11:39
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես նպատակ ունեմ կառուցել երջանիկ, զարգացած եւ ապահով Արցախ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կտեսնի իր ապագան

2020-03-18 12:31

Արայիկ Հարությունյան

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.)

Կենսագրական տվյալներ
1973թ. 14 դեկտեմբերի, ԱՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1990-1994թթ. - Երևանի ժողտնտեսության ինստիտուտ:
1994թ. տեղափոխվել և 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1996-1998թթ. - Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրա` «տնտեսագիտություն» մասնագիտություն:
2013թ. պաշտպանել է ատենախոսություն, դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային գործունեություն
1995-1997թթ. - ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնական:
1997-1999թթ. - «Հայագրոբանկի» Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ:
1999-2004թթ. - «Հայագրոբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ:
2005-2006թթ. - «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ:
2006-2007թթ-ից. և ապա` 2009թ.-ից առայսօր, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ:
2005-2007թթ. - ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Հայրենիք» խմբակցության ղեկավար,
Խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2007թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2012թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2017թ.սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար:
2018թ.-ի հունիսի 6-ին իր դիմումի համաձայն ազատվել է պետական նախարարի աշխատանքից:
2018թ.-ի հուլիսի 2-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
2019թ.-ի փետրվարի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Այլ տվյալներ.
Զինապարտ է:
1992թ. - անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:

-Պարո՛ն Հարությունյան, առջևում Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, որոնք մեծ կարևորություն ունեն թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար: Նախ` ուզում եմ հարցնել` որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու` ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք պատրաստվում ընտրություններին:

-Մեր պատկերացումներով` Արցախում ընտրությունները պետք է առաջին հերթին անցնեն համերաշխության մթնոլորտում, որովհետև, ինչպես բազմիցս նշել եմ, ոչ մի ընտրություն այնքան կարևոր չէ, որքան մեր ներքին միասնությունը: Այդ իմաստով պատահական չէ, որ մենք մեր քարոզարշավի առաջին օրը սկսեցինք մոմավառությամբ` հանուն համերաշխ ընտրությունների: Այսինքն` անկախ քարոզարշավի ծանրաբեռնվածությունից, մրցակցային պայքարից` մենք պետք է կարողանանք պահպանել մեր ներքին համերաշխությունը, որովհետև գալու է ընտրությունների հաջորդ օրը, և անկախ այն բանից, թե ով որքան քվե է ստացել, պետք է կարողանանք միասնաբար աշխատել և դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Արցախի Հանրապետության առջև:
Մենք առաջ ենք քաշել, ընդհանուր առմամբ, հավակնոտ ծրագիր, որը, հաջողության պարագայում, պատրաստվում ենք կյանքի կոչել, և որը էապես փոխելու է մեր ժողովրդի կյանքի որակը: Եվ պատահական չէ, որ ընտրել ենք «Դեպի բարեկեցիկ ապագա» և «Մենք կարող ենք» կարգախոսները, որովհետև մենք ունենք և՛ քաղաքական մեծ փորձառություն, և՛ պրոֆեսիոնալ թիմ, որին անդամակցում են Արցախի տարբեր խավերի ներկայացուցիչներ, այդ թվում` հինգ կուսակցություններ, որոնց հետ միասին կազմել ենք նախընտրական դաշինք:

-Դուք բավականին հավակնոտ, համարձակ, կարելի է ասել, հեղափոխական ծրագրերով եք հանդես գալիս, որոնք արտացոլում են ժողովրդի ամենացավոտ խնդիրները: Դրանցից է «Յուրաքանչյուր ընտանիքի` առանձին բնակարան» ծրագիրը: Առավելմանրամասն կներկայացնե՞ք այն և ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով եք հնարավոր համարում ծրագրի իրականացումը:

-Իսկապես, «Յուրաքանչյուր ընտանիքի` առանձին բնակարան» ծրագիրը հեղափոխական է, քանի որ բնակարանային խնդիրն այսօր մեր երկրում համարվում է առաջնայիններից մեկը, եթե ոչ ամենաառաջնայինը: Մեր ծրագրի հիմքում լուրջ ռազմավարություն է դրված. հարցն այն է, որ մենք փորձում ենք ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի արցախցին ապրի և արարի իր հայրենիքում, այլ ոչ թե մտածի օտար երկրներում իր ճակատագիրը որոնելու մասին: Մասնավորապես` բնակարանային ծրագրի իրականացման շնորհիվ` Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր եկամուտների չափից, կարողանալու է բնակարան ձեռք բերել ԱՀ քաղաքներից որևէ մեկում, իսկ գյուղերի համար այլ ծրագիր ունենք:
Քաղաքների համար նախատեսված ծրագրի էությունը հետևյալն է` ընտանիքը հիփոթեքային վարկավորման շնորհիվ ձեռք է բերելու բնակարան և վճարելու է այն պարագայում, եթե ընտանիքի եկամուտները մեկ շնչի հաշվով գերազանցում են սոցիալական նվազագույն զամբյուղը` 70 հազար դրամը: Եթե մեկ շնչի հաշվով 70 հազար դրամից ցածր են նրա եկամուտները, ապա իր փոխարեն վճարելու է պետությունը` և՛ տոկոսները, և՛ մայր գումարը, ու ամենակարևորը` անվերադարձ, այսինքն` պետության վճարած գումարը հետագայում քաղաքացու համար պարտք չի դառնալու: Ավելին` եթե քաղաքացին աշխատանք ունի և բնակարան է ձեռք բերում, բայց ինչ-որ պահի որոշակի պատճառներով զրկվում է աշխատանքից, ապա կրկին վարկը մարելու բեռն ամբողջությամբ իր վրա է վերցնելու պետությունը: Սա աշխարհում նմանը չունեցող ծրագիր է, որի նպատակն առաջին հերթին յուրաքանչյուր արցախցու բնակարանով ապահովելն է:

-Իսկ գյուղակա՞ն համայնքների համար...

-Գյուղերում այլ քաղաքականություն ենք վարելու: Հիշեցնեմ, որ 2015 թվականից Արցախում գործում է
3 մլն. դրամ կազմող անհատույց դրամաշնորհային ծրագիրը, որը նախատեսված է գյուղերում տուն կառուցելու համար: Դրամաշնորհը տրամադրվում է այն գյուղացիներին, որոնք իրենց տան տանիքն արդեն կառուցել են, և մնում է կատարել ներքին հարդարման աշխատանքները: Այսօր մենք առաջարկում ենք այդ ծրագրի պայմանները փոխել. նախ` 3 մլն. դրամը դարձնել 5 մլն., ինչպես նաև ավելացնել ևս 5 մլն. դրամ անտոկոս վարկ` 10 տարվա մարման ժամկետով:
Բացի դրանից, բնակարանային քաղաքականության ծրագրում մենք մի շարք կարևոր կետեր ենք ներառել. նախ և առաջ, հանվել է տարիքային ցենզը, որովհետև կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնց տարիքը սահմանված շեմից բարձր է, բայց ցանկություն ունեն բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու: Կարծում ենք` նույնիսկ կենսաթոշակառուները պետք է հնարավորություն ունենան բնակարան ձեռք բերելու, որովհետև, վերջին հաշվով, այդ բնակարանը միայն իրենցը չի լինելու, այն հետագայում պատկանելու է իրենց զավակներին, թոռներին, ապագա սերունդներին:
Մենք առաջարկում ենք հանել նաև բնակության ցենզի խնդիրը, այսինքն` եթե գործող ծրագրով Ստեփանակերտում կամ շրջկենտրոններում բնակարան կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելին բնակվում են այնտեղ, ապա այսօր մենք ցանկանում ենք այդ պահանջը չեղարկել, որպեսզի ցանկացած արցախցի իր նախընտրած վայրում կարողանա բնակարան ձեռք բերել: Այս հարցում մեր ընդդիմախոսները փորձում են հակադրվել մեզ, թե դա կարող է որոշակի վտանգներ պարունակել իր մեջ այն առումով, որ կմեծանա մարդկանց հոսքը գյուղերից Ստեփանակերտ, սակայն մենք կատարել ենք ուսումնասիրություններ, և դրանք ցույց են տվել, որ իրականում նման խնդիր չկա, ընդհակառակը` եթե այս ծրագիրը չիրականացնենք, կունենանք շատ ավելի մտահոգիչ խնդիրներ, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ գյուղերից գալիս են Ստեփանակերտ, ինչ-որ ժամանակ այնտեղ աշխատում կամ աշխատանք փնտրում և, բնակվարձը վճարել չկարողանալով կամ բնակարան ձեռք բերելու խոչընդոտներով պայմանավորված, ստիպված են լինում թողնել Արցախը և մեկնել արտերկիր: Մեր ծրագիրը հիմնականում ուղղված է այդ խնդրի լուծմանը:
Բնականաբար, վերը նշվածին զուգահեռ` մենք աշխատանքներ ենք իրականացնելու գյուղերում կյանքն ավելի գրավիչ դարձնելուն ուղղված, և սրանք պարզապես խոսքեր չեն: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր` գյուղական համայնքների հետ կապված` սկսած ենթաշրջանային սպորտային և մշակութային կենտրոնների կառուցումից, մինչև ներքին ճանապարհների բարեկարգում: Այսօր արդեն ունենք առաջին օրինակները, երբ գյուղացին հրաժեշտ է տվել «ցեխ» կոչվածին, կան նաև տարբեր այլ սոցիալական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալու մեր գյուղերում ապրող բնակիչներին ապրելու ավելի բարեկեցիկ պայմաններ ստեղծելու` այդ թվում` բիզնես սկսելու և սեփական աշխատանքը հիմնելու առումով:

-Անցումը անվճար առողջապահական համակարգի` ևս մեկ համարձակ ծրագիր է, որը ներկայացվել է Ձեր կողմից, մասնավորապես` բժշկական ո՞ր ծառայությունների մասին է խոսքը:

-Գուցե ֆանտաստիկ թվա, բայց խոսքը վերաբերում է բոլոր ծառայություններին, այդ թվում` ատամնաբուժական: Սա նույնպես մեր ընդդիմախոսների մոտ թերահավատություն է առաջացրել, փորձում են բնակչությանը տարբեր կերպ համոզել, հակաքարոզչություն անել, որ մենք այս հարցում ճիշտ հաշվարկներ չենք կատարել, բայց ես հավաստիացնում եմ, որ այս հայտարարությունն անելուց և ծրագիրը ներկայացնելուց առաջ մենք իրականացրել ենք լուրջ հաշվարկներ և ուսումնասիրություններ ու կարծում ենք, որ Արցախի տնտեսական զարգացումն այսօր թույլ է տալիս առաջիկա մի քանի տարիների ընթացքում փուլային եղանակով անցնել անվճար առողջապահության ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում և, եթե կարիքը կա, արտասահմանում: Արցախի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու ցանկացած հիվանդության պարագայում, այդ թվում` օնկոլոգիական հիվանդությունների և անպտղության խնդրի դեպքում, ստանալ անվճար բուժօգնության հնարավորություն:
Մասնավորապես` երկու ծրագիր կա, որ կարևորում ենք. մեկը պարտադիր բուժզննումն է և երկրորդը` դեղորայքային ապահովումը, որովհետև հատկապես կենսաթոշակառու մեր քաղաքացիները դեղորայքի վրա բավականին մեծ գումարներ են ծախսում, ինչը էական ազդեցություն է ունենում իրենց բյուջեի վրա` հաշվի առնելով թոշակի չափը: Այս ծրագրի իրականացման մասին շատ երկար ենք խորհել, քանի որ արձանագրել ենք, որ բոլորին հայտնի ղարաբաղցիների երկարակեցությունը վտանգված է, այդ մասին է փաստում այն, որ մեզանում արձանագրված կյանքի միջին տարիքը բավականին ցածր է` զարգացած երկրների համեմատ, ավելին` մեզ դիմող քաղաքացիների խնդիրների առյուծի բաժինը հենց առողջապահությանն է վերաբերում: Հատկապես ցավալի իրավիճակ է ստեղծվում, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը հիվանդանում է ծանր հիվանդությամբ, այդ դեպքում թե՛ ընտանիքը, թե՛ ողջ գերդաստանը ֆինանսական առումով հայտնվում են ծանր վիճակում` պարտքեր, վարկեր և այլն: Շատ դեպքերում չեն հասցնում բուժօգնությունը ժամանակին կազմակերպել, և այն անարդյունավետ է դառնում: Այս խնդիրներից վերջնականապես ձերբազատվելու առումով, մեր կարծիքով, այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի երկրի զարգացման համար, և մենք հետևողական ենք լինելու, որ այն փուլ առ փուլ իրականացվի և բուժօգնությունն Արցախում դառնա ամբողջովին անվճար:

-Ի՞նչ ժամկետներում եք նախատեսում ծրագրի իրականացումը:

-2021թ. հունվարի 1-ից Արցախի առողջապահական համակարգը դառնալու է անվճար, և զուգահեռ` մենք աշխատելու ենք բուժսպասարկման որակի բարձրացման վրա, որովհետև կարծում ենք, որ միայն անվճար առողջապահություն ունենալը բավարար չէ, քանի որ չի կարող լինել անվճար առողջապահություն` անորակ ծառայություններով, պետք է միաժամանակ լուրջ ուշադրություն դարձնենք նաև ծառայությունների որակին: Այդ նպատակով 2021թ. հունվարի 1-ից շեշտակի բարձրացվելու են ոլորտի աշխատողների աշխատավարձերը, նվազագույնը` կրկնակի անգամ:
Փորձելու ենք նաև մեծ ուշադրություն դարձնել առկա արատավոր երևույթների վերացմանը. խնդիր է դրված գյուղական համայնքներում ստեղծել առաջնային բուժօգնության ամբողջական համակարգ և, իհարկե, Արցախի առողջապահական համակարգը համալրել նոր մասնագետներով: Նպատակ ունենք նաև ոլորտում հայտնի լավագույն մասնագետներին հրավիրել Արցախ` բավականին բարձր աշխատավարձ վճարելու պայմանով, որովհետև կա այսպիսի մի պարզ հաշվարկ` եթե չենք կարողանում տեղում ապահովել մեր քաղաքացու բուժօգնությունը, ապա նա ստիպված մեկնում է Արցախից դուրս և վճարում է մի քանի անգամ ավելի մեծ գումար, ներառյալ` տրանսպորտային և այլ ծախսերը, և այդ ամբողջ գումարը դուրս է գալիս մեր տնտեսությունից: Այդ պատճառով մենք անելու ենք ամեն բան, որպեսզի մեր քաղաքացին տեղում ստանա որակյալ բուժօգնություն և ամենակարևորը` անվճար:
Կուզենայի նաև շեշտել, որ ըստ վիճակագրական տվյալների` Արցախում բավականին բարձր է անպտղության ցուցանիշը, մարդիկ տասնյակ տարիներ պայքարում են այդ խնդրի դեմ, ծախսում մեծ ֆինանսներ և կրկին չեն կարողանում ժամանակին բուժօգնություն ստանալ, ինչի հետևանքով արձանագրվում են ամուսնալուծություններ: Այս խնդիրներին համալիր լուծում տալու համար մենք, անպայման պետք է կյանքի կոչենք վերը նշված ծրագիրը` այն ևս համարելով մեր երկրի համար ամենաառաջնայիններից մեկը:

-Ձեր հավակնոտ ծրագրերից է նաև անցումը անվճար կրթական համակարգին, առավել մանրամասն կներկայացնե՞ք այն, ովքե՞ր կկարողանան օգտվել դրանից:

-Մեր կարծիքով` ուսանողության այն թիվը, որ այսօր կա համալսարաններում, համահունչ չէ այն պահանջարկին, որը մենք ունենք, էլ չասեմ կրթական որակի մասին, ինչը, երևի թե, մեր` տարիների ընթացքում թույլ տված բացթողումներից է: Այսօր, մեր կարծիքով, կրթական համակարգում կարևոր ռեֆորմներ պետք է իրականացնել: Ծրագիրը հետևյալն է` բուհական կրթությունը Արցախում և Հայաստանում (եթե Արցախում այդ մասնագիտությունները չկան), պետք է լինի լիովին անվճար, և զուգահեռ` մենք պետք է ուշադրություն դարձնենք կրթության որակի բարձրացմանը: Իսկ թե ինչ են անելու դպրոցի այն շրջանավարտները, որոնք չեն կարողանալու բուհական համակարգում շարունակել իրենց կրթությունը, այդ ուղղությամբ ևս բավականին լուրջ աշխատանքներ ենք իրականացնելու, և գործընթացն արդեն մեկնարկել է: Խոսքն արհեստագործական ուսումնարանների բացման մասին է: Արդեն նման օրինակ ունենք Շուշիում` «Եզնիկ Մոզյան» ուսումնարանը, որ գործում է ֆրանսիական մոդելով: Այնտեղ ապահովվում են աշակերտների (խմբ.` այդպես են կոչում ուսումնարանում սովորողներին) բնակության, սննդի հարցերը: Նրանք նաև ընդգրկվում են շինարարական ընկերություններում` որպես փորձուսուցում, ինչի համար վարձատրվում են:
Վերջերս եղել եմ Իտալիայում և ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններ եմ ձեռք բերել Շուշիում երկրորդ արհեստագործական ուսումնարանը բացելու վերաբերյալ: Դա լինելու է իտալական մոդելով կրթական համալիր, որտեղ ծառայությունների ոլորտի հետ կապված բավական լուրջ մասնագիտություններ են դասավանդվելու` արհեստավարժ մասնագետների կողմից: Հիմնականում ներգրավվելու են իտալացի մասնագետները, ներդնելու են իրենց փորձը:
Այս ծրագրերը շարունակական են լինելու, և դրանք, համոզված եմ, էական ազդեցություն են ունենալու Արցախի տնտեսության զարգացման վրա: Վերջին հաշվով, տնտեսագետների, իրավաբանների, հումանիտար ոլորտի այլ մասնագետների կարիքը, հաստատ, այն չափով չկա, որքան այսօր մեր բուհերը թողարկում են: Չխոսենք էլ այն մասին, որ այդ մասնագետների մեծ մասի համար մենք հոգեբանական, ինչպես նաև մասնագիտական մեծ խնդիրներ ենք ստեղծում, որովհետև մարդը, չգտնելով իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մեկ այլ ոլորտում դառնում է ոչ կոմպետենտ մասնագետ: Դրա համար այս դաշտում լուրջ կարգավորումներ, բարեփոխումներ իրականացնելու կարիք կա, ինչը կյանքի կոչելու համար մենք ունենք բավարար կամք ու ցանկություն:
Մեր հաջողության պարագայում, այս տարվա սեպտեմբերի 1-ից կրթությունն այն ուսանողների համար, որոնք նոր են ընդունվելու և նրանց համար, որոնք սովորում են, դառնալու է անվճար, և զուգահեռ` իրականացնելու ենք նաև այդ «ցավոտ», բայց, համոզված եմ, արդյունավետ ծրագիրը:

-Դուք հանդիպումներ եք ունենում սոցիալական տարբեր խմբերի հետ, ներկայացնում Ձեր ծրագրերը, ի՞նչ արձագանք են ստանում դրանք և ի՞նչ հարցեր են բարձրացվում ժողովրդի կողմից:

-Հիմնականում բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են այն առաջնայնություններին, որոնց մասին արդեն խոսեցինք: Որպես այդ երեք ծրագրերի իրականացման արդյունք` մենք կանխատեսում ենք երջանկության ցուցանիշի շեշտակի բարձրացում, քանի որ, եթե քաղաքացին կարողանում է բավարարել իր առաջնային պահանջմունքները, ապա նրան այլ բան չի մնում, քան իր վաստակածը ծախսել հանգստի, ամենօրյա կյանքի տարբեր հետաքրքրությունների համար:
Իհարկե, խնդիրներ ունենք նաև սոցիալական արդարության հետ կապված: Իմ հանդիպումների ընթացքում բազմիցս շեշտել եմ, որ մենք այս առումով ունենք շատ կարևոր ծրագիր: Մասնավորապես` կադրերի հարցում լինելու ենք անզիջում, և նրանք ընտրվելու են` ըստ հասարակության մեջ ունեցած իրենց հարգանքի: Եթե նախկինում ասում էինք, որ կարևորը արհեստավարժությունն է, ապա այսօր, իմ կարծիքով, հանրային պահանջարկը փոխվել է, հասարակությունն ավելի շատ պահանջում է մարդկանց, ովքեր ոչ թե մեքենայի պատուհանից են հասարակությանը նայելու, այլ ունենալու են կենդանի շփում և, ամենակարևորը, վայելելու են հասարակության հարգանքը:
Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, այդ թվում` իմ ընտանիքի ներկայացուցիչները: Եթե որևէ մեկը պետք է արտոնյալ լինի, ապա մենք չենք կարող լուրջ առաջընթաց ապահովել: Երկրում պետք է գործի միայն օրենքի ուժը: Այդ պարագայում, ես կարծում եմ, որ մենք իսկապես ունենալու ենք մեր երազանքների երկիրը:

-Ի՞նչ միջոցներով են Ձեր նշած հեղափոխական ծրագրերն իրականացվելու:

-Երբ ինձ այս հարցը տալիս են, ասում եմ` ես էլ դրա մասնագետն եմ. եթե բժիշկն իր ոլորտի մասնագետն է, ուսուցիչն` իր, ապա ես էլ, լինելով տնտեսագետ, փող գտնելու և ստեղծելու մասնագետն եմ:
Մի կարևոր համեմատություն եմ ուզում անել. 1995թ.-ից մինչև 2007թ.-ը Արցախում հաջողվել է ստեղծել 31,5 մլրդ դրամանոց պետական բյուջե: Երբ 2007թ. վերջին ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, 10 տարվա ընթացքում հաջողվեց այն հասցնել 115 մլրդ դրամի: Այսօր արդեն ԱՀ բյուջեն 122 մլրդ դրամ է: Առաջիկա տարիներին մենք պատրաստվում ենք այն հասցնել 200 մլրդ-ի: Այսինքն, միանշանակ, խոսքը վերաբերում է առաջին հերթին պետական միջոցներին` իհարկե, ներգրավելով նաև մասնավորի և քաղաքացիների հնարավորությունները: Որպես կանոն` փոքր գումարը փոքր եկամուտ է բերում, մեծը` մեծ: Այսինքն` եթե 31,5 մլրդ դրամանոց բյուջեի պարագայում ամեն տարի արձանագրում էինք 10 տոկոս տնտեսական աճ, այն ավելացնում 3-3,5 մլրդ դրամով, ապա այսօր մեկ տարվա ավելացվող գումարը 12-13 մլրդ դրամ է: Այսինքն, բյուջեի ծավալներից ելնելով, 3-4 տարվա կտրվածքով նախկինում ունեցած աճը հիմա ապահովում ենք արդեն մեկ տարվա ընթացքում,և գնալով այդ զարգացման տեմպն ավելի է մեծանալու, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չունենանք, իսկ ֆորսմաժորի վտանգը մեր պարագայում առաջին հերթին պատերազմն է: Մնացած դեպքերում ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի կարողանանք ապահովել տնտեսական կայուն զարգացում: Դրա համար մենք արդեն կոնկրետ ուղղություններ ենք նախանշել, որոնց լոկոմոտիվը հանդիսանալու է գյուղատնտեսությունը:

-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում:

-Գյուղատնտեսության ոլորտում մենք նախատեսում ենք մինչև 10 հազար հա այգիների տունկ, որից
5 հազար հա-ն` նռան, իսկ մյուս կեսը` արքայանարինջի, տանձի, խնձորի, ինչպես նաև նոր պտղի` կիվիի այգիներին: Ի դեպ` Արցախը բավականին լավ պայմաններ ունի կիվիի մշակման համար:
Երկու զուգահեռ ծրագիր ենք իրականացնելու, որոնցից մեկը ոռոգման ջրով կապահովի այն հողատարածքները, որտեղ նախատեսվում է այգիների տունկ իրականացնել: Խոսքը Սարսանգի ջրերի` Թարթառի աջափնյա հատված տեղափոխելու և այն կայուն ոռոգովի դարձնելու մասին է, ինչի արդյունքում կջրարբիացնենք ավելի քան 10 հազար հա հողատարածք: Համեմատության համար նշեմ, որ մենք այսօր ունենք գրեթե նույնքան ոչ կայուն ոռոգվող տարածքներ: Դա էապես փոխելու է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մեր քաղաքականությունը, ինչպես նաև այն պատկերը, որն առկա է արտադրության ոլորտում: Նախ` երաշխավորված արտադրանք է լինելու և երկրորդ` համախառն բերքի ծավալները մի քանի 100 անգամ աճելու են:
Իհարկե, շատ կարևոր է նաև գյուղմթերքի իրացման խնդիրը: Նշեմ, որ իրացման հնարավորությունների հետ կապված, պայմանավորվածություններ եմ ձեռք բերել «Սպայկա» ընկերության հետ: Փետրվարի վերջին այդ ընկերության ներկայացուցիչներն Արցախում էին: Նրանց կողմից Եվրոպայից հրավիրված մասնագետներն Արցախի տարբեր հատվածներում իրականացրել են ուսումնասիրություններ, թե որ մասում ինչ մրգատեսակ կարելի է աճեցնել: Առաջիկա ամիսների ընթացքում այդ ուսումնասիրությունների արդյունքներն ակնհայտ կլինեն, և ուղղորդիչ կհանդիսանան հետագա ծրագրերն իրագործելիս:
Գյուղատնտեսության համար հաջորդ շրջադարձային ծրագիրը, իմ կարծիքով, ոչխարաբուծության զարգացումն է: Այդ նպատակով ամիսներ առաջ իմ հորդորով մեր հայրենակիցը Քաշաթաղի շրջանի հյուսիսայի թև է ներկրել էդիլբայ ցեղատեսակը, որն իր քաշով և որակական այլ հատկանիշներով մոտ 3 անգամ գերազանցում է տեղականին: Փորձը հաջողվել է, և դա բավարար հիմք է այն պետական ծրագրով զարգացնելու համար: Մասնավորապես` առաջիկա 5 տարիներին նախատեսում ենք տարեկան 50 հազար մայր ոչխար ներկրել, արտոնյալ պայմաններով տրամադրել ոչխարաբուծությամբ զբաղվել ցանկացողներին, ինչն էլ հնարավորություն է տալու շատ կարճ ժամանակում ոչխարների թիվը հասցնել 500 հազարի` ճյուղն առաջատար դարձնելով` միաժամանակ հոգալով զբաղվածության խնդիրը: Հատկանշական է, որ ոչխարի մսի արտահանումն ունի մեծ հեռանկարներ, քանի որ բացի առկա մեծ պահանջարկից, այն նաև ֆինանսական առումով անհամեմատ շահավետ է:

-Դուք երկար տարիներ (2005թ. սկսած) ներգրավված եք եղել Արցախի պետականաշինության գործում, զբաղեցրել բարձր պաշտոններ, անշուշտ, տիրապետում եք Արցախում առկա խնդիրներին: Տնտեսական և, հատկապես, ներդրումային քաղաքականության ինչպիսի՞ տեսլական ունեք:

-Ինտենսիվ աշխատանքների արդյունքում հայ և օտարազգի անվանի գործարարների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ Արցախում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Դրանք կընդգրկեն գյուղատնտեսության, էներգետիկայի և հատկապես` վերամշակող արդյունաբերության ոլորտները: 10 հազար հա նոր այգիների տունկը ենթադրում է մոտ 40 վերամշակող գործարանների կառուցում, մոտ 20 և ավելի սառնարանային տնտեսությունների ստեղծում: Այդ ամենը, միանշանակ, պետք է իրականացվի տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ինչն էլ մեր քննարկումների առանցքն է հանդիսացել:

-Ի՞նչ նոր ծրագրեր կան էներգետիկ ոլորտի հետ կապված:

-Դրանք բազմաթիվ են: Կարծում եմ` ուշադրության է արժանի այն փաստը, որ իմ գլխավորած կառավարությանը հաջողվել է վերականգնվող էներգետիկայի զարգացման շնորհիվ Արցախը դարձնել էներգետիկ անկախ պետություն: Գաղտնիք չէ, որ պատերազմի տարիներին և դրանից հետո էներգետիկ առումով բավականին լուրջ խնդիրներ ունեինք: Այդ պատճառով, երբ Արցախը կիսապատերազմական վիճակում էր, և էներգակիրները, մասնավորապես` գազամատակարարումները, հիմնականում դրսից էին, մենք երկիրը պարենային և էներգետիկ առումներով ինքնաբավ դարձնելու խնդիր դրեցինք: Էներգետիկ անվտանգությունը մեզ կայուն տնտեսական զարգացման հնարավորություն էր տալու և հնարավոր ֆորս-մաժորների դեպքում մենք խնդիր չէինք ունենալու: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց փոքր ՀԷԿ-երի կառուցմամբ կատարել մեր առջև դրված գլխավոր խնդիրը` դառնալ ինքնաբավ: Ավելին` Արցախում արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասն այսօր արտահանվում է` բարձրացնելով Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:
Այսօր մենք երկրորդ կարևոր քայլն ենք ցանկանում ձեռնարկել, որը բխում է մեր ծրագրային կարևոր դրույթներից. խոսքն Արցախում էլեկտրամոբիլների կիրառման խրախուսման մասին է: Մենք հայտարարել ենք, որ մեր հաջողության պարագայում, բոլոր այն քաղաքացիները, ովքեր էլեկտրամոբիլ ձեռք բերելու ցանկություն կունենան, պետության կողմից կստանան աջակցություն` բանկային ավտովարկի տոկոսադրույքի սուբսիդավորման տեսքով: Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն մարդատար, այլ նաև բեռնատար ավտոմեքենաներին է վերաբերում: Էլեկտրոմոբիլներն էկոլոգիապես մաքուր են, տեխնիկապես ավելի անվտանգ, մատչելի, իսկ մյուս գլխավոր պատճառը այն է, որ լիցքավորումն իրականացվելու է սեփական ռեսուրսի միջոցով: Ըստ մեր ծրագրի` Արցախի հիմնական տրանսպորտային միջոցները մինչև 2030թ. պետք է փոխարինվեն էլեկտրականով: Ես ինքս վարում եմ էլեկտրոմոբիլ և միշտ կատակով ասում եմ` իմ բջջային հեռախոսն ավելի շատ գումար է ծախսում լիցքավորման համար, քան իմ էլեկտրական մեքենան: Պետք է փորձենք ծրագիրը համատարած և հասանելի դարձնել բոլորին: Սա ևս մեկ կարևոր քայլ է քաղաքացու ծախսերի նվազեցման և նրան ավելի լավ պայմաններ առաջարկելու համար:
Բացի այդ, այն բոլոր համայնքներում, որոնք գազաֆիկացված չեն, 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամից կհասցվի 15 դրամի: Իսկ գազաֆիկացված բնակավայրերի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ցանկություն կունենան անցում կատարել էլեկտրաէներգիային, կրկին նույն սակագինը կսահմանվի:
Պարենային ինքնաբավության մասին խոսելիս ցանկանում եմ հիշեցնել, որ 2007թ.-ի համեմատ, Արցախում համախառն բերքի ծավալներն ավելացել են 3-3,5 անգամ` հասնելով 160-170 հազար տոննայի: Այսինքն` այսօր տեղական արտադրանքի շնորհիվ ամբողջությամբ ապահովվում է Արցախի ցորենի ներքին պահանջարկը և, ավելին, դրանից մոտ երկու անգամ ավելի արտահանվում է Հայաստան: Որպես ամփոփում կասեմ հետևյալը. Արցախն այսօր ինքնաբավության բարձր մակարդակ ունի, և դրան մեզ հաջողվել է հասնել անցած 10 տարիների անխոնջ աշխատանքի արդյունքում, իսկ գալիք տարիներին աշխատանքները կծավալվեն Մայր հայրենիքի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ:

-«Մեր քաղաքականության հիմքում մարդն է` որպես բացարձակ արժեք, և պետությունն իր գործիքակազմով գործադրելու է բոլոր ջանքերն ավելի ապահով քաղաքացի ունենալու համար»,- մեջբերում եմ Ձեր խոսքից: Ի՞նչ ծրագրեր կան, որոնք արտացոլում են խոցելի խմբերի, օրինակ` հաշմանդամների շահերը:

-Անվճար առողջապահական և կրթական համակարգեր ստեղծելու, բնակարանային խնդիրն իսպառ լուծելու հնարավորությունները ԱՀ բոլոր քաղաքացիների` նաև խոցելի խմբերի համար են ստեղծվում: Բայց հիմնական գործիքակազմը, որ մենք նախատեսում ենք այդ խմբերի համար, սոցիալական տարբեր երաշխիքների տրամադրումն է: Այսինքն` մեր երկրի սահմանափակ կարողություններ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի իր ընթացիկ բուժումները ստանալու հնարավորություն է ունենալու ոչ միայն Արցախում, այլ նաև արտասահմանում: Եվ եթե կա գոնե մեկ տոկոս բուժման հնարավորություն, որից հետո քաղաքացին կունենա լիարժեք կյանք, ապա այդ մեկ տոկոսը, անպայման, օգտագործվելու է:
Հետևողական քաղաքականություն է տարվելու սոցիալական երաշխիքների ավելացման, թոշակների և աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ նաև:
Անցած տասը տարիների ընթացքում մեր երկրում աշխատավարձերն ու թոշակները բարձրացվել են մի քանի անգամ, և տնտեսական զարգացման այս տեմպը շարունակելու դեպքում (իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները), առաջիկա տարիներին բարձրացվելու են և՛ թոշակները, և՛ աշխատավարձերը, և՛ նպաստները: Իմ կողմից թվարկված տնտեսական բոլոր ծրագրերի իրագործման արդյունքում ստեղծվելու են մեծ թվով աշխատատեղեր, ինչն էլ լուծելու է զբաղվածության հիմնական խնդիրը:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...