21:02
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Էֆ Դի Էյ Լաբ»ˋ Յուրօրինակ կամուրջ տեղական արտադրողների և եվրոպական շուկաների միջև

2013-01-12 11:00

 

Լևոն Հակոբյան,«Տոնուս-Լես» ընկերության ղեկավար 

Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է հետևյալ կարգախոսովˋ«Այն, ինչ հնարավոր է կատարել այսօր, պետք է արված լիներ երեկ»:

 -Պարո´ն Հակոբյան, «Դե Ֆակտո» ամսագիրը, բարձր գնահատելով Ձեր գլխավորած «Տոնուս-Լես» ընկերության գործունեությունը, ներդրումային համարձակ քայլերը, Ձեզ ճանաչել է «Տարվա գործարար», ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: Ամփոփելով 2012թ.ˋ  ինչպե՞ս կգնահատեք այն:

-Անկեղծ ասածˋ չէի մտածի, որ երբևիցե կարժանանամ նման բարձր գնահատականի, ինձ համար այն շատ անսպասելի և պարտավորեցնող է, ինչի համար շնորհակալ եմ:

Ասեմ, որ 2011թ. մեր զրույցի ընթացքում նշել էի, որ«Տոնուս-Լեսը»կայացած, հատուկ ձևավորված նպատակներով, ուրույն ձեռագրով, իրեն հատուկ փիլիսոփայությամբ և ոչ ստանդարտ մոտեցումներով ընկերություն է: Այժմ,  ի ապացույց ասածներիս, կարող եմ վստահաբար նշել, որ մեզ համար 2012թ. բուռն զարգացումների տարի էրˋ գործող ծրագրերի շարունակության, որոշ ծրագրերի ավարտի և նոր նախագծերի սկսման առումով:

Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է հետևյալ կարգախոսովˋ«Այն, ինչ հնարավոր է կատարել այսօր, պետք է արված լիներ երեկ՚:

Մեր բոլոր նախաձեռնություններն արդյունք են պահանջարկի: Այսչափ փոքրաթիվ ազգաբնակչություն և հետևաբար նաև սպառողներ ունեցող փոքր երկրում տնտեսվարող սուբյեկտների համար դժվար է աշխատել: Այդ իսկ պատճառով բոլորˋ քիչ թե շատ հաջողություն արձանագրած ընկերությունների հայացքն ուղղված է  դեպի դրսի շուկաները, որովհետև կազմակերպել մրցունակ արտադրություն, հույսը դնելով միմիայն տեղական շուկայի վրա, անհնար է: Դրանից հեռու չենք մնացել նաև մենք: Ուստիˋ ուսումնասիրելով տեղական և դրսի շուկաներըˋ ընկերությունը ընտրել է զարգացման երկու գերակա ուղղություններˋ

ընդլայնել շուրջ 13 տարի գործող բիզնեսի, այն է՝ դեղերի մեծածախ և մանրածախ վաճառքի աշխարհագրությունը՝ բացելով ներկայացուցչություններ Վրաստանում և Ղազախստանում: Այն հնարավորություն կընձեռի մեծաքանակ ապրանք ձեռք բերելու հաշվին ավելի մատչելի գներով դեղորայք ներմուծելˋ ի շահ սպառողների:

.  գործարկել 2010թ. սկսած«Էֆ Դի Էյ Լաբ»սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիան:

-Ի՞նչ հաջողություն(ներ) եք արձանագրել այս տարի, որը խորհրդանշական է դարձրել 2012թ.:

Լրացուցիչ անգամ համոզվեցինք, որ հաջողության հասնելու գրավականներից մեկը հետևողականությունն է: Հարկավոր է զինվել համբերությամբ և քայլ առ քայլ գնալ դեպի նպատակ: Ծրագիրը, որի իրականացումը սկսել էինք 2010թ. ավարտի հասցրեցինք այս տարի, ինչով և խորհրդանշական դարձավ այն:

 «Էֆ Դի Էյ Լաբ» սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիան լաբորատոր համալիր էˋ մեկ հարկի տակ, պաշտոնական բացումըˋ շատ մոտ ապագայում:

-Կպատմե՞ք «Էֆ Դի Էյ Լաբ»-ի ստեղծման գաղափարի, նպատակի  մասին և արդյո՞ք լաբորատորիան գործարկվում է այսօր:                                                                                                                            

-«Էֆ Դի Էյ Լաբ»սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիան իրենից ներկայացնում է լաբորատոր համալիր՝ մեկ հարկի տակ: Այն  հինգ հարկանի շինություն  է, զբաղեցնում  3640 քմ հողատարածք, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ համայնքում:

Լաբորատոր համալիրը տեղական արտադրողների համար  յուրօրինակ գործիք  է պատշաճ կերպով արտերկրում ներկայանալու համար,  ներկրողների համար ներկրվող արտադրանքի իսկությունը նախօրոք որոշելու հնարավորություն, սպառողների համար՝ առողջ և անվտանգ  ապրելու նախապայման,            երկրի համար՝ ազգային անվտանգության խնդիր: Մի խոսքովˋ այն բազմաֆունկցիոնալ, բազմաբովանդակ  և պահանջարկված կառույց է, որը մեզ համար բիզնես-ծրագիր լինելուց զատ, նաև առաքելություն է, քանզի համալիրը երկրաշինարարության մեջ իր պատշաճ տեղն ու դերն ունի մնացած կարևոր արժեքների կողքին:

Լաբորատորիան  ի սկզբանե նախագծվել, կառուցվել և  համալրվել է բոլոր անհրաժեշտ սարք-սարքավորումներովˋ   նպատակ ունենալով հնարավորինս կարճ ժամանակահատվածում ստանալ եվրոպական հավատարմագրում:

Պետք է նշեմ, որ վերազինել, վերակառուցել, ձևափոխել, համապատասխանեցնել արդեն իսկ գոյություն ունեցող լաբորատորիաները գործնականում անհնար է, այն պահանջում է արմատապես նոր մոտեցում:  

Ինչ վերաբերում է այն հարցին, թե լաբորատորիան այսօր գործում է, թե ոչ, պետք է նշեմ, որ«Հավատարմագրման ազգային մարմին»ՊՈԱԿ են հանձնվել անհրաժեշտ փաստաթղթերը տեղական հավատարմագրում ստանալու նպատակով, որին կհետևեն միջազգային հավատարմագրում ստանալու  գործընթացները:  Լաբորատորիայի  շահագործումը կսկսվի հավատարմագրում ստանալուց  հետո:

Ի դեպ նշեմ, որ համալիրի պաշտոնական բացումը կլինի շատ մոտ ապագայում:

-Ի՞նչ ծառայություններ է մատուցում լաբորատորիան:

-Պատահական չնշեցի, որ«Էֆ Դի Էյ Լաբ»սննդի և դեղերի փորձաքննության լաբորատորիան լաբորատոր համալիր է մեկ հարկի տակ, քանի որ այն ներառում է սննդի անվտանգության և որակի հսկման լաբորատորիա, դեղերի որակի հսկման և կենսահամարժեքության լաբորատորիա, ծխախոտի որակի հսկման լաբորատորիա, մանրէաբանական լաբորատորիա: Այստեղից էլ հետևություն, որ այս  բացառիկ կառույցը ի զորու է կատարել անհրաժեշտ փորձաքննությունˋ իր գերհզոր և ժամանակակից սարքերի և արհեստավարժ աշխատակազմի շնորհիվ:

Լաբորատորիան սպառողներին հնարավորություն կտա օգտագործել լուրջ փորձաքննություն անցած և անվտանգության երաշխիք ունեցող սնունդ:

-Ի՞նչ կարևոր խնդիր կլուծի լաբորատորիան տեղական արտադրողների և  հայ սպառողների կյանքում:

-Լաբորատորիան արտադրողների համար պատուհան է դեպի արտերկիր: Ի սկզբանե մեր գերնպատակն է եղել այն կառուցել  ISO 17025 միջազգային ստանդարտներին համաձայն, այլ կերպ ասած, այն կհանդիսանա յուրօրինակ կամուրջ տեղական արտադրողների և եվրոպական շուկաների միջև: Մի փոքր մանրամասնելովˋ ասեմ, որ եվրոպական հավատարմագրումը ճանաչելի կդարձնի լաբորատորիան դրսում, իսկ նրա տված փորձաքննության արդյունքները ընդունելի, ինչը անչափ կարևոր հանգամանք է արտադրողների համար:

Իսկ սպառողներին այն հնարավորություն կտա օգտագործել լուրջ փորձաքննություն անցած և անվտանգության երաշխիք ունեցող սնունդ:

Աշխատանքները սկսելուց առաջ կատարվել է Հայաստանում գործող լաբորատորիաների սարքավորումների լուրջ ուսումնասիրություն: Փորձելով չկրկնվել (ձեռք չբերել արդեն իսկ առկա սարքավորումները) և հագեցնել  լաբորատորիան միայն անհրաժեշտ և պահանջարկված նոր գերժամանակակից սարքերով, մեր ընկերությունը համագործակցության լուրջ հայտ է  ներկայացնում բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Արտադրողներին մեր համալիրի առկայությունը հնարավորություն կտա պայմանագրային սկզբունքներով կազմակերպել GMP (ՊԱԳ՝ պատշաճ արտադրական գործունեություն) պահանջներին համապատասխանող արտադրությունˋ մասամբ խուսափելով թանկարժեք լաբորատոր սարքավորումների ձեռք բերումից:

-Ինչպիսի՞ աջակցություն եք ունեցել մինչ այժմ:

-Մինչ օրս մեզ համար ամենամեծ աջակցությունը  մեզ չխանգարելն էր, սակայն, ի ուրախություն մեզ, նշեմ, որ ծրագիրը 2011 թ. հոկտեմբերի 6-ի № 1507-Ա  կառավարության որոշմամբˋ ճանաչվել է ներդրումայինˋ հետաձգելով ձեռք բերված սարքերի ԱԱՀ-ն   երեք տարով, որի համար շնորհակալ եմ ՀՀ կառավարությունից և առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի ողջ ընթացքում մեզ սատարելու, մեր կողքին լինելու և այն վերջնական նպատակին հասցնելու համար: Կարևորելով լաբորատորիայի դերն ու ռազմավարական նշանակությունըˋ սույն թվականի նոյեմբերին«Էֆ Դի Էյ Լաբ»այցելեցին վարչապետը, նախարարները, մարզպետը և  այլ բարձրաստիճան այրեր:

Մենք պետք է ներկրող երկրից վերածվենք արտահանող երկրի, իսկ դրա համար  № 1 նախապայմանը  որակյալ և մրցունակ ապրանքների արտադրության կազմակերպումն է, ինչին  մի փոքր էլ կնպաստի մեր մասնակցությունը:  

-Ինչպիսի՞ն եք տեսնում տեղական արտադրությունների  ապագան միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրանք թողարկելու դեպքում:

-Այսօրվա դրությամբ կան բավական լուրջ ընկերություններ, որոնք իրենց որակյալ արտադրանքով մեծ վստահություն և հարգանք են վայելում թե՛ տեղական, թե´ օտարերկրյա սպառողների շրջանում, որը շատ հուսադրող ու ոգեշնչող է: Մենք պետք է ներկրող երկրից վերածվենք արտահանող երկրի, իսկ դրա համար  № 1 նախապայմանը  որակյալ և մրցունակ ապրանքների արտադրության կազմակերպումն է, ինչին  մի փոքր էլ կնպաստի մեր մասնակցությունը:

-Հեռանկարային ի՞նչ ծրագրեր ունեք  «Էֆ Դի Էյ Լաբ»-ի հետ կապված,  կա՞ն ծառայությունների ընդլայնման ծրագրեր:

-2013թ. նախատեսվում է ավարտել GCP (Պատշաճ կլինիկական գործունեություն) պահանջներին համապատասխան կլինիկայի շինարարությունը՝ ամբողջական դարձնելով դեղերի կենսահամարժեքության փորձաքննությունը, որն իր տեսակով կլինի միակը ամբողջ ԱՊՀ երկրներում:

Մի փոքր մանրամասնելովˋ ասեմ, որ տվյալ փորձաքննությունը կատարվում է 2 փուլով՝ լաբորատոր և կլինիկական, որի կլինիկական մասը մինչ օրս կատարվում է գործող կլինիկաներումˋ լի տարատեսակ ներհիվանդանոցային ինֆեկցիաներով, որը լուրջ խոչընդոտ  է կենսահամարժեքության փորձաքննությունը պատշաճ և ստերիլ կերպով անցկացնելու գործում:  Ուստիˋ դեղերի կենսահամարժեքության փորձաքննությունը ամբողջական դարձնելու նպատակով, լաբորատոր համալիրի կազմում ընդգրկվել է նաև 32 մահճակալ ունեցող հատուկ կամավորների համար նախատեսված կլինիկաˋ իր օժանդակ բոլոր ենթակառույցներովˋ ՍՊԱ կենտրոն, հանգստի գոտի և այլն:

Համալիրն ի սկզբանե նախագծվել էˋ հաշվի առնելով պոտենցիալ հզորությունների ավելացման գաղափարը, քանզի միանգամից ներառել ամեն ինչ գործնականորեն անհնար է: Աշխատանքի ընթացքը ցույց կտաˋ ինչ ուղղություններով կընթանա զարգացումը, քանի որ հողային, շենքային, ինժեներական կոմունիկացիաները հաշվարկված են լուրջ ավելացումների ակնկալիքով:

Ավարտելով խոսքսˋ նշեմ, որ ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականն  անսահման հավատն է գործի նկատմամբ:

Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...