֆե քաղաքում։ Սկզբում ավարտել եմ տեղի  կոնսերվատորիայի  կլարնետի բաժինը, այնուհետև  աշխատել եմ Տեներիֆեի ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Որոշ ժամանակ անց սովորել եմ նույն կոնսերվատորիայի վոկալի բաժնում։ Այն ավարտելուն պես  մեկնել եմ Լոնդոն, որտեղ դասընթացների եմ հաճախել Փիթեր Հարրիսոնի մոտ` Թագավորական ակադեմիայում։ Այնուհետև Միլանում դասեր եմ անցել Սառա Աֆորնի Կորտիի մոտ։

Ելույթ եմ ունեցել մի շարք հայտնի բեմերում, ինչպիսիք են` Մադրիդի Մարսուելայի թատրոնը, Մալագայի Սերվանտեսի անվան թատրոնը, Ալիկանտեի, Գրանդայի և այլ օպերային թատրոնները։ Առաջին անգամ բեմ եմ դուրս եկել 1993թ. Տեներիֆեում իտալական փառատոնի ժամանակ, որից հետո ստացա բազում հրավերներ համերգներով հանդես գալու։

Այժմ որպես առաջին դեր` միայն գերմաներենով 150 օպերային գործ գիտեմ։ Ունեմ ուսանողներ, որոնց հետ սիրով աշխատում եմ, թեև նախկինում երբեք չէի պատկերացնում ինձ ուսուցչի դերում, քանի որ միշտ սիրել եմ շրջագայել, ակտիվ և հետաքրքիր կյանք վարել։

-Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար։

-Երաժշտությունն իմ կյանքն է, ես ծնված օրվանից երգում եմ, դա իմ կոչումն է։ Երաժշտության միջոցով ես արտահայտում  եմ իմ հույզերը, ապրումները, իմ էությունը։ Առանց երաժշտության` ես գոյություն չունեմ։

-Ո՞ր կոմպոզիտորների ստեղծագործություններն են Ձեզ հոգեհարազատ։

-Սիրում եմ երգել Ռիխարդ Շտրաուս,  նրա ստեղծագործությունները խորիմաստ են, ստեղծված են գերմանացի հայտնի գրողների ստեղծագործությունների հիման վրա։ Սիրում եմ նաև Վ. Բելինի, Գ. Դոնիցետի, Ջ. Ռոսինի, սակայն իմ ամենասիրելի կոմպոզիտորը Վ. Մոցարտն է։

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի օպերան, դերը։

-Իմ ամենասիրելի օպերան “Տրավիատան” է և նույն օպերայում սիրում եմ Վիոլետայի դերը։

-Երբևէ ցանկացե՞լ եք երգել այլ ժանրում։

-Ո՛չ,  իմ տարերքը դասական երաժշտությունն է։

-Տանը, դրսում նույնպե՞ս դասական երաժշտություն եք լսում։

-Ո՛չ, ես լսում եմ ցանկացած ժանրի լավ երաժշտություն։ Դասական երաժշտությունն իմ էությունն է, ես ամբողջությամբ տարվում եմ նրանով և չեմ կարող նաև  տանը դասական երաժշտություն լսել, երևի կգժվեմ (ժպտում է)։

-Վերադառնալով Հայաստանում անցկացրած Ձեր օրերին` հավանո՞ւմ եք հայկական մրգերը, բանջարեղենը, ընդհանրապես, խոհանոցը։

-Այո՛, շատ, հատկապես այստեղի բանջարեղենը, միրգը, պանիրը, անգամ հանքային ջուրը բոլորովին այլ համ ունեն, շատ համեղ են։ Համտեսել եմ հայկական ավանդական ուտեստները։ Շատ համեղ է դոլման, Սևանում համտեսել եմ նաև խեցգետնի պոչից պատրաստված ուտեստ, ձեր ձկնատեսակները` իշխանը, սիգը։ Ձկնային ուտեստները նկարել եմ և նկարներն ուղարկել հայրիկիս, որ տեսնի. նա հայտնի ձկնորս է։ Իսկ ձեր Սևանա լիճը հրաշք է։

-Կցանկանայի՞ք ևս մեկ անգամ այցելել Հայաստան։

-Այո՛, մեծ սիրով, ես սիրեցի Լույսի երկիր Հայաստանը։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...