03:31
04/17/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր կողմից մատուցված ջրի որակը համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին

2016-12-10 13:02

«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցն այս անգամ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ  «Հյուսիս-Արևմտյան» տարածքային 

մասնաճյուղի տնօրեն Խորեն Մհերյանն է:

 «Դե Ֆակտո» N125 (2016թ.)

-Պարո՛ն Մհերյան, մեր տեղեկություններով դուք կարճ ժամանակ է ինչ աշխատում եք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում, այս ժամանակահատվածում ի՞նչ հաջողություններ կնշեք:

-«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում աշխատում եմ 2016թ-ի մարտ ամսից, իսկ տարածքային մասնաճյուղի տնօրենի պաշտոնում հունիս ամսից: Մասնաճյուղի կողմից սպասարկվում է 20 քաղաքներ և 234 գյուղական համայնքներ:
Նշեմ, որ մասնաճյուղի ղեկավարումը ստանձնեցի ամռան ամիսներին, երբ կտրուկ ավելանում է ջրի սպառման պահանջարկը և բարդանում է սպասարկման հետ կապված խնդիրները, սակայն ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ, հնարավոր եղավ քաղաքներում և գյուղական համայնքներում ապահովել բնականոն ջրամատակարարում, նույնիսկ առանձին քաղաքներում՝ Արտաշատ, Աբովյան, Հրազդան, Մասիս, Չարենցավան, և մի շարք համայնքներում իրականացվեց ամենօրյա ջրամատակարարման ժամաքանակի ավելացում, և ես կարող եմ հստակ ասել, որ մեզ համար այդ աշխատանքները մեծ ձեռքբերում էր:

-Ի՞նչ օպերատիվությամբ է ընկերությունը վերացնում ջրագծերի վրա առաջացած վթարները:

-Մասնաճյուղի բոլոր տեղամասերը և ենթատեղամասերն ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով, էքսկավատորներով, վառելիքով և բարձրակարգ մասնագետներով: Առաջացած վթարները վերացվում են առավելագույնը 1 օրվա ընթացքում, խոշոր մայրուղի ջրատարերի վրա առաջացած վթարները կարգավորվում են ամենասեղմ ժամկետներում, անկախ նրանից հանգստյան օր է, թե ոչ

-Պարո՛ն Մհերյան, այժմ որքա՞ն է կազմում ջրի սակագինը:

-Ջրի սակագինը 1խմ/մ ջրի դիմաց կազմում է 154,47 դրամ, իսկ ջրահեռացմանը 25,31 դրամ է:

-Մասնաճյուղում ինչպիսի՞ն է տեսուչ-բաժանորդ փոխհարաբերությունները:

-Կարող եմ ուրախությամբ նշել, որ բավականին արդյունավետ է տեսուչ-բաժանորդ փոխհարաբերությունները: Ջրաչափերը գտնվում են մշտական վերահսկողության ներքո, մեր բաժանորդները կարողանում են հաղորդագրության միջոցով ուղարկել իրենց ցուցմունքները: Բաժանորդների սպասարկման կենտրոնը շարունակում է բարելավել ծառայությունների մատուցման որակը, ինչպես նաև բարձրացնել բաժանորդների տեղեկացված լինելու մակարդակը: Վերջին տարիներին իրականացված ծրագրերի շրջանակներում մասնավոր հատվածների ջրաչափական դիտահորերը կառուցված են դրսում և առանց բաժանորդին անհանգստացնելու տեսուչը կարողանում է գրանցել և ստուգել ջրաչափի տվյալները, կասկածներ առաջանալու դեպքում նա իրավունք ունի ստուգել սեփականատիրոջ տարածքը, իսկ ապօրինություն հայտնաբերելու դեպքում սահմանել համապատասխան պատժաչափ:

-Այսօր լուրջ խնդիր է համարվում խմելու ջրի կորուստները, ի՞նչ իրավիճակ է տիրում Ձեր կողմից ղեկավարվող մասնաճյուղում:

-Ջրի կորուստներն ունեն հիմնականում տեխնիկական և կոմերցիոն բնույթ: Տեխնիկական կորուստները կապված են խողովակաշարերի մաշվածության հետ: Կոմերցիոն կորուստերը դրանք բաժանորդների կողմից ջրաչափերի վրա մագնիսներ տեղադրելը, ջրաչափերը ծակելը, ջրաչափի կապարակնիքը պոկելը, շրջանցող ջրագիծ անցկացնելը և այլն դեպքերն են, որոնք վաղ թե ուշ հայտնաբերվում են մեր վերահսկիչների կողմից և համապատասխան տույժի ենթարկվում:

Ջրի մաքրությամբ առաջնահերթ 
մտահոգված է, նախեւառաջ մեր մասնաճյուղը, քանի որ առաջին պատասխանատուն հենց մենք ենք

-Պարո՛ն Մհերյան, բնակիչներին մատակարարվող ջրի որակի հսկողությունն ի՞նչ հիմքերի վրա է դրված:


-Ջրի վարակազերծումը կատարվում է աղբյուրներից հետո կառուցված քլորակայաններում հիպոքլորիտի հաբերով աշխատող սարքավորումների միջոցով. քլորը տրվում է համապատասխան դոզաներով:
Ունենք հսկիչ կետ, որտեղ տեղադրված են նոր սարքավորումներ և ինտերնետային կապի միջոցով ամեն պահի տեսանելի է հսկիչ կետում քլորակայանից եկող մնացորդային քլորի քանակությունը, լաբորատորների կողմից վերահսկվում է մնացորդային քլորի քանակությունը և քլորակայանի աշխատակիցներին տրվում է համապատասխան հրահանգներ: Միևնույն ժամանակ, համաձայն ամենամյա հաստատված ժամանակացույցի, լաբորատորիաների կողմից տարբեր հսկիչ կետերից վերցնում են ջրի նմուշներ, որոշվում է մնացորդային քլորի քանակությունը և կատարվում է մանրէաբանական անալիզներ:
Մեր կողմից մատուցված ջրի որակը համապատասխանում է միջազգային բոլոր չափորոշիչներին: Ջրի մաքրությամբ առաջնահերթ մտահոգված է, նախևառաջ մեր մասնաճյուղը, քանի որ առաջին պատասխանատուն հենց մենք ենք:

-Ինչպիսի՞ն է համագործակցությունը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պ. Լորենի հետ:

-Շուրջ 8 ամիս է, ինչ աշխատում եմ Պ. Լորենի հետ, ասեմ, որ նրա հետ աշխատելը շատ հեշտ է, նա արտակարգ մասնագետ է, տիրապետում է ջրամատակարարմանն առնչվող ցանկացած հարցի: Կարճ ժամանակում ես հասկացա, որ գործ ունեմ սկզբունքային և բանիմաց ղեկավարի հետ, ով օժտված է մարդկային բարձր արժեքներով, ով կարողանում է հասկանալ և ամեն հարցով աջակցել իր աշխատողներին:


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...