09:42
07/06/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ամենաարդարամիտ ու օրինապահ դատավարությունը հայկական Լվովում

2017-10-10 11:40

«Դե Ֆակտո » N 135 (08/2017թ.) 

1617 թվականի հունիսին Խաչկո Սերեբկովիչի գլխավորությամբ Լվովից Կոնստանդնուպոլիս է ուղևորվում հայկական առևտրական մի քարավան, որի կազմում էր Իվաշկո Յակուբովիչ-Վարդերեսովիչը: Նա մորեղբոր խնդրանքով՝ վաճառելու նպատակով, իր հետ վերցրել էր նրա 45 զույգ շվեդական լուսանի մորթի:


Ըստ մորեղբոր՝ Ղուլաբ Իվաշկովիչի, 1617թ. հունիսի 21-ի գրավոր խնդրանքի, Յակուբովիչ-Վարդերեսովիչը թանկագին մորթիները պետք է Կոնստանդնուպոլսում վաճառեր կամ փոխանակեր արժեքավոր այլ ապրանքների հետ և նրա դիմաց Լվովում փոխհատուցեր 1150 ոսկով:


1618թ. սկզբին նա այլ ճանապարհով վերադառնում է Լվով, չբերելով ո՛չ ոսկի, ո՛չ մորթի, տեղեկացնելով, որ ապրանքը պահ է տվել և գործարքը կավարտի հաջորդ ուղևորությունից հետո: Չհավատալով առևտրական գործընկեր-ազգականին, Ղուլաբ Իվաշկովիչը, որը ղեկավարում էր Լվովի հայկական համայնքը, հայցադիմում է ներկայացնում լեհ-հայկական ինքնավար դատական ատյանին:


Դատը սկզբից ի վեր ձգձգվում է: 1618թ. ապրիլի 27-ին Իվաշկո Յակուբովիչ-Վարդերեսովիչն ի պաշտպանություն իրեն, դատական ատյանին է ներկայացնում հայ-ղփչաղերեն բարբառով հայատառ մի փաստաթուղթ, ըստ որի քարավանի անդամներն իրենց կամոք և ստորագրությամբ հաստատագրված, նամակով հավաստում են մորթիների հանձնումն իրեն: Այնուհետև՝ գրությունը չի դիտվում որպես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, այլ պարզապես նամակ-խնդրանք, և պաշտոնական փաստաթղթի չգոյության պայմաններում, մերժվում է զուտ հայկական այդ ատյանի կողմից:


Դատը վերստին ձգձգվում է մինչեւ 1618թ. ավարտը, և այս անգամ արդեն Ղուլաբ Իվաշկովիչը դատական ատյանին է ներկայացնում քարավանի ղեկավարի ու անդամների ստորագրությամբ հաստատագրված հայ-ղփչաղերեն բարբառով արձանագրված՝ մորթիների վերաբերյալ հայատառ մի այլ շարադրանք-հանձնարարական:


Այս անգամ ևս, նույն պատճառաբանությամբ, դատարանի կողմից մերժվում է հայցը, որ հայ-ղփչաղերեն շարադրանքը բնավ իրավական ուժ չունի, քանի որ այն սոսկ նամակ է՝ բարի կամքի արտահայտություն:
Հայ առևտրականների սույն վեճի պատճառով, մորթիները, հավելյալ արժեքով հետգնվելուց հետո, վերադարձվում են Լվով, իսկ դատական հայցը երկու դեպքերում էլ մերժվում է, նման պարագաներում երկկողմանի իրավական փաստաթղթի՝ պայմանագրի չգոյության պատճառաբանությամբ:


Հոդվածի ավարտին հարկ է անդրադառնալ կարևոր երկու հանգամանքների: Առաջինը, որ վաղեմությունը բնավ չկորցրած, անկողմնապահ, անաչառ ու օրինապահ սույն դատավարությունն է: Երկրորդը՝ Ռեչպոսպոլիտայի (լեհ-լիտվական) և Ուկրաինայի տարածքում հայտնաբերված միջնադարյան վերոհիշյալ ոչ-իրավական, բայց ըստ էության իրավական ծանրակշիռ դեր խաղացած սույն փաստաթղթերն են, որոնք վկայում են, որ հայ-ղփչաղերեն բարբառը, որ ստեղծվել էր Ղրիմում՝ Անիից արտագաղթած մեր հայրենակիցների հետնորդների կողմից և թաթար-մոնղոլական արշավանքների հետևանքով տեղափոխվել էր արևմուտք, հարատևում էր 17-րդ դարում՝ Եվրոպայի հարավ-արևելքում՝ Կոնստանդնուպոլսում, որտեղև այն գրի է առնվել 1618 թվականին:


Ուշագրավ է, որ հիշարժան այդ հայ-լեհական փաստաթղթերի ընթերցանությունից վերանում է տարածական այն զգացողությունը, որ գոյություն ուներ Լեհաստանի և Օսմանյան կայսրության՝ Լվովի ու Կոնստանդնուպոլսի միջև, թեև դրանց բաժանում էին մի շարք երկրներ ու հազարավոր մղոններ: Բայցև, միևնույն ժամանակ, հայաբնակ Լվովը հանդես էր գալիս որպես Արևելքն ու Արևմուտքն իրար կապող առևտրի միջնադարյան կենտրոն:


Իսկ ի՞նչ ասել է հայ-ղփչաղ բարբառ. ովքե՞ր են այդ ղփչաղներն ու ղփչաղահայերը և ի՞նչ առնչություն ունեն հայության հետ: Վատ չէր լինի, եթե վերհանվեր ու արժևորվեր պատմական այս, գրեթե մոռացության մատնված, իրողությունը: Միևնույն ժամանակ, հարկ է հստակեցնել ղպտի և ղփչաղ իրողությունները, քանզի դրանք ժամանակակից լրատվամիջոցներում հաճախ նույնացվում են:
Արթուր Նավասարդյան



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-06-15 18:27

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց