17:59
10/14/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀՀ առաջին կին գործարարներից ամենահամարձակ ու կանացի Նարինե Չարչյանը` իր նվաճումների եւ ադամանդե կերպարի մասին

2019-10-01 14:12

«Դե Ֆակտո» N 04/150 (07-08/2019թ.) 

 Մաս I I

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:


-Ես 19 տարեկան էի, երբ ամուսնացանք, և միմյանց աջակցելով, հասկանալով` կառուցեցինք հիանալի ընտանիք, ունեցանք և մեծացրեցինք մեզ համար իսկապես պարծանք դարձած երեխաներ, կիրթ ու դաստիարակված մարդիկ մեր հասարակության համար:
Ամուսինս ոչ միայն լավ հայր էր, հոգատար ու սիրող զուգընկեր, ինձ համար ուժ ու հենարան, լավ ընկեր` իր ընկերների, և հիանալի զավակ` իր ծնողների համար, այլ նաև հրաշալի մասնագետ և իր ոլորտի կարկառուն ներկայացուցիչ: Նա` Տիգրան Տեր-Եսայանը, Հայ փաստաբանների միջազգային միության պալատի հիմնադիրն էր, ով մեծագույն նվիրվածությամբ էր աշխատում և իր փորձը փոխանցում երիտասարդ սերնդին: Նա մեծ ներդրում ունի Հայաստանում այդ ոլորտի զարգացման գործում: Տիգրանը սիրված և հարգված մարդ էր իր շրջապատում, նրա եզակիությունը ընդունում և հարգում էին բոլորը: Շատ երկար կարող եմ խոսել ամուսնուս մասին, քանի որ նա իրոք առանձնահատուկ անձնավորություն էր, այդ մասին կփաստեն նաև իր ընկերներն ու կոլեգաները:
Ունեմ մեկ աղջիկ և մեկ տղա` Աննաս և Վահես: Երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել. աղջիկս գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետը` իսպաներենի բաժինը, իսկ մագիստրատուրան` միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, դիվանագետի կոչում ունի: Դրանից հետո սովորել է Անգլիայում` շարունակելով մասնագիտանալ դիվանագիտության ոլորտում:
Տղաս ընտրել է հոր մասնագիտությունը, ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է մագիստրատուրայում, ստացել միջազգայնագետ-իրավաբանի կոչում: Այժմ երկուսն էլ զբաղվում են գործարարությամբ. աղջիկս երիտասարդ արտադրող է, զբաղվում է քիմիական արտադրությամբ, և բավականին հաջողված գործարար է: Չնայած բոլոր դժվարություններին` նա նույնպես չի ընկճվում, ինձ հիշեցնում է իմ երիտասարդությունը, թե ինչպես էի ընտրում բարդ ճանապարհը և դեմ գնալով բոլոր կարծրատիպերին` հասնում իմ նպատակին: Ես հիանում և հպարտանում եմ նրանով:
Տղաս նույնպես զբաղվում է գործարարությամբ: Կարծում եմ` մի օր նա, անպայման վերադառնալու է իր մասնագիտությանը և զբաղվելու է իրավաբանությամբ, քանի որ հրաշալի տվյալներ ունի: Նա ունի գիտելիքների մեծ պաշար, խոհեմ է, հանգիստ, ունի զարգացած վերլուծական մտածողություն, որոնք շատ կարևոր հատկանիշեր են իրավաբանի համար: Տղաս իմ լավագույն ընկերն է ու խորհրդատուն և ես հպարտանում եմ իրենով:
Իսկ դաստիարակության և արժեքների առումով` պետք է նշեմ, որ չնայած աշխատանքային լարվածությանն ու ծանրաբեռնվածությանը, ինձ հաջողվել է դաստիարակված և կիրթ երեխաներ մեծացնել, ում համար երբևէ ամաչելու առիթ չեմ ունեցել: Ես մշտապես հետևողական եմ եղել նրանց հանդեպ թե՛ որպես մայր, թե՛ որպես ընկեր:
Պետք է անկեղծ ասեմ` իմ երեխաներն ապահովված են ապրել, բայց դրա հետ մեկտեղ` երբևէ չեն մեծամտացել ու շփացել: Ինձ հաջողվել է նրանց մեջ սերմանել մարդկային բարձր արժեքներ և նաև իմ օրինակով շատ բաներ սովորեցնել: Եվ այսօր նայելով նրանց` հիանում եմ, թե ինչպես են հաղորդակցվում իրենց աշխատակիցների հետ, ինչպիսի մարդկային մոտեցում, փոխադարձ հարգանք և սեր կա այդ շփման մեջ:
Երեխաներս նաև իմ ուժն ու հենարանն են, անհրաժեշտության դեպքում միշտ աջակցում են ինձ:

-Դուք կարողացել եք աշխատանքը համատեղել ընտանիքի հետ, և կենցաղը ևս դուրս չի մնացել Ձեր առօրյայից: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:

-Քիչ եմ քնել (հեղ.-ժպտում է): Դա իմ հաջողությունների ամենամեծ գաղտնիքն է, վեց ժամից ավել ես երբեք չեմ քնել: Այլ տարբերակ չունեի: Իմ ամենասիրած ժամանակը գիշերն էր, երբ ամբողջ ընտանիքդ տանն է, քնած է, դու հանգիստ ես, ու սկսում ես ստեղծագործել` մաքրություն անել, վերադասավորություններ անել, ճաշեր պատրաստել, քեզ հետևել, դիմակներ դնել և այլն: Ուսանող տարիներին ևս քիչ էի քնում, քանի որ երեխաներ ունեի, պետք է հասցնեի ամեն բան: Եվ այդպես տարիներով մտածում էի` կգա՞ մի ժամանակ, որ մի երկու-երեք օր երկար քնեմ: Բայց պետք է նշեմ, որ քիչ քնելն արդեն ինձ համար դարձել է կենսակերպ, և անգամ արձակուրդային ժամանակահատվածում, երբ հանգստանում եմ որևէ հետաքրքիր վայրում, չեմ կարողանում երկար քնել, չեմ սիրում պասիվ հանգիստ, նախընտրում եմ ակտիվ և բովանդակալից ժամանակ անցկացնել:

-Ո՞րն է ըստ Ձեզ` հայ կնոջ ֆենոմենը, ի՞նչ առավելություններ ունի հայ կինը և ի՞նչն է պակասում նրան:

-Կարծում եմ` հայ կնոջ ֆենոմենն իր կազմակերպվածությունն է, ամեն ինչ հասցնելու կարողությունը: Մենք այլ երկրում չենք տեսնի աշխատող կամ ձեռնարկատեր կին, ով զբաղվում է երեխաների խնամքով, ստուգում դասերը, երկար ժամանակ անցկացնում խոհանոցում և ձգտում իդեալական կին լինել ամուսնու համար: Դա միայն հայ կնոջն է հատուկ: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ ամենին զուգահեռ` հայ կինը նաև շատ խնամված է ու կոկիկ:
Ի՞նչն է պակասում հայ կնոջը, կարծում եմ` կարիերայում իրենց դրսևորելու համարձակությունը, դա էլ մեր մենթալիտետից է գալիս, որը կամաց-կամաց փոխվում է:
Ես հավատում եմ կյանքի ուժին, պետք է ձգտես, աշխատես ու ապրես` գիտակցումով, որ կյանքը միայն ուրախություն չէ, այն նաև դժվարություններով լեցուն ուղի է, որը պետք է անցնես արժանապատիվ:

-Կյանք, ճակատագիր, Աստված... ինչպե՞ս կբնութագրեք:

-Կյանքը մեզ տրված է Աստծո կողմից: Ես հավատում եմ կյանքի ուժին, պետք է ձգտես, աշխատես ու ապրես` գիտակցումով, որ կյանքը միայն ուրախություն չէ, այն նաև դժվարություններով լեցուն ուղի է, որը պետք է անցնես արժանապատիվ: Մարդն առաջին հերթին պետք է հաղթահարի իր ծուլությունը և վատ նախասիրությունները: Պետք է կարողանա կարգավորել իր մտքերը, ձգտումներն ու նպատակները: Ակամայից հիշեցի Նիկոլայ Օստրօվսկու խոսքերը. "ԻՌջվՖ վՈՊՏ տՐՏՋՌՑՖ ՑՈՍ, փՑՏոօ վպ ոօսՏ ՎցփՌՑպսՖվՏ ոՏսՖվՏ ջՈ ոպրՓպսՖվՏ տՐՏՋՌՑօպ չՏՊօ".
Ինչ վերաբերվում է ճակատագրին կասեմ, որ միանշանակ չեմ վերաբերվում. ամեն ինչին ճար կա, բացի մի բանից` մահից: Երբեմն մարդիկ օգտագործում են ճակատագիր բառը իրենց գործած սխալներն արդարացնելու համար: Կարծում եմ` Աստված բոլորին տալիս է կյանք, ապրելու հնարավորություն, խելք, գիտակցություն` մտածելու, կողմնորոշվելու, ընտրություն կատարելու, լեզու` հաղորդակցվելու, իսկ մնացածը մարդը պետք է անի, ինքնուրույն հարթի իր ճանապարհը, այսպես կոչված ճակատագիրը և անհաջողությունների դեպքում ճակատագրին չմեղադրի: Աստված ոչ մեկի ձեռքը չի բռնում և տանում աջ կամ ձախ: Հատկապես հաղորդակցվելուց շատ բան է կախված, խոսքով կարող ես կյանք փրկել և կյանք կործանել:
Ես հավատում եմ Աստծուն, նրա ստեղծած Մարդ արարածի բանականությանը, ուժեղ մարդկանց, որոնք կարողանում են հասնել իրենց նպատակներին: Եվ ես շնորհակալ եմ Աստծուն, Կյանքին, Բնությանը, Մարդկանց և Ճակատագրին...

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Նախասիրություններ շատ ունեմ: Ընդհանրապես, սպորտային մարդ չեմ, բայց սիրում եմ թենիս խաղալ` և՛ սեղանի, և՛ մեծ: Երբ գնում եմ հանգստանալու, անպայման ժամանակիս մի մասը տրամադրում եմ թենիս խաղալուն:
Նախկինում սիրում էի նաև ձիավարությունը, հիմա հազվադեպ եմ դրանով զբաղվում: Շատ եմ սիրում երաժշտություն լսել, ինչպես նաև նստել մի գողտրիկ տեղ և վայելել բնության ձայները: Ինձ գրավում է գեղեցիկի ցանկացած դրսևորում, ազատ ժամանակս նախընտրում եմ լցնել գեղեցկությամբ` գեղեցիկ խոսք, գեղեցիկ մարդ, հագուստ, ճարտարապետություն, սանրվածք և այլն: Իմ նախասիրությունը գեղեցիկը փնտրելն ու գտնելն է:

-Նշեցիք, որ շատ եք սիրում երաժշտություն, կնշե՞ք` հատկապես ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում լսել:

-Արվեստը` գեղեցիկի, լուսավորի ծնունդ է, որով շրջապատված լինել շատ եմ սիրում:
Ինձ համար անկրկնելի և անգերազանցելի մեծություն է Սայաթ-Նովան: Իսկ եթե խոսենք համաշխարհային երգարվեստի մասին, ապա պետք է նշեմ, որ սիրում եմ բազմաժանր երաժշտություն, օրինակ, հանգստանալիս նախընտրում եմ լսել դասական երաժշտություն` Բեթհովեն, Վիվալդի, որն ինձ տանում է շատ հեռուներ: Սիրում եմ նաև փափուկ բլյուզ, լսում եմ Նինա Սիմոն, Ջորջ Բենսոն, Մանհեթն Բենդ, ինչպես նաև ֆավորիտ խմբերից` «Բիթլզ»: Հիշում եմ` մեր երիտասարդ տարիներին Մարզահամերգային համալիրի հարևանությամբ ջազ ակումբ կար, ուր հաճախ էինք ամուսնուս հետ այցելում: Ընդհանրապես, Երևանում մշտապես ճաշակով երաժշտություն է հնչել:

-Ի՞նչ տեղ է զբաղեցնում ընթերցանությունը Ձեր կյանքում:

-Շատ եմ սիրում կարդալ, դպրոցական տարիներից ի վեր` այդ սերը պահպանվել է իմ մեջ մինչև այսօր:
Գեղարվեստական գրականություն ամենաշատը կարդացել եմ դպրոցական տարիներին` Օնորե դը Բալզակ, Սոմերսեթ Մոեմ, Գարսիա Մարկես և այլն: Ես և քույրս գիշերներ էինք լուսացնում գիրքը ձեռքներիս: Մայրս էլ էր շատ ընթերցասեր:
Իսկ այսօր, ցավոք, շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրել ընթերցանությանը, կարդում եմ, երբ անգամ քիչ ազատ ժամանակ եմ ունենում: Դա հիմնականում լինում է աշխատավայրում և տանը` քնելուց առաջ, որը ընթերցանության իմ ամենասիրելի ժամանակահատվածն է, բայց մի տարբերությամբ` այժմ ես նախընտրում եմ կարդալ փիլիսոփայական, հոգեբանական գրքեր, որոնք բացահայտում են մարդուն: Եթե ժամանակ ունենայի, ապա, անպայման շատ խորը կուսումնասիրեի մարդու հոգեբանությունը, հատկապես` ենթագիտակցությունը, որից մենք շատ ազդակներ ենք ստանում` անվանելով այն ինտուիցիա: Կարծում եմ` Աստծո ամենահզոր և հանճարեղ ստեղծագործությունը մարդն է:
Սիրում եմ կարդալ նաև ճանաչողական գրքեր:

-Շատ եք ճամփորդել, ո՞ր երկիրն է Ձեզ ամենաշատը դուր եկել: Երբևէ ցանկացել եք այլ երկրում ապրել:

-Այո՛, եղել եմ եվրոպական բոլոր երկրներում և ոչ միայն: Միակ երկիրը, որ ցանկացել եմ ու չեմ այցելել, Հնդկաստանն է: Նրանց մշակույթը շատ հին է և հետաքրքիր պատմություն ունի, որին ուզում եմ ծանոթանալ: Դելիից հնդիկ իրավաբան ընկերներ ունեմ, որ աշխատում են և ապրում Անգլիայում: Բազմիցս հրավիրել են Հնդկաստան, բայց մինչև հիմա չի հաջողվել ընդունել նրանց հրավերը: Կարծում եմ` անպայման կընդունեմ այն:
Իսկ ինձ հոգեհարազատ է Անգլիան` իր գեղեցիկ ու կոկիկ մարդկանցով, արվեստով ու մշակույթով:
Ապրել այլ երկրում երբևէ չեմ ցանկացել, թեև հնարավորություններ շատ են եղել: Իմ և երեխաներիս համար Հայաստանից, հատկապես` մեր Երևանից լավ տեղ չկա:
Երբ ճամփորդելիս զրուցում ենք օտարերկրացիների հետ, և նրանք տեղյակ չեն լինում Հայաստանի մասին, ես սկսում եմ պատմել նրանց Հայաստանի մասին և հրավիրում եմ Հայաստան` տեսնելու մեր չքնաղ երկիրը և խոստանում լինել իրենց անձնական էքսկուրսավարը:

-Ինչպիսի՞ արժեք է հայրենիքը Ձեզ համար:

-Ես սիրում եմ իմ հայրենիքը: Այստեղ եմ ծնվել, մեծացել, հատկապես Երևանի ամեն մի փողոց, անկյուն ինձ հոգեհարազատ է: Սիրում եմ մեր օդը, ջուրը, սրբությունները, ընտանեկան արժեքները, մարդկանց, նրանց շփումը, վերաբերմունքը միմյանց հանդեպ: Մենք նաև հյուրընկալ, հյուրասեր, մաքրասեր, աշխատասեր, ձգտող և շատ ինտելեկտուալ ազգ ենք: Գուցե չհավատաք, բայց հայաստանցի հայերի ինտելեկտը շատ բարձր է:
Մենք բացառիկ ազգ ենք. էլ ո՞ր երկրում է ծնողը մտածում երեխայի ապագայի մասին` ծնված օրվանից, էլ ո՞ր երկրում կտեսնես, որ երեխան իր ծնողի կողքին լինի մինչև մահ, էլ ո՞ր երկրում ընկերոջը կամ բարեկամին դժբախտության մեջ տեսնելով` մարդիկ կամավոր օգնություն կցուցաբերեն:
Ես իմ հայրենիքում ինձ շատ լավ եմ զգում, հպարտ եմ, որ հայ եմ: Իմ երեխաները ևս շատ հայրենասեր են, նրանց համար հայրենիքը մեծագույն արժեք է:

-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Ես ցանկանում եմ, որ Հայաստանը լինի տնտեսապես զարգացած, հզոր երկիր, իսկ հայ ժողովուրդը լինի ինքնավստահ, ինքնուրույն, ինքնաբավ ու ժպտերես: Շատ եմ ուզում, որ մարդկային փոխհարաբերություններում իշխի բարությունն ու ազնվությունը, սերն ու հանդուրժողականությունը: Եվ, ի վերջո, ցանկանում եմ` Հայաստանը դառնա համայն հայության երազանքի հայրենիքը, ուր կցանկանա վերադառնալ հայրենիքի կարոտը սրտում պահած մեր սփյուռքահայությունը:

-Առաջիկայում իրականացվելիք ի՞նչ ծրագրեր ունեք:

-Իմ ամենամեծ ծրագիրը տատիկ դառնալն է(հեղ.-ժպտում է), ուզում եմ թոռնիկներիս կյանքում հետք թողնել, ինչպես իմ տատիկը` իմ կյանքում: Իսկ գործնական ծրագրերի մասին չեմ սիրում խոսել: Ո՛չ, սնահավատ չեմ, պարզապես չարած բաների մասին խոսելը տեղին չեմ համարում:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց