20:31
10/07/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԿԱՅՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԻՍՊԱՆԱԽՈՍ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է

2013-01-14 11:07

-Պարո՛ն Տերտերյան, մի փոքր խոսենք Ձեր մասին: Ի՞նչ գործունեություն եք ծավալում արտերկրում, և որքան ժամանակ է, որ բնակվում եք այնտեղ:

Ավազանիս անունն է Անդրանիկ, ազգանունս՝ Տերտերյան:

Ծնվել եմ 1966թ. Սուրբ Էջմիածնում, հայրենադարձի ընտանիքում: Պատանեկությունս և երիտասարդական տարիներս ապրել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 1988թ. ավարտել եմ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը և պաշտպանել ավարտաճառս ՙԳանձասարի Կաթողիկոսությունը 18-րդ դարի 2-րդ կեսին՚ թեմայով: 1988-90թթ-ին պատիվ եմ ունեցել ծառայելու, որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն 1-ի անձնական քարտուղար և գավազանակիր: Այնուհետև ծառայել եմ Արարատյան Հայրապետական թեմում որպես Առաջնորդական Փոխանորդի օգնական, այդ ընթացքում Երևանի 4 տարբեր միջնակարգ դպրոցներում դասավանդել եմ կրոն, Սևանի` այն օրերին դեռևս նորաբաց դպրեվանքում` Վարք Սրբոց: 1992թ-ից հոգևոր ծառայության առիթներով գրեթե միշտ ապրել և ծառայել եմ Սփյուռքում, որպես հոգևոր հովիվ Կիսլովոդսկ, Յալթա, Բուենոս Այրես քաղաքներում (այնտեղ նաև դասավանդել եմ Հայկական համայնքային դպրոցներում): Իսպանիան միակ երկիրն է, որ իմ անձնական կամքով եմ ընտրել և մեկնել, որտեղ ապրում եմ 2007 թ-ից: Այստեղ` Վալենսիայում, երկու տարուց ավելի աշխատել եմ Վալենսիայում Հայաստանի նախկին պատվո հյուպատոսի օգնական մշակութային, իրավաբանական և տնտեսական հարցերով: Երեք երկլեզու փոքրիկ գրքերի հեղինակ եմ, հիմնականում զբաղվում եմ միջազգային առևտրով և թարգմանություններով: Անկախ աշխատավոր եմ:

- Ինչո՞վ էր պայմանավորված հատկապես իսպանալեզու հայկական լրատվական կայքի ստեղծումը:

- Նախ, պայմանավորված է երկրով, ապրում եմ Իսպանիայի թագավորությունում: 8 տարի էլ ապրել եմ Արգենտինայում: Բացի այդ` կան նաև ուրիշ պատճառներ: Պետք է այնպես անել, որ իսպանացիները, օտարները և ոչ հայախոս մեր հայրենակիցները ճանաչեն Հայոց պատմությունն ու մշակույթը, կրոնը և լեզուն, համայնքների պատմությունը, իսկ մեր հայրենակիցներին էլ ժամանակ առ ժամանակ հայերենով տեղեկացնել ամեն ինչից մի փոքր: Իսպանիայում շատ դժվար է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մեր ամենամեծ նպատակն է ինչ-որ չափով նպաստել այդ հայրենանվեր գործին:

- Պատմե՛ք մի փոքր Ձեր գործունեության մասին. աշխատանքի ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ և դժվարություններ են առաջանում:

- Նախ ասեմ, որ կայքէջը հիմնադրել ենք երիտասարդ և ազնիվ հայորդի Արտակ Բլքյանի հետ` միասնական ջանքերով: Նա կայքէջի ծրագրավորման և տեխնիկական գլխավոր տնօրենն է: Երկուսով ենք սկսել: Մեր հիմնական դժվարություններից են Իսպանիայի տարբեր քաղաքներից հայության գործունեության մասին նախօրոք լուրեր քաղելը: Մյուս դժվարությունը իսպաներենով կամավոր գրողներ գտնելն է: Երբեմն մեզ հետ գործակցում են իսպանախոս անձինք, որոնք մեզ շնորհավորական նամակներ են առաքում, ու հետո մեկ կամ երկու հոդված են նվիրում մեր կայքէջին, իսկ մեր հայրենակիցների պարագայում շատ ուրիշ համայնքներից են մեզ հետ կապվում և հոդվածներ առաքում:

-Ձեր կայքում անդրադառնում եք հայ իրականության ամենատարբեր ոլորտներինª սկսած քաղաքականությունից մինչև կրոն և մշակույթ. ինչպիսի՞ն են ընթերցողների արձագանքները:

- Լսարանից բավական գոհ ենք, մենք ավելի քիչ էինք սպասում, բայց քանի որ նյութերի տեսականին բազմատեսակ է, ուստի ամեն հոդված էլ կարդում են, բայց ավելի շատ` Հայոց Մեծ Եղեռնի, մշակույթի, պատմության, կրոնի և Հայաստանի մասին:

Ամանորյա Ձեր բարեմաղթանքը հայ ժողովրդին:

- Երանի մեր ժողովուրդը իրեն վերագտնի, իր ստեղծագործ տաղանդով բարգավաճի, իր պետականության, ազգային և հոգևոր նոր ոսկե դարը կերտի, մեր կառավարությունն ու ազգային գործիչները, ժողովրդի հետ մեկտեղ, նոր սերնդի հետ կապված խնդիրների լուծումը գտնեն և մեր համայն աշխարհասփյուռ ազգը միասնական մեկ ձայն, մեկ բռունցք դառնան և փայփայեն մեր Մայր հայրենիքը:

Սիրելի հայ ժողովուրդ, 2012 թ-ը թող բոլորիս համար լինի տնտեսական զարգացման, բարգավաճման, խաղաղության և ինքնազարգացման տարի:

Թող Աստված բոլորի օջախները կանգուն պահի, բոլորիս իմաստություն պարգևի և ամենակարևորը` մեկը մյուսին ներելու գիտակցություն տա: Օգտվելով այս պատեհ առիթից` շնորհակալություն ենք հայտնում մեզ այս պատվին արժանացնելու համար և Իսպանիայում ապրող հայության անունից շնորհավորում ենք Ձեր բոլորի Ամանորը և  Սուրբ ծնունդը:

Շնորհավո՛ր Նոր` 2012 թվական Ի Հայաստան աշխարհիս:

 Թեհմինա Արզումանյան

«Դե Ֆակտո» N67 (էքսկլյուզիվ 2011թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...