11:52
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Հրազդան» ԲԿ-ն թե՛ իր տեխնիկական հագեցվածությամբ, թե՛ մասնագիտական կազմով չի զիջում մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոններին

2018-05-30 12:32

Լիլիա Կարապետյան  

«Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.) 

Բժշկությունը զբաղվում է բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործով:
Այսօր ՀՀ մարզերում բժշկագիտության ոլորտում նկատվում է բուժծառայությունների սպասարկման որակի բարձրացում` բուժհաստատությունները հարուստ են արդի սարքավորումներով և ունեն որակյալ մասնագետներ: Այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ են կատարվել:
Ուսումնասիրելով «Հրազդան» բժշկական կենտրոնի գործունեությունը, պարզ է դառնում, որ այսօր Հրազդան քաղաքում մարզային բժշկությունն իր ուրույն զարգացման ուղին է անցնում: Փոքր, բայց հստակ քայլերով «Հրազդան» բժշկական կենտրոնն իր որակյալ բուժծառայությունն է մատուցում ոչ միայն Հրազդան քաղաքի, այլ նաև հարակից համայնքների բնակչությանը:
Այս ձեռքբերումների մեջ, իհարկե, իր մեծ ներդրումն ունի կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանը, ով իր նվիրված և հոգատար աշխատանքի շնորհիվ փորձում է, որպեսզի բժշկական կենտրոնը համընթաց քայլի արդի բժշկագիտության զարգացումներին:
Բժշկական կենտրոնում իրականացվող բարեփոխումների, բուժծառայությունների որակի և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանի հետ:

Ինձ համար ամենակարեվորն այն է, որ հիվանդը մեր բժշկական կենտրոնից հեռանա գոհ եվ բավարարված:


-Տիկի՛ն Կարապետյան, աշխատանքային հարուստ կենսագրություն ունեք, կխնդրեի ներկայացնեք` ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել մինչ «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելը:


-Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական բաժինը:
2000 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից գործուղվել եմ Կոտայքի մարզի Մեղրաձորի բժշկական ամբուլատորիա, որտեղ աշխատել եմ որպես տեղամասային մանկաբույժ: Նշեմ, որ Մեղրաձորի ամբուլատորիան ամենամեծն է Կոտայքի մարզում և սպասարկում է շուրջ 6000 բնակչի: Մինչև 2006 թվականն ամբուլատորիայում աշխատել եմ որպես տեղամասային մանկաբույժ, այնուհետև, համատեղելով աշխատանքս, վերապատրաստվել եմ Գերմանիայում, որից հետո, մեկ տարի աշխատելով որպես ընտանեկան բժիշկ, նշանակվել եմ ամբուլատորիայի տնօրեն:
2017 թվականից մինչ օրս աշխատում եմ Հրազդանի «Հրազդան» բժշկական կենտրոնում որպես տնօրեն:
Բժշկական գործունեության հետ մեկտեղ, նաև զբաղվել եմ մանկավարժական գործունեությամբ:

-Տիկի՛ն Կարապետյան, շուրջ կես տարի է ինչ նշանակվել եք «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում, ի՞նչ բացթողումներ եք հասցրել նկատել և այս ժամանակահատվածում ի՞նչ դրական աշխատանքներ են իրականացվել ԲԿ-ում:

-«Հրազդան» բժշկական կենտրոնն արդեն կայացած բուժհաստատությունն էր և, որպես այդպիսին, բացթողումներ չկային, սակայն ցանկացած բնագավառում փոփոխությունները միայն դրական առումով են անդրադառնում տվյալ ոլորտի զարգացման համար:
Աշխատանքային առաջին իսկ օրվանից ինձ համար առաջնային և կարևոր պայմանը ներքին կարգուկանոնի պահպանումն էր: Շատ կարևոր է, որ երբ հիվանդն առավոտյան ժամը 9-ին այցելի բուժհաստատություն, բոլոր բժիշկներն արդեն իսկ լինեն իրենց տեղերում: Ինձ համար նաև շատ կարևոր է բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների ճիշտ ձևավորումը: Բոլոր բժիշկները պետք է հոգատար և սրտացավ վերաբերմունք ցուցաբերեն ցանկացած հիվանդի նկատմամբ:
Գիտեք, հիվանդն այցելում է այն բուժհաստատություն, որտեղ բարեհամբույր և սիրալիր վերաբերմունք կա: Մեր անցկացրած վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ այսօր մարդիկ վստահում են մեր բժշկական կենտրոնին: Իմ աշխատանքային փորձից կարող եմ փաստել, որ շատ դեպքերում իմ հիվանդներն ասում էին, որ նույնիսկ խոսքով եմ կարողանում իրենց բուժել: Բժիշկի աշխատանքն այն դժվարին և պատասխանատու աշխատանքներից մեկն է, որ պետք է կատարես անսահման նվիրումով և հոգատարությամբ և ինձ համար ամենակարևորն այն է, որ հիվանդը մեր բժշկական կենտրոնից հեռանա բուժանձնակազմի վերաբերմունքից և բժիշկների ցուցաբերած մասնագիտական բուժօգնությունից գոհ և բավարարված:

-Ի՞նչ բաժիններ են գործում բժշկական կենտրոնում և ներկա դրությամբ, որքա՞ն հիվանդ է բուժվում բժշկական հաստատությունում:

-Կենտրոնն ունի ստացիոնար ծառայություն, որն իր մեջ ներառում է մի քանի բաժիններ` վիրաբուժական բաժանմունք, թերապևտիկ բաժանմունք, վերակենդանացման բաժանմունք, մանկաբարձական բաժանմունք, գինեկոլոգիական բաժանմունք և ծննդատուն, որտեղ գործում է նաև կանանց կոնսուլտացիա:
Վիրահատական բլոկը զինված է նորագույն, ժամանակակից բուժսարքավորումներով, այժմ սկսել ենք կատարել նաև դիմածնոտային վիրահատություններ: Վերակենդանացման բաժանմունքում ունենք այնպիսի սարքավորում, որը կարգավորում է հիվանդի օրգանիզմի ֆունկցիաները:
Ախտորոշիչ բաժանմունքում գործում է կլինիկական լաբորատորիա, և կան գործիքային հետազոտությունների սենյակներ` սոնոգրաֆիա, էնդոսկոպիա, էլեկտրոէնցեֆալոգրաֆիա, ռենտգեն կաբինետ և այլն:
Այս պահի դրությամբ մեզ մոտ բուժվում է 59 հիվանդ:

-Այսօր կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը բավարա՞ր է, ունե՞ք սարքավորումների խնդիր:

-Այո, սարքավորումների խնդիր ունենք, կենտրոնին անհրաժեշտ են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարքավորում, կոմպյուտերային տոմոգրաֆիա և բիոքիմիական անալիզատոր:
Շուտով ձեռք կբերենք բիոքիմիական անալիզատորը, որը թույլ կտա իրականացնել բոլոր լաբորատոր անալիզները:
Յուրաքանչյուր ծրագիր իրականացնում ենք, որպեսզի «Հրազդանի» բժշկական կենտրոնը դառնա լավագույն մարզային բուժհաստատությունը:

-Տիկի՛ն Կարապետյան, իսկ մասնագետների խնդիր ունի՞ բժշկական կենտրոնը:

-Մանկական բաժանմունքում ունենք նեղ մասնագետների կարիք. անհրաժեշտ են մանկական քիթ-կոկորդ-ականջաբան, մանկական սրտաբան, ակնաբույժ:

-Ըստ Ձեզ` այսօր վստահություն կա՞ դեպի մարզային բժիշկը:

-Ես կարծում եմ, որ այսօր բնակիչները վստահում են մեր բժշկական կենտրոնին և այստեղ մատուցվող բուժծառայությունների որակին: Դրա վառ ապացուցը մեր բնակիչների գոհունակությունն է, որը, թերևս մեզ համար ամենակարևորն ու առաջնայինն է:

-Ո՞ր դեպքերում եք հիվանդներին ուղեգրում Երևան:

-Այն հիվանդները, որոնք կարիք ունեն այնպիսի լրացուցիչ հետազոտությունների, որոնք մեզ մոտ չեն իրականացվում, ուղեգրում ենք Երևանի համապատասխան կենտրոններ: Իհարկե, կան նաև հիվանդներ, ովքեր իրենց կամքով են դիմում Երևանի բժշկական կենտրոններ:

-Տիկի՛ն Կարապետյան, հետաքրքիր է, մեզանում ընդունվե՞լ է բժշկին ժամանակին դիմելու մշակույթը:

-Այո՛, վստահաբար կարող եմ ասել, որ մարդիկ արդեն սկսել են իրենց առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինել:
Գիտեք, դա շատ ուրախալի փաստ է, քանի որ բժշկին ժամանակին դիմելու դեպքում, արդյունավետ է լինում հիվանդության բուժումն ու կանխարգելումը:

-Ըստ Ձեզ` կարևո՞ր է, որ բժշկական կենտրոնի տնօրենը մասնագիտությամբ բժիշկ լինի:

-Իհարկե այո, շատ կարևոր հարցեր կան, որ եթե դու չունենաս համապատասխան մասնագիտություն, չունենաս կլինիկական մտածելակերպ, չես կարող ճիշտ կողմնորոշվել և լուծել այդ հարցերը, միայն ադմինիստրատիվ աշխատանքը բավարար չէ բժշկական կենտրոն ղեկավարելու համար:

-Տիկի՛ն Կարապետյան, վերջին շրջանում առողջապահության ոլորտում բազում փոփոխություններ են տեղի ունենում, առողջապահական ոլորտի թվայնացումը, դեղատոմսով դեղերի դուրսգրման կարգը, արդյո՞ք այդ փոփոխությունները դրական առումով կանդրադառնան առողջապահության ոլորտի զարգացման համար:

-Իմ կարծիքով և՛ թվայնացումը, և՛ դեղատոմսերով դեղերի դուրսգրման կարգը, միմիայն դրական առումով կանդրադառնան առողջապահության համընդհանուր զարգացման համար: Ես ինքս Գերմանիայում երեք ամիս աշխատել եմ թվայնացման տարբերակով, և ասեմ, որ այդ մեխանիզմով բավականին արագ և հեշտ էր իրականացվում աշխատանքը:
Դեղատոմսերով դեղերի դուրսգրումը նաև հնարավորություն կստեղծի վերահսկելի դարձնել դեղատների աշխատանքը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

-Ի սկզբանե աշխատանքում ի՞նչ սկզբունքներ եք որդեգրել Ձեզ համար:

-Ինձ համար կարևոր է, որ բժիշկը լինի իր կոչմանն արժանի: Բարեխիղճ վերաբերմունք, հոգատարություն, սրտացավություն և պատասխանատվության մեծ զգացում, սրանք այն աշխատանքային սկզբունքներն են, որով յուրաքանչյուր բժիշկ պետք է առաջնորդվի:

-Ի՞նչ ծրագրեր կան 2018 թվականի հետ կապված:

-Բժշկական կենտրոնի հետ կապված ծրագրերը բազմազան են՝ ուղղված բուժծառայությունների որակի բարելավմանն ու արդիականացմանը:
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ օրեր առաջ մեր բժշկական կենտրոնի և «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Առաջիկայում, համագործակցության պայմանավորվածության համաձայն, միջազգային կազմակերպության տեղական ներկայացուցիչներն իրենց գործառույթների որոշակի հատված իրականացնելու են առողջապահական հաստատությունում հատկացված համապատասխան աշխատասենյակում: Ըստ անհրաժեշտության, իրականացնելու են բժշկական ոլորտում գիտական հետազոտություններ և ուսումնական ծրագրեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ասպարեզներում փորձի փոխանակման ու համանման այլ գործառույթներ:

-Ամուր ընտանիքն ազգի հենասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Սիրով, ամուսնացած եմ, ունեմ իմ հրաշալի և ներդաշնակ ընտանիքը:
Շատ եմ սիրում ընտանի կենդանիներ, հատկապես շուն: Մեր տանը խնամում եմ երկու շնիկներիս, որոնց շատ եմ սիրում: Գիտեք, շները շատ հավատարիմ են, նրանք ինձ հանգստություն են փոխանցում:


-Ինչպիսի՞ն է աշխատանքից դուրս Լիլիա Կարապետյանը:


-Շատ եմ սիրում ընթերցել, խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստել: Ինձ համար ամենահամեղ կերակրատեսակը տոլման է, ես մեծ սիրով եմ այն պատրաստում: Նաև մեծ խանդավառությամբ սիրում ծաղիկներ նվիրել, ինչու չէ, նաև ստանալ:

-Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

-Ցանկացած տարիքում կարևոր է գրքերի վերընթերցելը, քանի որ տարբեր տարիքում մեր պատկերացումներն ու ընկալումները տարբեր են լինում: Այժմ վերընթերցում եմ իմ սիրած գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը:

-Տիկի՛ն Կարապետյան, ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ, որպեսզի Աստծու կամքով բալիկ ունենամ:


-Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրը:


-Սիրելի վայրս, միանշանակ իմ տունն է, ես հանգստանում եմ իմ ընտանիքի անդամների հետ միասին:


-Կինը երջանիկ է այն ժամանակ...


-Կինը երջանիկ է, երբ գնահատված և սիրված է: Գիտեք, խոսքերը կարևոր չեն, պետք է կարողանալ զգալ մարդու վերաբերմունքը և գնահատել այն:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Կցանկանայի, որ ոչ մեկը զրկված չլինի մայրական գուրգուրանքից, ես մայր չունեմ և շատ եմ զգում մայրիկիս կարիքը:
Ցանկանում եմ, որ բոլորը երջանիկ լինեն, և իրենց երջանկությամբ վարակեն մյուսներին:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...