22:29
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարծիքներ Արայիկ Հարությունյանի մասին

2020-03-18 13:05

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր եւ առաջին նախագահ (2006-2011), Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր, PHILIN-ի (Philanthropy Infrastructure - «Բարեգործական ենթակառուցվածքներ») հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, Phoenix Advisors-ի հիմնադիր եւ գործընկեր, «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախկին ղեկավար ու վերահսկող բաժնետեր

Տասնհինգ տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արայիկ Հարությունյանին ու մշտապես հիացել և զարմացել եմ նրա տարբերվող տեսակով, գիտելիքների մեծ պաշարով և կյանքի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ: Ճիշտ է, նա զբաղվում է Արցախի տնտեսական խնդիրներով, իր գործի գիտակն է, սակայն չի սահմանափակվում միայն դրանով, մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, իր աշխատանքը կառուցում առաջադեմ մոտեցումների վրա և ձգտում նորարարական մտքի նվաճումները ներդնել Արցախում: Հավատացեք, շատ չեն նման գործիչները` թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում:
Արայիկ Հարությունյանին բնութագրելիս պետք է առանձնացնեմ երկու կարևոր հատկանիշ. առաջինն այն է, որ նա շատ հեշտ է շփվում տարբեր տեսակի մարդկանց հետ, ունի շփման լայն շրջանակ, իսկ երկրորդը` նրա հետ հեշտ է աշխատել, քանի որ նա իր խոստման տերն է: Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել և ասել, որ պետք է անենք: Ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է: Դա գործնական հարաբերություններում շատ կարևոր հատկանիշ է, առավել ևս` պետական պաշտոնյայի համար:
Մոտ 20 տարի է, որ մենք իրականացնում ենք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (Initiatives for Development of Armenia, IDeA) հիմնադրամի ծրագրերը, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացման երկարաժամկետ նախագծերի իրականացմանը, և Արցախը շատ մեծ դերակատարում ունի դրանցում, քանի որ, առանց չափազանցության, Արցախի զարգացումը, հաջողությունը, ժողովրդի երջանկությունը ամենակարևոր հարցն է: Թող չնեղանան ո՛չ սփյուռքահայությունը և ոչ էլ հայաստանաբնակ մեր հայրենակիցները, ես այդպես եմ կարծում, որովհետև, ճիշտ է, Արցախում մենք հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակը պետք է ոչ միայն պատերազմի դաշտում կերտել, այլ նաև խաղաղ պայմաններում. մենք հաղթել ենք, որպեսզի հայ ժողովուրդն իր պատմական հողում ապրի ազատ, հաջողակ և երջանիկ, այսինքն` բավարարվել միայն պատերազմի հաղթանակով չի կարելի:
Անցած տարիների ընթացքում Արցախում բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել. նախատեսում ենք նաև նորերը: Դրանցից է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը, քանի որ ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլ նաև լուրջ գործոն է հանդիսանալու Շուշիի զարգացման և զբոսաշրջության խթանման համար:
Մենք համատեղ հետաքրքիր ծրագրեր ունենք նաև էկոտուրիզմի հետ կապված, որոնք հիմնված են իրականացված ուսումնասիրությունների վրա: Դրանց մեկնարկը պետք է տայինք 2016թ., սակայն, ցավոք, ապրիլյան պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի դադարեցվի այդ ծրագրերի մի մասի իրականացումը, քանի որ այդ ժամանակ մեր օգնության կարիքն ավելի շատ կար տեխնոլոգիաների և, ընդհանուր առմամբ, անվտանգության համակարգում: Բայց հուսով եմ, որ ամեն բան կարգավորվելու է, և մենք մեր ծրագրերը, անպայման կյանքի ենք կոչելու: Դա շատ կարևոր ծրագիր է, քանի որ այն միացնում և ընդհանուր մի օղակի մեջ է առնում Տաթև-Գորիս-Ստեփանակերտ-Շուշի-Դադիվանք և Դիլիջան-Սևան-Գյումրի-Երևան զբոսաշրջային ուղղությունները: Այն Արցախի կյանքում կարևոր նշանակություն կունենա, որի շնորհիվ զբոսաշրջիկների մեծ հոսք կարձանագրվի: Վերջիններս, այցելելով Արցախ, հաճույք կստանան Արցախի և՛ հիասքանչ բնությունից, և՛ համեղ հյուրասիրությունից, և՛ ժամանցի հետաքրքիր տեսակներից:
Վստահ եմ` վերը նշված բոլոր ռազմավարական ծրագրերն իրականություն կդառնան Արցախում Արայիկ Հարությունյանի` ԱՀ նախագահ ընտրվելու դեպքում, քանի որ նա դրա համար ունի բոլոր նախադրյալները` և՛ գիտելիքներ, և՛ փորձ, և՛ քաղաքական կամք:
Այսօր` նախագահական ընտրությունների նախաշեմին, արցախցիները պետք է ընտրություն կատարեն, իրենք պետք է որոշեն, թե ում են վստահում Արցախի ապագան: Արցախցիները միշտ ցույց են տվել, որ շատ խորը մարդիկ են, և կարծում եմ, որ դարերից եկող ժողովրդական իմաստությունը նրանց կհուշի ճիշտ որոշում կայացնել: Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք ընտրեն Արայիկ Հարությունյանին` որպես նախագահ, քանի որ նա շատ փորձառու է և իսկապես, շոշափելի օգուտ կբերի Արցախին: Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է` Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա:

ՎԱՐԴԱՆ ՍՐՄԱՔԵՇ
Շվեյցարահայ գործարար

Արայիկ Հարությունյանին ճանաչում եմ շատ լավ, ծանոթացել եմ 2007 թվականին, երբ նա ստանձնեց Արցախի վարչապետի պաշտոնը: Պարոն Հարությունյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Արցախի ապրած տնտեսական զարթոնքն ակնհայտ է. Աճի ռեկորդային տեմպեր տեսանք գյուղատնտեսության ոլորտում, ստեղծվեց ու կայացավ վերականգնվող էներգետիկայի ոլորտը, արդյունաբերությունն ու քաղաքաշինությունը հասան աննախադեպ մակարդակի: Նրա անմիջական կոորդինացիայի շնորհիվ կայացած «success story»-ների շարքը շատ երկար է` Արցախ ՀԷԿ, բազմաթիվ հիդրոէներգետիկ ու արդյունաբերական նախագծեր, գյուղատնտեսության ամբողջական մեքենայացում` լավագույն եվրոպական մեքենա-սարքավորումների ներմուծմամբ, բազմաթիվ հայ և օտարազգի արտաքին ներդրողների ներգրավում Արցախի տնտեսության մեջ և այլն:
Այս հաջողությունների մեջ կարևոր դեր ունի Վարչապետի` օտարերկրյա և տեղական ներդրողների հետ արդյունավետ աշխատանք տանելու հմտությունը (ժպտում է` սովորության համաձայն` նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո, մինչև հիմա, մեր շրջապատում իրեն Վարչապետ ենք անվանում): Այդ հմտության բաղկացուցիչ տարրերն են` Արցախի ապագայի և, կոնկրետ պրոյեկտի նկատմամբ ներդրողին ոգևորություն ու լավատեսություն ներշնչելը, կառավարություն-ներդրող հարաբերությունները վստահության ու թափանցիկության հիմքերի վրա կառուցելը, ծրագրերի կառավարման դինամիկ ու պրոֆեսիոնալ մեխանիզմների ներդնումը: Մի խոսքով` հանրային կառավարչին անհրաժեշտ կարևորագույն հատկություններ` համեմված անսահման էներգիայով ու լավատեսությամբ:
Արայիկ Հարությունյանը` որպես քաղաքական այր ու դիվանագետ, նույնքան արդյունավետ է աշխատում, որքան որպես տնտեսական կառավարիչ. նրան տեսել եմ այդ դերում: Ես, հանդիսանալով Ֆրանսիայում ՀՀ գլխավոր հյուպատոս, նրա համար այց էի կազմակերպել Մարսել քաղաք և հարակից շրջաններ, որը ներառում էր հայ համայնքի և տեղական պետական մարմինների մակարդակով կազմակերպված մի շարք միջոցառումներ: Իսկապես, հպարտություն էի զգում` այդ ամբողջ ընթացքում հետևելով Վարչապետի շարժուձևին, խոսքուբարքին: Նրա հռետորաբանությունը հասկանալի, անկեղծ ու վստահություն ներշնչող էր թե՛ տարագիր արևմտահայի, թե՛ հայաստանցի արտագնա աշխատողի, թե՛ օտարազգիների համար:
Ես առաջիկա ընտրություններում հաջողություն եմ մաղթում Արայիկ Հարությունյանին և իր գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությանը: Վստահ եմ` դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու իրար հետ` ի բարօրություն Արցախ աշխարհի: ՛

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ

 

Արայիկ Հարությունյանին ճանաչում եմ դեռևս Արցախյան պատերազմի տարիներից, մասնավորապես` Խոջալուի և հարակից գյուղերի ազատագրման պայքարի ժամանակահատվածից. նա էլ էր մասնակցում մարտերին: Եվ պետք է նշեմ, որ, այդ ժամանակվանից ի վեր, մեր շփումները պահպանվել են: Արայիկ Հարությունյանը մեծ կենսափորձ ունի, երկար տարիներ ղեկավարել է ԱՀ Գործադիր իշխանությունը, լավատեղյակ է Արցախի խնդիրներին: Գուցե իր աշխատանքում, երբեմն նաև բացթողումներ է ունեցել, ինչը բնական է, բայց, անշուշտ, ունի նաև մեծ ձեռքբերումներ, քանի որ Արցախը շատ է փոխվել դեպի դրականը, զարգացել, և այդ ամենի մեջ, միանշանակ, կա նաև նրա ներդրումը: Եվ եթե այսօր նա պատրաստ է ստանձնել Արցախի նախագահի պաշտոնը, ապա, միանշանակ, գիտակցում է պատասխանատվության այն չափաբաժինը, որը պետք է կրի: Որպես ավագ ընկեր` ես նրան խորհուրդ կտայի, ընտրվելու դեպքում, նախ և առաջ մեծ ուշադրություն դարձնել օրենքի գերակայությանը, արդարության ամրապնդմանը, տնտեսության ու բանակի հզորացմանը, պայքարել այն բացասական իրողությունների դեմ, որոնք կան բանակում, և, ամենակարևորը, ընդունել, որ ընտրվել է ամբողջ արցախահայության կողմից` կողմ և դեմ ձայներով հանդերձ: Արայիկ Հարությունյանն ունի հեռանկարային ծրագիր, մեծ փորձ և հարուստ գիտելիքներ, ինչպես նաև մարդկային լավ որակներ, որոնք պակաս կարևոր չեն. Նա շփվող, ընկերասեր, բարի անձնավորություն է, կարողանում է լսել դիմացինին և եթե սխալ է, ընդունել այն: Հաշվի առնելով այդ ամենը` ես կցանկանայի տեսնել նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում և կցանկանայի, որպեսզի Արցախի ապագա ղեկավարը գիտակցեր, որ համայն հայության գերխնդիրն այսօր Արցախի Հանրապետությունը և ժողովրդին համախմբված ու հզոր տեսնելն է, որովհետև ինչպես Մոնթեն էր ասում, եթե մենք կորցնենք Արցախը, ուրեմն կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Մեր սերունդը փառապանծ էջեր է տվել գալիքին` թերթելու, ազատագրելու, անկախացնելու, պետություն, պետականություն ամրապնդելու: Մենք պետք է կարողանանք դա անել:


ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆ
Հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտության եւ բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պետք է նշեմ, որ շատ բարձր եմ գնահատում Արայիկ Հարությունյանին` որպես քաղաքացի և հայ մարդ, որովհետև նա ունի անցած ճանապարհ, մեծ ներդրում` Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում և ամենևին կարիք չունի նորից ապացուցելու իր կարողությունները: Դրանում կարելի է համոզվել` ուսումնասիրելով Արցախի տնտեսական զարգացման տեմպերը վերջին 29 տարիների ընթացքում:
Առաջին` եթե համեմատենք Արցախի տնտեսական աճի տեմպերը Հայաստանի և, ինչու ոչ, նաև Ադրբեջանի ցուցանիշերի հետ, որպես մեկնարկային հիմք ընդունելով 1991թ. տվյալները, ապա կարձանագրենք, որ այդ ժամանակ Արցախը զգալիորեն զիջում էր և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, մասնավորապես` կենսամակարդակի ցուցանիշով: Իսկ եթե համեմատենք երեք երկրների հետագա տարիների տնտեսական աճի տեմպերը, ապա կնկատենք, որ Արցախն իր տնտեսական աճի տեմպերով զգալիորեն գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ անգամ Վրաստանին: Եվ դա լավագույն ապացույցն է այն բանի, որ Արցախում իրականացված աշխատանքները, այդ թվում` Արայիկ Հարությունյանի ուղղակի ղեկավարման ներքո, ունեցել են բարձր արդյունավետություն:
Երկրորդ` Արայիկ Հարությունյանի հետ ուղղակի շփումների և տարբեր տարիների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում տպավորվել եմ նրա պրոֆեսիոնալ որակներով: Երբ 1999թ. ես աշխատում էի «Հայագրոբանկ»-ի տնօրենի պաշտոնում, Արայիկը սկզբում «Հայագրոբանկ»-ի Ասկերանի, հետո Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչն էր, իսկ ավելի ուշ համակարգում էր Արցախում «Հայագրոբանկ»-ի ամբողջ գործունեությունը, և պետք է նշեմ, որ ես տպավորված եմ նրա կառավարչական հմտություններով. նա չափազանց արդյունավետ կառավարիչ էր և ունի մեծ նվաճումներ նաև այդ առումով:
Նա նաև համակրելի անձնավորություն է, հրաշալի հայ մարդ, ազնիվ, պարկեշտ քաղաքացի, հմուտ մասնագետ, համեստ` իր կենցաղով, ընտանեկան, ընկերական հարաբերություններով:
Ես կարծում եմ, որ Արայիկի նման մարդիկ, մասնագետները պետք է շատ լինեն, քանի որ նա երկու առումով էլ բնությունից օժտված է բարձր արժանիքներով: Հաջողություն եմ մաղթում նրան կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում` քաղաքական գործունեության մեջ:




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...