18:33
10/18/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Շնորհակալություն, ձեր գրառումը տեղ գտավ Blog News.am կայքում»

2013-01-12 11:07

Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ տարբեր կայքերի օգտատերեր, բլոգերներ և ֆեյսբուքյան ակտիվիստներ իրենց գրառումների տակ անհամբեր սպասում են այս նախադասության հայտնվելուն.«Ձեր գրառումը տեղ գտավ Blog News.am կայքում»:

Բլոգային նորություններ, հասարակական, քաղաքական, մշակութային նորություններ, սուր հարցեր, վիճելի խնդիրներ, սիրո ուրախ և տխուր պատմություններ, հուսահատ քաղաքացու կոչ, երեխայի կյանքը փրկելու համար նախաձեռնված արշավ. և այս ամենը մեկ կայքում` BlogNews.am:

Երիտասարդ լրագրող Արամ Անտինյանը մի խումբ ակտիվ և նախաձեռնող երիտասարդների հետ որոշեց նոր ձևաչափով գրավել համացանցը:  Որոշեց և չսխալվեց… Ավելին` ընդամենը մի քանի ամիս անց հայ ինտերակտիվ հասարակությունը ամեն գրառում անելիս սպասում է այդ նվիրական տողերին, որոնք կհայտնվեն իր էջում և արձագանք կգտնեն BlogNews.am կայքում:

BlogNews-ն այսօր անկողմնակալ լրատվության եզակի աղբյուրներից է մեր իրականության մեջ, ազատ խոսքի պաշտպանն ու այդ խոսքով քննադատվողների աչքի փուշը:

Եվ ահա այսօր` մեկ տարի անց Blog News.am-ն ամենահայտնի կայքն է, իսկ Արամ Անտինյանը` տարվա լրագրող` ըստ «Դե Ֆակտո» ամսագրի:

 -Արա´մ, շնորհավորում եմ քեզ այս կոչման համար և անկեղծ ուրախանում, որ հայ իրականությունում վերջապես հայտնվեց այս ձևաչափով մի կայք` անկախ և անկողմնակալ: Հետաքրքիր է` ինչպե՞ս ծնվեց BlogNews-ի ստեղծման գաղափարը:

-Նախ շնորհակալ եմ շնորհավորանքի և բարձր գնահատականի համար, այս կոչումը շատ  պարտավորեցնող է և ոգևորիչ: Արդեն մեկ տարի է ինչ ողջ թիմով ինքնամոռաց տրվել ենք BlogNews գաղափարին և այն, որ այսօր նման մրցանակ ենք ստանում, անշուշտ մեր չարչարանքների լավագույն ապաշխարանքն է:

BlogNews.am կայքը ստեղծելու գաղափարը ծագեց ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր առջև հայ բլոգերների խոսքը լայն խավերին առավել հասանելի դարձնելու խնդիր դրեցինք: Համացանցի տարբեր անկյուններում իրենց գործունեությունն էին ծավալում ու իրենց մտքերով էին փոխանակվում մեր շատ ու շատ խելացի մտածող քաղաքացիներ, բայց ցավոք  մեծ արձագանք չէին գտնում: Մենք որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ միանգամից հավաքված կլինեին դաշտի բոլոր խոսք ասողները, և ընթերցողին ավելի հեշտ ու հասանելի կդառնար ծանոթությունը նրանց տեսակետերին: Ռեկորդային կարճ ժամանակահատվածում նախագիծը սիրվեց ու կայացավ և այսօր հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ օրական շուրջ 100.000 ընթերցող ունենք:

-Արա´մ, գիտեմ, որ մասնագիտությամբ լրագրող չես, այնուամենայնիվ դա քեզ չխանգարեց կայանալ այս ասպարեզում և այսօր նման նվաճում գրանցել: Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց և արդյո՞ք բարդ չէր տնտեսագետից լրագրող անցումը:

-Լրագրության նկատմամբ սեր միշտ եմ ունեցել: Գուցե և դա պայմանավորված էր նրանով, որ ընտանիքիս շատ անդամներ են այս մասնագիտությունը ընտրել: Նույնիսկ այն տարիներին, երբ պաշտոնապես«լրագրող» պիտակը չէի կրում, միևնույն է ստեղծագործում էի և տարատեսակ հրապարակումներով էի հանդես գալիս: Ինձ շրջապատող խնդիրների հանդեպ անտարբեր չլինելն էր պատճառը, որ շատ կարճ ժամանակահատվածում վերապրոֆիլավորվեցի և որոշեցի, որ լրագրությունն է իմ կոչումը: 21 տարեկանում ես արդեն Հայաստանի ամենաերիտասարդ խմբագիրն էի, իսկ 22-ում ավելի քան 100 հոդված էի հեղինակել: Դե´, իսկ BlogNews-ն էլ մի նախագիծ է, որում ինձ հավասարապես պետք են գալիս ոչ միայն լրագրողական ունակություններս, այլ նաև տնտեսագիտական հիմքերս:

BlogNews-ն այնտեղ է, որտեղ հետաքրքիր և յուրօրինակ մտքեր են արտահայտվում:

- BlogNews.am-ը նաև շատ հայտնի և սպասված է Facebook սոցիալական ցանցում, անդրադարձ է կատարում ֆեյսբուքյան ակտիվիստների գրառումներին: Ինչպե՞ս անցաք սոցցանցային տիրույթ:

-Ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև ֆեյսբուք սոցիալական ցանցը, ինչը պայմանավորված էր ոչ միայն  այնտեղ գրանցված մի շարք օգտատերերի ակտվացմամբ, այլև բլոգոսֆերայի միգրացիայով դեպի ֆեյսբուք: Մենք պարզապես մեծ բան կորցրած կլինեինք, եթե ֆեյսբուքցիներին չառնեինք մեր թիրախում:

Շատերն այսօր ֆեյսբուքը դարձրել են ինքնաարտահայտման, սուր և կարևոր խնդիրների քննարկման հարթակ, քանի որ այն առավել ինտերակտիվ է, ամենատարբեր ոլորտներից հետաքրքիր մարդիկ են ներգրավված` գիտնականներ, հասարակական, քաղաքական, մշակութային  գործիչներ, նախարարներ, պատգամավորներ, արվեստագետներ, և պարզապես էությամբ ստեղծագործ մարդիկ: Իսկ BlogNews-ն այնտեղ է, որտեղ հետաքրքիր և յուրօրինակ մտքեր են արտահայտվում:

-Ինքնաարտահայտման համար հարթակ ստեղծելու եղանակով, դուք փաստորեն լուրջ սոցիալական խնդիր եք լուծում` ընդարձակում եք խոսքի ազատության սահմանները: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այո´, մարդիկ իրենց գրառումներով արտահայտում են իրենց կարծիքը, քաղաքացիական դիրքորոշումը, հասարակությանը այն լսելի դարձնելու համար, դե իսկ BlogNews.am-ն էլ, այդ կարծիքները տարածելով, նպաստում է խոսքի ազատությանը, քաղաքացիների ակտիվացմանը, հասարակական կարծիքի ձևավորմանը, որոնք էլ դառնում են ժամանակի ընթացքում քաղաքացիական հասարակության ստեղծման կարևոր նախադրյալներ: Չէ՞ որ մի բան է մամուլի ու լրատվամիջոցների ազատությունը, մեկ այլ բան է առանձին քաղաքացիների ձայնի ազատության, քննարկումների ու ազատ արտահայտվելու հնարավորության մեծացումը:

-Իսկ այդ համարձակները քանի՞սն են, ովքեր այսպիսի պատասխանատու գործ են վերցրել իրենց ուսերին:

- BlogNews.am կայքը 10 կամավոր էնտուզիաստ երիտասարդների միություն է, ովքեր աշխատում են առանց ֆինանսական շահույթի: Մեր նպատակն ի սկզբանե և առայսօր մեկն է. ստեղծել հետաքրքիր, ինտերակտիվ միջավայր, գաղափարական արժեք ունեցող քննարկումներ և նորություններ: Գրառումները ընտրում ենք ըստ հետաքրքրության` ձգտելով լինել հնարավորինս օբյեկտիվ, ընտրում ենք այն գրառումները, որոնք կարծում ենք, որ իսկապես արժանի են տարածված լինելու, ունեն ասելիք, խնդիր, որի շուրջ կարելի է սկսել արդյունավետ քննարկումներ ու բանավեճեր:

-Իսկ ձեր գրառումները երբևէ խնդիրներ ստեղծո՞ւմ են ձեզ համար: Եղե՞լ են դեպքեր, երբ ձեզ խնդրել կամ պարտադրել են կայքից հանել այս կամ այն գրառումը կամ գրառման արձագանքները:

- Ասեմ, որ ազատ խոսքը մեզ համար ամենակարևոր արժեքն է, որը ձգտում ենք պահպանել և պաշտպանել ամեն կերպ: Սակայն պետք է նշեմ, որ հասարակության որոշ անդամներ դժվարությամբ են համակերպվում ազատ խոսքի ու ինքնաարտահայտման իրավունքի հետ: Դրանց թվում և՛ քաղաքական գործիչներ են, և՛ շոուբիզնեսյան բոհեմի ներկայացուցիչներ, և՛ բիզնեսմեններ:  Հիմնական խնդիրները մեզ համար, իհարկե, ստեղծում են քաղաքական գործիչները: Սակայն եթե մենք մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր և քարոզում ենք խոսքի ազատություն, քաղաքացիական հասարակություն ունենալու գաղափարախոսություն, ապա չպետք է խոչընդոտենք այդ զարգացումները: Եթե նախկինում ասում էին, որ քաղաքական գործիչները նման են ճանճերի, և նրանց կարելի է սատկացնել թերթերով, ապա այսօր այն  մի քիչ ձևափոխվել է, և այսօր նրանց կարելի է«սատկացնել՚ համացանցում ազատ խոսքի միջոցով: Անշուշտ խոսքի ազատության այսպիսի չափաբաժնի մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ, բայց կամաց-կամաց առաջ ենք գնում: Արդեն քաղաքական գործիչներն իրենք էլ հասկանում են, որ պետք է հաշվի նստել հասարակության հետ` մեր ուշադրության կենտրոնում հայտնվելուց խուսափելու համար, որ պետք է հանդուրժել քննադատությունն ու բացասական կարծիքները, քանի որ ժողովրդավարությունն ինքնին ենթադրում է բազմակարծություն: Իհարկե, լինում են դժգոհություններ, նույնիսկ սպառնալիքներ, բայց ես աշխատում եմ խուսափել անմիջական շփումներից, հաճախ փոխում եմ հեռախոսահամարներս: Անգամ մտերիմ ընկերներս գիտեն, որ եթե որևէ տեղ կա բարձրաձայնելու արժանի խնդիր և անկախ այն բանից, թե դա որքանով կվնասի նույնիսկ իրենց, ես միևնույնն է բարձրաձայնելու եմ այն, քանի որ երբ ես BlogNews.am-ի մոդերատոր եմ, որպես Արամ Անտինյան մարդ իմ բոլոր ծանոթների համար ոչինչ անել չեմ կարող:  Այսօր արդեն BlogNews.am-ից զգուշանում են շատերը, որովհետև հասկանում են, որ եթե առանձին լրագրողների կարող են լռեցնել, ապա մեզ` ոչ:

 -Տարվա ընթացքում ամենալայն արձագանք գտած գրառումը, որ այս պահին կհիշես:

-Բուռն արձագանք գտած շատ գրառումներ ենք ունեցել, բայց կարող եմ առանձնացնել տեսանյութը, որն ուղղված էր աղանդավորների, հատկապես«կյանքի խոսք» աղանդի դեմ. այն շատ կարճ ժամանակում բում առաջացրեց համացանցում, աղանդավորների կողմից ևս բուռն արձագանքներ եղան, մոտ 70.000 դիտում եղավ ու առնվազն մեկ շաբաթ անընդհատ շրջանառվում էր համացանցում:

-Արա´մ, և վերջում, քո ամանորյա բարեմաղթանքը:

-Մաղթում եմ հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիները չհուսահատվեն ու վստահ լինեն, որ մեր երկրին լավ ապագա է սպասվում, և այդ ապագան կերտելու ենք մենք` ազատ, ակտիվ և մեր ազատությանը տեր կանգնող երիտասարդներս:

Հարցազրույցը վարեց Թեհմինա Արզումանյանը

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 

                



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց