17:31
10/18/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինձ համար ամենամեծ պարգևն այն մարդկանց ժպիտն է և երախտագիտության փայլն աչքերում, ում կարողացել եմ օգտակար լինել

2013-01-14 11:13

Արմեն Շահազիզյան,  «Լուդինգ» ընկերության  հիմնադիր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ և ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար անդամ

Ինձ դեռ մանկուց սովորեցրել են դժվարություններ ու խնդիրներ հաղթահարել, անընդմեջ աշխատել ու երբեք չծուլանալ. իմ հաջողության գաղտնիքը երևի թե աշխատասիրությունն ու նոր հեռանկարներ փնտրելու ցանկությունն է:

-Պարո՛ն Շահազիզյան, ինչպե՞ս  կնկարագրեք  Ձեր անցած ճանապարհը:  Արդյո՞ք Ձեզ հաջողվել է հասնել այն հաջողություններին, որոնց ձգտել եք:

-Ասելը հեշտ է, անելը` դժվար: Առանց ջանքեր ու գիտելիքներ ներդնելու՝ ես չէի կարողանա բիզնեսով զբաղվել: Առհասարակ, ցանկացած մարդու կարելի է գնահատել ըստ իր արարքների: Ինձ դեռ մանկուց սովորեցրել են դժվարություններ ու խնդիրներ հաղթահարել, անընդմեջ աշխատել ու երբեք չծուլանալ. իմ հաջողության գաղտնիքը երևի թե աշխատասիրությունն ու նոր հեռանկարներ փնտրելու ցանկությունն է: Ես մշտապես շարժման մեջ եմ և աշխատանքային լարվածությունից կարող եմ նույնքան հաճույք ստանալ, որքան ցանկացած այլ բանից: ԽՍՀՄ փլուզումից հետո ես չէի էլ կարող պատկերացնել, որ նոր ռուսաստանյան իրականությունն ինձ նման առույգ երիտասարդին բազմաթիվ հնարավորություններ կընձեռի: Ես դրանք բաց չթողեցի: Անկեղծ ասած՝ ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում: 

-Ինչո՞վ Ձեզ գրավեց գործարար աշխարհը, կպատմե՞ք Ձեր ներկայիս գործունեության մասին:

-Կյանքում շատ հետաքրքիր է նպատակներ դնել ու հասնել դրանց: Երբ մարդը մանկական տարիքից դուրս է գալիս, նրա նպատակներն ավելի լուրջ են դառնում, այնպես, ինչպես և կյանքը: Մեծ բավականություն ես ստանում, երբ գիտակցում ես, որ այն ամենն, ինչ մտածել էիր, ճիշտ էր, և դու հասել ես այն ամենին, ինչին ձգտում էիր: Այսօր «Լուդինգ» ընկերությունը Ռուսաստանում ալկոհոլային արտադրանքի ամենախոշոր ներկրողներից ու դիստրիբյուտորներից է, և ընկերության հիմնական նպատակն է էլ ավելի զարգացնել դիստրիբյուտորական ցանցն ու շարունակել պահպանել առաջատարի դիրքերը: Բախվելով բազմաթիվ արգելքների, առաջ անցնելով մրցակիցներիցդ, հաղթահարելով ճգնաժամ ու այլ խնդիրներ՝ հասկանում ես այն առաքելությունը, որը հենց քեզ է տրվել: Ես հիմա էլ աշխատում եմ մի շարք խոշոր նախագծերի ուղղությամբ, որոնք, հուսով եմ, մոտ ապագայում հանրության սեփականությունը կդառնան:  

Մենք բոլորս պետք է մասնակից լինենք, ներդրում ունենանք Հայաստանի ու Արցախի ամրապնդման գործում. չէ՞  որ որքան Հայաստանն ուժեղ է, այնքան ուժեղ է մեզնից յուրաքանչյուրը:

-Դուք ապրում եք Մոսկվայում, սակայն Ձեր կապը հայրենիքի հետ շատ ամուր է: Դուք Հայաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահն եք, իսկ վերջերս դարձել եք ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարը, հետաքրքիր է՝ ինչ գաղափարախոսությամբ եք առաջնորդվում:

-Ես համոզված եմ, որ անկախ մշտական բնակության վայրից, յուրաքանչյուր հայ պետք է Հայաստանի քաղաքացի ու հայրենասեր լինի և սոցիալական ու բարոյական պատասխանատվություն կրի իր հայրենիքի ճակատագրի համար: Ես կարծում եմ, որ բոլորը, ովքեր հնարավորություն ունեն, պետք է մասնակցեն մեր երկրի հասարակական ու մշակութային կյանքին: Մենք բոլորս պետք է մասնակից լինենք, ներդրում ունենանք Հայաստանի ու Արցախի ամրապնդման գործում. չէ՞ որ որքան Հայաստանն ուժեղ է, այնքան ուժեղ է մեզնից յուրաքանչյուրը:

Դուք ինձ իմ համոզմունքներից եք հարցնում, սպորտային բնագավառի աշխատանքից: Այն հաջողությունները, որոնք ցույց է տվել Հայաստանի օլիմպիական հավաքականը, արդեն ո՛չ սպորտսմեններին է գոհացնում, ո՛չ ղեկավարներին, ո՛չ էլ ժողովրդին: Ուզում եմ նշել, որ 60-րդ տեղը ավելի քան 200 մասնակից երկրների միջև ամենավատ արդյունքը չէ: Նշեմ, որ Պեկինում մենք 80-րդ տեղն էինք գրավել, այդ պատճառով էլ ես համաձայնեցի գլխավորել ծանրամարտի ֆեդերացիան և, միևնույն ժամանակ, օգնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին իր տեղակալի պաշտոնում: Շատ ժամանակ չի անցել, բայց կարծում եմ՝ շուտով երկրպագուները կկարողանան արդյունք տեսնել: Միայն սպորտսմենների ամենօրյա վարժանքներն  ու ձգտումները կարող են մեր հավաքականին հաջորդ օլիմպիադայում մեդալներ բերել: Իսկ ղեկավարությունն ամեն ինչ անում է այդ բարձր նպատակներին հասնելու համար:

-Ի՞նչ է բարեգործություն ասվածը Ձեզ համար:

-Տարիքի հետ սկսում ես մտածել այն մասին, թե ինչպես է ապրում քո երկիրը, ժողովուրդը: Դեռ 45 տարեկան էլ չեմ, բայց ինձ վաղուց է մտահոգում Հայաստանի ու Արցախի իմ հայրենակիցների կյանքն ու ճակատագիրը: Գիտեմ և տեսել եմ, թե ինչի միջով է անցել մեր հայրենիքը վերջին 20-25 տարիների ընթացքում՝ ահավոր երկրաշարժ, Արցախի պատերազմ, շրջափակում, որը շարունակվում է մինչև օրս: Այդ մտորումների արդյունքում, եթե, իհարկե, հնարավորություն ունես, սկսում ես մտածել բարեգործության մասին: Եվ, իհարկե, առաջին հերթին ուզում ես օգնել թույլերին, անպաշտպաններին, որոնք քո օգնության կարիքն այդքան շատ ունեն: Ինձ համար բարեգործությունը առաջին հերթին սոցիալական պատասխանատվություն է հենց իմ առջև, հասարակության ու պետության առջև: Ես սիրում եմ իմ հայրենիքը, Հայաստանի քաղաքացի եմ և հպարտանում եմ դրանով:  

Կարճ է նույնիսկ ամենաերկար մարդկային կյանքը, բայց այդ ժամանակի ընթացքում նա կարող է սովածին հաց տալ, հիվանդի տանջանքը թեթևացնել, ծերերին, երեխաներին օգնել: Նման կյանքը նոր իմաստով է լցվում ու լիարժեք դառնում:  

-Ձեր կյանքի ո՞ր ժամանակահատվածից եք սկսել բարեգործությամբ զբաղվել, այդ մղումը Ձեր մեջ մշտապես եղե՞լ է, թե՞ այն առաջացել է կյանքի ընթացքում:

-Բարեգործությամբ զբաղվելու ծիլերը, թերևս, դեռ մանկուց են գալիս: Ես ծնվել ու մեծացել եմ սովետական ընտանիքում, որտեղ հարուստ մարդը հրեշ էր համարվում, աղքատը՝ լավ մարդ: Այսինքն՝ հարուստին պետք է թալանել, ամեն ինչ ձեռքից առնել ու տալ աղքատին: Բարեգործության մասին խոսք չկար, ոչ ոք չգիտեր, թե դա ինչ է: Բայց իմ ընտանիքում փոխհարաբերություններն այլ կերպ էին ձևավորվում: Իմ ծնողները, պապիկս ու տատիկս հարուստ չէին, բայց հնարավորության դեպքում օգնում էին բարեկամներին, ընկերներին, հարևաններին: Երևի հենց նման վերաբերմունքն եմ ես հիշել:

Կարճ է  նույնիսկ ամենաերկար մարդկային կյանքը, բայց այդ ժամանակի ընթացքում նա կարող է սովածին հաց տալ, հիվանդի տանջանքը թեթևացնել, ծերերին, երեխաներին օգնել: Նման կյանքը նոր իմաստով է լցվում ու լիարժեք դառնում: 

-Դուք  «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար անդամ եք, և վերջերս Ձեր հովանավորությամբ հիմնանորոգվեց ու կահավորվեց Ստեփանակերտի տուն-ինտերնատի երկրորդ մասնաշենքը: Կպատմե՞ք Ձեր բարեգործական ծրագրերի մասին:

-Ստեփանակերտի տուն-ինտերնատում հիմնանորոգվել և կահավորվել են երկրորդ մասնաշենքի սենյակները: Կից՝ կառուցվել են կաթսայատուն, խոհանոց, ավտոտնակ: Վերահատակագծման արդյունքում ինտերնատն այսօր ունի նաև հարմարավետ ճաշարան: Բակի կանաչ հատվածում կառուցվել է շվաքարան, լայնացվել են ճեմուղիները, իսկ տարածքը լուսավորվել է և ցանկապատվել: Ներկայումս այս հաստատությունում մշտապես բնակվում է 80 ծեր ու հաշմանդամ, շուրջ 150 հոգի էլ հաստատության անձնակազմի կողմից խնամք է ստանում տնային պայմաններում: Նրանք իսկապես սիրո և հոգատարության կարիք ունեն, էլ չեմ խոսում այն մասին, որ այսօր հոգալով մեր մեծերի մասին` մենք կրթում ենք մեր երիտասարդ սերնդին` նրանց համար նաև օրինակ ծառայելով:

Ես շարունակելու եմ  օգնել Ղարաբաղին: Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան այցի ժամանակ տեսա ու հասկացա, որ այն պայմանները, որ այսօր կան, բավարար չեն լիարժեք ուսումնական գործընթացի կազմակերպման  համար: Դեռ խորհրդային ժամանակներից ուսումնարանում վերանորոգում չի եղել, և այն կիսաքանդ վիճակում է գտնվում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ ֆինանսավորել ուսումնարանի ամբողջական վերանորոգման աշխատանքները:

-Պարո՛ն Շահազիզյան, Դուք, կածում եմ, հետևում եք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին: Հետևելով դրանց, գնահատելով Հայաստանի զարգացման միտումները՝ ինչպիսի՞ն եք տեսնում ապագա Հայաստանը:

-Իհարկե, հետաքրքրվում եմ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությամբ: Վերջին տարիների հաջողությունների հետ մեկտեղ՝ ձեռքբերումները տնտեսության, արտադրության, առևտրի, պաշտպանության ամրապնդման բնագավառներում, առկա են նաև բացասական միտումներ, ինչպիսին, օրինակ,  արտագաղթն է: Բայց ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ երկիրը շրջափակման մեջ է, պատերազմական վիճակում, փա՛ռք Աստծո, ոչ թեժ, և  ապրի ու աշխատի իր հայրենիքում ոչ միայն գումարի, այլ նաև խղճի թելադրանքով: Գուցե ես պարզ բաներ եմ ասում, բայց այլ ճշմարտություն մարդկությունը դեռ չի ստեղծել: Մենք պետք է ավելի ուշադիր լինենք միմյանց հանդեպ,  մեր հայրենակցին վերաբերվենք եղբոր, քրոջ պես, օգնենք նրան ու դժվար պահին կողքին լինենք: Միայն այս կերպ կհաղթահարենք այն դժվարությունները, որոնք մեր առջև ծառացած են:

-Հետաքրքիր է իմանալ՝ որն է Ձեզ համար ամենաթանկ պարգևը: 

-Վերջերս Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ինձ պարգևատրեց  «Երախտագիտության» մեդալով: Դա մեծ պատիվ է ինձ համար, թեև ես պարգև ստանալու ակնկալիք չեմ ունեցել: Ինձ համար ամենամեծ պարգևը այն մարդկանց ժպիտն ու աչքերում երախտագիտության փայլն է, ում օգնել եմ:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» N77 (էքսկլյուզիվ, 2012թ.)



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց