02:13
12/11/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՐՎԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ 2017-ի ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2018-02-08 11:28

ԴԱՆԻԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսառատ համայնքի ղեկավար

«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

-Պարո՛ն Հակոբյան, «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը, հաշվի առնելով ողջ տարվա ընթացքում Ձեր կատարած արդյունավետ աշխատանքը, Ձեզ ճանաչել է «Տարվա համայնքապետ 2017», ինչի առթիվ շնորհավարում ենք Ձեզ:
Տարեմուտը մոտենում է, և ժամանակն է ամփոփելու տարին. ինչպիսի՞ն էր 2017թ. Լուսառատ համայնքի համար:

-Շնորհակալություն նման բարձր գնահատականի համար:
Տարին բավականին հաջող էր Լուսառատի համար, բերքառատ էր: Մեր համայնքում հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ, ունենք 215 հա խաղողի այգիներ, որոնց բերքն այս տարի հաջողությամբ մթերվեց գործարանների կողմից, ընդհանուր առմամբ, մոտ 4 հազար տոննա խաղող:
Այս տարի մարզպետարանի աջակցությամբ հաջողվեց գազաֆիկացնել ևս մի քանի փողոցներ: Ներկայումս համայնքի միայն նորաբնակ հատվածները գազաֆիկացման խնդիր ունեն, որը կազմում է համայնքի 15 տոկոսը: Մարզպետը խոստացել է, որ հաջորդ տարի այդ հատվածները ևս կգազաֆիկացվեն: Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, քանի որ մարզպետը մշտապես կատարում է իր խոստումները և պատրաստակամ է օգնել համայնքներին:
Այս տարի կարողացանք նաև գեղեցիկ հանգստի գոտի ստեղծել մեր բնակչության համար, որն իրենից ներկայացնում է կանաչապատ այգի` երեխաների համար նախատեսված խաղահրապարակով, խաղասարքերով, շատրվանով, որտեղ իրենց երեկոներն են անցկացնում թե՛ մեծահասակները և թե՛ փոքրերը` մեծ բավականություն ստանալով:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս իրականացվել են արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման, փողոցների խճապատման աշխատանքներ: Համայնքը 95 տոկոսով լուսավորված է, մյուս տարի այդ խնդիրը լիովին կլուծենք:

-Ինչպիսի՞ վիճակում են համայնքի կրթամշակութային օջախները:

-Պետք է ուրախությամբ նշեմ, որ Գրիգորյան եղբայրների միջնորդությամբ, «Հայկական կարմիր խաչի» և Ճապոնիայի կառավարության միջոցով մոտ 200 հազար դոլար ներդրում է կատարվել մեր համայնքի դպրոցի հիմնովին վերանորոգման համար: Այսօր արդեն մեր` շուրջ 305 աշակերտները հաճախում են եվրոստանդարտներին համապատասխան դպրոց, որն ապահովված է նրանց համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Համայնքի բյուջեով մեզ հաջողվել է վերանորոգել մանկապարտեզի տանիքը, ինչպես նաև մեկ խմբասենյակ` իր սանհանգույցով: Այսօր արդեն իր բարելավված պայմաններով մանկապարտեզ են հաճախում 95 փոքրիկներ: Կարողացել ենք նաև գազաֆիկացնել մանկապարտեզը, սակայն ջեռուցման խնդիրը լուծել դեռևս չի հաջողվել: Հույս ունեմ առաջիկա տարիներին այդ խնդրին ևս լուծում տալ:
2009 թ. ամբողջությամբ վերանորոգվել է մեր մշակույթի տունը, որը գերազանց վիճակում է, հաջողությամբ գործում է, ունենք տարբեր խմբակներ, տաղանդավոր սաներ:

-Ինչպիսի՞ համագործակցություն կա համայնքի և մարզպետ Արամայիս Գրիգորյանի ու Ձեր տարածքի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի միջև:

-Նրանք լուսավոր մարդիկ են, նվիրյալներ, պատասխանատու աշխատողներ: Շատ դրական խոսքեր կարող եմ ասել նրանց մասին, քանի որ երկուսն էլ մշտապես մեր մարզի, մեր համայնքի կողքին են եղել անկախ այն հանգամանքից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել: Այսինքն` նրանց նվիրումն անկեղծ է, ճշմարիտ: Մենք նրանց հետ սիրով աշխատում ենք: Պետք է նկատեմ, որ մարզպետը բավականին հետևողական է իր աշխատանքում, մեզ հանձնարարականներ է տալիս, հետևում դրանց կատարմանը, մենք էլ մեր հերթին դիմում ենք նրան տարբեր խնդիրներով և նրա կողմից ստանում աջակցություն: Մենք նաև հաջողությամբ աշխատում ենք Արայիկ Գրիգորյանի հետ, նա նույնպես մշտապես մեր կողքին է, 24 ժամ հասանելի: Ավելացնեմ, որ անցյալ տարի Գևորգ Չավուշի արձանի մոտ ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի աջակցությամբ խաչքար տեղադրվեց` ի հիշատակ Լուսառատի ազատամարտիկների, ինչպես նաև նրա աջակցությամբ վերջերս գյուղի կենտրոնում կառուցվեց երեխաների համար գեղեցիկ խաղահրապարակ և հանգստի գոտի:

-Լուսառատ համայնքի անունը հուշում է, որ այստեղ լուսավոր մարդիկ են ապրում և ներդաշնակ մթնոլորտ է տիրում համայնքում, իրո՞ք այդպես է:

-Իսկապես, մեր համայնքում ապրում են լուսավոր մարդիկ, ովքեր սիրում և հարգում են միմյանց, օգնում, եթե դրա կարիքը կա, և կարողանում են գնահատել արված աշխատանքը: Ընդհանրապես, ես չեմ սիրում ինքս ներկայացնել համայնքը, հարցազրույցներ գրեթե չեմ տալիս, ավելի ճիշտ է շրջեք համայնքում, շփվեք բնակչության հետ և ինքներդ կարծիք կազմեք:

-Մոտենում է Ամանորը, ինչպե՞ս եք տոնում այն համայնքում:

-Ամանորը սիրված և սպասված տոն է բոլորիս համար: Համայնքապետարանը մշտապես առանձնահատուկ է պատրաստվում այդ տոնին, համայնքը տոնական տեսք է ստանում, ամենուրեք գեղեցիկ գունագեղ լուսավորումներ են, զարդարված եղևնիներ: Ամանորին նվիրված միջոցառմանը 1-10 տարեկան երեխաները նվերներ են ստանում:
Ամանորի գիշերը համագյուղացիներով հավաքվում ենք մշակույթի տան բակում, մեկս մյուսին շնորհավորում, բարեմաղթանքներ ցանկանում և մասնակցում գեղեցիկ հրավառությանը:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց