17:55
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այսօր մենք` սփյուռքահայերս, պետք է զորավիգ լինենք մեր հայրենիքին` աջակցելով նորացվող Հայաստանի գաղափարի իրականացմանը

2019-02-05 11:51

«Դե Ֆակտո» N 147 (01/2019թ.)

Կյանքն անսպասելի շրջապտույտ է, որի ճանապարհին շատ բան ես սովորում, կորցնում և գտնում, բայց այն, ինչ իսկապես քոնն է, մնում է քեզ հետ հավերժ` ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը: Եվ մի բարի ու գեղեցիկ օր պարզ է դառնում, որ հասունացել է պահը երազանքի կատարման, ներսումդ կուտակված կարոտի և սիրո արտահայտման, հավաքածդ պաշարը անկեղծորեն նվիրելու և մեծագույն հաճույք ստանալու դրանից:
«PrimeHealthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանը, ով 2017 թվականին ընդգրկվեց ԱՄՆ առողջապահության ոլորտի 25 լավագույն գործադիր տնօրենների ցանկում այսօր Հայաստանում է և ցանկանում է իր ներդրումն ունենալ ՀՀ առողջապահության ոլորտում հեղափոխություն կատարելու գործում: Թեև ԱՄՆ-ից նա մշտապես աջակցել է հայրենիքին, սակայն դա երբեք բավարար չի համարել, և այսօր նա պատրաստ է հայրենիքում ներդրում կատարել ոչ միայն իր նյութական, այլ նաև մտավոր ներուժը:

-Պարո՛ն Սարյան, Դուք ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ եք, ԱՄՆ 15 նահանգների 46 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար, բարերար, որքանով տեղյակ ենք, դեռ պատանի էիք, երբ հաստատվեցիք ԱՄՆ-ում կխնդեինք պատմեիք Ձեր անցած ուղու, հաղթահարած փորձությունների և հաջողության մասին:


-Այո՛, ես 16 տարեկան էի, երբ ընտանիքիս` ծնողներիս և եղբորս հետ Լիբանանից տեղափոխվեցի ԱՄՆ և դարձա ԱՄՆ քաղաքացի, ով որպես հայ` մշտապես արթուն է պահել իր ազգային ինքնագիտակցությունը` հավատարիմ մնալով իր հայ տեսակին: Թեև արդեն 40 տարի է, ինչ ապրում եմ ԱՄՆ-ում, սակայն երբեք չեմ դադարել հայերեն խոսել, մտածել և ապրել հայեցի, մշտապես կառչած եմ եղել իմ արմատից, դա իմ էության անքակտելի մասնիկն է, իմ հպարտությունը, ես-իս հիմնաքարը:
Ծնվել եմ 1961թ. Լիբանանում` Բեյրութում, հաճախել եմ տեղի «Նազարյան» հայկական բարեգործական դպրոցը, այնուհետև` «Հովակիմյան-Մանուկյան» երկրորդական վարժարանը: Երբ 1978թ Լիբանանում ծավալվող քաղաքացիական պատերազմը հասավ իր գագաթնակետին, մենք ստիպված էինք ընտանիքով` ես, մայրս, հայրս և եղբայրս, լքել Լիբանանը, որոշեցիք տեղափոխվել Հայաստան, ես ցանկանում էի կրթությունս շարունակել հայրենիքում, սակայն չստացվեց, և մենք տեղափոխվեցինք ու բնակություն հաստատեցինք ԱՄՆ-ում: Այնտեղ ստացել եմ բարձրագույն կրթություն` մասնագիտանալով սկզբում հանրային առողջապահության, այնուհետև` բիզնես կառավարման ոլորտում: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ ամերիկյան հիվանդանոցներում, որոնցում, դրսևորելով մասնագիտական և մարդկային բարձր որակներ, ինձ հաջողվում էր գերազանց արդյունքների հասնել, ինչն էլ նպաստում էր ինձ վստահված աշխատանքի պարտականությունների և պատասխանատվության չափաբաժնի բարձրացման և ղեկավար պաշտոններ ստանձնելուն:
Ինչ վերաբերում է ինձ հանդիպած փորձություններին և դժվարություններին, ապա պետք է նշեմ, որ, բնականաբար, բազում դժվարություններ եմ հաղթահարել, մինչև կարողացել եմ դառնալ ԱՄՆ լիարժեք քաղաքացի, սակայն դրանց մասին խոսել չեմ սիրում, քանի որ դժվարություններից երբեք չեմ վախեցել, հավատացել եմ իմ ուժերին, կամք դրսևորել նպատակներիս հասնելու համար: Եվ այսօր մեծ ցանկություն ունեմ օգտակար լինելու հայրենիքիս, թերևս, այդ նպատակն է, որ դեռևս չեմ իրականացրել ու այսօր այդ պահը հասունացել է:

-Ո՞վ է Ձեզ օգնել ԱՄՆ-ում հաջողության հասնել:

-Օտար երկրում հաջողության հասնելու առաջին գրավականը լեզվի իմացությունն է, ես, իհարկե, անգլերեն գիտեի, սակայն չէի կարողանում ամերիկացիների պես սահուն խոսել, դրա համար ժամանակ էր պետք: Եվ պետք է նշեմ, որ ինձնից մի քանի տարի պահանջվեց ԱՄՆ հասարակություն ինտեգրվելու, ԱՄՆ լիարժեք քաղաքացի դառնալու համար: Գտնվեցին նաև մարդիկ, ովքեր աջակցեցին ինձ: Նրանցից մեկը Ալեքս Նիկոլսն էր, ով, ցավոք, վերջին տարիներին մահացավ, նա հիվանդանոցի պատասխանատուն էր, և ինձ սկզբնական շրջանում շատ օգնեց, մյուսը ևս ամերիկացի էր, ում հետ միասին աշխատեցինք բժշկական կենտրոններում: Այդ ժամանակ 27-28 տարեկան էի, սկսեցի կամաց-կամաց լուրջ հաջողությունների հասնել, իմ ղեկավարության ներքո էին հանձնում փակման եզրին գտնվող հիվանդանոցներ, որոնք ես կարողանում էի զարգացնել` բիզնեսի կառավարման ճիշտ մոտեցումներ կիրառելով:

-Դուք առաջին անգամ եք Հայաստանում` ինչո՞ւ նախկինում չեք այցելել, և ո՞րն է պատճառը, որ այս տարի որոշեցիք գալ և առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված Ձեր ներդրումն առաջարկել ՀՀ իշխանություններին:

-Իմ այցը Հայաստան նախատեսված էր մեկ տարի առաջ` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, սակայն երկրում ծավալվող հեղափոխական գործընթացները հետաձգեցին այն: Ես որոշեցի այցս տեղափոխել ներքաղաքական առավել կայուն ժամանակահատված: Անկեղծ ասած` երբևէ չեմ ցանկացել խառնվել քաղաքական գործընթացներին, գնահատականներ տալ, ինձ համար կարևորը մեր երկիրն է, ժողովուրդը, իսկ ղեկավարները կգան ու կգնան:
Թեև Հայաստան չեմ այցելել, բայց մշտապես բարեգործական ծրագրերի միջոցով աջակցել եմ հայրենիքիս, մասնավորապես` մենք աջակցություն ենք ցուցաբերել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարություններին:
Իմ մեծագույն ձգտումն է, որ մեր երկիրը զարգանա, ու քանի որ ես մասնագիտացած եմ առողջապահության ոլորտում, ցանկանում եմ ներդրում ունենալ և իմ գիտելիքներով ու փորձով աջակցել ՀՀ այդ ոլորտի զարգացմանը:

-Վերջերս հանդիպեցիք ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, կարծիք հայտնեցիք, որ ՀՀ առողջապահության ոլորտը հեղափոխության կարիք ունի: Նախ` ի՞նչ տպավորության ստացաք ՀՀ կառավարության անդամների և, հատկապես վարչապետի հետ հանդիպումից:

-ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցավ ջերմ և խաղաղ մթնոլորտում: Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի պես լավ ու անկեղծ ղեկավար ունի, ով լրջորեն մտածում է զարգացնել երկիրը` կանգ չառնելով որևէ դժվարության առջև, և դրա համար ունի հատուկ ծրագիր:
Շատ կարևոր է, որ այսօր պայքար է մղվում կոռուպցիայի և մոնոպոլ տնտեսությունների դեմ, որոնք մեծապես խոչընդոտում են երկրի և հասարակության զարգացումը: Որոշ մարդիկ երկրի ողջ հարստությունը կենտրոնացրել են իրենց ձեռքում, իսկ ժողովրդի 90 տոկոսը աղքատ է ապրում: Այդպես չի կարելի: Դա նպաստող հանգամանք է, որ մարդիկ թողնեն և հեռանան երկրից: Ուրախ եմ, որ այսօր քաղաքական կամք է դրսևորվում այդ ամենի դեմ պայքարելու համար:
Ճիշտ է, ՀՀ-ն արդեն 27 տարի է, ազատ և անկախ երկիր է, սակայն ես զգում եմ, որ այսօր մեր երկիրը զարթոնք է ապրում` հետևում թողնելով բոլոր ծանր օրերը: Ղարաբաղյան պատերազմը ծանր հարված էր մեր հայրենիքի համար, ես աղոթում եմ Աստծուն, որ երբևէ հայը պատերազմ չտեսնի, և հայորդին պաշտպանի իր երկրի սահմանները` խաղաղ ու անվտանգ պայմաններում, որ անցյալի տխուր օրերը փոխարինվեն նվաճումներով ու հաղթանակներով լի օրերով: Եվ ես հպարտ եմ` ասելու, որ վերջապես տեսնում եմ լույսը, որը բացվում է և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար: Սա է երազս, տեսիլքս, մաղթանքս: Իսկ մենք` սփյուռքահայերս, պետք է զորավիգ լինենք մեր հայրենիքին ոչ միայն նյութական, այլ նաև մասնագիտական պոտենցիալով, ինչպես նաև մեր կարոտ դարձած սիրով:

-Խոսելով ծրագրերի մասին` կցանկանայի գնահատեիք ՀՀ առողջապահության ոլորտի ներկայիս վիճակը, առողջապահական հիմնարկների գործունեությունը և նշեիք, թե հատկապես ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք` ոլորտում պետք է հեղափոխություն իրականացնել:

-Ես այցելել եմ 8-10 հիվանդանոց, որոնցից միայն 1-2-ն էին լավ վիճակում, վերջիններն իսկապես ապահովված էին հիանալի պայմաններով և չէին զիջում եվրոպական կամ ամերիկյան հիվանդանոցներին, սակայն այդ մեկ-երկուսը չեն կարող որակ հաղորդել երկրի առողջապահական համակարգին: Մնացած բուժկենտրոններում բացակայում էին հիգիենայի նորմերի պահպանման նվազագույն պայմանները, ինչն անթույլատրելի է և կարող է հանգեցնել, օրինակ, վարակների տարածման: Իսկ առողջությունն ամենակարևորն է մարդու համար, առանց առողջության` մարդու կյանքի որակն ընկնում է` նրան պատճառելով տառապանք և վիշտ:
Առողջապահության ոլորտում հեղափոխություն ասելով` նախ և առաջ նկատի ունեմ առողջապահական համակարգի փոփոխություն, մոտեցումների, մտածելակերպի, աշխատելաոճի փոփոխություն: Արդեն խոսեցի բժշկական կենտրոններում ամենատարրական պայմանների բացակայությունից, մյուսը տեխնիկական հագեցվածության, մասնագիտական թրեյնինգների հաճախակի անցկացման, ինչպես նաև շենքային նորմալ պայմանների, պատշաճ կահավորման առկայության պակասն է:
Ես խոսեցի փոքր խնդիրներից, բայց, անշուշտ, կան նաև մեծ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել: Հատկապես մեծ աշխատանք պետք է տարվի մարզերում առողջապահական հիմնարկների զարգացման ուղղությամբ, որպեսզի մարզի ժողովուրդը և՛ ամենափոքր, և՛ ամենամեծ առողջական խնդրի դեպքում կարիք չունենա Երևան գալու, այլ վստահաբար օգտվի մարզային ԲԿ-ների ծառայություններից: Մենք որոշակի ծրագրեր ունենք, որոնք ուղղված են մարզային բուժկենտրոնները սարքավորումներով հագեցնելուն: Պետք է ձևավորենք թիմ, որի միջոցով քայլեր կձեռնարկվեն ոլորտի տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Կարծում եմ` մոտ երեք տարի կպահանջվի առողջապահական ողջ համակարգը վերափոխելու և ՀՀ-ում զարգացած` ամերիկյան և եվրոպական առողջապահական համակարգերին չզիջող առողջապահություն ստեղծելու համար:
Ուզում եմ նշել ևս մեկ ցավոտ խնդիր` նկատել եմ, որ Հայաստանում բավականին մեծ թիվ են կազմում ծխողները, ինչպես նաև խմիչքի սիրահարները: Ծխել թույլատրվում է գրեթե ամենուր: Կարծում եմ` սննդի կետերում առհասարակ պետք է արգելվի ծխելը, օրինակ` ես չեմ կարողանում սնվել մի վայրում, ուր շուրջս ծխում են: Գուցե թվա, թե փոքր խնդիրներ եմ վեր հանում, բայց, հավատացեք, դրանք շատ կարևոր են:

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ բուժհաստատություններում աշխատող մասնագիտական կազմի աշխատանքը և դրանցում առկա տեխնիկական հագեցվածությունը:

-Ուրախությամբ պետք է նշեմ, որ ՀՀ առողջապահական համակարգի ամենալուսավոր կետը հայ բժիշկներն են, որոնք հիանալի տիրապետում են իրենց մասնագիտությանը և նվիրված են իրենց կոչմանը: Հատկապես երիտասարդ մասնագետները բավականին պատրաստված են և հմուտ, տիրապետում են նորագույն մեթոդներին, ինչը շատ գովելի է: Պարզապես պետք է նրանց հմտությունների և գիտելիքների զարգացման համար համապատասխան հնարավորություններ ստեղծել` թրեյնինգների հաճախակի անցկացում, վերապատրաստումներ և այլն:
Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա պետք է նշեմ, որ կրկին մի քանի բուժկենտրոններում տեսա վերջին սերնդի բուժսարքավորումներ, ինչը որակ չի ստեղծում ողջ համակարգի համար:
Կարևորում եմ նախարարի` բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու որոշումը, դա իսկապես ճիշտ քայլ է, բժիշկը պետք է ապահովված լինի նյութական պայմաններով և հիվանդի հետ հարաբերություններում անշահախնդիր լինի, մտածի միայն նրան բուժելու մասին: Օրինակ` Գերմանիայում բժիշկները ամսական 5-6 հազար ԱՄՆ դոլար են վաստակում:

-Ի՞նչ ներդրումներ են արվելու Ձեր կողմից:

-Ինչպես վերը նշեցի, մենք կփորձենք բժշկական գործիքներ, սարքավորումներ ԱՄՆ-ից բերել Հայաստան և աջակցել հատկապես մարզային բուժկենտրոններին:
Ես ծրագրում եմ Հայաստանում հիմնել դեղերի մատակարարման ընկերություն, որոշակի դեղերի խմբաքանակ ներկրել և փաթեթավորել այստեղ ու սպառել ինչպես տեղում, այնպես էլ երրորդ երկրներում:

-Որքանո՞վ եք կարևորում բժշկական ապահովագրության դերը առողջապահական համակարգում, օրինակ` Հայաստանում ներդրված են ապահովագրական որոշակի մեխանիզմներ, սակայն պետությունը դեռևս չի կարողանում իր բոլոր քաղաքացիներին ապահովել անվճար բուժօգնությամբ:

-Շատ եմ կարևորում բժշկական ապահովագրությունը, որի իրականացման լավագույն մեխանիզմներ գործում են աշխարհի զարգացած երկրներում: Նախ` երեխաները և 65 տարեկանը լրացած անձիք, ովքեր ծառայել են իրենց երկրին, պետք է ստանան անվճար բուժօգնություն` հովանավորվելով կառավարության կողմից, երկրորդ` բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները պետք է բժշկական ապահովագրությամբ ապահովեն իրենց աշխատակիցներին` հոգալով նրանց առողջության պահպանման ծախսերը: Մեխանիզմները շատ են, որոնք պետք է կամաց-կամաց ներդնել մեր երկրում:
ՀՀ քաղաքացին պետք է իրեն պաշտպանված զգա իր հայրենիքում` ամեն առումով, և չպետք է լինի այնպես, որ նա ունենա առողջական որևէ խնդիր, դիմի բժշկին, և ստանա պատասխան, թե մինչև չվճարի, բուժօգնություն չի ստանա կամ չի վիրահատվի: Դա անթույլատրելի է: Մարդու արժեքը պետք է բարձրանա Հայաստանում:

-Պարո՛ն Սարյան, ինչպե՞ս եք կարողանում ղեկավարել այդքան խոշոր հիվանդանոցային ցանց, կառավարչական ի՞նչ կարևոր սկզբունքներով եք առաջնորդվում:

-Նախ և առաջ, ստեղծել բարեկարգ և հարմարավետ պայմաններ բոլոր հիվանդների համար, ապահովել բարձրակարգ բուժում և մասնագիտական կազմ, բժշկական կենտրոնը հասցնել հաջողության, ստեղծել աշխատատեղեր:

-Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

-Իմ հաջողության բանաձևը շատ պարզ է` վստահություն սեփական ուժերին, ազնվություն, հավատարմություն և ամուր կամք: Այդ արժեքներն ինձ համար չափազանց մեծ կարևորություն ունեն թե՛ աշխատանքում, թե՛ մարդկային, ընկերական հարաբերություններում, որոնք շարունակվում են մինչև կյանքի վերջ:

-Դուք երկար տարիներ Հայաստանում չեք եղել, սակայն պահպանել եք հայոց լեզուն, հավատքը, մշակույթը: Ինչպիսի՞ն էիք պատկերացնում Ձեր հայրենիքը, հայ ժողովրդին, և ի՞նչն ամենաշատը գրավեց և հուզեց Ձեզ Հայաստանում:

 

-Դժբախտաբար, ես Հայաստանում չէի եղել, և երբ արդեն ինքնաթիռը վայրէջք էր կատարում, չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի հուզմունք պատեց ինձ, հայրենի հողը հուզեց ինձ: Ինձ համար անկրկնելի ակնթարթներ էին այն պահերը, երբ առաջին անգամ քայլեցի հայկական հողի վրայով, տեսա Հայաստանը, որը տեսել էի միայն նկարներով և գունավորել երևակայությունով: Ինձ համար հուզումնալից էր նաև ժողովրդի հետ շփումը, նրանց ջերմ վերաբերմունքին արժանանալը: Եվ ինձ համար ցավալի էր, որ իմ հայրենիքից այս փոքրիկ հողն է մնացել:
Շատ տպավորվեցի Արարատի տեսարաններով, որոնք կրկին միայն նկարներով էի տեսել, հուզիչ էր նաև իմ այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հպարտ եմ, որ կարողացա գնալ և տեսնել մեծ մորս գյուղը` Ադանան. մեծ մորս երկու եղբայրները 1914թ.-1915թթ. են մահացել` ցեղասպանության ժամանակ, իսկ մեծ մորս և մեծ հորս ուղակել էին Դեր Զոր` դատապարտելով մահվան, բայց, բարեբախտաբար, նրանց ազատել էին, և երբ պատերազմը վերջացել էր, նրանք բնակություն էին հաստատել Ադանայում, այնտեղ տուն կառուցել: Սակայն, ցավոք, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանով 1922թ.հափշտակեցին նրանց ողջ ունեցվածքը, ու նրանք ֆրանսիական նավատորմի միջոցով եկան Լիբանան և 1923թ. հաստատվեցին Լիբանանում: Հայրս ծնվել է Ադանայում 1922թ.` այնտեղից դուրս գալուց առաջ, և քանի որ այդ ժամանակ մեծ հայրս և մեծ մայրս երջանիկ էին, որ ազատվել էին գաղթից և փրկվել, հորս անվանակոչել են Երջանիկ:

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին. ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել և ի՞նչ դաստիարակություն եք տվել Ձեր երեխաներին:

-Ես անմիջականորեն կրում եմ հորս արժեքները, հետևում նրա խորհուրդներին և նույնը սովորեցում իմ աղջկան և եղբորս տղաներին: Հայրս ինձ միշտ ասում էր` եղի՛ր լավ հայ, ազնիվ և ճշմարտախոս, պահպանիր և հավատարիմ մնա անկեղծ փոխհարաբերություններին և երբեք մի ստիր:


-Դեռևս ի՞նչ չիրականացած երազանք ունեք, ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:


-Իմ երազանքն է, որ Հայաստանը դառնա զարգացած, ապահով, խաղաղ ու հարուստ երկիր, երազում եմ նաև, որ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերի մեծ մասը վերադառնա և բնակություն հաստատի իր հայրենիքում, մեր երկիրն ունենա նվազագույնը 5 մլն. քաղաքացի:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...