23:22
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայբուսակ բազային քոլեջը և ԿՄԱ ավագ դպրոցը` պահանջված և որակյալ կրթության նոր նշաձող

2016-05-28 11:45

«Հայբուսակ» բազային քոլեջի և Կրթության միջազգային ակադեմիայի ավագ դպրոցի տնօրեն Աննա Հարությունյան

«Դե Ֆակտո» N119 (2016թ.)

-Տիկի՛ն Հարությունյան, նախ շնորհավորում ենք Ձեզ «Հայբուսակի» 25-ամյակի առթիվ: Կարծում եմ` պատահական չէ, որ Դուք ընտրել եք Ձեր հայրիկի մասնագիտությունը, այնուհետև դարձել բուհական կրթական համակարգում նրա գործի շարունակողներից մեկը: Ինչպե՞ս կգնահատեք անցած ճանապարհը:


-Ես ավարտել եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, ընտրել եմ հայրիկիս մասնագիտությունը, որը սիրում եմ: Հայրիկս մեծ հեղինակություն է մեր և մեր երեխաների համար: Նա չափանիշներ, սկզբունքներ է ստեղծել, որոնք դարձել են մերը և ուղեկցում են մեզ թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում:
Կրթության ոլորտում մեր գործունեության ճանապարհն իսկապես փշոտ է եղել, սակայն մեր ընտանիքի համերաշխությունը, միասնականությունը և սերը առավել զորեղ են գտնվել և հնարավորություն են ստեղծել հաղթահարելու առկա դժվարությունները: Այդ առումով ես գոհ եմ մեր անցած ճանապարհից, ձեռքբերումներից, թեև կարծում եմ, որ եթե ՀՀ կրթական համակարգը, պետության անկախացման տարիներից ի վեր, որդեգրեր առաջադեմ բուհերի չափանիշներն ու գաղափարները, գուցե ավելի մեծ հաջողությունների հասած կլինեինք:


-Ինչու՞ կարիք առաջացավ ստեղծելու «Հայբուսակ» բազային քոլեջը և Կրթության միջազգային ակադեմիայի ավագ դպրոցը:


-Երբ մենք սկսեցինք ընդունելությունը բուհական կրթության համար, քննությունների ժամանակ մեզ համար պարզ դարձավ, թե ինչպիսի՞ գիտելիքների են տիրապետում դիմորդները, ո՞ր հարցերում են թերանում: Այնուհետև դասերի ժամանակ նկատեցինք, որ ամենաթույլ սովորողն անգամ բարձր առաջադիմություն է ցուցաբերում, հասնում հաջողությունների, բայց, քանի որ նա դպրոցում չէր ստացել գիտելիքների այն հիմնական պաշարը, որն անհրաժեշտ է, բուհական աշխատանքը ավելի էր բարդանում: Մենք ստիպված էինք լինում նրանց համար լրացուցիչ պարապմունքներ անցկացնել: Այդ պատճառով որոշեցինք հիմնել «Հայբուսակ» բազային քոլեջը, որը, հատկապես բժշկական կրթության համար, բազային գիտելիքներով կապահովեր` հետագա բուհական կրթությունը դարձնելով առավել արդյունավետ: Ընդհանրապես, դա աշխարհում ընդունված ձև է, որ բժշկական կրթությունը սկսվում է միջին մասնագիտական կրթությունից: Ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ կարիք կա քոլեջում բացել նաև այլ բաժիններ: Այժմ գործում են մանկաբարձական գործ, բուժքույրական գործ (լրացուցիչ մասնագիտություններ` կոսմետոլոգիա, բժշկական մերսում), բժշկական կոսմետոլոգիա, ատամնատեխնիկական գործ, դեղագործություն, տնտեսագիտություն, դիզայն, հաշվապահական հաշվառում, մաքսավարություն և այլ բաժինները:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցի ստեղծմանը, ապա դրա անհրաժեշտությունը նույնպես մենք շուտով զգացինք: Մեզ համար անընդունելի է, որ բուհ ընդունվելու համար դպրոցակաները պարտադիր պարապում են կրկնուսույցների մոտ: Եվ հարց էր առաջանում, թե որն է այդ դեպքում դպրոցական կրթության դերը, ինչու պետք է կարիք լինի լրացուցիչ պարապմունքների: ԿՄԱ ավագ դպրոցը բացվեց 2007թ-ին և այդպիսով դարձավ հանրապետությունում առաջիններից մեկը՝ բնագիտական, հումանիտար և ընդհանուր հոսքերով ու քանի որ միշտ սերտ կապեր ենք ունեցել մեր արևմտյան գործընկերների հետ, փայլուն պատկերացնում էինք մեր անելիքն ավագ դպրոցում: Սակայն որքան խորանում էինք կրթության որակի առանձնահատկությունների մեջ, այնքան հասկանում էինք, որ կրթության որակի ապահովումը պետք է սկսվի ստորին օղակներից, անգամ նախադպրոցական հաստատություններից, այդ պատճառով նախաձեռնեցինք նաև միջին և ցածր դասարանների ստեղծումը:

-Քանի՞ տարի է կրթությունը քոլեջում և ավագ դպրոցում, ո՞ր տարիքի երեխաները կարող են դիմել:


-9-րդ դասարանն ավարտած աշակերտը ուսումը կարող է շարունակել Կրթության միջազգային ակադեմիայի ավագ դպրոցում: Ուսման տևողությունն այստեղ 3 տարի է: Իննամյա, ինչպես նաև տասներկուամյա կրթություն ունեցող շրջանավարտներն ուսումը կարող են շարունակել նաև պետության կողմից հավատարմագրված Երևանի «Հայբուսակ» բազային քոլեջում։ Իններորդ դասարանի կրթություն ունեցողների համար ուսման տևողությունը 3-4 տարի է, տասներկուերորդ դասարանի կրթություն ունեցողներինը` 2-3 տարի։ Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ, որով կարող են շարունակել իրենց կրթությունը բուհում կամ անցնել աշխատանքի:
Ավագ դպրոցում և քոլեջում ուսուցումը վճարովի է, սակայն գործում են նաև անվճար տեղեր և զեղչեր։ Անվճար տեղերի համար ընդունելությունը մրցութային է։

-Ո՞րն եք համարում քոլեջի, ավագ դպրոցի ամենամեծ ձեռքբերումը:


-Ամենակարևոր ձեռքբերումը, իհարկե, մեր որակյալ կադրերն են, մեր շրջանավարտները և մեր մանկավարժական սկզբունքները։ Մեր կրթօջախում ստեղծված է ազատ, անկաշկանդ մթնոլորտ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ազատ երևակայելու, ստեղծագործելու, մտածելու, տրամաբանելու, արտահայտվելու: Երբ սովորողին մի քիչ ազատություն ես տալիս, բացահայտվում է նրա ներքին պոտենցիալը և հնարավոր է հիանալի արդյունքների հասնել: Ընդամենը պետք է ուսուցչի աննկատ ուղղորդում: Իհարկե, դասերի կազմակերպման նման մեթոդները մենք սովորել ենք մեր արևմտյան գործընկերներից, նրանց հաջողված փորձից: Տալով ազատություն սովորողին` մենք նաև սովորեցնում ենք նրան անկախ, բայց ազնիվ լինել, հարգել ուրիշների իրավունքները և անձնական ազատության տարածքը:
Մեզ համար կարևոր ձեռքբերում է նաև մեր կրթօջախներում առկա արդարության մթնոլորտը: Մեզ մոտ բոլորը սովորում են և ստանում օբյեկտիվ գնահատականներ, որևէ մեկը առանց համապատասխան գիտելիքների առկայության բարձր գնահատական ստանալ չի կարող, ես դա վստահությամբ եմ ասում: Իմ ծանոթներն էլ այդ մասին գիտեն և նման հարցերով ինձ չեն դիմում:
Մենք հպարտանում ենք նաև մեր բարձրակարգ մասնագետներով, որոնք պարբերաբար վերապատրաստումներ են անցնում և ապահովում կրթական բարձր որակ: Ի դեպ, մենք մանկավարժներին նույնպես մրցութային կարգով ենք ընտրում:

