01:46
12/11/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նպատակները ծնվում են ուժեղ երազանքներից

2017-11-24 11:02

«Դե Ֆակտո» ամսագիրը զրուցեց Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանի հետ, 

ով ներկայացրեց համայնքում առկա խնդիրներն ու կատարված բազմապիսի դրական աշխատանքները:

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.)

-Պարո՛ն Կարապետյան, արդեն 10 ամիս է, ինչ ընտրվել եք Չկալովկա համայնքի ղեկավար, խնդրեմ ներկայացրեք՝ ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել մինչև համայնքի ղեկավար ընտրվելը:


-Աշխատանքային ուղիս սկսել եմ 2006թ.ից` աշխատելով «Բյուրական» ՍՊԸ-ում որպես սպասարկման կենտրոնի ավագ մասնագետ: 2008-2009թթ. զուգահեռ աշխատել եմ նաև ՀՀ Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունում որպես բարձր տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ: 2008թ. իմ սեփական ընկերությունում` «Վահրամ Կարապետյան» Ա/Ձ-ում աշխատել եմ որպես տնօրեն: 2010 թվականից աշխատանքային գործունեությունս շարունակել եմ «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ Հրազդան 5 Էներգաբլոկում` որպես ավտոմատիկայի արտադրամասի հերթափոխի պետ:

 

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել Չկալովկա համայնքի ղեկավարի պաշտոնում:

-Ուսումնասիրելով իմ հարազատ համայնքի առջև ծառացած առաջնային խնդիրները և նպատակ ունենալով լուծել դրանք` որոշեցի առաջիկա ընտրություններում առաջադրել իմ թեկնածությունը: 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում հավաքելով բնակիչների վստահության քվեների մեծամասնությունը` ընտրվեցի Չկալովկա համայնքի ղեկավար:

 

-Այս ամիսների ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք կատարել համայնքի զարգացման համար:

-Այս ամիսների ընթացքում համայնքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ. թերևս նշեմ դրանցից առավել կարևորները: Դեռ ձմռանից սկսել ենք համայնքապետարանի վերանորոգման աշխատանքները: Մարտ ամսից էլ սկսել ենք մասնակի վերանորոգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքներ իրականացնել համայնքի ճանապարհահատվածներում և մայթերում: Պետք է նշեմ նաև, որ 1992 թվից համայնքում չէր գործում մանկապարտեզը, ինչն առաջնային և շատ կարևոր խնդիր էր մեզ համար: Այս տարի ձեռնամուխ եղանք մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, որի արդյունքում արդեն օգոստոսի 1-ից երեխաները հաճախում են մանկապարտեզ: Իմ նախընտրական ծրագրում նշել էի, որ համայնքապետարանի աշխատակազմում պետք է ընդգրկված լինեն բացառապես համայնքի բնակիչներ և այս պահին համայնքապետարանում աշխատում են միայն մեր համայնքի բնակիչները: Ընդհանուր առմամբ համայնքում ստեղծվել եմ 7 նոր աշխատատեղ:


Այս ընթացքում բարեկարգվել և երթևեկության համար նպաստավոր են դարձել շուրջ 5 կմ ընդհանուր երկարությամբ դաշտամիջյան ճանապարհներ, ինչը նախկինում խոչընդոտում էր անասնակերը և հացահատիկը դաշտից գյուղ հասցնելուն: Մոտ 3 անգամ ավելացվել է համայնքի գիշերային լուսավորության ժամանակահատվածը և ընդլայնվել լուսավորության ցանցը: Ներկայացնեմ նաև որոշ բարեփոխումներ, որոնք իրականացվել են համայնքի կրթամշակութային կյանքում: Համայնքում սկսել ենք մեծ շուքով նշել բոլոր տոնական միջոցառումները: Դպրոցում հիմնել ենք պարի խմբակ, որտեղ հաճախում են շուրջ 30 երեխաներ: Իմ և դպրոցի տնօրեն Ն. Միրաքյանի ջանքերով 2017թ. սեպտեմբերի
1-ից դպրոցում ուսուցանվելու է երրորդ օտար լեզուն` անգլերենը, որը կնպաստի համայնքի կրթական մակարդակի բարձրացմանը և կկանխի անգլերենի բացակայության պատճառով աշակերտների դպրոցից հեռանալը:


Ասեմ նաև, որ բյուջեում կատարվել են որոշ փոփոխություններ: Այսուհետև համայնքապետարանը միանվագ 50000 դրամ հատկացնելու է զինծառայողներին, 50000 դրամ նորածիններին և 50000 դրամ մահվան նպաստ:

 

-Որքա՞ն է համայնքում բնակչության թվաքանակը և հիմնականում ինչո՞վ են նրանք զբաղվում:

-Համայնքն ունի 522 բնակիչ: Մեր համայնքը Սևանի տարածաշրջանում մեկ բնակչին բաժին ընկնող հողակտորների չափերով ամենամեծն է: Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, սակայն ունենք բնակիչներ, ովքեր աշխատում են այլ ոլորտներում. տարբեր հաստատություններում:

 

-Պարո՛ն Կարապետյան, կյանքում և աշխատանքում ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:

-Թե՛ կյանքում և թե՛ աշխատանքում իմ գլխավոր սկզբունքը նպատակասլացությունն է: Պետք է ասեմ, որ ես երազանքներ չունեմ կամ ավելի ճիշտ երազանքներս դարձնում եմ նպատակներ: Կարծում եմ, որ նպատակները ծնվում են ուժեղ երազանքներից, այն երազանքներից, որոնց ապրելու և իրականանալու համար պայքարում են ու ի վերջո հասնում են իրենց պլանավորած վերջաբանին: Ամեն նպատակ կունենա լավ վերջաբան, եթե սկսենք հավատալ ու պայքարել:

 

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձերղեկավարած համայնքը 5 տարի անց:

-Ապագա Չկալովկան ուզում եմ տեսնել կանաչապատ, գեղեցիկ և որ ամենակարևորն է, ցանկանում եմ յուրաքանչյուր բնակչին տեսնել անհոգ և երջանիկ:


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց