22:21
10/05/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երգչուհի Լայանա. ՙԳոհար՚ համույթը` հայ ժամանակակից երգարվեստի գոհարն է՚

2013-01-15 10:57

 Լիանա Թևոսյան, Լայանա… այս երկու անուններով հանդես է գալիս տաղանդավոր երիտասարդ մի երգչուհի: Թե ինչու՞ է նա հանդես գալիս այս երկու կեղծանուններով, ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը պարզեց հենց իր հետ զրույցում:

-Գիտեմ, որ ՙԳոհար՚ համույթի մեներգչուհի եք 2003-ից: ՙԳոհարը՚ ժամանակակից հայ իրականության ամենամասշտաբային համույթն է: Մեծ պատասխանատվություն է երգել նման համույթում: Կխնդրեի խոսել մի փոքր այս մասին:

- Այո՛, 2002 թվականին սկսեցի համագործակցել ՙԳոհար՚ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ որպես մեներգչուհի:  Ունեմ երաժշտական կրթություն` երաժշտական դպրոց, աշուղական երգի դպրոց, Երգի թատրոն, ապա պետական կոնսերվատորիա, որտեղ ընդունվեցի ժողովրդական բաժին, կես տարի անց տեղափոխվեցի ջազ-Էստրադային բաժին`  Ռաիսա Մկրտչյանի դասարան: Ուսումնառությանս սկզբի հետ համընկավ նաև ՙԳոհար՚ համույթի հետ համագործակցությունը` համերգներ, հյուրախաղեր Ստամբուլ, Մոսկվա, ԱՄՆ, Կանադա, հետագայում նաև Սիրիա, Բեյրութ: Կենդանի երգեցողություն, հեղինակավոր բեմեր, բազմահազարանոց հանդիսատես, ամիսներ տևող փորձեր, ճամփորդություններ. այս ամենն, իհարկե, մեծ փորձ ու պրոֆեսիոնալիզմ է տալիս երգչին: ՙԳոհար՚ն ինձ համար մեծ դպրոց էր որպես երգչուհի ձևավորվելու և կայանալու առումով: Արդեն շուրջ 9 տարի է, ինչ համագործակցում եմ ՙԳոհար՚ի հետ:

-Բացի ՙԳորհար՚ համույթի մեներգչուհի լինելուց` Դուք հանդես եք գալիս նաև որպես անհատ երգչուհի` Լայանա: Կխոսե՞ ք այս մասին:

- Ճիշտ եք, Լիանա Թևոսյան` ՙԳոհար՚ համույթի մեներգչուհի և էստրադային երգչուհի Լայանա – ես եմ /ժպտում է/: Գիտեք, նույնիսկ ուսանողական տարիներին շատերը դժվարանում էին պատկերացնել, որ ես ժողովրդական  բաժնի ուսանողուհի եմ, քանի որ ձևավորված ստերեոտիպ կա, որի հետ ես կարծես թե չեմ ասոցացվում: Ես ասոցացվում եմ առավել ռիթմիկ, աշխույժ էստրադային ժանրի երգչուհու հետ: Ես ինքս էլ էությամբ այդպիսին եմ, և ցանկացա չհեռանալով ժողովրդական երգից` շարունակել մնալ ՙԳոհարում՚ և միաժամանակ  փորձել ինձ նաև այլ ժանրում: Այդպես 2009-ին ձայնագրեցի առաջին տեսահոլովակս հայերեն և անգլերեն լեզուներով ՙՀեյ-նայ՚ երգը, որը մեծ հաջողություն ու լայն ճանաչում ունեցավ: Ինձ առաջարկեցին նույնիսկ երգեր ձայնագրել այլ լեզուներով, այդ թվում և ուկրաիներեն, քանի որ մորական գծով արմատներս ուկրաինական են: Հետո թողարկեցի նոր երգեր` և՛ ակումբային, և՛ ավելի դանդաղ մեղեդային երգեր: Սակայն որպեսզի ես մարդկանց մեջ լիովին չտպավորվեմ որպես Լայանա` էստրադային երգչուհի, վերջերս որոշեցի ձայնագրել մի ժողովրդական երգ, որն ավելի շատ ժամանակակից գործիքավորմամբ ժողովրդական երգ է:  Իմ նպատակը ժողովրդական երգը բոլորին լսելի դարձնելն է. և՛ ժողովրդական երգի սիրահարներին, և՛ մոդեռն ժամանակակից երաժշտության սիրահարներին:

-Ի դեպ, Դուք նաև այդ տեսահոլովակի համառեժիսորն եք: Ես տեղյակ եմ, որ երկրորդ մասնագիտությամբ ռեժիսոր եք: Ինչպե՞ ս ստացվեց, որ որոշեցիք ստանալ ռեժիսորի կրթություն:

-              ՙԳոհարի՚ համերգներից մեկի ժամանակ` 2006 թվականին Կրեմլում, հյուրերի շարքում էր նաև Երվանդ Ղազանչյանը, որը համերգից հետո մոտեցավ ինձ խորհուրդ տվեց ստանալ նաև թատերական կրթություն և ասաց, որ կցանկանա տեսնել ինձ իր կուրսում: Այդ ժամանակ ես դեռ կոնսերվատորիայում էի ուսանում: Ավարտելուց հետո, ես ընդունվեցի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին, Երվանդ Ղազանչյանի կուրս: Թատերական ինստիտուտն ինձ, իրոք, շատ-շատ կարևոր և լուրջ գիտելիքներ, փորձ և հմտություն տվեց: 2011-ին ավարտեցի ինստիտուտը գերազանցությամբ:

-Իսկ ո՞ր ասպարեզում եք Ձեզ ավելի լավ զգում:

-Երկուսն էլ ինձ համար թանկ ու կարևոր են, սակայն, ինչպես ասում է Երվանդ Ղազանչյանը, ՙԹատրոնը սիրուհի չի սիրում՚, այն հնարավոր չէ համատեղել որևէ այլ գործի հետ, ռեժիսուրային պետք է տրվել ամբողջությամբ: Քանի որ ես արդեն ավելի քան 9 տարի է երգում եմ, ուստի որոշեցի շարունակել գործունեությունս երգարվեստում: Ռեժիսուրա շատ եմ սիրում, կզբաղվեմ անպայման, թերևս, ավելի հասուն տարիքում: Կարծում եմ, որ ռեժիսորը պետք է հասուն լինի: Այո ես իմ վերջին տեսահոլովակի համառեժիսորն եմ. ցանկացա փորձել ինքս ինձ ու ստանձնեցի տեսահոլովակիս ռեժիսուրան իմ համակուրսեցու` ….ի հետ: Դե իսկ արդյունքը թող գնահատի դիտողը:

-Դուք նաև քո տեսահոլովակների գլխավոր հերոսուհին ես, նակարահանվել ես նաև հեռուստասերիալում: Այս ուղղությամբ գործունեությունդ ակտիվացնելու մասին մտածու՞մ ես:

-              Այո, ես իմ տեսահոլովակներում հանդես եմ գալիս նաև գլխավոր հերոսուհու կերպարում, նկարահանվել եմ նաև հեռուստասերիալում: Ինձ դուր է գալիս, սիրում եմ աշխատել տեսախցիկի առաջ: Հոգու խորքում սպասում եմ որևէ պատմական հերոսուհու կերպարի մարմնավորման: Նկարահանվելու տարբեր առաջարկներ եմ ստացել, բայց ինչպես ասացի, առայժմ կենտրոնացած եմ երգարվեստի վրա: Բնավորությամբ շատ հետևողական և պատասխանատու մարդ եմ, սիրում եմ ամեն ինչ անել լիարժեք ու յուրաքանչյուր գործի տրվում եմ ամբողջությամբ: Ուստի ամեն ինչ իր ժամանակին:

-Աշխատանքային այս ծանրաբեռնվածության պարագայում  ինչպես եք կարողանում համատեղել ՙԳոհարի՚ գործունեությունը  և Ձեր անհատական կարիերան:

- Ես ուսանողական հասակից արդեն աշխատել եմ, համագործակցել ՙԳոհար՚ համույթի հետ, սակայն այդ բազմաթիվ փորձերն ու հյուրախաղերը ինձ չեն խանգարել ավարտել կոնսերվատորիան գերազանցությամբ: Կոնսերվատորիան ավարտելուց հետո էլ չցանկացա հանգստանալ կամ դադար առնել, անմիջապես ընդունվեցի թատերական ինստիտուտ, որը ևս ավարտեցի գերազանցությամբ: Ես իմ բնույթով շատ աշխատասեր ու նպատակասլաց մարդ եմ, չեմ վախենում ծանրաբեռնվածությունից, շատ աշխատանքից, ուստի չեմ կարող ասել, թե շատ դժվար է, համատեղում ու հասցնում եմ, կարծես:

-Ի վերջո երաժշտական ո՞ր ժանրն է Ձեզ համար առավել հոգեհարազատ:

-              Գիտեք, ժամանակակից երաժշտությունը` փոփ, էստրադա, սրանք ժամանակի պահանջն են, մնայուն արժեք ինձ համար դասական և ժողովրդական երաժշտությունն է: Որքան էլ մենք այսպես ասած, միքսենք երաժշտական տարբեր ժանրեր, էստրադայի հետ օգտագործենք ազգային նվագարաններ, ժողովրդական խաղիկներ և այլն. այո, դրանից էստրադային երաժշտությունը միայն ու միայն շահում և առավել լսելի է դառնում, սակայն ոչ մի դեպքում չպետք է տուժի ու մոռացության մատնվի ժողովրդական երգը: Ինչպես Կոմիտասն էր ասում, չպետք է մոլախոտեր փաթաթվեն անապական հայկական խաղիկներին:

-Շնորհակալ եմ Լայանա, հետաքրքիր զրույցի համար:

Հարցազրույցը՝ Թեհմինա Արզումանյանի

«Դե Ֆակտո» N68, 2011թ.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...