01:03
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ագարակի վերածնունդը եւ «Արարատ»-ի հաղթանակի հոբելյանը՝ տիեզերական մասշտաբով

2018-11-15 14:50

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարությունների նախաշեմին հայկական փոքր Ագարակ գյուղը ոչ պակաս հանդիսավորությամբ նշեց իր վերածննդի 10-ամյակը. տոնակատարություններին մասնակցելու համար անձամբ գյուղ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Փոքրից դեպի մեծ    Պետության առաջին դեմքի այցը կարևոր և նշանակալից իրադարձություն է ցանկացած քաղաքի համար, իսկ փոքրիկ գյուղի համար` հրաշքին հավասար մի բան: Այդ հրաշքն իր համագյուղացիներին կարողացավ նվիրել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը: Ամեն ինչ սկսվեց մի պարզ գաղափարից. մեկ տարի առաջ բարեգործական առաքելությամբ այցելելով Ղազախստանի մայրաքաղաք Ասթանա, Հրաչյա Պողոսյանը եղավ հանրապետության ազգային թանգարանում: Այնտեղ նրան հպարտությամբ ցուցադրեցին պետության դրոշը, որը գտնվել է տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում: Այդ պատմությունն անչափ դուր եկավ բարերարին, և նրա մոտ գաղափար ծագեց նույնպիսի նվեր անել նաև իր հանրապետությանը. տիեզերք ուղարկել Հայաստանի և Երևանի դրոշները և դա անել այնպես, որ վերադարձից հետո դրանք հանձնվեն երկրի ղեկավարությանը` Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում:Հրաչյա Պողոսյանը գաղափարի մասին պատմեց Ռուսաստանի Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-Արևմտյան բաժանմունքի փոխնախագահ Օլեգ Մուխինին և ստացավ նրա հավանությունը, այնուհետև իր համաձայնությունը տվեց նաև փորձարկիչ տիեզերագնաց, ԽՍՀՄ և Ռուսաստանի հերոս Սերգեյ Կրիկալյովն ու Ռոսկոսմոսը: Սակայն դրոշները երկար ճանապարհ ուղարկելուց առաջ Հրաչյա Պողոսյանը ստացավ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրհնությունը: Իսկ այնուհետև, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի աջակցությամբ, Ռուսաստանում ՀՀ դեսպանության շենքում Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և բարերար Հրաչյա Պողոսյանը դրոշները փոխանցեցին փորձարկիչ տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Օլեգ Արտեմևին, որը դրանք հասցրեց Միջազգային տիեզերական կայան: Դրոշները պետության առաջին դեմքերին որոշվեց հանձնել Հրաչյա Պողոսյանի հարազատ գյուղի` Ագարակի վերածննդի 10-ամյակի տոնակատարության օրը, պետական հանդիսությունների նախաշեմին: Այդ օրվա համար լայնածավալ ծրագիր պատրաստվեց: Արժե նշել, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղն ունի վաղեմի պատմություն, սակայն, ինչպես բազմաթիվ այլ փոքր գյուղերում, կյանքն այնտեղ ոչնչով աչքի չէր ընկնում մինչ այն պահը, երբ այդ գյուղում ծնված և ներկայում Պետերբուրգում բնակվող Հրաչյա Պողոսյանը, հաջողության հասնելով, սկսեց աջակցել հայրենի Ագարակին: Հենց 10 տարի առաջ Ագարակում բեկումնային պահ տեղի ունեցավ. 2008թ-ին այստեղ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ օծվեց Հրաչյա Պողոսյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այդ պահն էլ գյուղի հնաբնակներն անվանեցին Ագարակի վերածննդի օր: Այդ ժամանակից ի վեր Հրաչյա Պողոսյանի ջանքերով քիչ բան չի արվել. կառուցվել է մանկական խաղահրապարակ, նոր եկեղեցու հարևանությամբ ավելացել են զանգակատունն ու խաչքար-կաթնաղբյուրը, տեղադրվել է Մեծ հայրենականում զոհված ագարակցիների հիշատակին նվիրված հուշարձանը և մշտական օժանդակություն է ցուցաբերվում տեղի դպրոցին: Իսկ հինգ տարի առաջ հանդիսավոր կերպով բացվեց Հայաստանի լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմի հուշարձանը, որը նվիրվեց 1973-ին նրանց գրանցած «Ոսկե դուբլի» 40-ամյակին: Հուշարձանի բացումը տեղի ունեցավ մարդկային հոծ բազմության` Հայաստանից և Ռուսաստանից պատվավոր հյուրերի, աշխարհի տարբեր անկյուններից ժամանած «Արարատ» թիմի ֆուտբոլիստների, գյուղի բնակիչների ներկայությամբ: Այդ նշանավոր իրադարձություններից 5 տարի է անցել և Հրաչյա Պողոսյանը որոշել է կրկին հյուրեր հրավիրել իր հայրենի Ագարակ: Ագարակի վերածննդի 10-ամյակի առիթով գյուղի միջնակարգ դպրոցում դասասենյակ վերանորոգվեց, որը որոշվեց վերածել ռոբոտաշինության դասարանի և անվանակոչել առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի պատվին: Համապատասխան թույլտվությունը տվեց «Մոսկվայի Կրեմլ» թանգարան-արգելոցի տնօրեն ու մեծ տիեզերագնացի դուստր Ելենա Գագարինան: Հրաչյա Պողոսյանի պատվերով նաև ստեղծվեց Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր` Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ տեղադրելու համար: Սրբապատկերը Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ պատրաստեցին պետերբուրգյան «Տավր» խճանկարչական արհեստանոցի մասնագետները, այն բերվեց Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքից և տեղադրվեց Ագարակում` քանդակագործ Աշոտ Դավադյանի պատրաստած պատվանդանին: Բարեկարգվեց «Արարատ-73» հուշարձանին հարող հրապարակը, որը նույնպես որոշվեց անվանակոչել նշանավոր թիմի պատվին: Ագարակի համար ամենակարևոր իրադարձություններից դարձավ գյուղում կարի արտադրամասի բացումը, որն ագարակցիներին աշխատատեղերով ապահովելու հնարավորություն կտա: Այս նախագիծն իրագործելու գաղափարը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ-ի հունիսին Սանկտ-Պետերբուրգում` տեղի հայ համայնքի և գործարարների հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը հայ գործարարներին դիմել էր` հայրենակիցների համար Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու կոչով: Ագարակի վերածննդի 10-ամյակի տոնակատարության համար ամեն ինչ պատրաստ էր և մարդիկ հուզմունքով սպասում էին գլխավոր իրադարձությանը` «տիեզերական» դրոշների ժամանմանը Երևան:

Տիեզերքի բույրը    Հոկտեմբերի 6-ին Երևանի օդանավակայանում պաստառներով և ծաղիկներով հավաքվել էին հարյուրավոր մարդիկ` դիմավորելու թանկագին հյուրին, ոչ պակաս թանկագին բեռով: Իսկ անհանգստանալու առիթ կար: Միջազգային տիեզերական կայանի ռուսական անձնակազմը Երկրի վրա վայրեջք կատարեց հոկտեմբերի 4-ին և վստահությունը, որ երկար սպասված դրոշները ժամանակին կհասցնեն Երևան բերել, շատ փոքր էր: Եվ ահա, ժամանման կենտրոնական սրահից դուրս է գալիս փորձարկիչ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Հյուրերին և լրագրողներին պատվավոր հյուրի հետ ծանոթացնում է ակցիայի նախաձեռնող Հրաչյա Պողոսյանը: Հյուրին դիմավորում են աղուհացով` ծափահարությունների և լուսանկարչական սարքերի փայլատակումների ուղեկցությամբ: Բոլորին մի բան է հետաքրքրում. բերե՞լ է արդյոք հյուրը Հանրապետության դրոշները: Չէ՞ որ Հայաստանի համար այն փաստը, որ ՀՀ ու Երևանի դրոշները եղել են տիեզերքում, հսկայական նշանակություն ունի: Անտոն Շկապլերովը ցուցադրում է խնամքով փաթեթավորված ՀՀ դրոշը: Այն հարցին, թե կարո՞ղ է այն փաթեթից հանել, տիեզերագնացը պատասխանում է.

-Այժմ Հայաստանի դրոշը գտնվում է հերմետիկ փաթեթի մեջ: Այն փակվել է տիեզերքում և եթե այն բացել, ապա դուրս կգա տիեզերքի բույրը: Մենք որոշել ենք դա անել վաղը, երբ դրոշը հանձնեմ ձեր Հանրապետության առաջին դեմքերին, որպեսզի տիեզերական աուրան տարածվի հանդիսավոր մթնոլորտում: 

Տիեզերագնացը պատմեց, որ Երևանում առաջին անգամ է, սակայն Երկրի շուրջը պտտվել է ավելի քան 8 հազար անգամ և տիեզերական թռիչքի բարձրությունից տեսել է Հայաստանը, Սևանա լիճը և անգամ Հայաստանի մայրաքաղաքը: Նրա խոսքով, շատ քիչ երկրների դրոշներ են եղել տիեզերական բարձունքում, և Հայաստանի պես ոչ մեծ երկրի համար դա բավականին նշանակալից իրադարձություն է:

Նա նաև հայտնեց, որ Երևանի դրոշը դեռևս գտնվում է Բայկոնուրում, բայց մինչև Էրեբունի-Երևան տոնակատարությունը նույնպես կբերվի Հայաստան: Նրա խոսքով, տիեզերագնաց Օլեգ Արտեմևը, որը դրոշները հասցրել է կայան, անձամբ կժամանի և կփոխանցի այն: 
Հարցին, թե ի՞նչ կկամենար հայ ժողովրդին ու Երևանի բնակիչներին, Անտոն Շկապլերովը պատասխանեց.

-Տիեզերական չափանիշներով, 2800 տարին մեկ ակնթարթ է: Երևանի համար ամեն ինչ դեռ առջևում է, ցանկանում եմ տիեզերական նոր բարձունքներ, նոր ուղեծրեր և ձեռքբերումներ:

Երկնային նվեր՝ Հայաստանի համար   Հաջորդ օրը` հոկտեմբերի 7-ին, Ագարակը հյուրերին դիմավորում էր բնակիչների ուրախ դեմքերով, ազգային երաժշտությամբ, պարերով ու զարդարված փողոցներով: Այդ օրը գյուղ էին եկել պատվավոր հյուրեր Հայաստանի, Ռուսաստանի և աշխարհի տարբեր անկյուններից: Նրանց թվում էին Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` դեսպանատան աշխատակիցների հետ, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, Արագածոտնի մարզպետի պաշտոնակատար Անահիտ Սարգսյանը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներ, զինվորականներ, քանդակագործներ, նկարիչներ, լրագրողներ և գյուղի բնակիչներ: Հանդիսություններին մասնակցելու էին եկել Հրաչյա Պողոսյանի կողմից անձամբ հրավիրված հյուրեր Սանկտ-Պետերբուրգից և Մոսկվայից, որոնց թվում էին փորձարկիչ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը, գեներալ-գնդապետ Անատոլի Զայցևը, Սանկտ-Պետերբուրգի պատվավոր քաղաքացի, ՌԴ վաստակավոր ուսուցչուհի Լարիսա Լիստովան, «Վետերանսկիյե վեստի» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Կալինինը, «Նոյև Կովչեգ» անկախ թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, «Տավր» խճանկարչական արհեստանոցի գլխավոր տնօրեն Օլեգ Կոստենկոն: Եվ իհարկե, Ագարակ էին ժամանել «Արարատ» թիմի լեգենդար ֆուտբոլիստները: Ագարակն այդ օրն առհասարակ իր դռներն էր բացել բազմահազարանոց լսարանի առջև: Ազգային տարազներով աղջիկները հյուրերին դիմավորում էին աղուհացով, իսկ «Մարաթուկ» պարային համույթը բոլորին լիցքավորեց ազգային պարի էներգիայով: Տոնական միջոցառումները սկսվեցին Մեծ հայրենականում զոհված ագարակցիների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ և զամբյուղներ զետեղելուց: Զամբյուղներ դրվեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան, Հանրապետության Սփյուռքի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու, Ռուսաստանի հերոս-տիեզերագնացների, Արագածոտնի մարզպետի, Սանկտ-Պետերբուրգից ժամանած հյուրերի և Պողոսյան ընտանիքի կողմից: Յուրաքանչյուր հյուր և Ագարակի բնակիչ հուշարձանի մոտ սպիտակ մեխակներ խոնարհեց: Այնուհետև բոլորը հավաքվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ: Այստեղ, եկեղեցու հարևանությամբ, տեղադրված էր տուֆից պատվանդանը` Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերով: Սպիտակ պաստառը հանելու և հավաքվածներին սրբապատկերը ներկայացնելու պատիվը վերապահվեց Հրաչյա Պողոսյանին և Գևորգ եպիսկոպոս Սարոյանին: Հրաշագեղ նվերի օծման արարողությունն անցկացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր բարձրագույն հաստատությունների վերատեսուչ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների սպասավորությամբ: Արարողության ավարտին խճանկարի հեղինակ, «Տավր» խճանկարչական արհեստանոցի գլխավոր տնօրեն Օլեգ Կոստենկոն, ի խորոց սրտի շնորհակալություն հայտնեց ագարակցիներին ջերմ ընդունելության, իսկ Հրաչյա Պողոսյանին` նման բարդ և նշանակալից աշխատանքն իրեն վստահելու համար: Այնուհետև հյուրերին սպասում էին Ագարակի միջնակարգ դպրոցում: Նոր դասարանում, նոր նստարաններին, ժամանակակից համակարգիչների առջև նստած էին աշակերտները: Յուրի Գագարինի անվան այդ դասարանը հատուկ ստեղծվել է ռոբոտաշինության, ճշգրիտ գիտությունների և տիեզերքի ուսումնասիրության ասպարեզում ագարակցիների մատաղ սերնդի ներուժը զարգացնելու համար: Դասարանը բացեցին Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը և գեներալ-գնդապետ Անատոլի Զայցևը: Այստեղ տեղադրված է նաև Յուրի Գագարինի կիսանդրին, որը պատրաստվել է Հրաչյա Պողոսյանի պատվերով` հատուկ դպրոցի համար: Կիսանդրին բացելու պատիվը վստահվեց Անտոն Շկապլերովին և Հրաչյա Պողոսյանին: Անշուշտ, ռոբոտաշինության, իսկ դրան զուգահեռ նաև տիեզերական թեմաների ուսումնասիրությունը թույլ կտա ոչ միայն ընդլայնել դպրոցականների աշխարհայացքը, այլև ամենատարբեր, այդ թվում տիեզերական ոլորտում, մասնագիտություն ընտրելու հնարավորություն կտա: Դա ընդգծեցին արարողության բոլոր մասնակիցները: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այդ տոնական օրը կրթական գործընթացում իր ներդրումն ունեցավ` դպրոցին նոր համակարգիչ նվիրելով: Ի դեպ, վերջին տարիների ընթացքում Ագարակի դպրոցի սաները բազմիցս դարձել են հանրապետական տարբեր օլիմպիադաների և մրցույթների հաղթողներ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է գյուղում կենսամակարդակի բարձրացումը: Այդ ընթացքում Ագարակ ժամանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում սրտագին ընդունելություն էր սպասում: Վարչապետը ջերմորեն ողջունեց տոնակատարության հյուրերին, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ընդունող կողմին և միջոցառման նախաձեռնող Հրաչյա Պողոսյանին: Փաշինյանն առաջին հերթին մտավ նոր արտադրամաս, ծանոթացավ աշխատանքի պայմաններին, կիսեց աշխատողների ուրախությունը և շնորհակալություն հայտնեց Հրաչյա Պողոսյանին` գյուղի զարգացման մեջ նրա ներդրման համար: Կարի արտադրամասն առայժմ աշխատատեղերով է ապահովել շուրջ 20 ագարակցիների, սակայն հետագայում սպասվում է աշխատատեղերի ավելացում: Արտադրամասն արդեն ունի համազգեստ կարելու պատվերներ: Հետագայում դերձակները հույս ունեն սպառման տարածաշրջանային, իսկ այնուհետև նաև միջազգային ասպարեզ դուրս գալ: Արտադրամասի կողքին կառուցվում է նոր մասնաշենք, որն աշխատանքով կապահովի ավելի քան 100 մարդու: Շենքի հիմքում Նիկոլ Փաշինյանն ու Հրաչյա Պողոսյանը «հիշատակի պատիճ» զետեղեցին, որում պարունակվում է ուղերձ ապագա սերունդներին` Ագարակի և Հայաստանի բարգավաճման հույսով: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Արարատ-73» ֆուտբոլային հանրաճանաչ թիմի պատվին անվանակոչված հրապարակի բացմանը: Հրապարակը հանդիսավոր կերպով բացեց թիմի նախկին պաշտպան, ամենաերիտասարդ խաղացող Արմեն Սարգսյանը: Ի հիշատակ այդ իրադարձության, Նիկոլ Փաշինյանը հուշարձանի հարևանությամբ եղևնի տնկեց: Արարողությունից հետո պատվավոր հյուրին սպասում էին տոնական բեմում: Այստեղ հյուրերին դիմավորում էին հայկական էստրադայի աստղերը, իսկ միջոցառման հաղորդավարներն էին Նազենի Հովհաննիսյանը և Վարդան Թադևոսյանը: Այդ օրը Ագարակում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ուրախության բազմաթիվ խոսքեր ասվեցին, Հայաստանի բարգավաճման հույսեր հնչեցին: 

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց օրվա իրադարձությունների հատուկ կարևորությունը. 
«Այսօր շատ խորհրդանշական օր է` մի քանի պատճառներով: Շատերը հարցնում են, թե Հայաստանում ի՞նչ է վերջին հինգ ամսվա մեջ փոխվել. նրանք, ովքեր ուզում են տեսնել, կտեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունում փոխվել է ամենակարևոր բանը` տրամադրությունը, փոխվել են մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը և ինքնավստահությունը: Շատ կարևոր է արձանագրելը, թե ինչ է մեր ժողովրդի համար ամենակարևորը: Մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնասիրությունն ու հպարտությունն է: Մեր ժողովրդի համար կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ, և որևէ մեկը չկա իրենից առավել կամ իրենից պակաս: Եվ այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի` սկսած վարչապետից, վերջացրած որևէ այլ մեկով, որ կարող է ասել, որ ունի առավելություն: Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և բոլորս ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: Հայաստանում հաստատված է իրական քաղաքացիական եղբայրություն, հարազատություն, և մենք իրար ընկալում ենք որպես մեկ ընտանիք, մեկ միություն, մեկ ազգ:45 տարի է անցել «Արարատ 73-ի» հաղթանակից, սակայն մինչ օրս ակումբի ֆուտբոլիստներին բոլորն են հիշում: Ինչու՞: Որովհետև «Արարատն» իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը: Վարչապետը նաև մատնանշեց, որ նախորդ օրն էլ մասնակցել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: 

«Մենք շեշտում ենք, թե ինչու ենք նրան սիրում. որովհետև նա հայ ժողովրդի ինքնասիրությունն ու հպարտությունը բարձրացրել է մի նոր մակարդակի վրա: 
Մենք այս օրն առանձնահատուկ օր ենք համարում, որովհետև իրար աչքերի մեջ նայում ենք հպարտությամբ, սիրով և պարզ ճակատով, որովհետև մենք ազնիվ ենք իրար նկատմամբ և շարունակելու ենք ազնիվ լինել»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև հիշատակեց, որ ամիսներ առաջ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ծանոթացել էր Հրաչյա Պողոսյանի հետ: 
«Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, եկանք այն եզրակացության, որ կառավարության հիմնական դերը կայանում է նրանում, որ գործարարների համար Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններ ստեղծվի: 
Պարոն Պողոսյանը խոստացավ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործարարների համար, ներդրումներ կանի Ագարակում, և արեց դա: Եվ ահա այսպիսի մարդիկ` ովքեր իրենց խոսքի տերն են և կարող են նվիրվել գործին, մեր ամենակարևոր գործընկերներ են: Նրանք կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլև հնարավորություն ստեղծել, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարողանա իրացնել իր ամենամեծ ընդունակությունը, արարելու, սեփական քրտինքով հաց վաստակելու հնարավորությունը: Փաստորեն, անկախությունից ի վեր, սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակ համայնքում, և ես հույս ունեմ, որ այս փոքր արտադրամասը, որ 20-30 աշխատատեղ է ստեղծել, կմեծանա և այլ արտադրամասեր ևս կստեղծվեն: Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ «փայ մտնել», «նալոգ դնել», որևէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, և մենք բոլոր գործարարներին ասում ենք` խոնարհվում ենք ձեր առաջ ձեր կատարած բոլոր բարեգործությունների համար, բոլոր նվիրատվությունների համար, որովհետև դրանք չափազանց կարևոր են ՀՀ-ի համար: Բայց մենք բոլորիդ կոչ ենք անում գալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել, որովհետև Հայաստանն այսուհետև միայն մի տեղ չէ, որտեղ կարելի է փող ծախսել, Հայաստանը նաև մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել, և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին: Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզ: 
Ագարակը մեր գյուղատնտեսության կարևոր օջախներից մեկն է, մենք գյուղացուն պետք է կարողանանք ապահովել ջրով, պետք է կարողանանք առաջարկել տեխնոլոգիաներ, և պետք է լավ մթնոլորտ ապահովենք աշխատանքի համար, և ես համոզված եմ, որ ագարակցին ինչպես քրտինքով վաստակել է, քրտինքով ավելի մեծ արդյունքներ է ունենալու, որովհետև ոչ ոք ձեզ չի խանգարելու, սիրելի ժողովուրդ: Ընդհակառակը, մենք օգնելու ենք ձեզ: Ես ասել եմ և ասում եմ. մեր կառավարությունը, ես` ինքս, պետք է հող դառնանք մեր ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի նրանք մեր վրա հենվելով ոտքի կանգնեն, բարձրանան, զարգանան և հզորանան: Սիրում եմ բոլորիդ, և համբուրում եմ բոլորիդ, կեցցե Ագարակը, կեցցեն ագարակցիները, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, - իր զգացական ելույթն ավարտեց վարչապետը: 
Այնուհետև բեմ հրավիրվեցին «Արարատ» լեգենդար թիմի ֆուտբոլիստները, որոնց մի մասը Հրաչյա Պողոսյանի հրավերով ժամանել էին ԱՄՆ-ից: Նրանցից յուրաքանչյուրն իր երախտիքի խոսքն էր ասում բարերարին նրա լայնածավալ գործունեության համար` ի բարօրություն իր ժողովրդի և այն հիշատակի համար, որ նա պահպանում է հետագա սերունդների համար: Իսկ Նիկոլ Փաշինյանին ֆուտբոլիստները ոսկե մարզակոշիկ նվիրեցին` մաղթելով միշտ մնալ ուժեղ ժողովրդական առաջնորդ: 
Եվ ահա, բեմ են հրավիրվում ՌԴ հերոս, փորձարկիչ տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հրաչյա Պողոսյանը:

-Այս դրոշը տիեզերքում է գտնվել 200 օրվա ընթացքում, երբ Հայաստանում փոփոխություններ էին տեղի ունենում: Ես համարում եմ, որ այս դրոշը կդառնա Հայաստանի նոր կյանքի, կայունության և տնտեսական աճի, Ռուսաստանի հետ բարեկամության խորհրդանիշ,-ասաց Անտոն Շկապլերովը: Նա բացեց փաթեթը, տիեզերքի օդը բաց թողնելով հայկական հողում և հանրապետության խորհրդանիշը հանձնելով նրա ղեկավարին` Նիկոլ Փաշինյանին: Եվ հենց այնտեղ, Ագարակ գյուղի բեմում, կերտվեց պատմությունը, որը կմնա Հայաստանի բնակիչների հիշողության մեջ երկար տարիների ընթացքում: 
Չնայած փորձարկիչ տիեզերագնաց, ՌԴ հերոս Օլեգ Արտեմևը, որը հանրապետության դրոշները հասցրել էր «Միր» միջազգային տիեզերական կայան, չկարողացավ մասնակցել Հայաստանի ղեկավարին դրանց փոխանցմանը, նա վիրտուալ կերպով ներկա էր` Հայաստանի, Երևանի և Ագարակի բնակիչներին տեսաուղերձ հղելով իրենց հոբելյանական հանդիսությունների առիթով: Տեսաուղերձը ցուցադրվեց լայն էկրանին: Այդ օրը ողջ հայ ժողովրդին շնորհավորեցին նաև ռուսական կինոյի և հեռուստատեսության աստղեր Իվան Ուրգանտը, Ռոման Բուդնիկովը, Վլադիմիր Լևկինը և այլոք: Նրանց տեսաուղերձը նույնպես ցուցադրվեց տոնակատարության օրը: 
Խոսքը տրամադրվեց միջոցառումների գլխավոր կազմակերպիչ Հրաչյա Պողոսյանին: Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցում են իր նախաձեռնություններին:

-Ես ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Երբ նա պատմության մեջ առաջին անգամ այցելեց մեր գյուղ և օծեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ պահից, ագարակցիների խոսքով, սկսվեց գյուղի վերածնունդը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր միջնակարգ դպրոցի ուսուցիչներին` իրենց աշակերտների հաջողությունների համար: Շնորհակալ եմ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որ այսօր մեզ հետ է և նվեր է մատուցել մեր դպրոցին:
Բոլոր ագարակցիները Արևմտյան Հայաստանից գաղթածների հետնորդներ են և մեզանից յուրաքանչյուրի համար Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների խճանկարային սրբապատկերի այսօրվա օծումը յուրահատուկ նշանակություն ունի: Եվ ես հույս ունեմ, որ մոտ ժամանակ այդպիսի մի սրբապատկեր էլ կհայտնվի Ծիծեռնակաբերդում, - ընդգծեց Հրաչյա Պողոսյանը: Նա հատուկ նշեց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը իր համագյուղացիների համար նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում: Նա նաև շեշտեց հանդիսությանը «Արարատի» ֆուտբոլիստների ներկայության կարևորությունը և նրանց շնորհավորեց իրենց լեգենդար հաղթանակի հերթական տարեդարձի առիթով:

-Մենք` Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերս, կրկնակի պատասխանատվություն ենք զգում հայրենիքի առջև, որտեղ ծնվել ենք, և այն երկրի առջև, որը մեզ համար դարձել է հայրենիք: Բնակվելով Սանկտ-Պետերբուրգում, կարող եմ վստահորեն ասել, որ սիրում եմ այդ սքանչելի քաղաքը և ինձ հաճելի է, որ այսօր այստեղ մեզ հետ են Պետրոս Մեծի քաղաքից հրաշալի մարդիկ: Իմ ողջ գործունեությունն ուղղված է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, և պատահական չէ, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքը և Լենինգրադի մարզի Կիրովսկը քույր քաղաքներ են, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներն այսօր ծածանվում են կողք կողքի: 
Հրաչյա Պողոսյանը Անտոն Շկապլերովին շնորհակալություն հայտնեց եզակի նվերի համար, որը նա բերել է Հայաստան և ընդգծեց.

-Թեպետ Հայաստանը չունի ոչ սեփական տիեզերական կայան, ոչ տիեզերագնացներ, մեր երկիրն արժանի է այսպիսի նվերի: 
Այդ օրն Ագարակի գյուղապետ Վահան Խաչատրյանը երկու համագյուղացիներին Ագարակի պատվավոր բնակչի կոչում շնորհեց` Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանին և Հրաչյա Պողոսյանի մորը` Լենա Պողոսյանին: Իսկ հայկական էստրադայի աստղերը` Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը և այլոք, սքանչելի օրվա զարդը դարձան: 
Տոնակատարության պաշտոնական մասի ավարտից հետո յուրաքանչյուրը կարող էր օգտվել պատրաստված հյուրասիրությունից և գավաթ բարձրացնել սիրելի Հայաստանի, Երևանի ու Ագարակի բարգավաճման համար բացօթյա սեղանների շուրջ: Ժողովրդին միացավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որպես միջոցառման եզրափակում` դպրոցի բակում պետրոսյան կաղնու տնկի տնկվեց, որն աճեցվել էր Պետրոս Առաջին կայսեր կողմից տնկված ծառի կաղինից: Այդ նվերը, որպես Ագարակի և Պետերբուրգի միջև բարեկամության խորհրդանիշ, բերել էր Հրաչյա Պողոսյանը: Տնկին 2018 թ.-ի ամռանը նրան էր նվիրել Ռուսական թանգարանը` Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում իր բարեգործական գործունեության համար: Ծառը տնկելու պատիվը վերապահվեց Պետերբուրգից ժամանած բոլոր հյուրերին: Իսկ Հյուսիսային մայրաքաղաքի պատվավոր քաղաքացի և վաստակավոր ուսուցչուհի Լարիսա Լիստովան` որպես այցի մասին հիշատակ, դպրոցին նվիրեց Ալեքսանդր Պուշկինի երկերի ամբողջական ժողովածուն, և՛ աշակերտներին, և՛ ուսուցիչներին մաղթելով նորանոր բարձունքներ, որպեսզի նրանց հաջողությունները դուրս գան հանրապետության սահմաններից և անցնեն համաշխարհային մակարդակի: 
Ագարակցիները դեռ երկար բաց չէին թողնում հյուրերին, շփվելով և երախտիքի խոսքեր հնչեցնելով, հիացմունքի խոսքեր շռայլելով Հրաչյա Պողոսյանին և Անտոն Շկապլերովին այն անմոռանալի նվերի համար, որը նրանք կազմակերպեցին Ագարակի համեստ բնակիչներին:      Հագեցած և անմոռանալի օրն ավարտվեց Հրաչյա Պողոսյանի կազմակերպած հանդիսավոր ընթրիքով: Այստեղ յուրաքանչյուր հրավիրված կարող էր ոչ միայն նշել հիշարժան իրադարձությունը, այլև մոտիկից ծանոթանալ ու լուսանկարվել պատվավոր հյուրերի հետ: Այստեղ գեներալ-գնդապետ Անատոլի Զայցևը ակտիվ ագարակցիներին, «Արարատ» թիմի ֆուտբոլիստներին պարգևատրեց «Աշխատանքային վաստակի համար», զինվորականների «Ռազմա-հայրենասիրական դաստիարակության համար» հուշամեդալներով: «Վետերանսկիյե վեստի» ՏԳ գլխավոր խմբագիր, Հյուսիսային Կովկասում զինված գործողությունների վետերան Վյաչեսլավ Կալինինը միջոցառման հյուրերին պարգևատրեց Ռուսաստանի Ներքին գործերի մարմինների և Ներքին զորքերի զինված գործողությունների վետերանների ընկերակցության «Արիության և մարդասիրության համար» մեդալներով, իսկ Հրաչյա Պողոսյանին հանձնեց Սերբիայի զինվորական սինդիկատի «Ոսկե խաչ»-ը: Միջոցառման ավարտին Անտոն Շկապլերովը, Հրաչյա Պողոսյանը, ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանը և Ագարակի գյուղապետ Վահան Խաչատրյանը կտրեցին հսկա տորթը, որը ձևավորված էր տիեզերական ոճով:Հաջորդ օրը Սանկտ-Պետերբուրգից և Մոսկվայից ժամանած պատվիրակությունը հրավիրված էր ՌԴ դեսպանատուն` ոչ պաշտոնական ընդունելության: Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան աշխատակիցները պատմեցին Հայաստանում աշխատանքի առանձնահատկությունների մասին, իսկ հյուրերը կիսվեցին անցկացված միջոցառումից իրենց տպավորություններով և քննարկեցին երկու երկրների բարեկամական հարաբերությունների ապագան:  



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...