10:59
10/22/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իդեալական բժիշկը նախ եվ առաջ իդեալական մարդ է

2019-02-25 11:33

     «Դե Ֆակտո» N 147 (01/2019թ.) 

Բժշկական գիտությունների դոկտոր, թիվ 1 մանկաբարձության եվ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ եվ Երեվանի թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը հետաքրքիր մարդ է, յուրահատուկ բժիշկ, ով աչքի է ընկնում խստապահանջությամբ, չափազանց զգայուն սրտով ու հոգատար վերաբերմունքով:
Նրա` մարդու, մոր, բժշկի եվ երկրի քաղաքացու կերպարներում կա մեկ ընդհանրություն` նա  անկեղծ է եվ մաքուր:

-Տիկի՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք վերաբերվում առողջապահության համակարգում հեղափոխություն իրականացնելու ՀՀ ԱՆ դիրքորոշմանը, Ձեր կարծիքով` ոլորտը հեղափոխության կարիք ունի՞, թե՞ ոչ:


-ՀՀ առողջապահության ոլորտը եթե ոչ հեղափոխության, ապա միանշանակ, միասնական, հետևողական և խստապահանջ աշխատանքի կարիք ունի:
Իսկ ինչ վերաբերում է հեղափոխություն ապրելուն, ապա պետք է նշեմ, որ եթե բժիշկը հավատարիմ է իր կոչմանը, ապա նա այդպիսին կլինի միշտ` անկախ հեղափոխություններից, սակայն, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր բժիշկ պետք է ամեն օր բարձրացնի ինքն իր նկատմամբ խստապահանջության, կարգապահության և հիվանդի հանդեպ հոգատարության աստիճանը, որպեսզի բարձր պահի իր երդման արժեքը:

-Որպես պոլիկլինիկայի ղեկավար` ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱՆ կողմից արդեն իսկ ձեռնարկվող քայլերը, որոնք սկսվել են առաջնային օղակից` պոլիկլինիկաներից` բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերի բարձրացում և այլն:

-Ես ողջունում եմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջնային օղակի դերն ու նշանակությունն էլ ավելի բարձրացնելու նախաձեռնությունը, քանի որ առաջնային օղակին է վերապահված հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման գործառույթը: Եվ այդ առումով, կարծում եմ, պատահական չէր, որ կարևորվեց առաջնային օղակի բժիշկների և բուժքույրերի աշխատավարձերի բարձրացման հարցը: Նման խրախուսական քայլերը խթան կլինեն, որպեսզի վերջիններս իրենց գնահատված զգան և էլ ավելի պարտավորված` կատարելագործելու իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, տիրապետելու նորագույն տեխնոլոգիաներին, ինչը, անշուշտ կնպաստի բուժսպասարկման որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին` մեր ազգաբնակչության առողջ ու ապահով ապրելակերպին:
Պոլիկլինիկաները կարիք ունեն նաև համալրվելու նորագույն բուժսարքավորումներով, որը ևս կարևոր հանգամանք է առաջնային օղակի արդյունավետ աշխատանքի համար: Մենք պետք է այնպես անենք, որ հիվանդներն առաջնային օղակից ստանան լիարժեք բուժօգնություն և հիվանդանոցներ ուղեգրումների թիվը պակասի:
Ողջունում եմ նաև առողջապահության ոլորտի թվայնացման ծրագիրը, որի մեկնարկը տրվեց դեռևս նախորդ նախարարի կողմից: Այն իրոք հեղափոխական ծրագիր է ոլորտի համար, ինչը որոշ ժամանակ անց առողջապահական հիմնարկներին հնարավորություն կտա ձերբազատվել թղթաբանությունից` դրանից ազատելով նաև հիվանդներին: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ծրագրին պետք է տիրապետեն ոչ միայն օպերատորները, այլ նաև բժիշկ-բուժքույրերը, այսինքն` էլեկտրոնային համակարգով աշխատանքը համընդհանուր բնույթ պիտի կրի:
Շարունակվում են իրականացվել սկրինինգային ծրագրեր, որոնք ևս առաջնակարգ են: Ցանկանալի է, որ սկրինինգային ծրագիր իրականացվի նաև վահանաձև գեղձի պաթոլոգիաների հայտնաբերման ուղղությամբ` ընդգրկելով հղիներին ևս, քանի որ դեպքերի ավելացում է նկատվում:

-Զարգացման ի՞նչ փուլում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկան, որքանո՞վ է հաջողվում առողջապահական առաջնային օղակի ծառայությունները արդյունավետ իրականացնել, որպես ղեկավար` ի՞նչ սկզբունքներ եք ներդրել պոլիկլինիկայի աշխատանքում:

-Երևանի թիվ 8 պոլիկլինիկան այսօր ծաղկման և զարգացման շրջան է ապրում` օր օրի կատարելագործելով իր գործունեությունը: Այն ամբողջովին վերանորոգված է, աշխատում է ժամանակակից մոտեցումներով, հագեցած է նորագույն սարքավորումներով, ապահովված է մասնագիտական հմուտ թիմով: Ի դեպ` նախորդ տարի մենք տոնեցինք մեր պոլիկլինիկայի 50-ամյակը:
Թիվ 8 պոլիկլինիկայի գործունեության հիմնական տեսակներն են` թերապևտիկ բաժին, քիթ-կոկորդ-ականջաբանություն, սրտաբանություն, ակնաբուժություն, նյարդաբանություն, վարակաբանություն, վիրաբուժություն, ուռուցքաբանություն, ներազատաբանություն, մաշկավեներոլոգիա, ստոմատոլոգիա, ուռոլոգիա, ֆունկցիոնալ ախտորոշում, ֆիզիոթերապիա, ռենտգենաբանություն, հոգեթերապիա, մերսում, բուժական ֆիզկուլտուրա, ինչպես նաև գաստրոէնտերոլոգիական, մանկաբարձագինեկոլոգիական, մանիպուլյացիոն, էխոկարդիոգրաֆիայի, լազերային թերապիայի, ասեղնաբուժության և ռևմատոլոգիայի սենյակներ:
Ունենք նաև լաբորատորիա, որը զինված է նորագույն սարքավորումներով, ներդրված է աշխատանքի էլեկտրոնային համակարգ: Մենք ձգտում ենք ունենալ բուժծառայությունների լիարժեք ցանկ, որպեսզի մեր հիվանդը ստանա լիարժեք և արդյունավետ բուժում: Եվ թող անհամեստ չթվա, բայց մեր պոլիկլինիկա այցելուների թիվն օր օրի աճում է:
Պոլիկլինիկայում գրեթե ամեն շաբաթ բժիշկները լսում են մասնագիտական դասախոսություններ, ներգրավվում ակտիվ քննարկումներում հիվանդությունների բուժման նորագույն մեթոդների մասին, մասնակցում միջազգային կոնֆերանսների, նաև պոլիկլինիկա են հրավիրվում պրոֆեսորներ արտերկրներից:
2017թ. մեր պոլիկլինիկան ստացել է արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար վկայագիր և հավակնում է հետագայում ձեռք բերել նաև միջազգային ճանաչում` JCI հավատարմագրում:
Ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա ես ճշգրիտ բժշկական ցուցումներից բացի, մեծ կարևորություն եմ տալիս հիվանդի հետ շփման բարձր կուլտուրային, նրա համար հարմարավետ պայմաններ ստեղծելուն, առանց հերթերի բուժսպասարկում իրականացնելուն:


-Բժշկուհի՛ Հարությունյան, հետաքրքիր է, ինչպիսի՞ն է բժշկի Ձեր իդեալը և արդյո՞ք հաջողվել է մարմնավորել այն:


-Ես ամեն օր ձգտում եմ մարմնավորել այն, հասնել բժշկի իմ իդեալին` գրագետ, բանիմաց, հետևողական, խստապահանջ (նախ և առաջ իր հանդեպ), հոգատար, հոգեբան, ճշտախոս: Բժշկի խոսքը ճակատագրական ազդեցություն ունի. այն կարող է բուժել և ընդհակառակը` սպանել մարդուն: Իդեալական բժիշկն ինձ համար, նախ և առաջ իդեալական մարդն է:

-Դուք նաև հիանալի մայր եք, ումով հիանում են իր զավակները, և ով հեղինակություն է նրանց համար: Ո՞րն եք համարում ծնողի ամենակարևոր առաքելությունը:

-Ծնողի ամենակարևոր առաքելությունն իր երեխաներին ճիշտ դաստիարակելն է, հետևողականությունը լիարժեք կրթություն ստանալու հանդեպ, հոգատարությամբ և սիրով շրջապատելը, նրանց մեջ ինքնուրույնություն զարգացնելը: Նման կերպ մեծացած երեխաները հեշտությամբ գտնում են իրենց տեղը կյանքում և արժանի զավակներ են դառնում իրենց ընտանիքի և հայրենիքի համար:
Ունեմ երկու որդի: Մեծ տղաս ընտրել է բժշկի մասնագիտությունը, իսկ փոքրս` տնտեսագետ-իրավաբանի: Ես երջանիկ եմ, որ ունեմ նրանց նման որդիներ, ովքեր կրում են մեր գենետիկ կոդը, արժեհամակարգը, ինչը փոխանցվել է մեզ մեր ծնողներից:


-Ինչի՞ մասին եք երազում` որպես մարդ և որպես բժիշկ:


-Որպես մարդ երազում եմ կայունության և խաղաղության մասին, որպես բժիշկ` շատ եմ ցանկանում, որ մեր հանրապետությունում հիվանդությունների թիվը կտրուկ նվազի, և մարդիկ առաջնային օղակ այցելեն միմիայն կանխարգելիչ նպատակով:


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց