01:05
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ոչ ավանդական հայկական ոճով հավաքածու` իտալացու աչքերով. «Ceramisia» իտալական բրենդը հայկական մոտիվներով սպասքի շարք կթողարկի

2020-01-30 13:35

«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.)

2019թ. ներդրումային հետաքրքիր և գեղեցիկ ծրագրերից է իտալական «Ceramisia» բրենդի սպասքի արտադրության հիմնումը Հայաստանում, որը հայ-իտալական համագործակցության արդյունք է: Ներդրողը «Italian stoneware» հոլդինգն է, որի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի հետ զրուցեցինք Հայաստանում իտալական բրենդի ներդրման, զարգացման, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև Հայաստանից ստացած նրա տպավորությունների մասին:

-Պարո՛ն Պոլիդորի, նախ շնորհավորում ենք Ձեզ հայ-իտալական նման գեղեցիկ նախագծի` Հայաստանում «Ceramisia» բրենդի սպասքի արտադրություն հիմնելու առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ: Կներկայացնե՞ք «Ceramisia» բրենդը, և ինչպե՞ս ծնվեց Հայաստանում իտալական սպասքի արտադրություն հիմնելու գաղափարը:

-Նախ նշեմ, որ «Italian stoneware» հոլդինգը զբաղվում է շինարարական, հյուրանոցային, արծաթե սպասքի, ապակե սպասքի, կերամիկայի, տեքստիլի արտադրության բիզնեսներով: Մեր տարեկան շրջանառությունը 1 մլրդ. եվրո է:
«Ceramisia»-ն մեր հոլդինգի 10 տոկոսն է կազմում: Այն բավականին երիտասարդ բրենդ է, 11 տարի է, ինչ գործում է: Տասնմեկ տարում մենք հասել ենք 100 մլն եվրո վաճառքի, բայց քանի որ մեր հոլդինգը բավականին հզոր է, կարողանում ենք անընդհատ ներդրումներ կատարել` ուղղված «Ceramisia»-ի զարգացմանն ու «հին» բրենդ դառնալուն: Այն մեր հոլդինգի զարդն է, որից հոլդինգի անդամները մեծ ակնկալիքներ չունեն, բայց սիրում և պահում են այն` որպես թանկարժեք զարդ:
Ինչ վերաբերում է Հայաստանում «Ceramisia» բրենդի գործարան բացելու գաղափարի առաջացմանը, ապա դա կապված է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ, ում մոտ մեկ տարի է, ինչ ճանաչում ենք: Նա տեղեկանալով, որ մենք ցանկանում ենք Վրաստանում բացել «Ceramisia» բրենդի գործարանը, որի շենքն արդեն պատրաստ էր, բանակցությունների փուլն անցել էինք, ասաց` ինչո՞ւ ոչ, եկեք միասին Հայաստանում հիմնենք նման գործարան, և այդ օրվանից սկսվեցին աշխատանքները. դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել մեզ հետ: Ներդրվեց մոտ 30 մլն. եվրո, և այսօր ունենք այն, ինչ տեսնում եք:
Ի դեպ` պարոն Ծառուկյանի գործունեության մեջ ևս այն փոքր, սիրուն, նորաձև զարդ է` գեղեցիկ աչքի համար:

-Ինչպիսի՞ հումք եք օգտագործում ու ի՞նչ սարքավորումներ են ներդրված գործարանում:


-Մենք օգտագործում ենք բացառապես իտալական հումք, իտալական սարքավորումներ,այսինքն` այն, որ պատրաստված է Հայաստանում, դիզայնն արված Իտալիայում, իրական է: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ամբողջ աշխարհն է հետևում իտալական դիզայներական մտքին:

-Ինչպիսի՞ տեսականի ունեք:


-Քանի որ մենք գործ ունենք իտալական բրենդի հետ, ապա պետք է նշեմ, որ իտալացիները երբեք չեն ունենում կատալոգ կամ հավաքածուների հաշվարկ, նրանց համար ամենակարևորը ներշնչանքն է, ամեն ինչ բխում է ներսից` հոգուց, և հետո նոր ձև, կենդանություն ստանում: «Ceramisia»-ն հավաքածուների սահմանափակում չունի, բայց կան արդեն կայացած, շատ գեղեցիկ հավաքածուներ, որոնք կրում են իտալական հայտնի քաղաքների անունները, ինչպիսիք են` «Ֆլորենցիա»-ն, «Նեապոլ»-ը և այլն: Վստահաբար կլինեն նաև նոր հավաքածուներ` հետաքրքիր և յուրօրինակ դիզայնով:
Նշեմ նաև, որ «Ceramisia» բրենդն ունի շատ խստապահանջ մարքեթինգային թիմ, որի կողմից իրականացվում և վերահսկվում են բրենդի հետ կապված բոլոր ծրագրերը:

-Հետաքրքիր է, նախատեսվո՞ւմ է թողարկել հայկական դիզայնով շարք:


-Հայկական թեման, ուղղվածությունը, անպայման կլինի «Ceramisia»-ի հավաքածուներում, նախատեսում ենք ոչ ավանդական հայկական ոճով շարք` իտալացու աչքերով:


-Ո՞ր երկրներում է սպառվում «Ceramisia»-ի արտադրանքը:


-Մեր արտադրանքը հիմնականում սպառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն «Ceramisia» բրենդը ճանաչում և բարձր են գնահատում ողջ աշխարհում. եթե «Ceramisia»-ի մասին հարցնեք, օրինակ, կոլումբիացիներին, ապա նրանք միանգամից ժպիտով կարձագանքեն:

-Տեղյակ ենք, որ գործարանն ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կունենա մոտ 1000 աշխատատեղ, դա իրոք այդպե՞ս է:


-Իսկապես, մենք նախատեսում ենք ունենալ մոտ 1000 աշխատատեղ, պարզապես մեզ համար դժվար է կատարել աշխատակիցների ընտրությունը, մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ունեն ձիրք, տաղանդ և սիրով են աշխատում: Մենք նրանց, անպայման, ուղարկում ենք Իտալիա` վերապատրաստման և դարձնում այնպիսի մասնագետ, ինչպիսին մեզ պետք է: Իսկ թե ինչպես կմեծանա աշխատողների թիվը, կախված է այն բանից, թե մենք ինչ մասնագետներ կկարողանանք գտնել:


-Նշեցիք, որ աշխատակիցների ընտրությունը բավականին բարդ է Ձեզ համար, հետաքրքիր է, ինչպիսի՞ն են Ձեր աշխատակիցները` «Ceramisia»-ին հոգի և շունչ տվողները, և ինչպիսի՞ վերաբերմունք է դրսևորվում նրանց հանդեպ:


-Նրանցից յուրաքանչյուրն իր տեսակի մեջ հետաքրքիր է, եզակի, նրանք հիմնականում արվեստի մարդիկ են, ովքեր ոգեշնչվում են արվեստով, նորաձևությամբ, որը նաև կենսակերպ է իրենց համար: Մենք ավելի մեծ ներդրում ենք անում մարդու վրա, ամեն ջանք գործադրում, որ նա դառնա այն, ինչ պետք է: Մեծ տեղ ենք տալիս երիտասարդներին, զարգացնում նրանց, հաշվի ենք առնում և հասկանում նրանց հետ կապված ամեն բան` ազգային ավանդույթները, մշակույթը, տարիքը, կողմնորոշումները և այլն: Ապահովում ենք աշխատանքային ջերմ և ներդաշնակ մթնոլորտ, քանի որ մեկ տեղում հավաքված են տարբեր տարիքի, ազգերի ներկայացուցիչներ, ովքեր պետք է սովորեն ճիշտ վերաբերվել միմյանց: Մենք կարևորում ենք, որ մեր աշխատողը գոհ գա աշխատանքի ու գոհ վերադառնա տուն:


-Ապագա ի՞նչ ծրագրեր կան գործարանի հետ կապված:
-Մենք նախատեսում ենք հաջորդ տարի բացել խանութ Հայաստանում, իսկ դրանից հետո ընդլայնել մեր արտադրությունը, սկսել կերամիկական սալիկների արտադրություն, որի համար պետք է կառուցենք մեր երկրորդ գործարանը:


-Տեքստիլի հետ կապված ծրագրեր կա՞ն Հայաստանում:
-Գաղտնիք է:


-Արդյո՞ք Հայաստանի «Ceramisia»-ն ունի մասնաճյուղ:


-Այո՛, Հայաստանի «Ceramisia»-ն չի սահմանափակվում միայն Հայաստանով, այն նաև ներկայացուցչություն ունի Իտալիայում: Դա արվել է նրա համար, որ մեր պատվիրատուն, որը հետաքրքրված է պատվերներ տալով, գտնի այնտեղ իրականում իտալական ներկայացուցչություն, որը Հայաստանի մի մասն է: Գիտեք, թե այսօր որքան շատ են կեղծ բրենդերը, որոնք կրկնօրինակն են որևէ հայտնի բրենդի, այդ պատճառով մենք այնտեղ էլ ենք բացել ներկայացուցչություն, որպեսզի պատվիրատուները իմանան` ում հետ գործ ունեն:
Մենք ունենք նաև «Ceramisia» Իտալիայում և Պորտուգալիայում:


-Պարո՛ն Պոլիդորի, հետաքրքիր է, արդյո՞ք հայկական մտածողությունը, ավանդույթները ընդունելի են Ձեզ համար:


-Ես գիտեմ, որ հայերը պահպանողական ազգ են, և Հայաստանում ղեկավար դիրքերում երկար ժամանակ եղել են միայն տղամարդիկ: Ուրախ եմ, որ մենք ունենք կին ղեկավար, այդ քայլով մենք ցանկանում ենք նպաստել կնոջ դերի բարձրացմանը Հայաստանում: Իհարկե, մեր հոլդինգում ևս ունենք մեծ թվով կին ղեկավարներ: Մեր հոլդինգը չի ճանաչում ոչ սեռ, ոչ սեռական կողմնորոշում, ոչ տարիք, բոլոր մարդիկ, ովքեր կարող են մեզ մոտ աշխատել, տեղ ունեն մեր հոլդինգում: Այսինքն` մեր աշխատակիցների ընտրությունը ևս իտալական մտածելակերպով է արվում: Մենք ընդունում ենք բոլոր ազատ և խելացի մարդկանց:
Կարծում եմ` Հայաստանին նաև մտքի հեղափոխություն է պետք, մարդիկ պետք է ավելի ազատ մտածեն, հանգիստ նայեն ամեն ինչին: Ես շատ կցանկանայի Հայաստանում ներդնել նաև եվրոպական արժեքները, կարծում եմ` կհաջողեմ այդ գործում:


-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր եկել Հայաստանում:


-Ամենաշատն ինձ դուր է գալիս Հայաստանի պատմությունը: Առաջին անգամ Հայաստանում եղել եմ հինգ տարի առաջ և մարդկանց հետ շփվելով` անմիջապես զգացել եմ Հայոց պատմության խորը արմատները հայերի մեջ: Իմ տպավորությամբ` Հայաստանի պատմությունն է կերտում հայ մարդու նկարագիրը` թե՛ լավ, թե՛ վատ կողմերով: Եվ Հայաստանը, լինելով փոքր երկիր, իր պատմությամբ աշխարհի ամենամեծ երկրներից մեկն է:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...