15:29
04/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա լավագույն բժիշկ-ակնաբույժ 2016

2017-01-16 11:16

Հիվանդի հավատը ինձ պարտավորեցնում է
և ոգևշնչում, քանի որ նա ինձ վստահում է ամենաթանկը` աչքի լույսը:


Լուսինե Բեկիրսկա-Թամազյան
 

Աչքերը լինելով մարդու հոգու հայելին, աշխարհն ընկալում են յուրովի, ավաղ այն կախված է ոչ միայն նրա անհատականությունից, այլ նաև առողջական վիճակից, և բախտավոր է այն բժիշկը, ով կարող է վերադարձնել մարդուն աշխարհն իր բոլոր գունապնակով տեսնելու երջանկությունը: Բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը նրանցից մեկն է:
«Դե Ֆակտո» ամսագիրը, բարձր գնահատելով Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի աչքի էքսիմեր- լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանի կատարած աշխատանքը, նրան ճանաչել է «Տարվա լավագույն բժիշկ-ակնաբույժ»:

-Տիկի՛ն Բեկիրսկա-Թամազյան, բարձր գնահատելով Ձեր ունեցած ավանդն առողջապահության ոլորտում «Դե Ֆակտո» ամսագիրը ճանաչել է Ձեզ «Տարվա լավագույն բժիշկ-ակնաբույժ», ինչի առթիվ շնորհավորում ենք: Բժշկի մասնագիտությունը ժառանգել եք Ձեր ծնողներից, կներկայացնե՞ք՝ մասնագիտական ինչ ուղի եք անցել:
-Շատ շնորհակալ եմ նման կոչման արժանացնելու համար: Մասնագիտությանս ընտրության մեջ ծնողներիս դերակատարությունը շատ մեծ է եղել: Նրանք վաստակավոր բժիշկներ են: Հայրս հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս, երրորդ գումարման ԱԺ պատգամավոր, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի տնօրեն Համլետ Թամազյանն էր, ով իր ողջ կյանքը նվիրեց վիրաբուժությանը, մայրս՝ գինեկոլոգ, մանկաբարձ, ՀՀ վաստակավոր բժիշկ, գիտությունների թեկնածու Անժելա Թամազյանն է, ով հանդիսանում է թիվ 2-րդ ծննդատան «Բեգլարյան կենտրոն»-ի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչը: Այսօր հպարտությամբ կցանկանայի նշել, որ եղբայրս՝ Արթուր Թամազյանը, պատվով շարունակում է հայրիկիս գործը, այժմ նա է հանդիսանում «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի տնօրենը: Աչքիս առջև տեսնելով նրանց աշխատանքային ճանապարհը, հիվանդի կյանքի և առողջության համար ամենօրյա դժվարին պայքարը, հասկանում էի, որ դժվար է լինելու, սակայն ես կանգ չառա և ընտրեցի հենց դժվարին և միևնույն ժամանակ պատասխանատու աշխատանքը: Հետ չկանգնելով իմ որոշումից, ոսկե մեդալով ավարտեցի Դերժինսկու անվան դպրոցը, այնուհետև նաև կարմիր դիպլոմով Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը: Շուրջ 10 տարի աշխատել եմ Երևանի Քանաքեռ-Զեյթունի թիվ 8 հիվանդանոցում որպես ակնաբույժ:
2001 թ-ից աշխատում եմ Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, որտեղ առաջինը Հայաստանում բացվեց աչքի-էքսիմեր լազերային կենտրոնը: Այժմ հանդիսանում եմ նույն կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային բաժանմունքի վարիչ և 2006 թվականից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ, վիրաբույժ: Անցել եմ բազմաթիվ վերապատրաստման և որակավորման կուրսեր տարբեր արտասահմանյան երկրներում, այդ թվում Ավստրիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում և այլն:
-Շուրջ 15 տարի է արդեն իրականացնում եք լազերային վիրահատություններ: Ինչո՞վ պետք է առաջնորդվի հիվանդը լազերային վիրահատություն ընտրելիս:
-2001 թվականից կատարում ենք աչքի էքսիմեր-լազերային վիրահատություններ: Ինչո՞ւ ընտրել հենց լազերային վիրահատություն, այլ ոչ թե կոնտակտային ոսպնյակ կամ օպտիկական ակնոց: Պետք է ասեմ, որ դրանք երեքն էլ համարվում են մեկը մեկին փոխարինող այլընտրանքային տարբերակներ: Կան դեպքեր, որոնց ժամանակ հակացուցված է լազերային վիրահատությունը, այդ դեպքում հիվանդն ունի ընտրության հնարավորություն օպտիկական ակնոցների կամ կոնտակտային ոսպնյակների միջև: Յուրաքանչյուր ոք ինքը պետք է ընտրի, որ տարբերակն է իրեն հարմար: Բոլոր վիրահատությունները կոչվում են Էքսիմեր-լազերային, դա նշանակում է, որ ճառագայթի օգնությամբ գոլորշիացնում ենք եղջերաթաղանթի ավելորդ հաստությունը՝ շտկելով նրա բեկող ուժը:
Վիրահատությունները կատարվում է 3 մեթոդով՝ PRK, LASIK և FSL (բոլոր այդ վիրահատությունները կատարվում են Հայաստանում): PRK մեթոդի(Էքսիմեր-լազերային ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա) ժամանակ կատարվում է եղջերաթաղանթի մակերեսի մոդելավորում առանց կտրվածքի, LASIK-ի ժամանակ կատարվում է կտրվածք միկրովիրաբուժական սարքավորումով՝ միկրոկերատոմով, իսկ FSL մեթոդի (Ֆեմտովայրկյանային լազեր) ժամանակ եղջերաթաղանթի կտրվածքը կատարվում է լազերային ճառագայթի միջոցով:
Կատարում ենք (-1)-ից մինչև (-15) աստիճանի կարճատեսության, (+1)-ից (+6) աստիճանի հեռատեսության և մինչև (5) աստիճան աստիգմատիզմի լազերային վիրահատություններ: Աշխատող լազերային ճառագայթը երեք դեպքում էլ նույնն է, միայն եղջերաթաղանթին մոտենալու միջոցներն ու հետվիրահատական ապաքինման ժամկետներն են տարբեր: Էքսիմեր-լազերային վիրահատությունների լավ կողմն այն է, որ նրանք կանխատեսելի են, հաշվարկվելի և ապահով: Մենք կարող ենք հստակ հիվանդին ասել, թե վիրահատությունից հետո ինչպիսի արդյունք կունենանք: Վիրահատությունից հետո սահմանափակումները բավականին թեթև են և հիվանդը չի զգում իրեն շրջապատից կտրված: 2-3 օրվա ընթացքում վերականգնվում է տեսողությունը և հիվանդն անցնում է իր առօրյա կյանքին:
-Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ կան այնպիսի հիվանդություններ, որոնց ժամանակ արգելվում է կատարել լազերային վիրահատություններ, կնշե՞ք՝ որոնք են դրանք:
-Լազերային վիրահատություններն ունեն հակացուցումներ, դրանցից առաջնայինը կերատոկոնուս հիվանդությունն է: Կան նաև այլ հիվանդություններ, օրինակ՝ կատարախտը, գլաուկոման, կերատիտները:
-Ի՞նչ է կերատոկոնուսը և բուժման ո՞ր մեթոդն է առավել արդյունավետ:
-Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է: Այդ հիվանդության ժամանակ սկսում է բարակել եղջերաթաղանթը: Բարձր աստիճանի աստիգմատիզմի պատճառով պատկերները լինում են ծռմռված, լղոզված, ինչը չի ենթարկվում կորեկցիայի ակնոցով ու կոնտակտային ոսպնյակներով, տեսողության սրությունը տարեցտարի նվազում է: Այդ հիվանդությունը շատ է հանդիպում հին ազգերի՝ հայերի և հրեաների մոտ: Կցանկանայի հպարտությամբ նշել, որ Հայաստանում 2009 թվականից, առաջինը մենք ենք սկսել բուժել նախկինում անբուժելի համարվող կերատոկոնուս հիվանդությունը: Կերատոկոնուսը վիրահատում ենք կոլագենային քրոսլինքինգի միջոցով, դա նշանակում է եղջերաթաղանթի ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ: Կերատոկոնուս հիվանդությունն այն հիվանդություններից է, որոնց դեպքում ինչքան վաղ է ախտորոշվում, այնքան ավելի արագ, հեշտ և արդյունավետ է բուժվում այն՝ անգամ ունենում ենք տեսողության լավացում:
-Մենք գիտենք, որ դուք նաև գրում եք բանաստեղծություններ, ո՞րն է հանդիսանում Ձեր ներշնչանքի աղբյուրը:
-Ներշնչանքիս աղբյուրը եղել է իմ դուստրը: Երբ ես սպասում էի երրորդ բալիկիս ծնվելուն, այդ ժամանակ սկսեցի ստեղծագործել, մինչ այդ երբևիցե բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ չեմ գրել: Կարող եմ ասել՝ իմ մուսան իմ աղջիկն է: Սերը դեպի արվեստը եկել է մորիցս, ով 50 տարեկանում սկսեց նկարել յուղաներկով և ունեցավ անհատական ցուցահանդես:
-Ընտանիքն ազգի հենասյունն է և յուրաքանչյուր ոք հարուստ է իր ընտանիքով: Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-18 տարեկան էի, երբ հանդիպեցի իմ կյանքի ընկերոջը՝ իմ առաջին և միակ սիրուն՝ Սուրեն Բեկիրսկուն: Նա ղեկավարում է «Տոսպ» տրիկոտաժի գործարանը և փորձում է ամեն կերպ այս տնտեսական ծանր իրավիճակում պահպանել հայկական տրիկոտաժի՝ տարիներից եկող հին ավանդույթները, որը 40 տարի առաջ հիմնադրել է նրա մայրը՝ Ռիմա Բեկիրսկան: Ունեմ երեք զավակներ. ավագ որդիս՝ Դավիթը, տնտեսագետ է, կրտսերը՝ Էդգարը՝ դիվանագետ, դուստրս՝ Ռիման՝ հոգեբան: Նրանք երեքն էլ լավ մարդ են և նվիրյալ զավակներ: Մեծ որդիս ամուսնացած է և անհամբերությամբ սպասում եմ տատիկ դառնալու բերկրանքին:
-Կինը երջանիկ է այն ժամանակ...
-Առաջնայինը կնոջ երջանկության համար իր ընտանիքն է: Իմ ծնողները եղել են օրինակելի, սիրող զույգ: Ես և եղբայրս մեր հայրական ընտանիքում տեսել ենք միայն սեր և հարգանք: Այժմ ես և ամուսինս ենք մեր ընտանիքում մեր զավակների համար, ստեղծել սիրո ու ջերմության մթնոլորտ և մեր սրտում ունեցած մեծ սերը փոխանցում ենք մեր երեխաներին: Շատ կարևոր է, որ ընտանիքում տղամարդը ստեղծում է պայմաններ կնոջ ողջ ունակությունները բացահայտելու համար:
Ամենակարևորը բժշկի համար հիվանդի վստահությունն է, քանի որ նրանք ինձ են վստահում ամենաթանկագինը՝ աչքի լույսը: Դա իսկապես երջանկությունն է:
Հպարտ եմ և երջանիկ, որ կարողանում եմ մարդկանց օգնել, որպեսզի աշխարհը ընկալեն իր ողջ գեղեցկությամբ:
-Առջևում ամենահեքիաթային տոներն են՝ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ինչպե՞ս եք նախատեսել տոներն անցկացնել:
-Ամանորը միշտ դիմավորում ենք տանը՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում: Մեր ընտանիքում ավանդույթ կա՝ ամեն տարի փոխել եղևնու զարդարանքը: Երեխաներիս հետ միասին, մինչ տոները, որևէ հետաքրքիր և յուրօրինակ զարդարանք ենք մտածում: Օրինակ, մի քանի տարի առաջ միջնեկ տղաս որոշեց, որ պետք է գրքերից պատրաստենք տոնածառ, ասեմ, որ շատ գեղեցիկ էր ստացվել: Սիրում եմ պատրաստել, մեր ամանորյա սեղանին միշտ լինում են հայկական և բուլղարական ուտեստներ:
-Տիկի՛ն Թամազյան, և վերջում՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Նվիրական ցանկությունս այն է, որ մեր երկիրը լինի խաղաղ, որ մեր երկիրը լինի հզոր, որ մեր երիտասարդները վստահ լինեն վաղվա օրվա նկատմամբ, և երբեք չլքեն իրենց հողը, այլ հակառակը, մնան և հարստացնեն մեր հայրենիքը և որպեսզի դրսում ապրող մեր բոլոր հայրենակիցները վերադառնան հայրենիք:

Այս բանաստեղծությունը գրել եմ 15 տարի առաջ և նվիրում եմ բոլոր հայ մայրերին:

ԻՄ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ


Մութ է, աշուն, մի օր անձրևոտ,
Քո աչքերն են, որ երազկոտ
Նայում են ու չեն հասկանում,
Որտեղից է ջուրն այս հոսում…


***
Գուցե Աստվածն է արտասուք թափում
Նորից ու նորից նա չի հանդուրժում՝
Պաշտոնյաները մեկ-մեկ են գալիս,
Թալանում երկիրն ու հայդա՝ Փարիզ:
Մարդ չմնաց մեր քարոտ երկրում,
Չվում են, գնում, անհետք կործանվում,,,
Կործանվո՞ւմ, ինչո՞ւ, լավ կյանք են անում,
Ապրում, աշխատում, թոռներ մեծացնում,
Հետո էլ գալիս ու այստեղ թաղվում:
Դրա համար չէր Մեծ Տիգրան պայքարել,
Մեծացրել երկիրը, բարիքով լցրել:
Արշակունյաց տոհմի որդիները բոլոր
Կյանք տվեցին, ինչու, որ այսօր…
Չկարողանանք գոյություն պահպանել,
Մի փոքրիկ ազգի քանակը պահել:
Չենք ուզում երկիր ծովերից մինչ ծով,
Մի փոքրիկ Սևան քաղցրահամ ջրով:
Ուրիշի երկիր էլ չենք ուզում իսկի,
Զանգեզուր ունենք՝ մեջը լի ոսկի:
Չե՞նք կարող հանել, երկիրը պահել,
Թե՞չունենք արդեն էլ դյուցազուններ
Բազուկները պինդ, առնական դեմքով,
Մաքուր հայացքով, պայծառ ուղեղով:
Այստեղ են նրանք, ձեր շուրջը նայեք,
Հայկ նահապետի ծոռները ահեղ:
Նա, ով չգնաց, հողը չլքեց,
Եվ որ մութ օրով գիր ու գիրք արեց,
Մի բուռ չոր փայտով օջախը վառեց,
Տունը տաքացրեց, զավակներ ծնեց:
Տառերը մեր հին ու կախարդական
Չեն կորցրել ուժը: Դեպի ապագան
Ճանապարհ հարթենք մենք մեր ուժերով՝
Մեր հին գեներով, ծանր անցյալով,
Մռայլ ներկայով, հույս ապագայով՝
Այս նոր ու բարի հազարամյակով:

 

 


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի





Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...