23:27
10/05/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետության հետ համատեղ աշխատանքը` տեսանելի արդյունքների գրավական

2018-01-29 12:05

 
ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վեդի քաղաքային համայնքի ղեկավար

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

-Պարո՛ն Բարսեղյան, երկար ժամանակ է, ինչ Վեդի քաղաքային համայնքի ղեկավարն եք, հետաքրքիր է, որքանո՞վ է Ձեզ պարտավորեցնում այն վստահությունը, որ տարիներ շարունակ ստացել եք բնակչության կողմից:


-Բնականաբար, ընտրություններին տրված յուրաքանչյուր ձայն թանկ է ինձ համար, և ես ինձ պարտավորված եմ զգում յուրաքանչյուր ընտրողի առջև: Ես ձգտում եմ արժանի համայնքապետ լինել նրանց համար, և հավատացեք, ամեն ջանք գործադրում եմ դրա համար: Ես փորձում եմ իմ բնակչի կողքին լինել և աջակցել նրանց յուրաքանչյուր հարցում` սկսած ամենափոքր կենցաղային խնդրից մինչև ավելի լուրջ ու ծանրակշիռ խնդիրները: Համայնքի և նրա բնակիչների խնդիրներն իմ և ավագանու ուշադրության կենտրոնում են:
Համայնքապետարանը մշտապես աջակցում է հատկապես սոցիալապես անապահով ընտանիքներին, հոգում նրանց առողջության և կրթության հետ կապված խնդիրները, ինչպես նաև մենք աջակցություն ենք ցուցաբերում նախադպրոցական, արտադպրոցական, մարզական կրթօջախներին, համայնքում գործող գրադարանին` փորձելով լավացնել դրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը:
Մենք կարևորում ենք ժամանակակից, նոր մոտեցումների ներդրումն աշխատանքներում, որը դրական լիցք, նոր շունչ է հաղորդում դրանց: Այդ ամենի գնահատականը պետք է տա բնակիչը, և կարծում եմ, որ գնահատականն արդեն տրված է ընտրությունների միջոցով:

-Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել համայնքում վերջին տարիներին:

-Ես կարծում եմ, որ արդյունավետ և տեսանելի աշխատանք իրականացվում է այն ժամանակ, երբ համայնքում առկա է աշխատանքային ներդաշնակ և առողջ մթնոլորտ: Ես ուրախ եմ, որ մեզ բախտ է վիճակվել ապրել և աշխատել նման համայնքում: Որպես դրա հավաստիք` նշեմ, որ համայնքապետարանը հաջողությամբ աշխատում է մարզպետարանի և մեր տարածքային պատգամավորի հետ, և այդ եռամիասնության արդյունքում ծնվում և իրականացվում են համայնքի համար անհրաժեշտ ծրագրեր: Ես շնորհակալ եմ ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանից և մեր տարածքային պատգամավոր Արայիկ Գրիգորյանից նրանց սրտացավ աշխատանքի համար: Համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր: Մասնավորապես` վերանորոգվել և 2013թ. հաջողությամբ գործում է համայնքի մշակույթի տունը, որը համայնքի բոլոր միջոցառումներին իր տաղանդավոր սաների ելույթներով ներկայացնում է, թե ինչպիսի աշխատանքներ են տարվում երեխաների հետ:


Համայնքի մի շարք փողոցներում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ շուրջ` 40 մլն. դրամի չափով, որոնց մեծապես աջակցել է մեր տարածքի պատգամավորը: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել համայնքի մանկապարտեզներում, որոնք շարունակական բնույթ են կրում: Մասնավորապես, վերանորոգվել է թիվ 2 մանկապարտեզի տանիքը` կրկին մեր տարածքի պատգամավորի աջակցությամբ:


ՀՀ Արարատի մարզպետի աջակցությամբ` այս տարի վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, ինչը շատ կարևոր խնդիր էր բնակչության համար: Մեր մարզպետի աջակցությամբ` հիմնանորոգվում է Վեդիի հիվանդանոցը և ծննդատունը, որոնք առանձին կառույցներ են: Աշխատանքների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում անձամբ մարզպետը, ստուգում որակը, ես նույնպես պարբերաբար այցելում և հետևում եմ աշխատանքներին:


Ինչպես նաև համայնքում կատարվել և կատարվում են մայթերի կառուցման աշխատանքներ: Ընդլայնվել, որակապես փոխվել և արդիականացվել է համայնքի լուսավորության ցանցը, լիովին լուծվել է աղբահանության խնդիրը, որը կանոնավոր կերպով կատարվում է համայնքում: Համայնքը չունի նաև ջրամատակարարման խնդիր:

-Այս պահին ի՞նչ աշխատանքներ են իրականացվում համայնքում, որոնք ընթացքի մեջ են:

-Իրականացվում են բազմաբնակարան շենքերի բարեկարգման և կառուցապատման, տանիքների վերանորոգման ընթացիկ աշխատանքներ: Վեդիի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի բակում կառուցվում է խաղահրապարակ, որը երեխաների առօրյան առավել գեղեցիկ ու բազմազբաղ կդարձնի: Ինչպես նաև այժմ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Պուշկինի 145 շենքի բակում: Կայարանի տարածքում կառուցվում է ժամանակակից պահանջներին համապատասխան հասարակական պետքարան, քանի որ հինը վատ վիճակում էր: Նոր կանգառ է տեղադրվում Վեդիից դեպի Ուրցաձոր տանող ճանապարհահատվածում:

-Ի՞նչ նախանշված ծրագրեր կան 2018թ. համար:

-2018թ.հետ կապված ծրագրեր և հույսեր շատ ունենք: Առայժմ կասեմ, որ մեր պատգամավորի աջակցությամբ` պետական ծրագրի շրջանակներում, պետք է հիմնանորոգվի թիվ 3 մանկապարտեզը: Ունենք ասֆալտապատման խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծել որևէ պետական ծրագրով, քանի որ համայնքի բյուջեով հնարավոր չէ:
Քայքայված վիճակում է համայնքի ոռոգման ցանցը, և ակնկալում ենք, որ 2018թ. այդ խնդիրը ևս լուծում կստանա: Վարչապետի հավանությանն է արժանացել մեր համայնքում աղբի տեսակավորման գործարան կառուցելու ծրագիրը:
21 համայնքների համար կազմվել է զբոսաշրջության զարգացման 2018-2022թթ. ծրագիրը, որի շրջանակներում ևս կիրականացվեն որոշակի ծրագրեր:
Կարծում եմ` պետության հետ համատեղ արդյունավետ աշխատանքը տեսանելի կլինի նաև 2018թ.:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...