17:01
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
10 տարի տուրիստական ոլորտում` «Գո թրեվլ» տուրիստական ընկերություն. վստահելի անուն եվ հուսալի գործընկեր

2019-06-03 11:50

  «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.) 

Այսօր բազմաթիվ են տուրիստական գործակալությունները, եվ այդ բազմազանության մեջ շատ դժվար է ընտրել վստահելի եվ անվտանգ ընկերություն:
«Գո Թրեվլ» տուրիստական ընկերությունն իր տասնամյա գործունեության ընթացքում ոլորտում զբաղեցրել է առաջատարի դիրքեր եվ եղել է հուսալի եվ անվտանգ գործընկեր զբոսաշրջիկների համար:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է
«Գո Թրեվլ» (Go Travel) տուրիստական ընկերության տնօրեն Լիանա Սահակյանը:

-Լիանա, «Go Travel» տուրիստական ընկերությունն այս տարի նշում է իր հիմնադրման տասնամյակը, այս տարիների ընթացքում` այսօր ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Այս տաս տարիների գործունեության ընթացքում մեր գլխավոր նպատակն եղել է` երբեք չբավարարվել եղածով, մշտապես առաջ շարժվել` յուրաքանչյուր տարի բարձրացնելով զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակն ու անվտանգությունը: Այս տարիների ընթացքում, վստահ կարող եմ ասել, որ մեր աշխատանքի ամենամեծ գնահատականը եղել է զբոսաշրջիկների շնորհակալական ժպիտները, որոնք մեզ էլ ավելի են ոգևորել` առաջ գնալու և կատարելագործելու սպասարկման որակը:

-Մենք տեղյակ ենք, որ Դուք ընկերության տասնամյակը որոշել եք այլ կերպ նշել` ցանկանում եք կազմակերպել բարեգործական նախաձեռնություն, մի փոքր կմանրամասնե՞ք:

-Երբ ցանկանում էինք նշել ընկերության տասնամյակը և որոշում էինք թե ինչպես անցկացնել այն, ես մեկ գիշերում մտափոխվեցի. ցանկացա, որ այդ գումարը օգտագործվեր ավելի բարի նպատակներով: Ես երեխաներին օգնելուց ավելի բարի գործ չեմ պատկերացնում: Ուստի որոշեցի օգնել Հայաստանի տարածքում գտնվող որոշ մանկատների և գիշերօթիկ հաստատությունների:
Խոսելով այդ հաստատությունների տնօրենների հետ, հասկացա, որ հաստատություններից շատերը, ի ուրախություն ինձ, օգնության կարիք չունեն, քիչ թե շատ ապահովված են պետության կողմից և ստանում եմ որոշակի օգնություն: Բայց կար մի հաստատություն` Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, որն իրոք ուներ օգնության կարիք: Այցելեցինք «Զատիկ» հաստատություն, որն այդ պահին ուներ 17 սան, ովքեր կարող էին գիշերել, սնվել և սովորել հաստատությունում 6 ամիս: 6 ամիսը լրանալուց հետո երեխաները, որոնցից ամենափոքրը 2-3 տարեկան էր, ամենամեծը 16 տարեկան, պետք է լքեին հաստատությունը: Հանդիպեցինք տնօրենին` Աշոտ Մնացականյանին, ով պատմեց մեզ, որ հաստատությունը լքած երեխաներից ոմանց ուղարկում են Հայաստանի տարածքի մանկատներ, երեխաներ կան, որոնց որդեգրում են, իսկ նրանց համար, ովքեր գնալու տեղ չունեն, հիմնել են մի փոքրիկ ավան, որի անունը դրել են «Զատիկավան»: «Զատիկավանում» բնակվում են անօթևան բազմազավակ մայրեր, ովքեր ունեն մեր և ձեր օգնության կարիքը: Այցելեցինք նաև «Զատիկավան» և տեղեկացանք, որ զատիկավանցիներն ունեին էլեկտրաէներգիայի վարձի վճարման խնդիր: Հասկացանք, որ օգնություն հենց նրանց է պետք: Առաջին քայլս եղավ նրանց էլեկտրաէներգիայի պարտքի մարումը և դեռ շատ-շատ քայլեր ունենք անելու նրանց օգնելու համար:
Ասեմ, որ մեր այս բարի նախաձեռնությանն այժմ արդեն բազմաթիվ մարդիկ են միացել: Իսկ եթե այժմ էլ կան մարդիկ, ովքեր ցանկանում են միանալ մեր բարեգործական ծրագրին և ժպիտ պարգևել այդ փոքրիկներին, ապա կարող են զանգահարել կամ այցելել «Գո թրեվել» տուրիստական ընկերություն:

-Բավականին երկար ժամանակ է ինչ տուրիստական ոլորտում եք, այս ընթացքում հասցրել եք արժանանալ զբոսաշրջիկների վստահությանը, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել ձեռք բերել այդ վստահությունը:

-Ինչպես Ձեր խոսքում նշեցիք, այսօր բազմաթիվ են տուրիստական ընկերությունները, պետք է այդ բազմազանության մեջ ընտրել այնպիսի տուրիստական ընկերություն, որի հետ ճամփորդելը լինի վստահելի և անվտանգ: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս ճամփորդել վստահելի տուրիստական ընկերությունների հետ, չխաբվել տաս կամ քսան դոլար գնային տարբերությանը, քանզի Ձեր անվտանգությունն ամենակարևորն է:

Մենք յուրաքանչյուր զբոսաշրջիկի առաջարկում ենք ծառայությունների լայն ընտրություն և ցանկացած անձ, ով այցելում է մեզ, զգում է իրեն ջերմ և ընկերական մթնոլորտում: Երկարամյա տարիների աշխատանքի արդյունքն այն է, որ մեզ այսօր վստահում են:

-Այս տարի ի՞նչ նորություններով է հանդես գալու «Գո Թրեվլ» (Go Travel) տուրիստական ընկերությունը:

-Մայիսի 12-19 կազմակերպելու ենք խմբակային տուր` դեպի Իտալիա: Շատ հագեցած և հետաքրքիր տուր է լինելու: Տուրի ընթացքում զբոսաշրջիկները կլինեն Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում, Նեապոլում և այլն:

-Ինչպե՞ս է սկսվում Լիանա Սահակյանի օրը:

-Ժպիտով և մեկ բաժակ սառը ջրով:

-Բավականին ծանրաբեռնված գրաֆիկով եք աշխատում, հասցնու՞մ եք Ձեր բալիկի հետ ժամանակ անցկացնել:

-Ինչքան էլ աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ ունենամ, միևնույն է. ես իրեն միշտ եմ տրամադրում ժամանակ, եթե ընձեռվեր հնարավորություն նա միշտ իմ կողքին կլիներ: Ես փորձում եմ աղջկաս դաստիարակել այնպես, որ նա մեծանա մարդկանց սիրելով և կյանք մտնի շատ վստահ քայլերով:

-Լիանա, կա՞ վայր, որը կառանձնացնեք:

-Երևանում իմ սիրելի վայրերից մեկը կասկադն է: Շատ եմ սիրում քայլել կասկադով, դա ինձ հանգստություն է պատճառում: Իսկ Հայաստանից դուրս կառանձնացնեմ Դոմինիկյան Հանրապետությունը, որտեղից վերադարձել եմ անմոռանալի հուշերով, կարծում եմ` յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ պետք է լինի այնտեղ:

-Ի՞նչ նշանակություն ունի սերը Ձեր կյանքում:

-Առանց սիրո չեմ պատկերացնում իմ կյանքը, եթե սեր չլինի, չի լինի նաև գույներ` առհասարակ չի լինի ապրելու ցանկություն:

-Դուք գեղեցիկ, հմայիչ և շատ նորաձև կինն եք: Հետաքրքիր է, ի՞նչ դեր ունի զգեստապահարանը Ձեր կյանքում և արդյո՞ք հաճախ եք ոճային փոփոխություններ կատարում:

-Շնորհակալություն: Ոճային փոփոխություններ շատ հաճախ եմ կատարում , քանի որ շատ շուտ եմ հոգնում նույն ոճից: Նորաձևության թրենդներին չեմ հետևում, հագնում եմ այն ինչն ինձ համար գեղեցիկ է և հարմար:

-Ո՞րն է Ձեր էներգիայի աղբյուրը:

-Իմ էներգիայի աղբյուրը` ինքս եմ, ես էներգիա եմ ստանում իմ հաջողություններից: Յուրաքանչյուր ոք կարող է իրեն հասցնել ամենալավ վիճակի և հակառակը:
Ես կդիմեմ աղջիկներին և կասեմ, որ հենց իրենք լինեն իրենց ոգեշնչման աղբյուրը: Նայեք ինչպիսին էիք մեկ օր առաջ և այժմ ինչպիսին եք, եթե հետ եք նայում և տեսնում եք, որ այսօր մեկ քայլ առաջ եք, ապա դուք ճիշտ ուղու վրա եք:

-Ո՞րն է Ձեր երջանիկ լինելու բանաձևը:

-Այսպիսի ասացվածք կա. «Եթե դու ցանկանում ես լինել երջանիկ, ապա դու կլինես երջանիկ»: Երջանկությունը, դա մարդու ներքին հոգեվիճակն է, երբ ներսումդ խաղաղություն է և դու ներդաշնակ ես քեզ հետ, ապա դու երջանիկ ես:

-Չեք կարող ապրել առանց...

-Առանց սիրո:

-Սիրում եք...

-Սիրում եմ մարդկանց, սիրում եմ աշխատանքս, սիրում եմ ճամփորդել, առհասարակ սիրում եմ կյանքը:

-Լիանա, բավականին շատ եք ճամփորդել, կա մի երկիր, որտեղ կցանկանայիք կրկին մեկնել:

-Իսպանիա, շատ եմ սիրում այդ երկիրը, մարդկանց: Իսպանիայում մարդիկ ուրախ են, կյանքով լեցուն, որն ինձ շատ է դուր գալիս:

-Երազում եք...

-Երազում եմ ունենալ ավիաընկերություն:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը հայ կանանց` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

-Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ սիրեն և գնահատեն իրենց, ժպտան և լինեն գեղեցիկ:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...