01:46
12/11/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայրենասեր, քաղաքակիրթ ղեկավարը քաղաքի բարգավաճման եւ զարգացման գրավականն է

2017-01-08 21:57

«Դե Ֆակտո» 127 (2016թ)

Դավիթ Համբարձումյան
Մասիսի քաղաքապետ

Պետության կենսակերպի և գործունեության մեջ մեծ դեր ունեն քաղաքները: Յուրաքանչյուր քաղաք իր ներուժն ունի երկրի զարգացման ու կենսամակարդակի բարձրացման գործում: Մասիս քաղաքն իր գործունեությամբ, իր հմուտ ղեկավարով այսօր կարողանում է երկրի զարգացման գործում իր մեծ նպաստն ունենալ: Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ջանք և եռանդ չի խնայում իր երկրի, իր քաղաքի բնակիչների բարօրության համար, նա այն ղեկավարներից է ում սերը դեպի հայրենիք, դեպի իր ծննդավայր անսահման է:

-Պարո՛ն Համբարձումյան, շնորհավորում ենք Ձեզ Մասիսի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համար, կներկայացնե՞ք, ինչ աշխատանքային ուղի եք անցել:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Պետական համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ է 2011թ-ից՝ աշխատելով ՀՀ վերահսկիչ պալատում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: 2014թ-ից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ, այնուհետև մեկ տարի աշխատել եմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունում, որպես ներքին վերահսկողության վարչության պետի տեղակալ: Մասիսի քաղաքապետի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ընտրվեցի Մասիսի քաղաքապետ: Աշխատանքային պարտականություններս ստանձնել եմ նոյեմբերի 14-ից:
Նաև նշեմ, որ ՀՀԿ-ի Մասիսի շրջանային խորհրդի նախագահն եմ:

-Արդեն առաջին ընդունելությունը քաղաքացիների հետ եղել է, որո՞նք էին բնակիչներին անհանգստացնող հարցերը:

-Նախ ցանկանում եմ նշել, որ փոխվել է քաղաքացիների ընդունելության կարգը: Այժմ իմ և քաղաքացիների հանդիպման ժամանակ ներկա են գտնվում քաղաքապետարանի բաժնի պետերը, աշխատակազմի քարտուղարը: Բնակիչներին հուզող հարցերին պատասխանում են հենց տվյալ բաժնի մասնագետները: Բնակիչները հիմնականում տարբեր խնդիրներով են դիմում՝ սոցիալական, առողջական: Գերակշիռ մաս են կազմում սոցիալական խնդիրներով դիմողները:
Յուրաքանչյուր խնդրի հնարավորինս փորձում ենք լուծում տալ և ընտրում ենք լուծման այնպիսի տարբերակ, որ բնակիչներից ոչ ոք քաղաքապետարանից դժգոհ չհեռանա:

-Բավականին աշխատանքներ են կատարվել քաղաքում, սակայն կատարված աշխատանքների հետ զուգահեռ քաղաքում առկա են դեռ չլուծված մի շարք խնդիրներ, կնշե՞ք այն խնդիրները, որոնք առաջնային են քաղաքի համար:

-Այս կարճ ժամանակում` ինչ սկսել եմ աշխատանքային գործունեությունս, ներգրավել եմ համայնքային բոլոր ուժերը, և ոչ միայն, որպեսզի կարողանանք համատեղ մի շարք ցավոտ խնդիրների իրենց լուծումը տալ: Ասեմ, որ գրեթե բոլոր ոլորտներում առկա են խնդիրներ:
Քաղաքն ունի թիրախային մի քանի ոլորտ, որտեղ խնդիրներն առավել խոցելի են և որոնց մասին կցանկանայի խոսել: Քաղաքում աղբահանությունը թերի է կատարվում, աղբավայրերը գտնվում են քաղաքի մեջ, որն առաջացնում է ծուխ, գարշահոտություն, և հակահիգիենիկ պայմաններ է ստեղծում բնակիչների համար: Այդ խնդիրը պետք է առաջնահերթ լուծում ստանա:
Երկրորդը՝ խմելու ջրի խնդիրն է, քաղաքի խմելու ջուրն անորակ է, խմելու ջրին ներկայացվող պահանջները խստորեն պետք է վերահսկվի, այն պետք է մանրէազերծվի և համապատասխանի ջրի որակի միջազգային չափորոշիչներին, քանի որ անորակ ջուրը համաճարակային և մի շարք հիվանդությունների նախապայմանն է, և ես պետք է բարձրաձայնեմ այդ մասին այնքան ժամանակ, մինչև խնդիրն իր համապատասխան լուծումը ստանա: Եվ պետք է այնպես անենք, որ 24 ժամյա անխափան ջրամատակարարում ապահովենք:
Քաղաքում գործող մանկապարտեզները գտնվում են անմխիթար վիճակում:
Գյուղատնտեսության ոլորտում նույնպես ունենք մի շարք խնդիրներ, պետք է այնպես անենք, որ գյուղատնտեսության որոշ ճյուղեր զարգացնենք նաև քաղաքում:
Բոլոր նշված ոլորտների խնդիրները փուլ առ փուլ պետք է կարգավորենք և հասցնենք նվազագույնի: Մեր բոլոր ծրագրերն ու անելիքները միտված են միայն քաղաքի բարօրությանն ու զարգացմանը:

-Ո՞րն է եղել, որպես քաղաքապետ, Ձեր առաջին նախաձեռնությունը:

-Գիտակցելով կանաչապատման դերը մեր քաղաքի համար, առաջնային նախաձեռնությունը եղավ այն, որ ծառատունկ կազմակերպեցինք: Քաղաքի գլխավոր և երկրորդային ճանապարհների երկայնքով 1500 ծառ ենք տնկել, նախատեսել ենք գարնանն առավել լայնամասշտաբ ծառատունկ իրականացնել: Այդ միջոցառումների նպատակն է պահպանել բնությունը, բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել նրանց արդյունավետ օգտագործումը ժողովրդական տնտեսության մեջ:
Այս ընթացքում ապամոնտաժվել է ապօրինի մի շարք շինություններ, քանի որ դրանք խաթարում էին քաղաքի արտաքին տեսքը: Պետք է այնպես անենք, որ կարողանանք պահպանել և վերականգնել քաղաքի ճարտարապետական տեսքը:

-Ինչպիսի՞ն է բնակիչների սոցիալական վիճակը, կա՞ն խոշոր ընկերություններ, որտեղ բնակիչներն աշխատում են:

-Քաղաքում ամենախոշոր ընկերությունը, որտեղ աշխատում են Մասիս քաղաքի բնակչության մեծամասնությունը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» է:

Կարող եմ հստակ ասել, որ Մասիս քաղաքը շնչում է ի շնորհիվ հենց այդ գործարանի, որի համար մենք անչափ երախտապարտ ենք:

-Որպես քաղաքապետ, ի՞նչ սկզբունքներ եք որդեգրել, որով առաջնորդվելու եք Ձեր պաշտոնավարման ընթացքում:

-Կյանքում ինձ համար շատ կարևոր է արդարությունը և օբյեկտիվությունը: Ես այն համոզմունքին եմ, որ ղեկավարը պետք է օժտված լինի արդարամտությամբ և անկողմնակալությամբ, որոնք բարձրագույն արժեքներ են: Ես արդարության և անկողմնակալության կողմնակիցն եմ:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մասիս քաղաքը միշտ եղել է մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին, Դուք՝ որպես քաղաքացի, ի՞նչ աջակցություն եք ցուցաբերել:

-Պատերազմի ժամանակ մեր զինվորներին օգնելը յուրաքանչյուր հայի սրտի թելադրանքն է, պարտքը, և դա իրողություն է, ու այն գովազդելու, ցուցադրելու կարիք չկա: Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ օգնելով հայ զինվորին, մենք օգնում ենք մեր երկրի խաղաղության և անդորրության պահապաններին: Այն օգնությունները, որ ես եմ ցուցաբերել այդ օրերին, գիտի իմ խիղճն ու Աստված:

-Ամեն տարի Մասիս քաղաքում բավականին շուքով են նշվում Ամանորն ու Սուրբ ծնունդը, այս տարի ի՞նչ ձևաչափով եք անցկացնելու տոները:

-Ամանորը երկար սպասված գեղեցիկ տոներից մեկն է, այն խորհրդանշում է բարություն, սեր, հրաշքների իրականացում: Այս տարի Ամանորն ու Սուրբ ծնունդը Մասիս քաղաքում պետք է կարողանանք էլ ավելի գեղեցիկ և յուրովի անցկացնել: Պետք է այնպես անենք, որ մասիսցիներն իրենց երջանիկ զգան:

-Պարո՛ն Համբարձումյան, 2017 թվականի հետ կապված ի՞նչ նախանշված ծրագրեր կան:

-2017 թվականը կլինի սոցիալ-տնտեսական վերափոխությունների և քաղաքի հետագա զարգացման ժամանակաշրջան: Անպայման պետք է լուծենք աղբահանության խնդիրը: Բոլոր այն ոլորտներում, որտեղ առկա են խնդիրներ, որոնց մեր զրույցի ժամանակ անդրադարձանք, կլինեն փոփոխություններ՝ ի նպաստ մեր քաղաքի: Ծրագրերից զատ մշակել ենք քաղաքապետարանում հստակ կանոններ. քաղաքապետարանում արգելվել է ծխելը, տղամարդիկ պետք է կրեն փողկապներ, ժամանակի ընթացքում կանայք նույնպես կունենան իրենց համար նախատեսված հագուստը:

-Ըստ Ձեզ, ի՞նչն է այսօր պակասում Մասիս քաղաքին: Ինչպիսի՞ քաղաքի մասին եք երազում:

-Ցանկանում եմ քաղաքը լինի գեղեցիկ, կանաչապատ, պայծառ, ցանկանում եմ, որ քաղաքացիները միշտ ժպտան և քաղաքի խնդիրները հասնեն նվազագույնի:
Թող Աստված մեզ ուժ ու եռանդ տա, որպեսզի կարողանանք ստանալ մեր պատկերացրած իդեալական քաղաքի մոդելը:

-Երիտասարդ ղեկավարների գործունեությունը շատ ողջունելի է, քանի որ երիտասարդները ցանկացած ոլորտին նոր ուժ և եռանդ են հաղորդում, իսկ ինչպե՞ս է քաղաքապետ-բնակիչ շփումը, արդյո՞ք երիտասարդ ղեկավար լինելը օգնում է քաղաքացիների հետ շփման գործում:

-Երիտասարդ սերունդը ստեղծագործող ուժ է և իմ կարծիքով սերնդափոխությունը շատ կարևոր է երկրի զարգացման համար, ինչպես դուք նշեցիք Ձեր խոսքում՝ երիտասարդները նոր ուժ և եռանդ են հաղորդում յուրաքանչյուր ոլորտին:
Ասեմ, որ քաղաքացիների հետ շփումը շատ ջերմ է և իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ քաղաքացիների հետ միշտ հարգալից պետք է լինել: Քաղաքացին պահանջատեր է, մենք պարտավոր ենք լսել և հարգել նրան:

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց