20:18
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ ՉԷ

2016-10-15 12:42

 «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

Ասում են` Փարիզում մի աղքատ ծերուկ ինքնասպան է եղել, երբ դռնապանը, որը նրան թույլ էր տալիս իր հետ միասին հեռուստացույց նայել, տեղափոխվել է եւ իր հետ տարել «մուրազների արկղը»...
Հեռուստատեսությունը, որը մարդկության ապրելակերպի մի մասն է, այսօր, կարծես թե, իր տեղն է զիջում համացանցին:
«Դե Ֆակտո»-յի հետ հեռուստատեսության ներկա վիճակի մասին զրուցել է «21 TV»-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը:

-Պարո՛ն Հարությունյան, արդեն 20 տարի է, ինչ աշխատում եք մեդիադաշտում, ականատես եք եղել մի քանի սերնդափոխության, ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում:


-Փոխվել է ինֆորմացիայի հետ աշխատելու ձևաչափը, այն դարձել է ավելի հասանելի և կարևորվել է այն հանգամանքը, թե ինչպես է ներկայացվում-մատուցվում ինֆորմացիան: Տարիներ առաջ 4-5 հեռուստաալիք էր, իսկ ներկայացվող ծրագրերն էլ, ժանրային ու բովանդակային առումով, սահմանափակ էին: Այժմ կա լուրջ մրցակցություն:

-Երբ խոսում կամ մտածում եք աշխատանքի կամ պարզապես ոլորտի մասին, որ կողմերն են առաջինը Ձեր մտքին գալիս՝ դրակա՞ն, թե՞ բացասական:

-Եթե ուշադրությունդ բևեռես միայն դրականի վրա ու միշտ ինքնագոհ լինես, կհայտնվես լճացման մեջ ու դրականը կդադարի դրական լինել և, երևի պատճառը դա է, որ միշտ առաջին հերթին բացասականի վրա եմ ուշադրություն դարձնում: Երբ ինձ ասում են, որ պետք է հացթուխին գովել, որովհետև նա այսօր լավ հաց է թխել, ես ասում եմ՝ ոչ, քանի որ, եթե նա մասնագետ է, ապա ամեն օր պետք է լավ հաց թխի: Նույն օրինակով էլ պետք չէ երգչուհուն գովել լավ երգելու համար, եթե վատ երգող է, թող երգչուհի չկոչվի: Չեմ սիրում մարդկանց, ովքեր միշտ դրական բաների մասին են խոսում, փորձելով ավելի լավը երևալ անտեսելով բացասականը: Իսկ լավ աշխատանքը պետք է գնահատել:

-Այսօրվա հայտնի մեդիադեմքերից շատերի առաջ եք դռներ բացել: Նրանց ո՞ր հատկանիշներն են Ձեր ուշադրությանն արժանացել:

-Ես միշտ ընտրել եմ մարդկանց, ովքեր բացի հաղորդավար դառնալու ցանկությունից, պատրաստ են եղել որոշակի զոհաբերությունների՝ ժամանակի, ոճի, ինչ-որ առումով սկզբունքների հարցում: Բացի այդ, կարևորել եմ անկեղծ լինելու հանգամանքը: Հավատացեք, հեռուստադիտողը դա զգում է:

-Դժվար չէ՞ մարդուն ասել, որ նա այլևս հետաքրքիր չէ և պետք է հեռանա:

-Իսկ դժվար չէ՞ մարդկանց վստահեցնել, թե իրենք դեռ հետաքրքիր են հեռուստաեթերում: Իմ պրակտիկայում չի եղել նման դեպք, երբ ես ասեմ՝ պետք է հեռանալ: Ես այդ որոշումը թողնում եմ մարդկանց, եղել է, որ ասել եմ՝ հետաքրքիր չես այլևս, փոխվիր: Հեռուստադեմքի աշխատանքն ամենօրյա աշխատանք է, երբ մարդ կարծում է, որ արդեն կայացած է, ամեն ինչի հասել է, այդ պահից դառնում է անհետաքրքիր:

-Հեռուստատեսությունում աշխատանքի ընդունվելու մասին առասպելները բազմազան են: Կա՞ արդյոք հաջողության հասնելու արդար և մաքուր ճանապարհ:

-Այդ առասպելները սկիզբ են առնում այն բանից հետո, երբ հեռուստադիտողը հասկանում է, որ տվյալ մարդը այդքան էլ համապատասխան չէ եթերին, բայց եթերում է: Մեզ մոտ երբեք որևէ մեկը ծանոթ-բարեկամ տարբերակով չի հայտնվել: Հեռուստատեսությունը բարձր արվեստ չէ, այլ ժամանց, որը պարտավոր է հետաքրքիր լինել, իսկ առասպելներով հեռուստատեսություն հասած մարդը չի ապահովի այդ հետաքրքրությունը:

-Ի՞նչ է մատուցում այսօր հեռուստատեսությունը:

-Ամեն ինչ: Ես նախընտրում եմ նայել ծրագրեր, որտեղ կա շոու, որի խիստ պակաս է զգացվում հայկական հեռուստաեթերում: Գռեհկության կամ չափից դուրս անկեղծության համար գուցե պատրաստ են վճարել հովանավորները, բայց այս ոլորտին պետք են նաև լուրջ և մասշտաբային, որակյալ հեռուստանախագծեր:

-Հնարավորության դեպքում ի՞նչը կփոխեիք ոլորտում:

-Այս հարցին եթե գլոբալ առումով մոտենանք, ապա խնդիրն իրականում ոչ հովանավորների և ոչ էլ հեռուստաալիքների վարած քաղաքականության մեջ է: Խնդիրը մեր մտածելակերպի մեջ է: Պետք է կոտրել կարծրատիպերը: Պետք է սովորել լինել ազատ, բայց ոչ սանձարձակ, կրթված, բայց ոչ տառակեր, բարեհամբույր, բայց ոչ շողոքորթ, ինքնաբավ, բայց ոչ ինքնամեծար... մի խոսքով՝ լավ է լինել պարզ, բայց ոչ երբեք պարզունակ: Չմոռանանք, որ հեռուստատեսությունը, այնուամենայնիվ, ապահովում է ժամանց:

 

 

Լրագրող` Էդգար Մադոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...