01:09
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եվրոպային հաջողվեց անվտանգության սպառնալիքի արտահանողից վերածվել խաղաղության ու կայունության գործուն մոդելի, որից ներկայումս օգտվում են աշխարհի գրեթե բոլոր պետություններն ու ժողովուրդները

2013-01-10 14:07

 

-Ավարտին է մոտենում 2011թ, որը հարուստ էր իրադարձություններով ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության հատվածում: Դուք անմասն չեք եղել այդ գործընթացներին, հաճախ նաև նախաձեռնել եք այդպիսիք: Ինչպե՞ս կգնահատեք անցնող 2011թ. Հայաստանի Եվրոպական ինտեգրման ոլորտում, հաջողվե՞ց ձեռք բերել կոնկրետ արդյունքներ:

- ՀՀ եվրոպական ինտեգրման ոլորտում 2011թվականը, իմ կարծիքով, կարելի է որակել որպես բեկումնային, քանզի տեղի ունեցան իրադարձություններ, որոնք էապես փոխեցին աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեր տարածաշրջանում: ՀՀ–ԵՄ հարաբերությունների տեսանկյունից 2011թվականը նշանավորվեց սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովով, որտեղ տրվեցին բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք մինչ այդ երկմտանքի առիթ էին տալիս մեր տարածաշրջանի ժողովուրդներին: Մասնավորապես, Հարավային Կովկասը վերջնականապես ճանաչվեց որպես Արևելյան Եվրոպա, իսկ այնտեղ ապրող ժողովուրդները` եվրոպացիներ: Եթե նախկինում ԵՄ պաշտոնյաները չէին հոգնում կրկնելուց, որ Արևելյան գործընկերությունը չի ենթադրում անդամակցություն, ապա այս գագաթաժողովի ընթացքում Միացյալ Թագավորության փոխվարչապետը Քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում ունեցած իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպական Միությունը չունի փակ դարպասներ եվրոպական պետությունների համար, որոնք բավարարում են առաջադրված նախապայմանները, մասնավորապես, ունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության արդյունավետ գործող ինստիտուտներ, ինչպես նաև բավարարում են 1993թ. Կոպենհագենում հաստատված տնտեսական չափանիշները: Այս փաստը, կարծում եմ, նոր շունչ կհաղորդի տարածաշրջանի եվրոպական ինտեգրման գործընթացին և նոր քաղաքական լիցք կտա իրականացվող բարեփոխումների ընթացքին: Մինչ գագաթաժողովը տարածաշրջանային այցով Հայաստան էին այցելել Եվրոպական հանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն և Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը` յուրաքանչյուրն իր օրակարգով և համագործակցության իրական առաջարկություններով: Վերջերս իր տարածաշրջանային անդրանիկ այցով Հայաստան այցելեց նաև ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը, որը հրապարակեց ԵՄ առաջիկա ծրագրերն ու անելիքները Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում: Այս այցելությունները իրենց ազդեցությունն ունեցան ներքաղաքական գործընթացների վրա, և մենք ականատեսն եղանք ՀՀ քաղաքական կյանքում աննախադեպ մի երևույթի, որը կոչվեց քաղաքական երկխոսություն:

-Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, որը ղեկավարում եք Դուք, Արևելյան գործընկերության գագաթաժողովից անմիջապես հետո կազմակերպվեց քննարկում ՙԵՄ ինտեգրացիոն մոդելը Հարավային Կովկասում՚ թեմայով, ինչը պայմանավորված էր ՀՀ նախագահի Վարշավայում հնչեցրած նույնանուն մտքով: Ի՞նչն էր Ձեր փորձագիտական խմբի այդչափ ոգևորության պատճառը` հաշվի առնելով Հարավային Կովկասում առակա չկարգավորված հակամարտություններն ու փոխադարձ անվստահության մթնոլորտը:

-Գաղափարը, որ հնչեցրեց ՀՀ նախագահը Վարշավայում իր ելույթի ընթացքում, ամբողջապես արտացոլեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագիտական խմբի տարածաշրջանային տեսլականը, տեսլական, որն արդյունք է երկարատև հետազոտությունների ու վերլուծությունների և հիմնված է համամարդկային արժեքների վրա: Մասնագիտացած լինելով Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում` մենք հստակ տիրապետում էինք Արևմտյան եվրոպայի պատմությանը, հատկապես հետպատերազմյան ինտեգրացիոն գործընթացների աշխարհաքաղաքական, տնտեսական, ռազմական և պատմական առանձնահատկություններին: Եվրոպական մայրցամաքը մշտապես գտնվել է շահերի հակասության էպիկենտրոնում, ինչն էլ հաճախ պատճառ էր դառնում հակամարտությունների, որոնք երկու անգամ վերածվեցին համաշխարհային պատերազմի: Դարեր շարունակ լինելով համաշխարհային անվտանգության սպառնալիք` Եվրոպայի ժողովուրդները կարողացան մի կողմ դնել իրենց ներքին հակասությունները, ձևավորել բոլորի համար ընդունելի արժեքային համակարգ, միավորվել դրանց շուրջ ու տասնամյակների ընթացքում ստեղծել կուռ ընտանիք, որտեղ գերակայում են իրավունքն ու ազատությունը, սոցիալական բարեկեցությունն ու մարդկային արժանապատվությունը: Հարաբերականորեն կարճ ժամանակամիջոցում Եվրոպային հաջողվեց անվտանգության սպառնալիքի արտահանողից վերածվել խաղաղության ու կայունության գործուն մոդելի, որից ներկայումս օգտվում են աշխարհի գրեթե բոլոր պետություններն ու ժողովուրդները, այդ թվում նաև Հայաստանն ու հայ ժողովուրդը: Եթե հարյուրամյակներ շարունակ միմյանց ատող ու իրար հետ պատերազմող Եվրոպային հաջողվեց հասնել համաձայնության, ապա ինչո՞ւ մեզ չի հաջողվի կրկնօրինակել արդեն հաջողված փորձը և հավիտենական խաղաղություն ու բարգավաճում բերել մեր տարածաշրջանին: Ըստ երևույթին, սա էր ի նկատի ունեցել ՀՀ նախագահը` արտահայտելով իր` այս նախադեպը չունեցող միտքը:

-              Մամուլում վերջերս ակտիվացել են տեղեկություններն այն մասին, որ Եվրոպական Միությունը ցանկանում է ակտիվացնել իր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Ըստ Ձեզ, որքանո՞վ է սա իրատեսական, և ինչպիսի՞ արդյունք կարելի է ակնկալել ԵՄ ակտիվությունից:

-              Եվրոպական Միության Հարավային Կովկասում ունեցած աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մեծ շահերի և հետաքրքրութունների մասին ես արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու, որը հիմնված է միջառարկայական հետազոտությունների և ընթացող գործընթացների վերլուծությունների վրա: Արդեն ակնհայտ է, որ ԵՄ չի պատրաստվում պահպանել իր դիտորդի կարգավիճակը Հարավկովկասյան գործընթացներում և այդ նպատակով ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում Միության և տարածաշրջանի երեք պետությունների միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ և այն նախատեսվում է պատրաստել ստորագրման առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Քաղաքական ազդեցության հաստատումից հետո ԵՄ-ն ձեռնամուխ կլինի տնտեսական ազդեցության հաստատման, որի նպատակով էլ առաջիկայում կսկսվեն բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված համաձայնագրի շուրջ, ինչը ամբողջապես կփոխի տարածաշրջանում քաղաքական և տնտեսական հավասարակշռությունը: Հետապնդելով նման հավակնություններ` Եվրոպական Միությունը չի կարող անմասն մնալ տարածաշրջանի անվտանգության ամենամեծ սպառնալիքի` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից: Հատուկ այդ նպատակով Հարավային Կովկասում նշանակվեց հատուկ ներկայացուցիչ, որն արդեն հասցրել է իրականացնել մի քանի տարածաշրջանային այցելություններ և առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ԼՂ հակամարտությանը: Իսկ թե ի՞նչ կարող է տալ ԵՄ-ը հակամարտության կարգավորման գործընթացին, պետք է ասել, հակամարտող կողմերը, և հատկապես ԼՂ ժողովուրդը, ակնկալում են հավասարակշռված մոտեցում, արդարության և անաչառության վրա հիմնված միջնորդական առաքելություն, փոխվստահության հարթության ձևավորում: Նշված խնդիրները, շնորհիվ կայուն արժեքային համակարգի և գաղափարական նվիրվածության, Եվրոպական Միության կողմից ամբողջովին լուծելի են, սակայն առաջին հերթին պետք է առկա լինի հակամարտող կողմերի մոտ խաղաղության հաստատման համար անհրաժեշտ քաղաքական կամքը, ինչի նախանշանները, կարծում եմ, արդեն նկատելի են:

-              ԵՄ կողմից իր արևելյան հարևաններին առաջարկված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հիմնադրման առաջարկին ի պատասխան` Ռուսաստանը` ի դեմս վարչապետ Պուտինի, հայտարարեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին: Որքանո՞վ է այս առաջարկը ունակ հակակշռել ԵՄ տնտեսական նախագծերին:

-              ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մեջ ներգրավված պետությունները վերջին ժամանակներս հայտնվել են հետաքրքիր իրավիճակում. Մայրցամաքի երկու աշխարհաքաղաքական խաղացողները յուրօրինակ մրցավազք են սկսել այս տարածաշրջանում իրենց քաղաքական և տնտեսական ազդեցությունը հաստատելու և ամրապնդելու ուղղությամբ, ինչը, կարծում եմ, հիանալի հնարավորություն է վերլուծել, գնահատել ներկայացված առաջարկությունները և կատարել ընտրությունը` առաջնորդվելով ազգային և պետական շահով: Մինչ ԵՄ ակտիվությունը մեր տարածաշրջանը չուներ այլընտրանքի հնարավորություն, ինչի պատճառով իրականացվում էր միավեկտոր արտաքին քաղաքականություն: Մինչդեռ ներկայումս իրավիճակը փոխվել է, մենք ունենք ընտրություն կատարելու բացառիկ հնարավորություն, ինչից չօգտվելը ուղղակի անթույլատրելի է: Ռուսաստանի առաջարկությունը հասցեագրված է առաջին հերթին սլավոնական և կենտրոնական Ասիայի պետություններին, մասնավորապես Բելոռուսին, Ուկրաինային, Ղազախստանին, Թուրքմենստանին, ինչը սակայն չի նշանակում, որ Ռուսաստանը ամեն ջանք չի գործադրի Հայաստանին և Ադրբեջանին նույնպես այնտեղ մտցնելու ուղղությամբ: Սակայն մեր տարածաշրջանում ներկայումս ընթանում են հակառակ տրամաբանության գործընթացներ, որոնք պայմանավորված են Արևմուտքի ազդեցության ուժեղացմամբ, ինչի արդյունքում Հարավային Կովկասի պետությունները հայտնվել են մանևրելու ավելի լայն դաշտում ու ստացել են ռուսական թելադրանքին դիմակայելու լրացուցիչ լծակներ և հնարավորություններ: Իմ կարծիքով Հայաստանը պետք է կարողանա մշակել և իրականացնել ճկուն և կշռադատված արտաքին քաղաքականություն` փորձելով համադրել առաջին հերթին իր ազգային շահը, ապա նաև հավասարակշռել Ռուսաստանի և Եվրոպական Միության հավակնությունները, ինչի արդյունքում Հայաստանը կհայտնվի բավականին շահեկան վիճակում: Սա մի կողմից լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, մյուս կողմից մեծ ռիսկ է ինչ-որ փուլում չհաշվարկված կամ սխալ հաշվարկված քայլ կատարելու պարագայում: Անհրաժեշտ է մշակել հստակ ռազմավարություն` հաշվարկելով բոլոր ռիսկերը, վտանգները, հնարավորություններն ու մարտահրավերները:

-              Առաջիկայում սպասվում են խորհրդարանական, ապա նաև նախագահական ընտրություններ, որոնք առաջինն են 2008թ.-ի դրամատիկ հետընտրական զարգացուներից հետո: Ի՞նչ եք կարծում, Հայաստանին գոնե այս անգամ կհաջողվի՞ անցկացնել արդար և ազատ ընտրություններ:

-              Ընտրությունները բոլոր ժողովրդավարական պետություններում յուրօրինակ ստուգարք են գործող քաղաքական իշխանությունների համար` անցած ժամանակահատվածում իրականացված ծրագրերի վերաբերյալ հասարակությանը հաշվետվություն ներկայացնելու և դրանց վերաբերյալ կոնկրետ գնահատական ստանալու համար: Գնահատականը այստեղ ընտրությունների արդյունքներն են, որոնցով կամ դրական է գնահատվում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել ու ավարտին հասցնել սկսված քաղաքականությունը, կամ էլ բացասական` հավանություն տալով մեկ այլ քաղաքական ուժի ներկայացրած ծրագրերին: Հայաստանի նորանկախ պետականության ընթացքում ձևավորվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ պարտվողը կորցնում է ամեն ինչ, իսկ հաղթողը ստանում ամբողջը: Այս մթնոլորտում դժվար կլինի ապահովել ընտրությունների ազատությունն ու արդարությունը, քանզի կողմերը կգնան ցանկացած քայլի ընտրություններում հաղթելու, իսկ պարտվելու դեպքում` դրանք վիճարկելու և գործընթացը արատավորելու համար: Հայաստանի քաղաքական համակարգում գործում են այլ ավանդույթներ, մասնավորապես, իշխանությունը մշտապես փորձում է հանդուրժողականության անվան տակ պարտադրել ընդդիմությանը լինել ոչ սուր իրենց գնահատականներում: Մինչդեռ պետք է ընդունել, որ ընդդիմությունը չունի որևէ այլ ռեսուրս քան իշխանությանը քննադատելն է, երբեմն նաև չափից ավել սուր: Իսկ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, ունի գործելու կոնկրետ լծակներ և իրավասություններ, և իր ամենօրյա գործունեությամբ պետք է առիթ չտա ընդդիմությանը քննադատելու իրեն: Հայաստանում ընտրություններում պարտվելը և ընդդիմության վերածվելը դիտարկվում է որպես աղետ, մինչդեռ Արևմտյան շատ պետություններում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, քաղաքական ուժերը ձգտում են ինչ-որ ժամանակ հայտնվել ընդդիմությունում` ներքին խնդիրները բացահայտելու, ժողովրդի կողմից հավանության չարժանացած գաղափարախոսությունն ու ծրագրերը վերափոխելու, նախկինում թույլ տրված սխալները հասկանալու և դրանք հետագայում բացառելու նպատակով: Իշխանության մեջ գտնվելով` քաղաքական ուժը չունի այս հնարավորությունները, քանզի բոլորը ցանկանում են մոտ լինել իշխանությանը, իսկ ընդդիմություն լինելը և որպես այդպիսին կայանալը լրջագույն մարտահրավեր է ցանկացած քաղաքական ուժի համար: Մարտահրավերի էությունը կայանում է նրանում, որ ընդդիմություն լինելու պարագայում կուսակցության մեջ ընթանում են զտման գործընթացներ, հեռանում են կարիերիստները, որոնք այսօր գերակշռող մեծամասնություն են կազմում իշխող կուսակցություններում, և փոխարենը մնում են գաղափարական նվիրյալները` դրանով իսկ թրծելով գաղափարախոսությունն ու ամրապնդելով ներքին ժողովրդավարությունը: Մինչև մենք չգիտակցենք այս պարզ իրողությունը, մենք չենք կարող լրջորեն մտածել իրապես ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին, որքան էլ որ բարեփոխենք մեր օրենսդրությունն ու այդ մասին խոստումներ տանք միջազգային ատյաններին:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

«Դե Ֆակտո» N67 (2011թ.)

Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...