13:20
10/09/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արարատի մարզի ավանդապատումները

2016-07-29 10:17

 

Հայաստանի ցանկացած մարզ կամ քաղաք ունի իր պատմությունն ու ավանդապատումները, բարքերը, սովորույթներն ու տեսարժան վայրերը: Սակայն ցավոք, տարիների ընթացքում դրանք հիմնականում կամ մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից:
Ավանդապատումների հիմնական աղբյուր են հանդիսանում մեր պատմիչների կողմից թողած աշխատությունները, տվյալ շրջանի ավագ սերնդի հիշողությունները, սեպագիր ու վիմագիր արձանագրությունները, ինչպես նաև տարիների ընթացքում կատարված մեր ու խորհրդային վաստակավոր գիտնականների կատարած ուսումնասիրությունները:
Ավանդապատումների շարք ունի մեր քերթողահայր ու 5-րդ դարի պատմիչ Մ.Խորենացին: Սակայն ավանդապատումների վառ օրինակ է հանդիսանում մեր հարուստ կենցաղն ու մշակույթը:
Ավանդապատումներով է, որ մինչև օրս գոյատևում ու պետք է գոյատևենք պահպանելով մեր պապերից մեզ մնացած երկիրը: Առանց ավանդապատումների չենք ունենա հարուստ մշակույթ, ազգագրություն, պատմություն և, վերջապես, կրոն:
Խոսենք Արարատի ավանդությունների ու պատմական վայրերի մասին:

Հին է ԱՐԱՐԱՏ անունը: Այն գալիս է մարդկության հիշողության ակունքներից, աստվածաշնչային համաշխարհային ջրհեղեղի, Նոյան տապանի ու բաբելոնական աշտարակաշինության ժամանակներից: Ի սկզբանե Արարատ անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի անվան հետ, որն արդեն հինգ հազարամյա հնություն ունի. հաշված այն ժամանակներից, երբ Քրիստոսից քսանհինգ դար առաջ, այն է` 2492 թվականի օգոստոսի 11-ին Հայոց ձորի ճակատամարտում նետահար ընկավ բռնակալ Բելը: Այդ ճակատամարտը ոչ միայն հայկյանների հաղթանակի ճակատամարտն էր ստրկություն ու կապանքներ բերող բռնակալի դեմ, այլև դարձավ հայոց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ առաջին, բայց դժբախտաբար, ոչ վերջին ճակատամարտը:


Մարզի տարածքը, ըստ 7-րդ դարի «Աշխարհայոց»-ի ընդգրկում է Այրարատ աշխարհի Ոստան Հայոց, Ուրծ, Արած գավառները և Մազազ գավառի մի մասը, 2096 քառակուսի կիլոմետր է: Հետաքրքիր է, որ ըստ նշված աղբյուրի տվյալների Ոստան Հայոց, Ուրծ և Արած գավառների տարածքները միասին կազմել է 2175 քառակուսի կիլոմետր: Եթե նկատի ունենանք, որ Արած գավառի մի մասը այժմ գտնվում է Նախիջևանի կազմում, ապա ստացվում է, որ մարզի տարածքը մոտավորապես համընկնում է «Աշխարհայոց»-ի տվյալներին: Ընդ որում` Ոստան գավառն էլ միշտ կարևոր ու կենտրոնական դիրք է գրավել, այնտեղ են գտնվել հայոց Արտաշատ և Դվին մայրաքաղաքները և հանդիսացել է Արշակունի թագավորների արքունական կալվածքը: Այն երկրի համար հանդիսացել է քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոն, ինչպես նաև Հայաստանով անցնող միջազգային առևտրական ճանապարհի հայաստանյան ամենաբանուկ խաչմերուկներից մեկը:
Եվ այսպես. Արարատ անունն ի սկզբանե անխզելիորեն կապված է հայ ժողովրդի ծագման ու գոյատևման հետ: Այդ անունով է կոչվում նրա գոյության խորհրդանիշը հանդիսացող լեռը, որն ամենաբարձրն է ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլև ամբողջ մերձավոր արևելքում (Մասիսը` 5165մ, Սիսը 3925մ¤, գոգավորությունը (դաշտ¤, որը եղել ու մնում է ոչ միայն որպես մի բարեբեր ու հազարամյակներ առաջ յուրացված հողակտոր, այլև թափառող մայրաքաղաքների երկրի՝ Հայաստանի համար տասներեք մայրաքաղաքներից հինգի հիմնադրման վայրը` Արմավիրից մինչև Երևան: Ի թիվս այլոց, Արարատի անունն է կրում Հայաստանի Հանրապետության գողտրիկ անկյուններից մեկը` Արարատի մարզը` Արարատյան դաշտում, Արարատի անթարթ հայացքի տակ:
Բնության ու մարդու կողմից արարված այս հողակտորն աչքի է ընկնում բնական ու մարդու կողմից յուրացված կենսատարածքների յուրահատկություններով, խայտաբղետությամբ ու յուրօրինակություններով:
Մասիսն ու Արագածը. ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում: Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են. մեկն ասում է` «Ե՛ս եմ լավը և քեզանից էլ բարձր», մյուսը թե` «Ես քեզանից և՛ լավն եմ, և՛ ավելի մեծ ու բարձր»: Այդ միջոցին վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չի կարողանում: Նա թողնում հեռանում է և անիծում, որ Մասիսն ու Արագածը այնպես բաժանվեն իրարից, որ այլևս երբեք չհանդիպեն: Մասիսն էլ անիծում է Արագածին, որ ամբողջ տարին դարդը դուրս չգա նրա սրտից, և արտասուքն էլ չպակասի աչքերից: Արագածն էլ իրեն հերթին անիծում է Մասսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարին, վրան մատաղ չմորթվի:


Այդպես էլ լինում է: Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասսի վրա էլ մինչև օրս մարդ չի բարձրացել, ոչ էլ մատաղ է մորթվել:
Մեծ Մասսի բլուրներ. գտնվում են Մեծ Մասսի արևելյան լանջին: Ժամանակին մի հարուստ վաճառական իր քարավանով գնալիս է եղել Պարսկաստան և այստեղ, մի սառն աղբյուրի մոտ, նա կանգ է առել հանգստանալու: Կուշտ ուտելուց հետո, վաճառականը խմել է աղբյուրի ջրից և ապա թքել մեջը: Աստծու հրամանով նա իր ուղտերի հետ տեղն ու տեղը քար է դարձել, որից և կազմվել են այս բլրանման բարձունքները:
Թափագյոզի Քարայրը. գտնվում է Մասսի կողին: Ասում են, թե այստեղ ապրող թափագյոզի մոտ մի անգամ մի մարդ է եկել, որին նա փակել է այրի մեջ, որպեսզի քնի, վեր կենա և հետո ուտի նրան: Մարդը երկաթե շամփուրը տաքացրել է, և խրելով թափագյոզի աչքը` կուրացրել է նրան: Հետո վրան է առել մի ոչխարի մորթի և խառնվելով ոչխարների հետ` մի կերպ դուրս է պրծել այրից:


Ագռավաքար. գտնվում է Մասիսից դեպի հարավ: Նոյ ագռաւն արձակեաց: Եւ նա գնացեալ ոչ եկն վերստին ի տապան անդր, վասն զի ընդ հարւ գնաց: Եւ լեառն` ուր նստաւ և բոյն արար` կոչի մինչ ցարդ Ագռաւուց քար:
Մեծամոր. գտնվում է Արտաշատի շրջանում: Երևանի Հյուսեին խանը ցանկանալով իրար խառնել Մեծամորի լիճն ու գետը` Սև ջուր, նրանց մեջ եղած թմբի վրա առու է փորել տալիս:
Վերջին օրը, երբ քիչ է մնում, որ ջուրը հոսի, հանկարծ լճի երեսը կրակ է դառնում, միջից գազաններ են դուրս թռչում և ուզում են բոլորին կուլ տան: Տեսնելով այդ` խանը հրամայում է նորից լցնել առուն:


Սուրբ Հակոբա Աղբյուր. գտնվում է Մասիս լեռան ստորոտին: Երբ մորեխ ու թրթուր է լինում, շրջակա բնակիչներն այստեղից ջուր են բերում և ցրում դաշտերում: Ջուրն իր հետ բերում է վնասակար միջատներին ոչնչացնող սև և սպիտակ փետրավոր թռչուններ՝ թթի ղուշ կամ Սուրբ Հակոբա սարյակ անունով:
Բադերի լիճ. գտնվում է Երևանից Արտաշատ տանող խճուղու եզրին: Ձմռան ամիսներին այստեղ ժամանակին մեծ քանակությամբ բադեր են իջել, իրենց կողմը գրավելով որսորդների ուշադրությունը: Դրանից էլ լիճը կոչվել է Բադերի լիճ:


Վարդաշենքի աղբյուր. գտնվում է Խարբերդի դաշտի հարավային կողմում: Մի հարուստ աղջիկ և աղքատ տղա սիրահարվում են և ուխտում` միասին ապրել, միասին մեռնել: Աղջկա ծնողները գտնում են մի ուրիշ, հարուստ փեսացու: Նշանդրեքից մի քանի օր առաջ աղջիկը մոր և տան հարսների հետ գնում է Վարդաշենք կոչված բլրաձև բարձունքը` դաշտային աշխատանք կատարելու: Այստեղ նա գտնում է իր սիրած տղային և առանձնանում նրա հետ: Մայրը տեսնելով նախատում ու անիծում է նրանց: Տղան ու աղջիկը հուսահատ դիմում են աստծուն և խնդրում իրենց վարդի թփեր դարձնել: Անմիջապես կատարվում է նրանց խնդրանքը: Աղջկա մայրը վրեժխնդրությամբ լցված դիմում է չար ոգիներին, որոնց կամքով երկու վարդենիների արանքում մի փուշ է բուսնում, խանգարելով նրանց մոտենալ իրար: Սիրահարների արցունքներից Վարդաշենքում աղբյուր է գոյանում, որին բուժիչ հատկություն է վերագրվում:
Ազնավուրների գերեզմաններ. գտնվում են Փոքր-Մասսի գագաթին: Այստեղ կան ազնավուրների` հսկաների գերեզմաններ և ուղտերի քարացած քարավան: Ուղտապանի մի ձեռքին գտնվում է առաջնորդող ուղտի սանձը, մյուսում` գավազանը:

 

Գարիկ Ավետիսյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...