04:55
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մասիս քաղաքային համայնքը` բուռն զարգացման եւ երիտասարդական քաղաք դառնալու ճանապարհին

2018-03-20 15:29

ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Մասիս քաղաքային համայնքի ղեկավար

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)  

2017թ. Մասիս քաղաքային համայնքի համար արդյունավետ տարի էր, որի ընթացքում նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին հաջողվեց ամենակարևորը` ժողովրդի շրջանում հույս և հավատ արթնացնել դեպի քաղաքային իշխանությունը: Դա յուրաքանչյուր պաշտոնյայի համար կարևոր ձեռքբերում է և հիմք` հետագա աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար: Նրան դա հաջողվեց` շնորհիվ իր լայնամասշտաբ աշխատանքի բնակչության տարիքային և սոցիալական բոլոր խմբերի հետ, ինչպես նաև քաղաքի տարբեր ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացմամբ:
«Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից, քանի որ աշխատել ենք ծանրաբեռնված ռեժիմով, ձգտել չանտեսել քաղաքի համար կարևոր որևէ խնդիր, իսկ ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դրանցից գոհ չեմ, քանի որ քաղաքը բազում խնդիրներ ունի, որոնք պետք է լուծել, և մեկ տարին շատ կարճ ժամանակահատված է ցանկալի արդյունքների հասնելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
Մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքում շատ բան է փոխվել, դրա մասին փաստում են նաև քաղաքացիները, ովքեր գոհունակությամբ են խոսում իրենց ղեկավարի մասին, ում հետ անմիջական շփման հնարավորություն ունեն ամեն օր, և ով ընկերաբար, հարազատի պես է վերաբերվում իրենց, անկեղծ է և ջանում է լուծում տալ առկա խնդիրներին:
Դավիթ Համբարձումյանը, ստանձնելով պաշտոնը, կադրային փոփոխություններ գրեթե չի կատարել. «Ես Մասիսի համայնքապետարանի բոլոր աշխատակիցներին ընդամենը ասել եմ, որ ես աշխատելու եմ այն մարդկանց հետ, ովքեր իսկապես ցանկանում են աշխատել, զարգանալ, հասնել ցանկալի արդյունքների, ձգտել ավելին անել հանուն մեր քաղաքի հզորացման: Ես պահանջկոտ մարդ եմ ինչպես ինքս իմ, այնպես էլ իմ աշխատակիցների հանդեպ»:
Դավիթ Համբարձումյանը պաշտոնը ստանձնեց 2016թ. տարեվերջին, երբ պետք էր իրականացնել տարվա ամփոփիչ աշխատանքներ, կատարել բյուջեն, ինչպես նաև ձևավորել 2017թ. բյուջեն: Նրան այդ ամենը հաջողվեց կատարել և անցնել քաղաքի բարեկարգմանն ու այլ ոլորտներին ուղղված լայնամասշտաբ ծրագրերի իրականացմանը: Նա առաջին հերթին քայլեր ձեռնարկեց քաղաքն աղբից մաքրելու ուղղությամբ, որին հաջորդեց Մասիսում կանոնավոր աղբահանության իրականացման կազմակերպումը: Կարևորելով քաղաքի կանաչապատման աշխատանքները` համայնքում կազմակերպեց ծառատունկ: Կարևոր նախաձեռնություն էր քաղաքում լուսակիրների տեղադրումը, ինչն առավել նպաստեց փողոցներում մեքենաների անվտանգ երթևեկության ապահովմանը:
Համայնքի երեխաների, ինչպես նաև մեծահասակների առօրյան առավել հետաքրքիր դարձնելու համար քայլեր են ձեռնարկվել բակերում խաղահրապարակների կառուցման և տաղավարների տեղադրման ուղղությամբ. կառուցվել է երկու նոր խաղահրապարակ, տեղադրվել են չորս նոր տաղավարներ:
Ինչպես նաև վերանորոգվել է 1000մ. տանիք, կատարվել են 2 կմ երկարությամբ հեղեղատարի մաքրման աշխատանքներ և հանձնվել շահագործման: Ի դեպ, հեղեղատարը 1970-ականներից չէր մաքրվել: Իրականացվել են նաև գազաֆիկացման աշխատանքներ համայնքի երկու թաղամասերում: Դեռևս կան մի քանի թաղամասեր, որ գազաֆիկացված չեն, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և փուլ առ փուլ դրանք ևս կգազաֆիկացվեն: Համայնքում կատարվել են մոտ. 1000 կմ երկարությամբ կոյուղագծերի արդիականացման աշխատանքներ, որոնք ևս ընթացքի մեջ են:
Վերանորոգվել և լուսավորվել են նաև քաղաքի բոլոր չորս մուտքերը, տեղադրվել են տեսախցիկներ, որոնք կնպաստեն քաղաքի անվտանգության ապահովմանը:


