14:34
02/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սվետլանա Իսախանյան

2016-11-14 12:30

Մենք աշխատում ենք հիվանդների բուժումն առավելապես կազմակերպել մարզի բուժհաստատություններում 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի
տնօրեն, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու
Սվետլանա Իսախանյանը:

«Դե Ֆակտո» N124 (2016թ.)

- Տիկի՛ն Իսախանյան ինչպե՞ս կգնահատեք Սիսիանում առողջապահության զարգացման հեռանկարները:


-Մարզում բժշկական հաստատությունների արդիականացման, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներ ներդնելու ուղղությամբ բազմաթիվ և տարաբնույթ ծրագրեր են իրականացվել: Սիսիանի բժշկական կենտրոնը մարզի միակ բժշկական հաստատությունն է, որտեղ այս գործընթացը սկսվել, սակայն դեռ չի ավարտվել: Կարծում եմ, որ մոտ ապագայում այն կվերսկսվի և Սիսիանի բնակիչները ևս կունենան հիմնանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն: Ինձ թվում է, որ համայնքների խոշորացման գործընթացը կուղեկցվի նաև տարածաշրջանի առողջապահական կառույցների կենտրոնացմամբ, որը կբերի և՛ կառավարման, և՛ ռեսուրսների ուժեղացմանը: Արդյունքում բժշկական հաստատություններում առկա ներուժը և սպասարկման հնարավորությունները կգումարվեն, կդրսևորվեն ավելի բարձր մակարդակով և կդառնան առավել արդյունավետ:

-Հաճախ մարզերի բնակիչները առաջին հնարավորության դեպքում բուժումը ստանում են Երևանում գործող բժշկական հաստատություններում` համարելով, որ այստեղ բուժօգնությունը շատ ավելի որակյալ է և ապահով, չնայած այն հանգամանքին, որ նույն բուժումը կարող են ստանալ տվյալ մարզերում գործող բժշկական կենտրոններում: Ինչպիսի՞ն է պատկերը Սիսիանում. կա վստահություն տեղի բժշկական հաստատությունում աշխատող մասնագետի նկատմամբ:

-Թույլ տվեք չհամաձայնել: Մեր բժշկական կենտրոնի մասնագետների ճնշող մեծամասնության նկատմամբ վստահություն եղել է, կա և գնալով աճում է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ չի պակասում և բժշկական կենտրոնի պոլիկլինիկա դիմողների, և հիվանդանոցային բուժօգնություն ստացող հիվանդների թիվը: Ընտանեկան բժիշկների բարեխիղճ և նվիրված աշխատանքի շնորհիվ պակասել է շտապօգնության կանչերի թիվը: Մենք աշխատում ենք հիվանդների բուժումն առավելապես կազմակերպել մարզի բուժհաստատություններում: Երկար տարիներ աշխատել եմ որպես սրտաբան և ամեն անգամ ապրել այն լարված պահերը, երբ ծանր հիվանդի ընդհանուր վիճակը կայունացնող բժշկական անհետաձգելի միջոցառումներից հետո, ստիպված եմ եղել կորոնարոգրաֆիայի և ստենտավորման համար, ճակատագրական առաջին ժամերը կորցնելով` հիվանդին տեղափոխել մայրաքաղաք: Այսօր այդ խնդիրը լուծված է, այդ միջոցառումներն ամբողջ ծավալով կազմակերպվում են մարզում:

-Ո՞ր դեպքերում է բժշկական կենտրոնը հիվանդներին ուղեգրում այս կամ այն բժշկական հաստատություն` համապատասխան բուժում ստանալու նպատակով:

-Հիվանդները ուղեգրվում են այլ բժշկական հաստատություններ, երբ ախտորոշման համար անհրաժեշտ են դժվարամատչելի հետազոտություններ և նեղ մասնագիտական այնպիսի ծառայություններ, որոնք մեր ԲԿ-ում առկա չեն:

-Տիկի՛ն Իսախանյան, ասում են` բժիշկը հիվանդությունը բուժելուց առաջ նախ պետք է բուժի հիվանդին: Քանի որ դուք նաև թերապևտ եք, և ապա` սրտաբան, ինչպե՞ս եք դիտում այս երևույթը:

-Առողջական խնդիրները դրսևորվում են ոչ միայն հիվանդի ինքնազգացողության վատացմամբ, կամ մարմնական ցավով, նրանք խորապես ազդում են մարդու հոգեբանական ընկալումների և բնավորության գծերի վրա: Հիվանդ մարդը՝ հիվանդ հոգի է հիվանդ մարմնում: Նա յուրովի է մեկնաբանում բժշկի հայացքը, վերաբերմունքը և խոսքը: Հիվանդի բուժման հաջողության գրավականը, բժշկի հետ հանդիպման առաջին պահից սկսած, նրա վստահությունը նվաճելն է, հիվանդության դեմ պայքարելու և հաղթահարելու գործում սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելը: Այդ ամենը բժիշկը կատարում է իրեն հատուկ արվեստով, սրտացավությամբ և կարեկից վերաբերմունքով: Դա նույնքան կարևոր եմ համարում, որքան բժշկի բարձր մասնագիտական ունակությունները: Եվ իզուր չէ ասված խոսքը` եթե հիվանդը միանում է հիվանդությանը, հաղթում են բժշկին, երբ հիվանդը միանում է բժշկին` հաղթում են հիվանդությանը:

-Հետաքրքիր է, առաջին եռյակի շարքում ո՞ր հիվանդություններն են, որ այսօր առավել հաճախակի են դիտվում, և ո՞ր հիվանդություններն են, որ երիտասարդացել են:

-Այսօր Առողջապահության Համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն, աշխարհում հիվանդացության և մահացության պատճառ հանդիսացող հիվանդությունների առաջին եռյակը կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը: Այս հիվանդությունները և՛ երիտասարդացել են և՛ հաճախացել: Նույն միտումը դիտվում է նաև մեր բժշկական կենտրոնի սպասարկման ենթակա ազգաբնակչության շրջանում:

-Հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է քան նրա բուժումը: Հետաքրքիր է, մեզանում ընդունվե՞լ է բժշկին ժամանակին դիմելու մշակույթը:

-Ցավոք, բժշկին ժամանակին դիմելու մշակույթը դեռևս կայացման փուլում է: Ակնհայտ է, որ Առողջապահության նախարարությունը հետևողականորեն ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով: Գաղտնիք չէ, որ կան հիվանդություններ, որոնք կարող են ընթանալ անսիմպտոմ, և անգամ երիտասարդ տարիքում դրսևորվել արդեն բարդությունների ձևով: Մինչդեռ ժամանակին հայտնաբերելով և բուժումը ադեկվատ կազմակերպելով կարելի է կանխել հիվանդության հետագա զարգացումը և բարդությունները: Օրինակ` զարկերակային գերճնշման առաջին դրսևորումը կարող է լինել սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը և երիկամային անբավարարությունը: Սա սոցիալական գերխնդիր է, քանի որ բերում է հաշմանդամության և մահվան, այն դեպքում, երբ զարկերակային գերճնշման ախտորոշման և արդյունավետ վերահսկման համար մեծ ջանք չի պահանջվում:
Իմ կարծիքով, բժշկին վաղ դիմելու մշակույթի ձևավորման համար շատ կարևոր է առողջ ապրելակերպի և առողջության առաջնային պահպանման խորհրդատվությունը սկսել վաղ մանկական տարիքից, որպեսզի այն ամրապնդվի, դառնա բնավորություն և կայանա որպես մշակույթ:

-Տիկի՛ն Իսախանյան, ի՞նչ է Ձեր համար Հիպոկրատի երդումը:

-Իմ համար Հիպոկրատի երդումը կենսակերպ է, ամենօրյա տքնաջան աշխատանք` հիվանդների ցավն ամոքելու, անշահախնդիր ծառայելու և ինչու ոչ, ինչպես Հիպոկրատի երդման մեջ է ասվում` նաև ժողովրդի կողմից փառաբանվելու համար:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք ձեր համաքաղաքացիներին:

-Բոլորիս սրտանց մաղթում եմ անխաթար խաղաղություն: Սա, թերևս, ամենակարևորն է: Իմ համաքաղաքացիներին մաղթում եմ քաջ առողջություն և թող բոլոր ընտանիքներում թևածի երջանկությունը:

 

 

 

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...