15:53
04/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Դատավոր լինելը նաև կոչում է

2015-09-15 10:46

                           «Դե Ֆակտո» N111 (2015թ.)


Սամվել Ուզունյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի համար դատավոր լինելն իսկապես կոչում է։ Մարդ, ում համար աշխատանքային ժամը չի ավարտվում 18։00-ին, մարդ, ով դատավարության ընթացքում առաջնորդվում է խղճով ու, ինչու չէ, նաև սրտի թելադրանքով։ Օգոստոսի 6-ը Սամվել Ուզունյանի համար յուրահատուկ օր է, նա տոնում էր իր ծննդյան տարեդարձը՝ 61-ամյակը։ “Դե ֆակտո” ամսագիրը սիրով միանում է բոլոր շնորհավորանքներին և ներկայացնում հարցազրույցը հոբելյարի հետ։

-Ո՞րն է Սամվել Ուզունյանի մանկության հեքիաթը։

-Մանկությունս այնպիսի մի ժամանակահատվածում է անցել, երբ  գույները շատ ավելի վառ էին, խտացված։ Ամեն մարդու մեջ կա մանկություն և ինչ-որ հեքիաթային բան, որը  դժվար է բառերով նկարագրել, ցավոք,  այդ հեքիաթը ժամանակի հետ տխուր երանգ է ստանում, որովհետև կորցնում ես քո հարազատներին։ Մարդն ինչքան  էլ մեծանա, միևնույն է, մի որևէ բան մնում է մանկությունից։

-Ինչու՞ պրոֆեսիոնալ երաժիշտը որոշեց ընդունվել և սովորել ԵՊՀ պատմության այնուհետև  իրավաբանական ֆակուլտետներում։

-Ծնողներս հոգ են տարել մեր դաստիարակության մասին, գեղարվեստական և մարզային առումով։  Սկզբում հարկադրաբար էի գնում երաժշտական դպրոց, հետո սիրեցի այն, իսկ այօր արդեն  դրանով եմ ապրում։  Երաժշտությունից բացի ես նաև սպորտով եմ զբաղվել, ունեմ մարզական կոչում, Հայաստանի թեթև ատլետիկայի  հավաքականում եմ եղել 3 տարի։ Իմ տղաները ևս զբաղվում են սպորտով, նրանցից մեկը՝ Կարենը,  մեծ թենիսի եռակի չեմպիոն է։ Արվեստից ու սպորտից զատ, ունեի ևս մեկ նպատակ, սովորել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ այն տարիներին իրավաբանական ընդունվելու համար կամ պետք է խորհրդային  բանակում ծառայած լինեիր, կամ 2 տարվա աշխատանքային փորձ ունենայիր։ Ես չունեի թե՛ մեկը,  թե՛ մյուսը։  Ընդունվեցի պատմության ֆակուլտետ, սակայն իմ ամբողջ նպատակն իրավաբան դառնալն էր։  Բանակում ծառայելուց հետո ուսումս շարունակեցի իրավաբանական ֆակուլտետում որն էլ  ավարտելուց հետո   անցա աշխատանքի ներքին գործերի համակարգում, որտեղ և ծառայել եմ 12 տարի, որից 6 տարի եղել եմ  ՆԳ նախարարի օգնական, այնուհետև տեղափոխվելով դատախազության համակարգ՝  կարճ ժամանակ անց  նշանակվեցի դատավոր։

-Ինչպե՞ս Ուզունյան Սամվելը դարձավ Սամվել Ուզունյան։

- Ինքս էլ  չնկատեցի, թեև ինձ միշտ Ուզունյան Սամվել եմ կարծել, հիմա էլ որևէ բարդույթներով  չեմ տառապում, հավակնորդ մարդ չեմ, բավարարվել եմ քչով, անգամ կենսագրականս շատ զուսպ է, իմ երեխաներին էլ նույն կերպ եմ դաստիարակել։ Ես շոյված եմ, որ Դուք եք  ինձ ասում Սամվել Ուզունյան։

-Շուրջ  20 տարի  դատավոր եք, երբևէ  մտածե՞լ եք այս մտքի շուրջ՝ մի դատիր, որ չդատվես։

-Մի՛շտ եմ մտածել։ Մի անգամ կատակով մեկին ասացի, բերենք մի համակարգիչ դնենք դատարանում և թող մեղադրող կողմն իր տարբերակը մուտքագրի համակարգչի մեջ,  պաշտպանական կողմն իր տարբերակը, իսկ համակարգիչը տա արդարացի դատավճիռ և, պատկերացրեք,  մարդիկ լրջորեն   հավանեցին իմ այս ցնորքը։ Ինչ էլ որ լինի, մա՛րդը պետք է լինի դատավորը, Աստված մի արասցե, որ մեքենաները մեզ մի օր դատեն, մարդը պետք է դատի իր հույզերով, ապրումներով, ներքին  համոզմունքով։ Մենք միայն պետք է հասկանանք, որ մեր միակ գերագույն դատավորը վերևում է։

-Դուք Աստվածավա՞խ մարդ եք։

-Ես Աստվածապաշտ մարդ եմ, քրիստոնյա եմ և առաջնորդվում եմ Աստվածաշնչյան պատգամներով ու հատկապես 9-րդ պատգամով. “Սուտ մի վկայիր”։

-Դատավորի աշխատանքը նման է բժշկի աշխատանքին, այն առումով, որ բժիշկը գործ ունի մարդկային կյանքի հետ, Դուք մարդկային ճակատագրի, ու ինչպես երբեմն բժիշկներին չի հաջողվում փրկել մարդու կյանքը, ճիշտ նույն կերպ էլ  դատավորը երբեմն ձեռքի մեկ հարվածով խեղաթյուրում է մարդու ճակատագիրը։

-Ինչ լավ է, որ բժիշկ չեմ, որովհետև, ինչպես ինքներդ ասացիք, երբեմն չեն կարողանում փրկել մարդու կյանքը։ Ես չեմ պատկերացնում այնպիսի դատավորի, ով իր խղճին գիտակցաբար դեմ գնա ու կայացնի ապօրինի և անարդար  դատավճիռ, դա ավելի շատ նման է վրեժխնդրության կամ ապուշության.դա հանցագործություն է։ Ցանկացած դատավոր կընկնի անմարդկային հոգեկան ապրումների մեջ, եթե գիտակցի, որ ինքն անմեղ մարդու է դատել, դրա համար էլ հենց մարդը պետք է լինի դատավորը։ Փառք Աստծո իմ հետ նման դեպքեր չեն եղել։

-Դատավորի աշխատանքն այն եզակի աշխատանքներից է, ով շատ հաճախ  է տեսնում մոր արցունքոտ աչքեր, երեխայի հիասթափված աչքեր, արդյո՞ք հուզական պոռթկումներ չեք ունենում։

-Դատավորը ևս մարդ է և, իհարկե, հուզական պոռթկումներ լինում են։ Ոչ մի մոր համար հանցագործ զավակ  չկա, բոլոր մայրերն էլ համոզված են, որ իրենց երեխան անմեղ է։ Արդարադատությունը  ոչ բոլորին է հաճելի, բայց դա օրենք է, որը ենթակա է կատարման։ Միգուցե  անտեղի, անհիմն խղճահարությունը հետագայում շատ ավելի ծանր հետևանքներ ունենա և նույնն էլ անտեղի խիստ պատիժը, որը կարող է մարդու մեջ հավատը կոտրել։

-Դոստոևսկու հայտնի  “Ոճիր և պատիժվեպի գլխավոր հերոսը՝ Ռասկոլնիկովը մարդասպան էր, սակայն նրան ընթերցողը ընկալում է որպես դրական կերպար, եղե՞լ է Ձեր պրակտիկայում  հանցագործ մարդասպան, որի վճիռը դժվարությամբ եք կայացրել։

-Այո, եղել է, մեծահասակ մի մարդ էր՝ 78 տարեկան, ով սպանել էր իր նախկին կնոջը։ Ես նրան դատապարտեցի 9 տարվա ազատազրկման։ Ամբաստանյալը լավ էր գիտակցում իր արարքը և մենք արեցինք այն, ինչ  պահանջում էր օրենքը։ Երբ ճիշտ ես մոտենում արարքին, ճիշտ ես գնահատում, ճիշտ պատիժ ես նշանակում, արդեն այստեղ խղճի հարցը երկրորդ պլան է մղվում։ Դատավորը դատարանում արդարադատությունն իրականացնող ընտրովի պաշտոնատար անձ է, սակայն կարծում եմ, որ դատավորը լինելը նաև  կոչում է, և մենք պետք է կարողանանք հասկանալի և արդարացի լինենք։

-Ամենահիշարժան դատը, որ դուք վարել էք։

-2004թ.-ից  Ավան և Նոր նորքի վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանի նախագահն եմ։ Այստեղ այդպիսի հիշարժան գործեր չեն եղել։  Իմ կենսագրականի մեջ եղել են դատեր, որոնք հայտնի են ձեզ և հանրությանը. օրինակ, հենց 1999թ-ի հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտի վերաբերյալ քրեական գործը, որի մասին գիտեն, թերևս  բոլորը, այդ դժվարին ու պատասխանատու գործը վստահված էր ինձ։

-Հաճախ ֆիլմերի գլխավոր հերոսների կերպարներ են դառնում հենց դատավորները, սակայն եթե ֆիլմում  կա դատավոր, ուրեմն անպայման լինելու է նաև վրեժ, արդյո՞ք իրական կյանքում ևս այդպես է։

-Եթե քո պրոֆեսիոնալ աշխատանքը կատարում ես բարձր մակարդակով ուրեմն չես կարող իջնել անձնավորված կամ անձնական թշնամանքի մակարդակին, վերջ ի վերջո, եթե մեկին դատում ենք, ուրեմն այդ մարդը հանցանք է կատարել և դատավորն էլ դատում է։ Եթե դատավորը ճիշտ է աշխատում, ապա ինչու պետք է նման բան լինի։ Պետք է տարբերակել իրարից  դատն ու դատաստանը։

-Ամեն մարդ պատասխանատու է իր խղճի առաջ, Ձեր խիղճը հանգի՞ստ է։

-Իմ խիղճը հանգիստ է,  որևէ մղձավանջի մեջ չեմ ընկնում։

-Հագեցած ու ինչ-որ տեղ Ձեր դաժան առօյայի փրկությունը երգն ու երաժշտությունն է, ինչի՞ մասին է գրում Սամվել Ուզունյանը։

-Կյանքիս տարբեր էտապներում տարբեր բաների մասին եմ գրել. մանկություն երիտասարդություն, սեր, հետո գալիս է սերն առ հայրենիք, ժողովուրդ, իհարկե, վերջերս քիչ եմ գրում, նախ ժամանակը չի ներում և հետո, անկեղծ ասած, մորս մահից հետո՝ 2003 թ-ից, գործիքս ձեռքս չեմ վերցրել։

-Այս հագեցած առօրյայից հետո որտե՞ղ եք հանգիստ գտնում։

-Հանգստի մասին ես երազում եմ։ Հիմնականում ընտանիքիս հետ գնում ենք ամառանոց, որտեղ էլ հանգստանում եմ։

-Պատգամը, որը տալիս եք  Ձեր երեք որդիներին։

-Մարդ լինել, ինչ էլ որ լինի մարդկային կերպարը պահել, հավատարիմ լինել մեր ազգանվանը։

-Ի՞նչ կփոխեիք Ձեր ապրած կյանքում։

-Չգիտեմ, միշտ մտածել եմ արվեստի մասին, եթե մի բան փոխեի, ինձ կգտնեի արվեստի մեջ։ Ես իհարկե չեմ ափսոսում իմ անցած տարիների համար, որտեղ էլ աշխատել եմ լավ եմ աշխատել, ձեռք եմ բերել լավ ընկերներ, բարեկամներ։ Կարելի է ասել՝ թշնամիներ չունեմ, փոխարենը հանդիսանում եմ “Թթենի և թզենի” բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը։ Սա մի մեծ ընտանիք է որտեղ կան արվեստագետներ, գեներալներ և այլն։ Սա է իմ կյանքը։

 

Հարցազրույցը՝ Օվսաննա Մնացականյանի

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...