        «Մեր քաղաքային համայնքը մասնակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերին, որոնց շրջանակներում համայնքում իրականացվում է լեդ լուսավորության համակարգի ներդրում, մենք փուլ առ փուլ անցնում ենք նոր` էներգախնայող լուսավորության»,-իր խոսքում նշեց Դ. Համբարձումյանը:
Մասիս քաղաքում ակտիվացել և օր օրի զարգացում է ապրում մշակութային և սպորտային կյանքը: Համայնքի ղեկավարն աջակցում է դպրոցներում, մանկապարտեզներում և քաղաքում գործող կրթա-մշակութային ու սպորտային օջախներում տեղի ունեցող գրեթե բոլոր միջոցառումների կազմակերպմանը, պատվում դրանք իր ներկայությամբ: «Ես խիստ վերահսկում եմ մեր ենթակայության տակ գտնվող նախադպրոցական և մշակութային կրթօջախների գործունեությունը, հաճախակի անակնկալ այցելություններ եմ կատարում և ինքս տեսնում, թե ինչպիսի աշխատանք է իրականացվում դրանցում, պահանջներ ներկայացնում և միաժամանակ աջակցում կազմակերպել գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառումներ, խրախուսում լավագույն սաներին: Ցանկանում եմ, որ մեր քաղաքում ապրող տաղանդավոր երեխաները բացահայտվեն, զարգացնեն իրենց ընդունակությունները և մեծ բարձունքներ նվաճեն»:
Նորընտիր քաղաքապետի շնորհիվ` քաղաքը վերագտավ իր տոնը, որի մասին գրեթե մոռացել էին մասիսցիները: Նրա ջանքերով` նոյեմբերի 10-ը համարվող քաղաքի տոնը վերածվեց մեծ տոնախմբության, որը տարածվել էր ողջ քաղաքում, դրա բոլոր հատվածներում` ամենուր ապահովելով բարձր և տոնական տրամադրություն:

Դավիթ Համբարձումյանի մշտական ուշադրության կենտրոնում են նաև սոցիալապես անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների, ինչպես նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները: Մեկ տարվա ընթացքում շուրջ 700 ընտանիքի տրվել է տարբեր տեսակի օգնություն: Դավիթ Համբարձումյանի գործունեության հաջողության գրավականներից մեկն էլ երիտասարդ ներուժն ակտիվացնելուն ուղղված աշխատանքներն են: Նա կարևորում է մասիսցի երիտասարդների մասնակցությունը, նրանց նորարարական գաղափարների ներդրումը քաղաքի կառավարման գործում, ինչի հավաստիքն է Մասիսի ուսանողական խորհրդի ստեղծումը: Այն արդեն ունի շուրջ 100 և ավելի անդամ: «Մասիսի ուսանողական խորհրդի ստեղծումը կարևոր ծրագիր է ինձ համար, որը առաջիկայում կունենա գործունեության լայն շրջանակ, կիրականացնի ծրագրեր և կնպաստի մեր քաղաքի զարգացմանը: Իմ ցանկությունն է, որ մեր երիտասարդներն անմիջական մասնակցություն ունենան իրենց քաղաքի ապագայի կերտմանը, հաղթահարեն դժվարություններ և պայքարեն հաղթանակների համար»:

Նյութը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...