-Բարձր առաջադիմությունը խթանող ի՞նչ մեխանիզմներ են գործում Ձեր կրթօջախներում:


-Բացի այն, որ կան անվճար տեղեր, գործում է նաև վճարովիից անվճար կարգին անցնելու հնարավորություն բարձր առաջադիմության դեպքում: Դա սովորողների մեջ առաջացնում է ձգտում` ստանալու ամբողջությամբ անվճար սովորելու իրավունք: Օրինակ` ավագ դպրոցում տարվա մեջ երկու-երեք անգամ մեր սաները քննություն են հանձնում, որի արդյունքները հաշվի են առնվում անվճար տեղեր տրամադրելիս: Մոտիվացիան շատ կարևոր է կրթության ոլորտում: Մենք նաև նվերներ ենք սահմանում նրանց համար, հարցնում` ինչ կցանկանային, նրանք մտածում են և հայտնում իրենց ցանկությունը, որը մենք, անպայման, իրականացնում ենք:

-Ի՞նչ հեռանկար ունեն ավագ դպրոցի, քոլեջի շրջանավարտները:


-Մեր ավագ դպրոցի շրջանավարտները հիմնականում դիմում են Ամերիկյան համալսարան և մեծ հաջողությամբ ընդունվում են: Իրականում մեզ մոտ սովորելը բավականին բարդ է, մենք ընտրում ենք ընդունակ, շնորհալի և տաղանդավոր երեխաներին: Շատերը ընդունվում են և չեն կարողանում շարունակել կրթությունը մեզ մոտ: Դասընթացները բավականին բարդ են, ծավալուն և մեծ ջանքեր ու ժամանակ են պահանջում:
Ինչ վերաբերում է քոլեջին, ապա պետք է նշեմ, որ 15-17 տարեկան երիտասարդների համար շատ դժվար է կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, հատկապես բժշկական մասնագիտությունների առումով: Որպեսզի երիտասարդն ինքնուրույն կողմնորոշվի` արդյոք պատրաստ է և կարող է անցնել բժշկի կոչմանն արժանանալու դժվարին ճանապարհը, նախ պետք է ծանոթանա այդ մասնագիտության առանձնահատկություններին, հասկանա իրեն ինչ է սպասվում, քանի որ բժշկի գործը լոկ աշխատանք չէ, այն կենսաձև է, կոչում: Եվ քոլեջում մեր ուսանողները ստանում են այդ հնարավորությունը ու հետագայում վստահորեն քայլ կատարում դեպի բուհ:

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:


-Մեր նպատակն է՝ ստեղծել երիտասարդական գիտահետազոտական կենտրոն, որտեղ մեր սաները կկարողանան կատարել իրենց առաջին քայլերը գիտության ոլորտում: Այժմ մենք այդ ուղղությամբ կատարում ենք որոշ քայլեր և հույս ունենք, որ շուտով կիրականացնենք մեր նախագիծը, որը ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում:

-Տիկի՛ն Հարությունյան, աշխատանքի բերումով Դուք շփվում եք բազում երիտասարդների հետ, փորձում նրանց փոխանցել հումանիստական լավագույն արժեքները, հետաքրքիր է, ինչպիսի՞ն եք Ձեր երեխաների դաստիարակության հարցում:


-Երևի իմ աշխատանքը երիտասարդության հետ օգնում է ինձ ավելի լավ հասկանալ իմ երեխաներին, նրանց տարիքային առանձնահատկությունները: Ես ունեմ երկու որդի, որոնք մեծացել են իմ, քրոջս և եղբորս երեխաների հետ միասին, մենք երեքով փորձել ենք մեր մեջ ունեցած լավագույնը փոխանցել մեր երեխաներին: Կարծում եմ` ստացվել է, հուսով եմ, որ ամեն ինչ արել եմ, որպեսզի իմ որդիները իրենց տեղը գտնեն կյանքում և երջանիկ լինեն: Չէ՞ որ յուրաքանչյուր ծնողի համար ամենակարևորը իր երեխաներին երջանիկ տեսնելն է:

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...