14:32
09/16/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անի-Արմ 7 տարի բեմում

2019-08-05 11:46


Արմինե Աղաջանյան
«Անի-Արմ» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար:

«Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.) 

-Տիկի՛ն Աղաջանյան, ե՞րբ և ինչպե՞ս է ստեղծվել «Անի-Արմ» պարային ստուդիան:
-«Անի-Արմ» պարային ստուդիան ստեղծվել է 2012թ.: Ժամանակն էր արդեն իմ ասելիքով ներկայանալ որպես բեմադրող:

-Ի՞նչ պարեր են դասավանդվում «Անի-Արմ» ստուդիայում:
-Պարարվեստի հիմքը դա դասականն է (իհարկե խոսքս չի վերաբերվում ազգային պարերին): Մեզ մոտ սովորում են դասական, հայկական ժողովրդական, տարբեր ազգերի ժողովրդական պարեր և մեր անզուգական ազգային պարերը:

-Տիկի՛ն Աղաջանյան, բա՞րդ է աշխատել երեխաների և դեռահասների հետ:
-Ես «բարդ» բառը կփոխարինեմ «հետաքրքիր» բառի հետ և Ձեր հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ` այո՛, շատ հետաքրքիր է աշխատել դեռահասների, առավել ևս, փոքրիկների հետ:

-Այս տարիների ընթացքում հասել եք բազում հաջողությունների` շնորհիվ ինքնատիպ բեմադրությունների, ո՞րը կարող եք համարել հաջողության Ձեր բանաձևը:
-Ձեր հարցի մեջ կա նաև հարցի պատասխանը: Այո, կարծում եմ, որ մեր հաջողության գրավականը մեր ինքնատիպ բեմադրություններն են` իրենց յուրովի լուծումներով:

-Պարը բեմադրելիս կատարյալ տեխնիկան բավարար չէ, առանց հոգու` այն արժեք չունի, յուրաքանչյուր պար պահանջում է նաև թատերականացված տարրեր. Ձեզ մոտ բեմական ներկայացումները տարբերվում են, հետաքրքիր է, ինչպե՞ս են ծնվում այդ բեմականացումները:
-Այո, դուք ճիշտ նշեցիք, պարն իր մեջ ընդգրկում է ֆիզիկական պատրաստականություն, դերասանի վարպետություն և յուրովի մատուցում: Նոր միտք կարող է առաջանալ շատ անսպասելի պահին, բայց այն իմ մեջ եփվելուց ու հասունանալուց հետո է կյանքի կոչվում մեր փորձասրահում:

-Արդյո՞ք պարի լեզուն նույնքան խոսուն է, որքան երգինը:
-Թերևս ինձ համար, այո՛...

-Վերջերս եղել եք Արևմտյան Հայաստանում` բեմադրել գեղեցիկ պարային ներկայացում, ի՞նչ տպավորություն ունեք այդ ուղևորությունից և արդյո՞ք հայապահպանության գործում պարը որոշակի դեր խաղում է:
-Արևմտյան Հայաստան այցը մեր բաղձալի երազանքն էր, որն իրականացրեցինք: Անիի ավերակներում նկարահանեցինք մեր անփոխարինելի բեմադրություններից մեկը` «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»: Տպավորությունների մասին կդժվարանամ խոսել, քանի որ դրանք անբացատրելի էին: Բոլորի մոտ դարերից փոխանցված ինքնասիրության զգացումն էր գլուխ բարձրացրել և հայրենասիրական ոգին այրում էր յուրաքանչյուրիս կուրծքը:

-«Անի-Արմ» պարային ստուդիան մշտապես մասնակցում է տարբեր մրցույթների, կազմակերպում տարբեր պարային համերգներ, հունիսի 4-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա համերգ, մի փոքր կմանրամասնե՞ք:
-Այո, մենք ակտիվ գործունեություն ենք ծավալում ոլորտում, և ինչպես նշեցիք, պատրաստվում ենք մենահամերգի: Այս պահին լարված փորձերի փուլում ենք, քանի որ տարեց տարի պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում: Մեր մեջքի ետևում ավելացած տարիները պարտավորեցնում են, որ յուրաքանչյուր տարի նոր բեմադրություններով, նոր հագուստներով, և ամենակարևորը` նոր ասելիքով ներկայանանք:

-Ձեր աշխատանքի լավագույն գնահատականը Ձեր ունեցած պարգևներն են, վերջերս էլ արժանացաք «Գրան Պրի» մրցանակի, առհասարակ ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար պարգևները:
-Ինձ համար, և առհասարակ խմբի ողջ անձնակազմի համար, պարգևները հաճելի են և պարտավորեցնող:

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ծրագրերը շատ են, պարզապես կնշեմ նրանցից մեկը` այցելել մեր պատմական մյուս մայրաքաղաքները, քանի որ արդեն եղել ենք Անիում, Կարսում, Վանում, իսկ մնացյալի փակագծերը թույլ տվեք չբացել:

-Ինչպիսի՞ն է Արմինե Աղաջանյանն աշխատանքից դուրս:
-Ես երբեք աշխատանքից դուրս չեմ լինում, քանի որ երբեք աշխատանքի չեմ լինում. դա իմ աշխարհն է, որում ես ապրում եմ...

-Հետաքրքիր է` ե՞րբ է սկսվել Ձեր ստեղծագործական ուղին, ո՞ր տարիքից:
-Շատ վաղ հասակից չէ, որ զբաղվել եմ պարարվեստով, բայց երբ ոտք դրեցի «Բարեկամություն» պետական անսամբլի մանկապատանեկան ստուդիա` արդեն իսկ հաստատուն քայլեր անելու նպատակով, ես անգամ չհասցրեցի նկատել, որ գերին եմ դարձել այդ արվեստի: Շնորհիվ «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի, ես` որպես բեմադրող, ունեմ իմ ոճը, ճաշակը և աշխատելաձևը, որի համար շատ հպարտ եմ ու շնորհակալ իրենից:

-Ամուր ընտանիքն ազգի հենասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Հայկական ավանդույթներով ընտանիք` համեմված արվեստով:

-Ովքե՞ր են Ձեր ընտանիքում շարունակում պարի ավանդույթները:
-Այս պահին տղաս է քայլում իմ ճանապարհով, բայց դա որքան կտևի, չեմ կարող ասել:

-Եթե հնարավորություն ունենայիք նորից ընտրելու մասնագիտություն, ապա...
-Կընտրեի նույնը...

-Եվ վերջում, կինը երջանիկ է...
-Երբ սիրված է...

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց