09:13
05/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հավատում եմ, որ հայ ժողովուրդը կարող է համախմբվել համերաշխության գաղափարի շուրջ եւ հաղթահարել ցանկացած դժվարություն

2016-10-22 13:56

ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

«Դե Ֆակտո» N124 (2016թ.) 

 

-Պարո՛ն Մանուկյան, ԱԺ աշխատանքային ևս մեկ տարի ավարտին մոտեցավ, հետաքրքիր է, ինչպե՞ս կգնահատեք Աժ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքները:


-Կարծում եմ` բուռն և լարված աշխատանքային տարի էր, որի ընթացքում արձանագրվեցին և՛ ձեռքբերումներ, և՛ թերացումներ: Ես կարևորում եմ այն փաստը, որ խորհրդարանական ուժերը ձգտեցին առավելագույնս արդյունավետ աշխատել և մեր երկրի զարգացման ու բարգավաճման համար նշանակալի նախաձեռնություններով հանդես գալ, ակտիվ մասնակցություն ունենալ կարևոր խնդիրներին վերաբերող քննարկումներին, որոնք միանշանակ հանգեցրեցին նպատակային քայլերի իրականացմանը:
Տնտեսական առումով 2015թ. բավականին ծանր տնտեսական տարի էր, որը հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարեցինք: 2016թ. այդ առումով ավելի բարենպաստ է:
2015-2016թթ. խորհրդարանական տարվա կարևոր ձեռքբերումներ եմ համարում սահմանադրական բարեփոխումների ընդունումը, հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018թթ. ծրագրի հաստատումը, գազի սակագնի իջեցումը: Սրանք մեր երկրի առաջընթացի համար կարևոր նախադրյալներ են: Ես շատ կուզենայի, որպեսզի ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումներն ու ընդունված օրենքները լավագույնս կյանքի կոչվեին, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ապրեր և արարեր դրանց համաձայն` անկախ պաշտոնից և սոցիալական դիրքից:
Ես հավատում եմ, որ Հայաստանն այն պետությունն է և հայերն այն ժողովուրդն են, որ կարող են ցանկացած դժվարություն հաղթահարել և համախմբվել համերաշխության և միասնականության գաղափարի շուրջ: Կարծում եմ` այդ առումով ապրիլյան պատերազմը մեզ շատ բան ապացուցեց:

-Դուք ընտրվել եք մեծամասնական ընտրակարգով թիվ 26 ընտրատարածքից: Բավականին խնդրաշատ տարածաշրջան է, ի՞նչ խնդիրներով են Ձեզ հիմնականում դիմում Ձեր ընտրատարածքի բնակիչները:

-Այսօր ՀՀ գրեթե բոլոր մարզերը ցավոտ խնդիրներ շատ ունեն և դրանց լուծումը բավականին երկար ժամանակ և մեծ միջոցներ է պահանջում: Խորհրդարանական աշխատանքներում ես ձգտում եմ իմ ընտրատարածքի խնդիրները ներառել օրենսդրական նախաձեռնություններում և ձեռնամուխ լինել դրանց լուծմանը:
Իմ ընտրատարածքի կազմում են Չարենցավան, Եղվարդ քաղաքները` հարակից գյուղական համայնքներով: Որպես թիվ 26 ընտրատարածքի պատգամավոր` պարբերաբար հանդիպումներ եմ ունենում համայնքների բնակիչների հետ և փորձում աջակցել նրանց, որևէ մեկին չնեղացնել, անպայման ինչ-որ բանով օգտակար լինել: Ես միշտ ձգտել եմ ժողովրդական մարդ լինել, անկախ պաշտոնից` ապրել և կիսել ժողովրդի հոգսը: Իհարկե, շատ կուզենայի, որ իմ ընտրատարածքի բնակիչները բարձրաձայնեին այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին դառնալ օրենսդրական նախաձեռնությունների նախադրյալներ, բայց, ցավոք, այդպես չէ: Ավելի շատ դիմում են անձնական, ֆինանսական, առողջական (վիրահատություններ), ուսման վարձի վճարման խնդիրներով, որոնց լուծումը բավականին խոշոր գումարների հետ է կապված: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում տրամադրում եմ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև ուղղորդում, խորհուրդ եմ տալիս նրանց, թե ինչպես կարող են գտնել իրենց այն խնդիրների լուծումը, որոնց լուծումն իմ լիազորությունների ներքո չէ:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք` որպես քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր:

-Իմ քաղաքական հայացքների և գաղափարների հիմքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսն է`«Մեր խոսքը գործ է», որի հեղինակը կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանն է: Տասը տարի առաջ ես անդամագրվեցի ԲՀԿ-ին և դարձա այդ գաղափարի կրողը, և այդպես է մինչև այսօր:

-Պարո՛ն Մանուկյան, մեր հարցազրույցի սկզբում Դուք նշեցիք, որ ապրիլյան պատերազմը շատ բան ապացուցեց հայերիս, ի՞նչ նկատի ունեիք:

-Մենք հասկացանք, որ անկախության սերունդը ևս պատրաստ է արյան գնով պաշտպանելու իր հայրենի հողը, կյանքը զոհաբերելու հանուն իր հայրենիքի ու ժողովրդի: Խորը ցավ եմ ապրում մեր զոհված զինվորների համար, խոնարհվում եմ նրանց շիրիմների առջև: Նրանք մեր հարստությունն են, հպարտությունը: Մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, սպայի. չէ՞ որ նրանց մարտական ոգին և հայրենասիրությունն է մեր ազգային բանակի ամենահզոր զենքը, որը հնարավոր չէ գնել, այն ազգային անգին հարստություն է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի դա և ձգտի նրանց պես գործով հայրենասեր լինել, այլ ոչ խոսքերով կամ բաժակաճառերով: Դրա լավագույն արտահայտությունն այն կլինի, որ կարողանանք մեր երկիրը զերծ պահել պատերազմներից, ապագա սերունդներին փոխանցենք անսասան ու հզոր հայրենիք: Դա է ամեն հայի պարտքն իր հայրենիքին:

-Այդ օրերին Դուք ևս աջակցություն ցուցաբերեցիք, կպատմե՞ք այդ մասին:

-Այդ օրերին յուրաքանչյուր հայի պարտքն էր աջակցել մեր բանակին, մեր զինվորների կողքին լինել: Ես` որպես հայ մարդ, չէի կարող անտարբեր լինել և փորձեցի իմ լուման ներդնել այդ գործում: Չեմ ուզում մանրամասնել, քանի որ նման բաների մասին ավելի ճիշտ է լռելը: Միայն կարող եմ ասել, որ խիղճս հանգիստ է, քանի որ կարողացա իմ չափով օգտակար լինել հայրենիքիս սահմանները պաշտպանող Հայոց բանակին:

-Պարո՛ն Մանուկյան, Դուք այն եզակի գործարարներից եք եղել, ով Հայաստանի տնտեսապես ամենածանր օրերին կարողացավ արտադրություն ստեղծել: Կպատմե՞ք` երբ և ինչպես ստեղծվեց «Սարանիստ» ընկերությունը:

-Իսկապես այդ տարիներին շատ դժվար էր նման քայլ կատարելը, սակայն ես որոշել էի, որ պետք է ստեղծեմ արտադրություն, որը նորանկախ Հայաստանի քաղաքացիների համար կստեղծեր աշխատատեղեր և իր հաջողությամբ կխթաներ, որպեսզի մյուս գործարարներն էլ հետևեին իմ օրինակին: Եվ ես չսխալվեցի: Առաջին սեփական գործարանը ես հիմնեցի Հայաստանում 1989թ., որը անվանվեց «Սարանիստ»: Այն սկսեց զբաղվել ապակե տարաների վերամշակմամբ: Սկզբում փոքր քայլերով, իսկ այնուհետև մեծ հաջողություններով արտադրությունը զարգացավ, ընդլայնվեց, և այսօր «Սարանիստի» արտադրանքը որակապես համապատասխանում է եվրոպական ամենաբարձր չափանիշերին:
Նախորդ տարի արտադրությունը վերազինվեց նորագույն հոսքագծերով ու սարքավորումներով: Նորաբաց գործարանի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով բարձր գնահատեց «Սարանիստի» արտադրական պոտենցիալը: Այն այսօր չի զիջում իտալական և գերմանական արտադրություններին: Կարծում եմ` դա բոլորիս հաջողությունն է, քանի որ, որքան շատ լինեն նման հզոր գործարաններ Հայաստանում, այնքան մեր երկիրն ավելի արագ կզարգանա ու կբարգավաճի:
Ճիշտ է, այսօր իմ պատգամավորական գործունեությունը թույլ չի տալիս անմիջականորեն մասնակցություն ունենալ «Սարանիստի» գործունեությանը, սակայն ես ուշադիր հետևում եմ իրականացվող աշխատանքներին, քանի որ այդ գործարանի ստեղծման գործում մեծ սեր և ջանքեր եմ ներդրել, այն թանկ է ինձ համար:

-Ո՞րն եք համարում կյանքում և աշխատանքում մարդկային ամենաբարձր որակը:

-Ազնվությունն ինձ համար բացարձակ արժեք է, որի վրա պետք է հիմնված լինի ցանկացած փոխհարաբերություն և աշխատանք: Ոչ ազնիվ ճանապարհ ընտրած մարդը չի կարող երկար քայլել այդ ճանապարհով, անպայման կսայթաքի և կհայտնվի անդունդում:
Կյանքը պետք է այնպես ապրել, որ հետ նայելիս ժպիտով և հպարտությամբ հիշես անցյալդ, այնպիսի հետագիծ կերտես, որ զավակներդ սիրով շարունակեն այն:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...