23:41
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Սպասելիքներս մեծ են Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից»

2016-08-04 16:08

 2016թ. բավականին պատասխանատու սպորտային տարի է. հայ մարզիկները պատրաստվում են Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք օլիմպիական խաղերին: Այս և սպորտային, հասարակական-քաղաքական այլ թեմաների շուրջ ներկայացնում ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տված բացառիկ հարցազրույցը «Դե Ֆակտո» ամսագրին:

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

-Պարո՛ն Ծառուկյան, Դուք այն քիչ հասարակական-քաղաքական գործիչներից եք, ում հաջողվել է արժանանալ ժողովրդի վստահությանը և հավատին: Ճիշտ է, այսօր Դուք քաղաքական գործունեություն չեք ծավալում, սակայն Ձեր մարդկային տեսակի արժեքը, ժողովրդին օգտակար լինելու մղումը դրանից չեն տուժել: Ամփոփելով մինչև այսօր ծավալած Ձեր հասարակական-քաղաքական գործունեությունը` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կնշեք, որոնցով հպարտանում եք:


- Նախ, մեր հարցազրույցը սկսելուց առաջ պայմանավորվենք, որ քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ հարցի ես չեմ պատասխանելու: Թեման փակելով` միայն մեկ բան կուզեմ ասել` իմ քաղաքական գործունեության ընթացքում ես երբեք ոչինչ չեմ արել պաշտոնի համար, ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ:
Ինչ վերաբերում է հասարակական գործունեությանը, ապա այն շատ ավելի լայն հասկացություն է, որտեղ ես լիարժեք կարող եմ դրսևորվել, օգտակար լինել իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ սա շարունակական գործընթաց է: Գաղտնիք չէ, որ կարող էի շատերի նման ապրել միայն իմ ու իմ ընտանիքի համար, վարել մեկուսացած կյանք և երկրում կատարվող ամեն ինչին նայել «ապահով դիտորդի» կարգավիճակով: Բայց ես ունեմ մի հատկանիշ, որը, իհարկե, համարում եմ առավելություն, թեև կյանքի որոշ փուլերում այն ստեղծում է նաև դժվարություններ… Ես անտարբեր մարդ չեմ, չեմ կարողանում անտարբեր լինել, աչք փակել ինձ ծանոթ-անծանոթ մարդկանց հոգսերի, խնդիրների վրա: Եվ ես իմ ընտրությունը վաղուց եմ կատարել` եթե կյանքը ինձ շնորհել է օգնելու, օգտակար լինելու հնարավորություն, ապա ես պարտավոր եմ դա անել: Ես պետք է իմ խղճի հետ հաշտ ապրեմ: Հակառակ դեպում` ես չէի լինի Ծառուկյանը: Գուցե կլինեի մարդ, որն ավելի թեթև ու ավելի հեշտ կապրեր, բայց դա չէի լինի ես:
Իմ ամենամեծ ձեռքբերումն այս հարցում տասնյակ հազարավոր մարդկանց անկեղծ շնորհակալությունն է: Ես կարող եմ ազատ քայլել Երևանի փողոցներով, մեր երկրի ցանկացած բնակավայրով ու շփվել մարդկանց հետ` լսել նրանց հոգսերը, առաջարկությունները, հաճախ` շնորհակալական խոսքերը: Սա իսկապես մեծ ձեռքբերում է: Իմիջիայլոց, Ձեր հարցի մեջ կար ինչ-որ բան ամփոփելու միտումը: Ասեմ, որ ես շատ հեռու եմ հուշեր գրելու մտադրությունից, և հակառակը` պատրաստվում եմ շատ երկար ու արդյունավետ աշխատել հանուն մեր երկրի ու ժողովրդի:

-Քաղաքական հարթակից հեռացաք, բայց մարզական աշխարհին աջակցություն ցուցաբերելը և մեր մարզիկներին սատար կանգնելու Ձեր գործունեությունը շարունակում եք նույն ոգեշնչմամբ, ֆինանսական ներդրումներով ու այլ աջակցություններով` չնայած աշխարհում ճգնաժամ է, և նվազել են սպորտին ուղղվող գումարները: Ինչպե՞ս է հաջողվում անշեղ մնալ ընտրած սեփական ուղուց և անգամ արհամարհել ճգնաժամերը:

-Երբ ես ընտվում էի ՀԱՕԿ նախագահ, շատ լավ էի պատկերացնում իրավիճակը, խնդիրները և իմ անելիքները: Հավատացնում եմ ձեզ, եթե տարիներ առաջ վիճակը լավ լիներ, ոչ ոք ինձ չէր առաջարկի ղեկավարել ՀԱՕԿ-ը: Ուրիշ շատ ցանկացողներ կլինեին: Ես հասկանում էի, որ պետք է սկսել մարզիկների, մարզիչների վարձատրությունից, խրախուսանքներից, պարգևատրումներից, մարզվելու պայմանների ստեղծումից, միջազգային մրցույթներին ակտիվ մասնակցությունից, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումից: Ես գիտակցաբար ստանձնել եմ այդ պարտավորությունները, և երբեք չեմ շեղվել դրանից: Դրանք կապված են իսկապես մեծ ներդրումների, արդյունավետ կառավարման, միջազգային փորձի ներդրման հետ: Ինձ հաջողվել է Օլիմպիական կոմիտեում ձևավորել լավ թիմ, մարզաշխարհում ապահովել լավ մթնոլորտ: Այս ամենի արդյունքները երևում են, դրանք հորինել կամ թաքցնել հնարավոր չէ: Կառուցվել են բազմաթիվ մարզական դպրոցներ` Երևանում և մարզերում, մեր չեմպիոնների և մրցանակակիրների քանակը կտրուկ աճել է: Երևանում բացված օլիմպիական ավանը միջազգային ամենաբարձր չափանիշներին է համապատասխանում: Ինչ վերաբերում է ճգնաժամերին, ապա դա մեր կյանքի իրականությունն է, որը, բնականաբար, չի կարող շրջանցել մեզ: Մենք առայժմ դիմակայում ենք ավելի արդյունավետ ու գրագետ կառավարման միջոցով: Այս խնդիրը կա բոլոր ոչ հարուստ երկրներում: Պետությունը, իհարկե, օգնում է, բայց հասկանալի է, որ իր ուժերի ներածին չափով և չի կարող ամբողջ բեռը վերցնել իր վրա: Այստեղ է, որ պետք է գործի մասնավոր բիզնեսի, պետության և միջազգային կառույցների համագործակցության մեխանիզմը: Ես այսպես եմ մտածում. անկախ բոլոր դժվարություններից` եթե ես չանեմ, ապա որևէ այլ մեկից պահանջելու, ակնկալելու իրավունք չեմ ունենա:

 

Ես ունեմ մեծ սպասելիքներ մեր պրոֆեսիոնալ մարզիկների` Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին

մասնակցությունից, որի համար նախապատրաստական ահռելի աշխատանք է իրականացվել:

 



-Պարո՛ն Ծառուկյան, առջևում Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերն են: Նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ՀԱՕԿ-ը, ՀՀ-ից քանի՞ մարզիկ մասնակցություն կունենա այդ խաղերին, և ո՞ր մարզաձևերում նրանք հանդես կգան:

-Ինչ աշխատանքներ են տարվել օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների համար հարցին ես կպատասխանեմ շատ հակիրճ` բոլոր անհրաժեշտ աշխատանքները: Արվել է ամեն ինչ, նույնիսկ ավելին: Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց չկա մի մանրուք, որն անտեսված լինի: Ամբողջ գործընթացը երկար ամիսների ընթացքում իմ անմիջական հսկողության տակ է: Այդ աշխատանքների ընթացքում մեր մարզաշխարհը որևէ բանի պակաս չի ունեցել: Անկեղծորեն պետք է նշեմ, որ եղել են նաև դեպքեր, երբ անհրաժեշտության դեպքում դիմել ենք կառավարության կամ իշխանության այլ ներկայացուցիչների, ու յուրաքանչյուր հարց անմիջապես լուծում է ստացել: Ես լավատես եմ, բայց կա որոշակի նախապաշարմունք և այդ պատճառով կխուսափեմ կոնկրետ թվեր, կոնկրետ սպասելիքներ, կոնկրետ նպատակներ ժամանակից շուտ հրապարակելուց: Քիչ մնաց: Մի քիչ էլ համբերենք: Ես ունեմ մեծ սպասելիքներ, որովհետև կատարվել է իսկապես ահռելի աշխատանք, և որովհետև մենք ունենք շատ լավ մարզիկներ` լուրջ պրոֆեսիոնալներ և հայրենասեր օլիմպիական թիմ:

-Ինչպե՞ս կգնահատեք հայ աղջիկների սպորտային հաջողությունները, և ի՞նչ եք կարծում, սպորտային աշխարհում գեղեցիկ սեռը տեղ ունի՞, թե՞ սպորտը տղամարդկային աշխարհ է:

-Մենք ունենք փայլուն աղջիկներ, որոնք մեծ հաջողությունների են հասել ու մեր երկրի պատիվը միշտ բարձր են պահել: Սպորտում վաղուց չկա «տղամարդկային աշխարհ» հասկացությունը: Հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը. կան զուտ կանացի մարզաձևեր, որոնք շատ գեղեցիկ են, և կան մարզաձևեր, որտեղ կանանց ներկայությունը աչքին անսովոր է: Բայց համաշխարհային սպորտի զարգացման միտումներն են այդպիսին: Սպորտը զարգանում է, և կանայք հաջողություններ են գրանցում բոլոր մարզաձևերում: Մենք միջազգային հանրության մի մասն ենք և պետք է համահունչ լինենք զարգացումներին: Բայց ես կուզենայի օգտագործել հարցի հնարավորությունը և խոսել մասսայական սպորտի մասին: Ես շատ ուրախ եմ, որ աղջիկները և կանայք տարեց տարի ավելի մեծ ներգրավվածություն են ունենում մասսայական սպորտում: Առողջ ապրելակերպը քաղաքակրթական չափանիշ է: Նաև այդպես են դառնում լավ մայր, լավ քաղաքացի: Որքան սերունդներն առողջ լինեն, այնքան ուժեղ և զարգացած կլինի մեր պետությունը և հասարակությունը: Այստեղ դեռևս կա հսկայական աշխատանք կատարելու, որը մենք անելու ենք:

-Պարո՛ն Ծառուկյան, Հայաստանի գործարար աշխարհում այսօր շատ անձիք կան, ովքեր ոչ պակաս հնարավորություններ ունեն սպորտին աջակցելու համար, սակայն, կարծես թե միայն դուք եք պատասխանատվություն զգում այս հարցում: Չե՞ք կարծում, որ ժամանակն է բաժակաճառային հայրենասիրությունը փոխարինել իրական նվիրումով:

-Ես ունեմ աշխատանքի մի սկզբունք` երբեք չքննարկել, թե ով ինչ արեց: Ես այդ հարցը տալիս եմ միայն ինձ` ինչ եմ արել ես և ինչ կարող եմ անել ես: Ամեն մեկն ինքն է որոշում իր տեղն ու դերը այս կյանքում: Կան գործարարներ, ովքեր իրենց ուժերի ներածին չափով օգտակար են լինում այս կամ ոլորտին, կան գործարարներ, ովքեր իրենց դռնից դուրս աշխարհ չեն տեսնում: Բայց դա իմ քննարկելիք հարցը չէ: Ամեն մեկը պատասխանատու է իր խղճի առաջ:

 

Բարեգործությունն իմ պարտքն է

իմ խղճի և Աստծո առաջ:

 

- Սպորտից դուրս Դուք և Ձեր ընտանիքը բազում բարեգործական նախաձեռնություններ եք իրականացնում: Համամի՞տ եք այն գաղափարի հետ, որ յուրաքանչյուրն առաքելություն ունի կատարելու, և ո՞րն եք համարում Ձեր առաքելությունը:

-Գիտեք, ես չէի ուզենա բարեգործության թեման քննարկել շատ երկար, առավել ևս` առաքելության համատեքստում: Ես մի առիթով ասել եմ` բարեգործությունն իմ պարտքն է իմ խղճի և Աստծո առաջ: Ես ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ մարդկանց օգնել: Բարեգործություն ես անում էի շատ ավելի վաղ` քան ֆինանսական-նյութական ապահովության հասնելը: Տարիներ առաջ, երբ սկսնակ գործարար էի ու իմ ամեն կոպեկը հաշված էր, կրկին օգնում էի մարդկանց, բնականաբար, ծավալներով ավելի քիչ, բայց իմաստը դրանից չի փոխվում: Դա տեսակի հարց է ու ես ուրախ եմ, որ այդպիսին եմ, իմ մայրը այդպիսին է: Երբ ստեղծվեց Ծառուկյան բարեգործական հիմնադրամը, այն սկզբում բացառապես սոցիալական ուղղվածության էր: Մարդկանց օրվա հացի կամ այլ հրատապ խնդրի լուծմանն էինք փորձում օգնել: Ժամանակի ընթացքում հիմնադրամը դարձավ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում բավականին լուրջ ներդրումներ կատարող կառույց: Մենք օգնում ենք հեռանկարային նախագծերին, տաղանդավոր երիտասարդներին, արդեն փառքի ու հեղինակության հասած գործիչներին: Մենք օգնում ենք մեր ստեղծագործողներին` հանդես գալ արտերկրում, մենք կառուցում և վերանորոգում ենք հաստատություններ Հայաստանում: Սա ինձ միայն հպարտություն է պատճառում, և ես անկեղծ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր տարբեր տարիների ընթացքում օգնել են կայացնելու հիմնադրամը:

 

-Ո՞րն է Ձեր սիրելի մարզաձևը, և արդյո՞ք այսօր զբաղվում եք սպորտով:

-Իհարկե, զբաղվում եմ և ոչ միայն սիրողական մակարդակով: Սպորտը իմ կյանքի մի մասն է, և այն մի շարք հատկանիշներ է իմ մեջ սերմանել: Ես այսօր էլ պարտաճանաչ կերպով հաճախում եմ մարզումների և պատկերացրեք` բավական լավ արդյունքներ ունեմ: Նույն ոգով դաստիարակում եմ նաև իմ տղաներին:

Իմ ամենամեծ հարստությունն իմ ընտանիքն է:


- Մարդուն բնութագրող ամենակարևոր հատկանիշներից մեկը լավ ընտանիք, արժանի զավակներ ունենալն է: Այդ առումով գո՞հ եք ճակատագրից:

-Գոհը շատ մեղմ է ասված: Ես ունեմ շատ լավ կին, երեխաներ, հիանալի ծնողներ, թոռներ ու նրանք իմ ամենամեծ հարստությունն են: Չլիներ դա` մնացած ամեն ինչն անիմաստ կլիներ: Լավ ընտանիք ունենալը մի կողմից պարգև է ճակատագրի կողմից, մյուս կողմից` մեծ աշխատանք այդ պարգևը պահպանելուն և զարգացնելուն ուղղված: Հիմա ես իմ վաստակի, տարիների, ինչու ոչ, հաջողությունների ու նաև դժվարությունների բարձունքից նայելով` հասկանում եմ, որ լավ ընտանիքի ամենակարևոր պայմաններից մեկը հարգանքն է: Ընտանիքում պետք է մարդիկ կարողանան միմյանց հարգել: Սերն ու հարգանքը լավ ընտանիքի հենասյուներն են: Իմ աղջիկների դաստիարակությամբ, բնականաբար, հիմնականում զբաղվել են կինս ու մայրս, և ես շնորհակալ եմ նրանց նման աղջիկներ մեծացնելու համար: Տղաներիս հետ ես անհամեմատ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում: Ցանկացած առիթ օգտագործում եմ նրանց հետ շփվելու, խոսելու, նրանց լսելու ու հասկանալու համար: Թոռներիս հետ ես ուղղակի լավ ընկերություն եմ անում: Ես մեծ երջանկություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի սիրով ու հարգանքով են իմ երեխաները վերաբերվում իրենց տատիկին, պապիկին, ինչպես են իմ թոռները վերաբերվում իրենց:
Իմ ծնողներն ամբողջ կյանքն աշխատել են ու ես սովորել եմ նրանցից, որ միայն աշխատանքով է հնարավոր բարիք ստեղծել: Իմ մայրը ամեն օր, առայսօր, գնում է աշխատանքի: Իմ երեխաները դա տեսնում են: Ես իմ օրը սկսում եմ վաղ առավոտյան ու այդպես կլոր տարին: Ես ամեն ինչ արել եմ իմ երեխաներին լավ կրթություն տալու, նրանց մեջ մարդկային բարձր արժեքներ սերմանելու համար: Վստահ եմ` այդ հարցում ինձ շատ բան է հաջողվել:

Կա մի բան, որը միշտ իմ մտքում է. ես խնդրում եմ Աստծուց,

որ իմ երկրում խաղաղություն տիրի:

- Դուք նաև ստեղծել եք հոգևոր կառույցներ, ինչի՞ մասին եք մտածում եկեղեցում մոմ վառելիս, աղոթելիս, ի՞նչ եք խնդրում Աստծուց:


-Ես Հայաստանում կառուցել եմ շատ եկեղեցիներ: Դրանցից ամեն մեկն ունի իր նախապատմությունը, դրանցից ամեն մեկն ինձ հոգեհարազատ է յուրովի: Եկեղեցի կառուցելիս, միշտ ցանկացել եմ, որ այն չդառնա միայն մոմ վառելու վայր: Իմ պատկերացումներն այլ են եղել: Ես իսկապես ցանկացել եմ, որ եկեղեցի գնալով` մարդիկ դառնան ավելի լավը, ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի հոգևոր էակներ, որ նրանք բազմաթիվ դժվարությունների առաջ իրենց երբեք միայնակ չզգան: Ես եկեղեցիներ կառուցել եմ այնտեղ, որտեղ տեղի բնակչությունն ինձ նման խնդրանքով դիմել է: Երբ մի քանի հազար հոգի խնդրում են իրենց համայնքում եկեղեցի կառուցել, դա արդեն պարտավորեցնող է և մտածելու տեղիք է տալիս: Ուրեմն այդ մարդիկ` իմ հայրենակիցները, ունեն դրա կարիքը, ու դա շատ լավ է:
Իմ ընտանիքի անդամները հաճախ այցելում են եկեղեցի, լինում են ժամերգություններին: Ինչ վերաբերում է ինձ, ապա թույլ տվեք շատ չբացեմ հոգիս: Ես չեմ կարող ասել, թե ինչ եմ խնդրում Աստծուց: Ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր մարդու գաղտնիքն է, սեփական հոգևոր տարածքը, որը հանրային կյանքից պետք է տարանջատել: Բայց կա մի բան, որը միշտ իմ մտքում է. ես խնդրում եմ Աստծուց, որ իմ երկրում խաղաղություն տիրի:

- Թվում է ` ֆինանսական մեծ կարողություններ ունեցող մարդուն ամեն ինչ հասու է աշխարհում, և նա կարող է կորցնել երազելու կարողությունը: Ունե՞ք երազանքներ:

-Իսկ ինչ է, երազանքները միայն նյութական շահի կամ ֆինանսական կարողությունների մասի՞ն են լինում: Ես այդպես չեմ կարծում, և ինձ մոտ, անկեղծ ասած, երբեք այդպես չի եղել: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես սկսնակ գործարար էի, չէի երազում թանկարժեք մեքենայի, մեծ տների և այլնի մասին: Ես գիտեի, որ այդ ամենին հասնելու համար ոչ թե երազել է պետք, այլ համառ աշխատել, երբեք չծուլանալ, դժվարություններից չկոտրվել, չհուսահատվել: Իսկ երազել պետք է ավելի մեծ բաների մասին, եթե կուզեք` ավելի ոչ նյութական բաների մասին: Իմ խորհուրդն է երիտասարդներին` մի՛ վախեցեք մեծ նպատակներից ու մեծ երազանքներից: Դրանք ձեզ ուժեղացնում են` որպես մարդ, որպես անհատ:
Դուք ինձ հարցնում եք` ունեմ երազանքներ: Իհարկե, ունեմ: Բայց դրանք ոչ մի կապ չունեն նյութական բարիքների հետ: Եվ նաև ոչ մի կապ չունեն իմ անձնական շահի հետ:

 

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...