17:23
12/06/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նկարչությունն ինձ տվել է այնքան երանելի ազատությունն ու անկախությունը

2013-01-12 11:17

«Զուլում Գրիգորյանի երփնագիրը հյութեղ է, գերակշռողը` արծաթավունը, մոխրագույնը: Քսվածքը կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքուշ և նուրբ կատարված հատվածներով: Գրիգորյանի բնանկարներն ու նատյուրմորտները   տոգորված են սիրով հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով»:                

Գրիգոր Խանջյան

ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի արվեստանոց-պատկերասրահը, ուր տեղի ունեցավ մեր հանդիպումը, նրա կյանքի, ստեղծագործական գործունեության անբաժան մասն է, արվեստագետի համար այնքան կարևոր` հոգևոր ներդաշնակության, մաքուր ու գողտրիկ անկյուն. այն և՛ տուն է, և՛, ինչպես ինքն է ասում` մի պատառ հայրենիք: Այստեղ կտրվում ես առօրյա իրականությունից, լցվում ոգեղեն, բարձր արվեստով: Դեկտեմբերին անվանի գեղանկարիչը բոլորեց 80-ամյակը: Երբ մեկ տարի առաջ նրան շնորհվեց ՀՀ ժողովրդական նկարչի կոչում, տպավորությունների վերաբերյալ հարցին նա արձագանքել էր.

- Կոչումը ոչ ճանաչման սահմաններն է ընդլայնում, ոչ էլ ավելացնում է տաղանդը: Այն գնահատական է: Ուստի կոչումը պարզապես հավաստագիր է, երկար ու ձիգ ստեղծագործական տարիներին տրված պաշտոնական արժևորում…Բոլոր այս տարիներին ես անդուլ ստեղծագործել եմ` երբեք չմտածելով ինքնահաստատման դժվարությունների մասին, որովհետև ես դրա կարիքը չունեի: Իհարկե, եկավ մի շրջան, երբ հասկացա, որ ես` ես եմ, որ կայացել եմ որպես մարդ ու քաղաքացի:

- Ստեղծագործական ինչպիսի՞ վիճակում եք ներկայում

- Ես ինձ հիմա որպես մարդ ու արվեստագետ, տնային մեկուսացման եմ դատապարտել: Եվ վաղուց դուրս չեմ գալիս իմ արվեստանոց-տնից: Դրսում ինձ ամեն ինչ խանգարում է` սուտը, կեղծիքը, խեղճությունը, չվաստակած շքեղությունն ու հարստությունը…Այս պայմաններում դժվարությամբ եմ նկարում, ստեղծագործում…Բայց և  նկարում եմ, որովհետև այլ բան անել չեմ կարող… Նկարչությունն ազատություն է: Մարդը ծնվել է ազատ լինելու, ազատ ապրելու համար: Նկարչությունն ինձ տվել է այդ ազատությունը, անկախությունը:

- Ի՞նչը կարող է հուզել, ներշնչել աշխարհն ընկալած, 8-րդ տասնամյակը բոլորող արվեստագետին:

- Վերջերս մի ամսագրում կարդացի Ռուսաստանում բնակվող հեռուստալրագրող հայուհու մասին, որը 20-ամյակը հազիվ բոլորած բազմաթիվ հաջողությունների է հասել, տարբեր մրցանակներ ու պարգևներ ստացել, եղել Չեչնիայում, ռազմի դաշտից ռեպորտաժներ ներկայացրել, ներկայում էլ ղեկավարում է մի ողջ հեռուստաալիք… Երբ համեմատում եմ սա մեր իրականության հետ, ուր երիտասարդների մեծ մասը ձգտում և երազանք չունի, նայում նրանց պատրաստած կամ նրանց մասին հեռուստահաղորդումները,  զարմանալու և, ինչու չէ, նաև  հուզվելու առիթ եմ ունենում: Ես իմ կյանքն ապրել եմ. անկախ ամեն ինչից` ընդունված և անգամ հաջողակ եմ եղել, ես անհանգստանում եմ երիտասարդ սերնդի, իմ թոռների համար: Ցավում եմ, որ մենք հոգեբանությամբ դառնում ենք սպասարկող երկիր, գալիս են դրսից տարբեր գործիչներ, բերում իրենց օրենքները, իրենց արվեստի միջոցով պարտադրում իրենց աշխարհայացքը, մինչդեռ մենք մեր հազարամյակների թատրոնից ու արիական ծագումից ենք խոսում… Աստվածային առաքելություն, արիական ծագում… այդ ամենն առաջ իմ հավատամքն էր, և իմ գործերում էլ այդ զգացողություններն արտացոլվել են, բայց հիմա` ոչ, չեմ հավատում: Մենք ինքներս մեզ չենք հարգում, մեր պատմությունը չենք հարգում, ինչպես կարող ենք ուրիշից դա պահանջել: Ես գիշերներով չեմ քնել, նկարել եմ ՙԱրդարադատություն՚, ՙԿարոտ՚, ՙԳարուն՚, ՙՏեսիլք՚` ու՞ր են այդ արժեքները…Բարկանում եմ, որ աշխարհին որպես ուզվոր ենք ներկայանում համահայկական տարբեր ծրագրերով: Այս ամենը հիասթափեցնող է…

- Մեր իրականությունում ինչից էլ խոսենք, վերջում քաղաքականությանն ենք հանգում:

- Երբ երկրում ամեն ինչ կարգին չէ, նորածինն անգամ քաղաքականության մեջ է, կամ քաղաքականության առարկա է: Բայց ես համարում եմ, որ իմ տարիքի արվեստագետը այլևս հայրական բարձունքից իրավունք ունի խոսք ասելու, իսկ տան մեծին վայել չէ, որ որքան էլ իրադրությունը մտահոգող լինի, վատ, բացասական հույզեր, հոռետեսական տրամադրություններ սերմանի…Բայց և մեծավարի պետք է ասել, որ մենք երբևէ այսպիսին չենք եղել, անգամ 20-րդ դարասկզբի մղձավանջային օրերին, երբ համատարած սով էր ու թշվառություն, երբ ժողովուրդը կոտորվում էր վանքերի ու եկեղեցիների բակերում: Այն ժամանակ շատ ավելի բարոյական էինք: Ի՞նչ եղավ ՙՍասունցի Դավիթ՚ ստեղծած ժողովրդի հպարտությունը, ազնվությունը: Այսքան նենգություն, չարություն, վախկոտություն որտեղի՞ց: Ուզում եմ ասել` ՙՆերիր մեզ Դավիթ, մենք քո հետնորդները չենք…՚: Հայ զինվորի ուժը բազկի մեջ չէ: Երկաթյա բազուկներով զինվորներ շատ կան: Հայ զինվորի ուժը հոգու մեջ է: Հայ զինվորի ուժը ազնվությունն է, շիտակությունը, մեծահոգությունը: Դավիթն ուժեղ էր, որովհետև շիտակ էր, ազնիվ էր, նենգ չէր, արդարամիտ  էր, վեհանձն էր…Այդպիսին էր անգամ թշնամու հանդեպ: Թշնամու դեմ ազնիվ պայքարը միամտություն չէ, ինչպես կարծում են ոմանք…Մենք այսօր շատ ենք հեռացել Դավթից, մեր իսկ ստեղծածից: Այնքան, որ Դավիթ ենք ման գալիս ու չենք գտնում…

- Պատմեք Ձեր արմատների մասին:

- Առհասարակ չեմ սիրում, երբ գունազարդում են իրենց կենսագրությունը կամ հորինում այն: Հենց դա էլ օգնել է ինձ: Ասեմ, որ չարացած չեմ ու չեմ եղել երբևէ, թեև ընտանիքով քայլել ենք տառապանքի ուղիներով, բայց երբեք չենք չարացել, չենք կրել չարացածության բարդույթը: Չար մարդը չի կարող արվեստում լինել, չի կարող արվեստի ստեղծագործություն հորինել: Արվեստն ինքը բարության  խորհրդանիշն է:

- Հետաքրքիր է ձեր անվան պատմությունը:

- Ընդունված է այդ բառը վատ իմաստով գործածել, և ինձ էլ տխուր պատմության համար են այդպես կոչել: Մեր գերդաստանում դժբախտություն էր պատահել և քանի որ ըստ նախապաշարման, դա նոր ծնունդի հետ է կապվել, այդպես ինձ Զուլում են կոչել: Վշտից մի որոշ ժամանակ հայրս ինձ չի էլ կարողացել ընդունել: Հետո է կապվել ինձ ու շատ  սիրել: Դժվարին կյանքով է ապրել հայրս` եղեռն, պատերազմ, գերմանական գերություն, ապա` նաև խորհրդային աքսոր… աքսորյալի ընտանիքի բիծը միշտ մեզ հետ է եղել. այդպիսին էին օրենքներն այն տարիներին…Բայց, բոլոր դեպքերում առավել տանելի եմ համարում այդպիսի  կյանքը, քան մարդկային չգրված օրենքները… Աստված, թերևս, այդ մի ՙբացթողումն՚ արել է, մարդկանց այդ արտոնությունը տալով: Այսպես, Արարիչը երկիրը ստեղծելիս կենդանական աշխարհը դասերի է բաժանել` թռչուններ, ձկներ, սողուններ և դրանք յուրաքանչյուրն իր տեսակի մեջ է զարգանում և առհասարակ որևէ դաս մյուսին չի հարաբերվում, չի խանգարում, ամեն ինչ կարգի մեջ է: Եվ միայն  մարդկանց պարագայում է, որ բոլորին նույն դասի մեջ տարբեր կենդանիների էությամբ ու կերպարով է ստեղծել… Նստում են սեղանի շուրջ 10-15 հոգի և նրանց մեջ բոլոր կենդանական կերպարները կան, բայց բոլորն իրար նման են ու չի երևում, ով ինչպիսին է: Այ, եթե Աստված մարդկությանն էլ կենդանիների նման դասակարգեր, շատ ավելի գեղեցիկ կլիներ մարդկության պատմությունը:

- Եղեռնի թեման մեծ տեղ է գրավում սկզբնական շրջանի ձեր աշխատանքներում

- Եղեռնի թեման իմ կենսագրությունն է…Հորական պապս` Հարություն Գրիգորյանը` Գրո Արե, ազատագրական շարժման մասնակից էր, սասունցի` Սասնա Գլեգյոզան գյուղից, որը հայտնի էր որպես հայդուկային շարժման կենտրոններից մեկը: Տատս` Մարգարիտը, Մշո դաշտի Խաս գյուղից էր: Մորական կողմից վանեցի եմ: Ոչ մեկին չեմ տեսել. 50 հոգանոց գերդաստանը կոտորածների զոհ է դարձել. պապս ու հորեղբայրներս սպանվել են իրենց հողը պաշտպանելիս: Մի քանի հոգի են միայն ջարդերից մազապուրծ փրկվել: Հայրս` Համբարձում Գրիգորյանը, 20 տարեկան էր, երբ հաստատվեց Կրասնոդարում, որտեղ էլ հանդիպում է մորս` Աղավնի Մուրադյանին, ամուսնանում, ընտանիք կազմում: Նրանց երեք զավակներից ես փոքրն եմ: Ավագ եղբայրս` Գևորգ Գրիգորյանը, երաժիշտ էր, քամանչայի վարպետ, քույրս` Ազնիվ Գրիգորյանը,  մարմնամարզուհի էր, վաստակավոր մարզիչ, Հայաստանում առաջին կին սպորտի վարպետը:

Եղեռնի թեմայով մի ամբողջ շարք եմ նկարել, ամփոփելով այն ՙԵրեք սերունդ՚` պապ, որդի և թոռ, կտավով. երեք տարբեր ճակատագրեր, տարբեր աշխարհներ, այնքան մոտ ու այնքան հեռու, և այնքան փոխկապակցված. կյանքի հարատևության, կենաց ծառի ու բարու հաղթանակի խորհուրդ է ամփոփում այս գործը: Սա նաև պատասխան է այդ ողբերգական իրադարձություններին, որից  բոլոր դեպքերում պետք չէ ողբ սարքել…Հավատում եմ, որ եղեռնը կճանաչվի, անպայման կճանաչվի: Բոլոր ազգերը կճանաչեն, որպեսզի աշխարհը մաքրվի…

Մաքրման, տարատեսակ կապանքներից ազատագրման գործընթացը ես սկսել եմ ինձնից, ազգային, պատմական թեմաներից շրջադարձ կատարելով դեպի գեղանկարչություն` մաքրությունը ու կատարելությունը փնտրելով բնության մեջ: Եվ վերջին շրջանի իմ աշխատանքներում գերակշռում են բնանկարները: Հիմա, երբ 9-րդ տասնամյակի սահմանն եմ հատել, ավելի քան երբևէ համոզված եմ, որ արվեստներից մեծագույնը գեղանկարչությունն է: Արվեստը հավերժական, մնայուն, անանց արժեք է: Ես ինձ միշտ այդ հրաշալի աշխարհի համեստ մշակն եմ համարել:

- Փորձում եք հեռու մնա՞լ քաղաքականությունից, մինչդեռ ինքներդ էլ ժամանակին մեծ քաղաքականություն վարողների կողքին էիք, նրանց ընկերը…

- Չարենցյան ոգով ես և՛ այն ժամանակ էի հավատում ՙՄիասնության՚ ուժին և՛  հիմա էլ համոզված եմ, որ մեր ուժը մեր հավաքականության և միասնության մեջ է: Ես համոզված էի, որ ՙՄիասնության՚ կայացմամբ, մեր երկրի համար լավ է լինելու, և, իրոք, այդպես էր լինելու: Բայց տեսանք, որ լավը դժվարությամբ է տրվում: Իսկ այսօրվա երկփեղկվածությունն ինձ չի գոհացնում: Այս ի՞նչ է կատարվում մեզ հետ և, առհասարակ աշխարհում հիմա: Հանճարեղ Թումանյանը կասեր. ՙՉեմ հասկանում էս աշխարհի կան ու չկան ես հիմա…՚:

- Ձեզ ճանաչում են որպես ընկերասեր անձնավորության:

- Ես մաքուր, անշահախնդիր ընկերության կողմնակից եմ, իմ լավ ընկերներից շատերը` Խորիկը, Մհերը, Ֆրունզե Դովլաթյանը, քանդակագործ Սուրեն Նազարյանը,  հիմա չկան և դա դժբախտություն է ինձ համար` … յուրաքանչյուր լավ ընկերոջ մահը մի բան քեզնից պոկում տանում է, մնում ես որբացած, դատարկված: Իսկ նրանք մեծություններ էին, այնքան մեծ ու բարձր, որ պայմանականություն ու ձևականություն չէին հանդուրժում  ընկերության մեջ: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, ինչ վատ բան եմ արել, որ նրանցից հետո Աստված այսքան երկար ինձ հանդուրժում է:

- Ինչպիսի՞ հիշողություններ ունեք նրանց հետ կապված:

- Հիշողությունները շատ են, բայց առավել հոգեհարազատը իմ քավորության պատմությունն է, որի մասին շատ է գրվել է: Չորսով` ես, Խորիկը, Մհերը և Դովլաթյանը հավաքվել էինք և  խոսքի մեջ պարզեցինք, որ միայն ես էի կնքված. տեղում որոշեցինք, որ ես իրենց քավոր կարգվեմ: Այդպես, գաղափարական գրաքննության այդ խիստ ժամանակներում` տերտերով ու խաչով հանրահայտ մտավորականների կնունք կազմակերպեցինք:

- Ի՞նչն եք գնահատում կյանքում

- 80 տարեկան եմ, որից 70 տարին նվիրել եմ կերպարվեստին: Ապրել եմ

մարդուն վայել կյանքով: Պաշտում եմ բնությունն իր բոլոր  տարերքներով:         Սիրում եմ լուսաբացը: Մարդու մեջ գնահատում եմ բարությունը, արժանապատվությունը, իմաստությունը:

 Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ 

«Դե Ֆակտո» N67 (2011թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց