20:58
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ասվածն ու չասվածը Սփյուռքահայության հետ մշակութային կապի Կոմիտեի գործունեության վերաբերյալ

2017-10-07 12:28

   «Դե Ֆակտո » N 135 (08/2017թ.) 

2014թ. դեկտեմբերի 9-ին Սփյուռքի նախարարության և անձամբ տիկ. Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ փառավորապես նշվեց Սփյուռքահայության հետ Մշակութային կապի Կոմիտեի հիմնադրման 50-ամյակը:
Ներկաները, այդ թվում նաև հաստատության նախկին աշխատակիցները, շնորհակալական իրենց խոսքն ուղղեցին Հրանուշ Հակոբյանին, քանզի մոռացության մատնված, համայն հայությանը` հայրենիքին ու սփյուռքահայությանը, մեծագույն նպաստը բերած սույն հաստատության մասին վերհուշի մեղավոր-կազմակերպիչը նա էր:


Սփյուռքահայության հետ Մշակութային կապի Կոմիտեն, պետական հրովարտակով, սակայն որպես հասարակական կազմակերպություն, հիմնադրվել էր Վիկտոր Համբարձումյանի, Մարտիրոս Սարյանի, Հրաչյա Քոչարի, Էդվարդ Միրզոյանի, Վարդգես Համազասպյանի և երախտավոր այլ անձանց կողմից 1964թ. և գոյատևեց մինչև 1998թ., ավելի ճիշտ` 2002թ.:


1998թ. Արտգործ նախարարության կազմում ստեղծված սփյուռքի գործերով ու հոգսերով հագեցած նորաձև կառույցին 2009թ. փոխարինեց Սփյուռքի նախարարությունը:
Իմ ու շատերի, հատկապես` արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համոզմամբ, սփյուռքով զբաղվող կառույցը պետք է ունենա միայն հասարակական կառույցի կարգավիճակ, քանզի սփյուռք ունենում են ոչ թե երկրները, այլ ժողովուրդները: Պետք է բազմիցս կրկնել այս, հասկանալու համար, որ պետական կառույցի շրջանակներում նա զգալիորեն սահմանափակում է իր կարողություններն ու գործունեության շրջանակները: Օրինակները բազմաթիվ են: Այսպես, օրինակ` Ավստրալիայում ԽՍՀՄ-ը երկար ժամանակ դեսպանություն չուներ, սակայն Կոմիտեն առանց դժվարության արվեստագետների խմբեր էր ուղարկում, քանի որ հրավերները ստացվում էին տեղի Թեքեյան կամ հասարակական այլ կազմակերպությունների կողմից: Այս գործընթացում բացառվում էր պետական որևէ կառույցի առկայությունը:
Իմ երիտասարդությունն ու աշխատանքային գրեթե ողջ կենսագրությունն անցել է այդ հարկի ներքո` աննշան ընդհատումով:


Այդ ընթացքում պատիվն եմ ունեցել առնչվելու մեր ազգային մեծերի հետ` Ռուբեն Մամուլյան, Վիլյամ Սարոյան, Լևոն Զավեն Սյուրմելյան, Մուշեղ Իշխան, Թորգոմ Փոստաճյան, Պերճ Ժամկոչյան, Ռիշար Ժերանյան, Խորեն Տեր-Հարության, աշխարհահռչակ լուսանկարիչ-արվեստագետներ` Յուսուֆ Քարշ, Արթին Գավուք(յան), Արթուր Չոլակ(յան), մեծ բարերար Լուիզ Սիմոն-Մանուկյան, Բենոն Սևան, ամերիկահայ մեծանուն բժիշկներ` սրտաբան Հակոբ Այնթաբլյան, ուռոլոգ Կարո Դերձակյան և այլք: Մի քանի խոսք Բենոն Սևանի մասին: Կիպրահայ այդ հայորդին, որ զբաղեցնում էր ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի-քարտուղարի պաշտոնը, 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմին բերեց հաշտության սպիտակ դրոշը և կազմակերպեց երկու կողմերի ավելի քան 1մլն գերեվարված մարդկանց փոխանակումը, որին հաջորդեց խաղաղության գործընթացը: Իսկ Կարո Դերձակյանը, երեք տասնյակ տարիների ընթացքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մոտ 1000 մարդու կյանք է փրկել կամ ապաքինել: Այդ մեծ հայի շնորհիվ մութ ու ցուրտ տարիներին, 14 տարի շարունակ, Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցն ու ուսուցիչները տարին 1-2 անգամ 50-100 դոլարի չափով օժանդակություն և կրթական օգնություն էին ստանում: Հիշեցնեմ, որ այն ժամանակ ուսուցիչների աշխատավարձը կազմում էր մի քանի դոլարին համարժեք դրամ:


Աշխատանքիս բերումով, սակայն, նմանօրինակ հուշերի շարքում դրվագներ կան, որոնք ներկայումս մնացել են, թերևս, միայն իմ հիշողության ծալքերում, դրանցից են օրինակ` կապված Գուրգեն Յանիկյանի հետ: Առաջիկայում այդ մասին անպայման հանդես կգամ մամուլում:


Կոմիտեն երեք նախագահ ունեցավ: Առաջինը սփյուռքը կամրջող ու համահայկականության ճարտարապետ, մեծ հայրենասեր Վարդգես Համազասպյանն էր: Նրա դարակազմիկ գործունեության շնորհիվ հայ հասարակությունն ինչ-որ չափով մուտք գործեց միջազգային ասպարեզ, անտեսելով ու շրջանցելով խորհրդային Երկաթյա վարագույրը: Հենց Համազասպյանը բացահայտեց, որ մենք տիեզերատարած ու մեծ ազգ ենք, որ աշխարհի շատ երկրներ ու ժողովուրդներ` իրենց մշակութային ու տնտեսական զարգացմամբ, մեծապես պարտական են դաժան ճակատագրի բերմամբ աշխարհի շատ ու շատ երկրներում հայտնված սփյուռքահայությանը: Մեր հենց այդ մեծ սփյուռքին Տիզբոն-Մոսկվան դիտում էր որպես սոցիալիստական գաղափարախոսության պրոպագանդման լավագույն միջոց, որի շնորհիվ Վարդգես Համազասպյանը կարողացավ հօգուտ ազգի հրաշքներ գործել` տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, քաղաքական և բազմաթիվ այլ ոլորտներում, ներառելով սփյուռքի գերազանց ուժերը:
Վարդգես Համազասպյանը պատմաբան էր, սակայն ստեղծեց հայ ազգային-դիվանագիտական դպրոց, որի կամարների ներքո շատերը դիվանագիտական պրոֆեսիոնալ առաջին փորձառությունն առան: Նրանց շարքում` արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որի մոնումենտալ աշխատությունը` «Դիվանագիտության»` հայ դիվանագետների սեղանի գիրքն է, ապաև` Արգենտինայում մեր առաջին դեսպան Արայիկ Հակոբյանը, Բրազիլիայում հյուպատոս Աշոտ Եղիազարյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում երկար տարիներ արտակարգ ու լիազոր առաջին դեսպան աշխատած Գեղամ Ղարիբջանյանը, որի բացառիկ աշխատանքի շնորհիվ շրջափակված Հայաստանի Հանրապետությունը կարողացավ աջակցություն ստանալ և նյութական ու բարոյական արժեքներով կապվել այդ ոչ-քրիստոնեական երկրի հետ ու վերահաստատել ընդհատված բարիդրացիական հարաբերությունները, հայտնի դիվանագետ, սփյուռքագետ, լրագրող-հրապարակախոս Ռոմեն Կոզմոյանը, Ուկրաինա (Կիև) դեսպանորդ Ջիվան Մովսիսյանը:
ԽՍՀՄ-ում սփյուռք ունեցող ժողովուրդների 10 ընկերությունների (ոչ թե Կոմիտե) շարքում միայն մեր Կոմիտեն էր արտոնյալ և շատ ու շատ հարցերում շրջանցում էր համամիութենական բազմաթիվ խոչընդոտներ: Սովորական էին դարձել մեր արվեստագետների, գիտնականների, մանկավարժների ու երգչախումբ-պարախմբերի անսահմանափակ այցերը սփյուռք:


Սփյուռքը ճանաչեց ու հպարտացավ հայրենիքով, մենք էլ` սփյուռքով:


Համազասպյանը մոտեցրեց կրոնական հարանվանությամբ բաժանված հայությանը, նրանց ուղղորդելով դեպի Էջմիածին: Նա բազմիցս անդրադարձել է հայրենիք-կուսակցություններ հարաբերությանը, ընդգծելով, որ հայրենիքին ծառայելը բոլորիս նպատակն ու պարտականությունն է, իսկ կուսակցությունները սոսկ նրան ծառայելու տարբեր միջոցներն են:


Մեր երկրորդ նախագահը մեծ ինտելեկտի տեր Կարլեն Դալլաքյանն աչքի ընկավ ոչ միայն որպես սփյուռքը հայրենիքին կապող հրաշալի գործիչ, այլ նաև գիտական հիմքերի վրա դրեց հայրենական սփյուռքագիտությունը:
Հետագայում Կոմիտեն կորցրեց իր արտոնություններն ու կարգավիճակը, վտարվեց 3 տարի հանգրվանած ու սեփականաշնորհած շենքից, որը հանձնվեց Սոցապ նախարարությանը, և նրա ղեկավար տիկ. Հրանուշ Հակոբյանն արտոնեց մեզ մի քանի տարի ևս մնալ այդտեղ: Այս առթիվ մեկ անգամ ևս հանդիսությանը ներկա և բացակա` Կոմիտեի բոլոր անդամների անունից, երախտիքի ու շնորհակալության խոսք ուղղվեց նրան:
Վերևում նշվեց, որ Կոմիտեն գոյատևեց մինչև 2002թ. (ոչ թե 1998թ-ը): Բանն այն է, որ ժամանակին 135 հոգուց բաղկացած անձնակազմից մնացած մի 10-15-ն աշխատավարձ էր ստանում մինչև 2002թ. ավարտը: Որտեղի՞ց: Բանն այն է, որ Կոմիտեն արտերկրում բարեգործական ներհոսով տարադրամային մի քանի հաշիվ ուներ, որոնց շնորհիվ ի վիճակի էր շրջանցելով արտերկրում անվճարունակ խորհրդային ռուբլին, ցանկացած երկրից Հայաստանի համար մեր իսկ պատվերով ստանալ խորհրդային երկրում գոյություն չունեցող գիտական, փորձարարական, բժշկական հազվագյուտ սարքեր, քիմիական նյութեր, դեղամիջոցներ (օրինակ` մի քանի միլիոն հաբ Կոլխիցին, պերիոդիկ կամ` երևանյան կոչված հիվանդության միակ դեղամիջոցը), գրականություն և այլն:
Այդ գումարներն անհետացան ՀՀՇ-ականների ձեռամբ: Հրաշքով մի փոքրիկ հաշիվ էր պահպանվել, որի շնորհիվ էլ գոյատևեցինք մինչև 2002թ:


Կոմիտեի խողովակով սփյուռքը մասնակցություն է ունեցել հայաստանյան բոլոր կարևոր իրադարձություններին և, այդ թվում, Երևան-Էրեբունու 2750-ամյակի տոնական միջոցառումներին: Սակայն ամենաառաջինը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխության
50-ամյակին` 1967թ. հոկտեմբերին, երբ այդ առիթով 13 վագոնից կազմված գնացքով Երևան ժամանեցին բուլղարահայ գաղթօջախի տարբեր համայնքների մշակութային խմբեր` Կիրկոր Կիրկորովի ղեկավարությամբ, իսկ բուլղարական կառավարական պատվիրակությանը մեզ ներկայացրեց այդ երկրի հակաֆաշիստական ղեկավարներից, հասարակական ականավոր գործիչ, ներքին գործերի նախկին նախարար, «Երևան» մշակութային-հասարակական կազմակերպության ղեկավար, գեներալ Գաբրիել Գաբրիելովը: Այդ 10 օրերին խմբերը հանդես եկան Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում:


Կոմիտեի վերջին միջոցառումը 1997թ. սեպտեմբերին Ղրիմում կազմակերպված Գաբրիել արք. Այվազյանի 185 և Հովհաննես Այվազովսկու 180-ամյակին նվիրված տասնօրյակն էր, որն անցավ մեծ շուքով: Այդ առթիվ Ղրիմի ինքնավարության վարչապետ Անուշավան Դանիելյանի կողմից ուղարկված հատուկ ինքնաթիռով Ղրիմ ժամանեց մշակութային մի մեծ պատվիրակություն, հիմնականում Երևանի Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի անձնակազմը: Հայ երաժիշտները, թատրոնի ղեկավար Տիգրան Լևոնյանի և արքայական Գոհար Գասպարյանի հետ, համերգներով հանդես եկան թերակղզու խոշոր քաղաքներում:


Պատվիրակության կազմում էր ՀՀ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը, որը մի շարք դասախոսություններով, ի զարմանս տեղացիների, տեղեկացրեց, որ հայերը Ղրիմում հաստատվել էին դեռևս Անտիկ շրջանում, իսկ ուշ միջնադարում, Վենետիկի հովանու ներքո գոյություն է ունեցել հայկական պետական կառույց` Armenia Maritima կոչված Ծովային Հայաստանը:


Հայաստանը Կոմիտեի միջոցով բազմիցս օգտվել է սփյուռքյան նվիրատվություն-բարեգործություններից, սակայն սփյուռքը չի դիտվել որպես կթան կով, այլ, ըստ ամենայնի, ջանացել է օգտակար լինել սփյուռքի կարիքներին և հնարավորինս փոխհատուցել: 1970-ականի երկրորդ կեսերին Լիբանանում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի տարիներին, հատկապես` 1978թ. հաստատության աշխատակիցները փաթեթավորում էին դպրոցական կարիքներին անհրաժեշտ ամեն ինչ` լաբորատորիաներ, ուսումնական տեխնիկական միջոցներ, լուսանկարչական և այլ սարքեր, երաժշտական գործիքներ, դաշնամուրներ և այլն, որ տասնյակ բեռնատարներով հասցվեցին Օդեսա ու այնտեղից «Ուկրաինա» նավով Բեյրութ:
Այդ դժվարին գործը ղեկավարում էր Ռոմեն Կոզմոյանը:
Հաջորդ 2 տարիներին` 1979-1980թթ. Կոմիտեի Արևելյան երկրների բաժինը` ղեկավար նույն Ռոմեն Կուզմոյանը և Սարգիս (Ժակ) Սարգսյանն ու Ներսես Պետրոսյանը, 22 բեռնատար ինքնաթիռներով Բեյրութ հասցրեցին դեղորայք, սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ բեռներ: Այս մասին Հայաստանում քչերը գիտեին: Մենք մեզ չէինք գովերգում: Այդ ամենը բարձր է գնահատել լիբանանահայությունը, զգալով թիկունքում հզոր հայրենիքի և ավելի հզոր Խորհրդային Միության աջակցությունն ու պաշտպանությունը: Այս միջոցառումը մեծապես նպաստեց գաղթօջախի միասնությանը:


Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում բավականին բարեկեցիկ կյանքով ապրում է մոտ 1մլն. հայություն:


Ադրբեջանցիների հրահրմամբ տեղի զինյալ կազակները հայկական բնակավայրերի հայ բնակչությանը վերջնագիր ներկայացրեցին` հեռանալ, թողնելով ողջ ունեցվածքը, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կիրականացվեին բռնություններ: Դա 1998 թիվն էր:
Տեղի հայության պատվիրակության հետ Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինին համոզեցինք` դիմել Համայն Ռուսիո Պատրիարքին, քանի որ անիշխանության այդ պայմաններում կազակները միայն նրան կենթարկվեին, իսկ Կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ջիվան Մովսիսյանը և կառավարության մի քանի անդամներ, հատուկ ինքնաթիռով թռան Կրասնոդար ու Ստավրոպոլ և հայությանը փրկեցին վերահաս աղետից:


Վերջին տարիներին շրջանառվում է սփյուռքյան միայն համայնք հասկացությունը: Դա սխալ է: Կարծում եմ ամերիկահայ, ֆրանսահայ, պարսկահայ, վիրահայ կամ այլ երկրների համայնք չկա, այլ կան ամերիկահայ, ֆրանսահայ, պարսկահայ, վիրահայ գաղթօջախներ և նրանց կազմում` բազմաթիվ ու բազմազան համայնքներ, այսինքն` համայնքն ընդամենը գաղթօջախի բաղկացուցիչ մասն է:


Հայրենահայությանը, սփյուռքահայությանը ևս 1998թ. պաշտոնապես տեղեկացվել էր, որ Կոմիտեն այլևս գոյություն չունի` չկա: Շատերիս, նաև սփյուռքահայությանը, համակել էր կարոտախտ և պատահական չէր, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանն ու հատկապես Վազգեն Սարգսյանը ծրագրել էին Կոմիտեն վերականգնել միանգամայն նոր կարգավիճակով, սակայն 1999թ. ողբերգությունը կանխեց սկսված գործընթացը: Բայց պարզվում է, որ Կոմիտեն գոյություն ունի և կա: Բանն այն է, որ Սփյուռքահայության հետ Մշակութային կապի Կոմիտեն, որպես հասարակական կազմակերպություն, ուներ իր համապատասխան կարգավիճակը, այսինքն` նա կարող էր, համաձայն իր կանոնադրության, վերակազմավորվել կամ լուծարվել միայն ընդհանուր ժողովի (Կոնֆերանսի) որոշմամբ` մասնակիցների թվի 2/3-ի պահանջով ու քվեարկությամբ: Քանի որ Կոմիտեն պետական կառույց չէր, նրա վերացման կամ լուծարման 1998թ. կառավարական որոշումն անօրինական է, հետևաբար` մենք կանք և մեզ կարելի է ընդգրկել հայրենակառույց ցանկացած ծրագրերում, օգտագործելով նրա մնացած վերջին մոհիկան-անդամների սփյուռքագիտական պրոֆեսիոնալ կարողությունները:


Վերջապես հարկ է արժանին հատուցել արժանավորաց և, կարծում եմ, ժամանակն է պետական ամենաարժանավոր ու բարձր պարգևի (ինչու չէ, նաև կոչումի) արժանացնել Վարդգես Համազասպյանին ու Կարլեն Դալլաքայանին` հետմահու:

Արթուր Նավասարդյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...