09:25
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2012 թվականը ՀՀ գյուղատնտեսության համար առաջընթացի և կայուն զարգացման տարի էր

2013-01-11 11:43

-Պարո՛ն Կարապետյան, «Դե Ֆակտո» ամսագիրը շնորհում է Ձեզ 2012-ի «Տարվա նախարար» կոչումը: Սա գնահատականն է Ձեր նվիրված և պատասխանատու գործունեության: Շնորհավորում ենք Ձեզ այս  առիթով և խնդրում գնահատել  2012-ը` որպես գյուղատնտեսական տարի:

-2012 թվականը հանրապետության գյուղատնտեսության համար առաջընթացի և կայուն զարգացման տարի էր:

-Հատկապես ի՞նչը կառանձնացնեիք՝ որպես տարվա ձեռքբերում:

-Որպես տարվա ձեռքբերում կցանկանայի նշել գյուղատնտեսության նախարարության աշխատանքի նկատմամբ վստահության հաստատումը, ոլորտում աճի բարձր տեմպերի շարունակականության ապահովումը, գյուղատնտեսական մթերքների արտադրության, մթերումների ու արտահանումների գործում արձանագրված  առաջընթացը: Կարևոր ձեռքբերում է նաև նախկինում չօգտագործված վարելահողերից շուրջ 17 հազար հեկտարի ներգրավումը գյուղատնտեսական շրջանառության մեջ:

Ընդհանուր առմամբ,  գյուղատնտեսության բնագավառում նախորդ տարվա համեմատությամբ ակնկալվում է շուրջ 9% աճ: Արդյունքներն  առանձնապես գոհացուցիչ են պտղաբուծության ոլորտում: 2011 թվականի համեմատությամբ այս տարի  շուրջ 65 հազար  տոննա  ավելի  պտուղ է արտադրվել, այդ թվում՝ 26 հազար տոննա ծիրան, 23 հազար տոննա դեղձ: Ավելի քան 10 հազար տոննայով ավելացել է խաղողի արտադրությունը: Զգալի աճ է գրանցվել բանջարաբոստանային մշակաբույսերի,  կարտոֆիլի արտադրության ոլորտներում: Ընթացիկ տարին անբարենպաստ էր հացահատիկային մշակաբույսերի, ցանովի կերային խոտաբույսերի, բնական խոտհարքների համար: Տեղումների անհավասարաչափ բաշխվածության, ջերմաստիճանի կտրուկ տատանումների և ժամանակ առ ժամանակ դիտված երաշտային երևույթների հետևանքով նշված ցանքերը զգալիորեն տուժեցին: Արդյունքում` նվազեց հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը, որոշակի լարվածություն նկատվեց խոտի կուտակման գործում, սակայն, շուրջ 17 հազար հեկտար ավել կատարված ցանքերի շնորհիվ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի  համախառն բերքը մոտ 15 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը: Աշնանային տևական բարենպաստ կլիմայական պայմաններն էլ նպաստեցին գյուղատնտեսական կենդանիների արոտային շրջանի երկարացմանը և հետևաբար նաև խոտի զգալի տնտեսմանը:

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է շուրջ 30.5 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ և խաղող, որը կրկնակի անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Արտահանումները շարունակվում են: Վերամշակող ձեռնարկությունների  սեփականատերերի հետ արդյունավետ համագործակցության և հետևողական աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց, առանց լուրջ դժվարությունների, կազմակերպել պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումները: Վերամշակող ընկերությունների կողմից այս տարի մթերվել է 25.5 հազար տոննա պտուղ, 33.6 հազար տոննա բանջարեղեն, 156.6 հազար տոննա խաղող: Ուշագրավն այն է, որ ընկերությունների մեծ մասը վճարումները կատարել են անմիջապես գնման պահին կամ մինչև 7-10 բանկային օրվա ընթացքում՝ մյուսները պարտավորվել են վճարումները կատարել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:

Դեկտեմբերի 13-ի դրությամբ մթերված խաղողի դիմաց վճարվել է ավելի քան 22 միլիարդ դրամ, կամ վճարման ենթակա գումարի 99.1%-ը, իսկ մթերված պտուղբանջարեղենի դիմաց վճարվել է գումարի 96.3 %-ը:

Հաջողություններն ակնհայտ են նաև անասնապահության բնագավառում: Զգալիորեն ավելացել է գյուղատնտեսական կենդանիների  գլխաքանակը, մասնավորապես՝ 28 հազարով խոշոր և շուրջ 58 հազարով մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը: Տարվա արդյունքներով, նախորդ տարվա համեմատությամբ, կարձանագրվի կաթի, մսի, ձվի արտադրության ծավալների զգալի աճ:

-Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացնում է ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր՚: Այս շրջանակներում ի՞նչ հասցրեցիք անել 2012-ի ընթացքում:

-«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրով ընթացիկ տարի մեծածավալ գործողություններ են իրականացվել: Ծրագրի, համայնքների արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգի բաղադրիչի շրջանակներում հանրապետության 6 մարզերի (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 55 համայնքներից 45-ի համար մշակվել և Համաշխարհային բանկ են ուղղարկվել արոտավայրերի կառավարման և անասնապահության  զարգացման պլանները: Մնացած 10 համայնքների համար պլանները գտնվում են մշակման փուլում: Նշված մարզերի 50 համայնքներում հիմնադրվել են «Համայնքների արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ ու «Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» հանձնաժողովներ: Թվով 23 համայնքներում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները: Կառուցվել է շուրջ 43 կմ ոռոգման ցանց և ջրարբիացվել 38 հազար հեկտար արոտավայր, տեղադրվել 72 հատ խմոց: 18 համայնքներում արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները գտնվում են իրականացման փուլում, որի ավարտից հետո կջրարբիացվի ևս  30 հազար հեկտար: Այս գործընթացները շարունակվում են:

Վերոհիշյալ մարզերի 31 համայնքների արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 94 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 27 անիվավոր տրակտոր, 21 խոտի հակավորող մեքենա, 48 միավոր այլ գյուղգործիքներ: Եվս 64 միավոր գյուղտեխնիկա գտնվում է մատակարարման փուլում: Ծրագրում ընդգրկված 55 համայնքներից 50-ի համար ավարտվել են կերհանդակների քարտեզագրման, գնահատման և կենդանիների հերթափող արածեցման սխեմաների մշակման աշխատանքները, իսկ մնացած  5-ը գտնվում են մշակման փուլում:

Ծրագրի շրջանակներում կոոպերատիվների անդամների, խորհրդի, կոմիտեի և համայնքապետարանի ներկայացուցիչների համար իրականացվել է ուսուցում՝ կապված արոտօգտագործման, կոոպերատիվի բյուջեի կազմման, ֆինանսական հոսքերի կառավարման, իրավական, բնապահպանական և այլ թեմաներով:

Ծրագրի ավարտին ակնկալվում է արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվների հիմնում 55 համայնքներում: Ձմռան համար անհրաժեշտ կերապաշարի մինչև 80% ապահովում, անասունների մթերատվության  10-20% ավելացում համայնքային նշանակության արոտավայրերի կառավարման արդյունավետության բարձրացում, համայնքների բյուջեի լրացուցիչ մուտքերի ապահովում:

-Միջազգային համագործակցության շրջանակներում մի շարք այլ ծրագրեր ևս իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության ոլորտում: Հատկապես ո՞րն եք կարևորում և հաջողված համարում 2012-ի համար:

-Միջազգային համագործակցության շրջանակներում նախարարության կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևոր  են գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Որպես հաջողված ծրագիր կարելի է առանձնացնել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ՙՀայաստանում ցորենի սերմնաբուծության զարգացման աջակցության՚ ծրագիրը, որի շրջանակներում ՙՍերմերի գործակալություն՚ ՊՈԱԿ-ի և «Գյումրու սելեկցիոն կայանի» սերմերի որակի ստուգման լաբորատորիաները հագեցվել են ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով և հնարավորություն է ստեղծվել հանրապետությունում իրականացնել եվրոպական չափանիշերին համապատասխան փորձաքննություն:

Նշված կազմակերպություններին, «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, ինչպես նաև սերմնաբուծությամբ զբաղվող մի քանի մասնավոր ընկերություններին տրամադրվել է նաև սերմազտիչներ, ախտահանիչներ, ձեռքի ցանիչներ, կալսիչներ և այլ պարագաներ:

2012թ. համար հաջողված կարելի է համարել գերմանական տեխնիկական աջակցության (GIZ) ծրագրի շրջանակներում արբանյակային տվյալների հիմքի վրա անտառների մշտադիտարկման համակարգի ներդրման ծրագիրը, որը ընթացքի մեջ է:

Որպես ՀՀ գյուղատնտեսության նախարար` ես նախընտրում եմ անձամբ ծանոթանալ գյուղացու խնդիրներին հենց գյուղում, ուստի կարևորում  եմ իմ այցերը գյուղական համայքներ:

-Գյուղնախարարությունը մի շարք ծրագրեր է ներդրել գյուղացի-նախարարություն հետադարձ կապի ամրապնդման և իրազեկության բարձրացման համար: Ինչպիսի՞ն է արդյունքը: Այսօր գյուղացին որքա՞ն հաճախ է հույսը դնում նախարարության վրա:

-Մեզ համար շատ կարևոր է նախարարության գործունեությունը դարձնել առավելագույնս բաց և թափանցիկ, կարևորագույն հարցերի քննարկմանը մասնակից դարձնել հասարակական կազմակերպությունների, միությունների, միավորումների, գյուղատնտեսական գիտության, արտադրության, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին: Գյուղացի-նախարարություն կապը հիմնականում ապահովվում է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով, որոնք ամբողջ տարվա ընթացքում տարբեր ուղղություններով խորհրդատվություն ու աջակցություն են ցուցաբերում գյուղացիական տնտեսություններին:

Ես` որպես ՀՀ գյուղատնտեսության նախարար, նախընտրում եմ անձամբ ծանոթանալ գյուղացու խնդիրներին հենց գյուղում, ուստի կարևորում  եմ իմ այցերը գյուղական համայքներ: Պաշտոնավարման սկզբից մինչ այսօր այցելել եմ  շուրջ 900 համայնքներ:

Նախարարության գործունեության մասին իրազեկման առումով կարևոր դերակատարություն ունեն  նախարարության պաշտոնական կայքէջը` minagro.am-ը, որի թափանցիկությունը վերջերս Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գնահատեց  40,30 տոկոս և զբաղեցնում է ցանկի 14-րդ հորիզոնականը, «Ագրոգիտություն» տասնօրյա թերթը և «Ագրոթիվի» հեռուստածրագիրը, որը հեռարձակվում է յուրաքանչյուր կիրակի օր «Կենտրոն» հեռուստաընկերության միջոցով:

Գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների և ընդհանրապես մեր բնագավառին առնչվող խնդիրներին օպերատիվ արձագանքելու և հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով նախարարությունում գործում է «Գյուղատնտեսության շտապ օգնության ծառայությունը», որը գործում է ամեն օր ժամը 9:00 մինչև 22:00: Բազմաթիվ հարցեր են հնչեցվում, հնարավորության սահմաններում դրանց տրվում են համապատասխան լուծումներ: Ծառայության աշխատանքը հատկապես արդյունավետ է գյուղմթերքների արտահանումների ընթացքում, հանգստյան օրերին և ոչ աշխատանքային ժամերին ծագած խնդիրների արագ լուծման գործում:

Չնայած կատարված մեծածավալ աշխատանքներին, այնուամենայնիվ, գյուղացի-նախարարություն կապի ամրապնդման և գյուղացիական տնտեսությունների իրազեկվածության բարձրացման գործում դեռևս լուրջ անելիքներ ունենք:

-Կցանկանայի հատկապես խոսել շաբաթ և կիրակի օրերին կազմակերպվող գյուղմթերքների տոնավաճառների մասին: Ի՞նչ տվեց սա գյուղացուն:

-Նախարարության համար կարևորվում է գյուղատնտեսական մթերքների իրացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցության հարցը: Այդ կապակցությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, որը տվել է իր դրական արդյունքը: Նախարարությունը համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ ս.թ. հունիսի 30-ից մայրաքաղաքի Կասյան փողոցի վերին մասում, իսկ օգոստոսի 19-ից Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցում յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ, որին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ՝ ներկայացնելով բացառապես իրենց սեփական արտադրանքը: Վերավաճառողների մասնակցությունը տոնավաճառներում բացառելու նպատակով մուտքը թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում: Տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրվում են հարմարավետ տաղավարներ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ:

Դեկտեմբերի 13-ի դրությամբ կազմակերպվել է թվով 74 տոնավաճառներ, որին  մասնակցել են 1090 գյուղացիական տնտեսություններ: Տոնավաճառը, գյուղատնտեսական մթերքների գործող շուկաների համեմատությամբ, մայրաքաղաքի բնակչության համար այլընտրանք է՝ համեմատաբար մատչելի գներով իրացվում են թարմ մթերքներ անմիջապես արտադրողներից: Արդյունքները բավականին գոհացուցիչ են՝ այն բավարարում է ինչպես արտադրողներին, այնպես էլ սպառողներին: Հաշվի առնելով արդեն ձեռք բերված դրական փորձը և առկա պահանջարկը, միջոցներ են ձեռնարկվում ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին կազմակերպելու ևս մեկ տոնավաճառ՝ հասցնելով այն երեքի:

-Գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը գյուղացիներին ժամանակակից գյուղտեխնիկայով ապահովելն է: Այս առումով ի՞նչ մակարդակի ենք հասել մենք այսօր և ի՞նչ անելիքներ ունենք:

-Հանրապետության գյուղացիական տնտեսություններին ժամանակակից գյուղտեխնիկայով ապահովումը նախարարության առջև ծառացած լրջագույն խնդիրներից է: Այսօր օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկայի գերակշիռ մասը ունի 25-30 տարվա վաղեմություն, որոնք այլևս պիտանի չեն շահագործման համար:

Վերջին տարիներին դրամաշնորհային տարբեր ծրագրերով հանրապետություն են ներմուծվել որոշ քանակության տրակտորներ ու գյուղգործիքներ, որը խնդիրը լուծում է մասնակիորեն:

Նախարարությունը դիմել է Ճապոնիայի կառավարությանը շարունակելու նախկինում իրականացված դրամաշնորհային ծրագիրը 2013 թվականին գյուղտեխնիկայի նոր խմբաքանակ ստանալու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ելնելով գյուղտեխնիկայի նկատմամբ հանրապետությունում առկա մեծ պահանջարկից՝ աշխատանքներ է  տանում ռուսական «Ռոսագրոլիզինգ» և բելոռուսական «Պրոմագրոլիզինգ» ընկերությունների հետ լիզինգային եղանակով գյուղացիական տնտեսություններին գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելու նպատակով: Այդ կապակցությամբ, «Ռոսագրոլիզինգ» ԲԲԸ-ի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանում դուստր ձեռնարկություն բացելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվում նաև այլ ուղղություններով:

-Պարո՛ն նախարար, վարչապետը վերջերս բավականին կոշտ հայտարարություններ ու քննադատություններ հնչեցրեց տարբեր նախարարությունների գործունեության վերաբերյալ: Այս մոտեցումն ի՞նչ փոխեց գյուղնախարարության գործունեության մեջ:

 -Ինչպես Հայաստանի Հանրապետության նախագահի, այնպես էլ ՀՀ վարչապետի կողմից արված իրոք խիստ հայտարարություններն ու քննադատությունները սթափեցնող են և միտված են հին, այլևս իրեն չարդարացնող աշխատաոճի փոփոխությանը: Սակայն պետք է նշեմ, որ իմ, նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից, ես կարևոր սկզբունք եմ որդեգրել և անվերապահորեն առաջնորդվում եմ դրանով: Իմ գլխավոր խնդիրն է նախարարության գործունեությունը մշտապես պահել բաց, թափանցիկ, նվազագույնի հասցնել բյուրոկրատական քաշքշուկները, պարզեցնել մեր ոլորտում իրականացվող գործընթացները, նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը: Թող անհամեստություն չլինի՝ կարծում եմ մեզ հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի հաջողությունների հասնել:

Գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ`  բավականին ռիսկային և լի  անակնկալներով:

-Գյուղատնտեսությունը բավականին ռիսկային ոլորտ է, և չափազանց բարդ է լինել այս ոլորտի պատասխանատուն: Արդյո՞ք դժվար չէ ղեկավարել այս նախարարությունը:

-Գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ և ինչ խոսք՝ այն բավականին ռիսկային է և լի  անակնկալներով: Ոլորտում տարիներ շարունակ կուտակվել են բազմաթիվ հիմնախնդիրներ և այսօր գյուղացին մեզանից արագ լուծումներ է ակնկալում: Շատ դժվար էր իհարկե 2010 թվականին գյուղատնտեսությունում արձանագրված լուրջ անկումը կասեցնել և ապա նաև կայուն առաջընթաց ապահովել: Չնայած ձեռք բերվածին, այնուամենայնիվ, մեր անելիքները դեռևս հսկայածավալ են, իսկ հնարավորությունները՝ սահմանափակ: Անշուշտ դժվար է ղեկավարել այս նախարարությունը, բայց և այնպես՝ ես վճռականորեն եմ տրամադրված և շարունակելու եմ անել ինձանից կախված ամեն ինչ գյուղացու սպասելիքները արդարացնելու համար:

-Եվ վերջում ի՞նչ կմաղթեք գյուղացուն գալիք 2013 գյուղատնտեսական տարում:

-Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի օրից կավարտվի 2012 թվականը, որը  մտորումների, կատարվածը և ձեռքբերումները գնահատելու, դժվարություններից ու անհաջողություններից դասեր քաղելու առիթ է տալիս:

Անցնող 2012 թվականը մեր ժողովրդի համար եղավ ստեղծագործ, խաղաղ աշխատանքի տարի: Առանձնակի ուրախալի է, որ անցնող տարին հայրենի գյուղատնտեսության համար կրկին եղավ բարեբեր: Հայ գյուղացին իր համառ, եռանդուն ու համբերատար աշխատանքի արդյունքում ստացավ առատ բերք ու բարիք:

Անցնող տարում կառավարության աջակցությամբ գյուղատնտեսությունում իրականացվեցին մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին ոլորտում տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մրցունակության բարձրացմանը և զարգացման համար նախադրյալների ստեղծմանը:  Իրականացվեցին մի շարք աջակցության ծրագրեր, որոնք իրենց բնույթով և ընդգրկվածությամբ նոր էին հանրապետության գյուղատնտեսության համար:

Նշվածի հետ մեկտեղ գյուղատնտեսությունում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծումն անհնարին է առանց գյուղին և գյուղատնտեսության աջակցության քաղաքականության շարունակման ու ընդլայնման:

Մեկնարկող 2013 թվականին Հայաստանի գյուղացիությանը մաղթում եմ խաղաղություն, ստեղծագործական աշխատանք: Ցանկանում եմ, որ գալիք տարին բազմակի բարեբեր լինի, և հայ գյուղացին գոհունակությամբ վայելի դժվարին աշխատանքի բարիքները: Դրանով էլ իր անգնահատելի ներդրումն ունենա մեր երկրի տնտեսության ամրապնդման, տնտեսական և պարենային անվտանգության հրատապ հիմնախնդիրների լուծման գործընթացում:

 Շնորհավոր  Ամանոր և Սուրբ ծնունդ:

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...