05:11
04/05/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԽԱՂԱՂ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

2020-03-24 13:25

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքային համայնքի ղեկավար ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ 

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.) 

-Պարո՛ն Սարգսյան, կարճ ժամանակ է, ինչ բավականին թեժ ընտրապայքարի արդյունքում ընտրվել եք Մարտունու քաղաքապետ: Ո՞րն էր Ձեր հաջողության գաղտնիքը:

-Իսկապես, թեժ ընտրապայքար էր, բայց որևէ հատուկ գաղտնիք չկար, մարտունեցիներն ինձ ճանաչում են, քանի որ այստեղ եմ կերտել իմ կենսագրությունը, թաքցնելու ոչինչ չունեմ նրանցից: Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից դրա ակտիվ մասնակիցներից եմ եղել. սկսել եմ ջոկատի հրամանատարի պաշտոնից, այնուհետև եղել եմ այս շրջանում գործող զորամասի հրամանատար, իսկ բանակից զորացրվել եմ, երբ զբաղեցնում էի դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը: Կարծում եմ` անցած ճանապարհս իր դերակատարությունն ունեցել է:

-Մարտունին Արցախի Հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրն է և՛ տարածքով, և՛ բնակչությամբ: Կներկայացնե՞ք համայնքը. որքան է բնակչության թիվը, ինչո՞վ են հիմնականում զբաղվում:

-Մարտունի քաղաքը համանուն շրջանի վարչական կենտրոնն է, որտեղ գրանցված բնակչության թիվը 6150 է, սակայն նրանցից փաստացի ապրում են 4800-ը, իսկ եթե այդ թվին գումարենք չգրանցված, բայց բնակվող մարդկանց թիվը, ապա կկազմի 5500 մարդ:
Քաղաքը հիմնադրվել է 1925թ., բնակչության մեծամասնությունը եկել են մոտակա գյուղերից: Խորհրդային տարիներին Արցախը հայաթափելու Բաքվի քաղաքականության շրջանակներում շրջկենտրոնի հարևանությամբ ադրբեջանական գյուղեր էին կառուցվել, որոնք ևս քաղաքի վարչական տարածքն էին համարվում, թեև իրականում,
3-4 կմ հեռու էին գտնվում: Այն ժամանակ բնակչության թիվը` ադրբեջանցիների հետ միասին, մոտ 8,500 մարդ էր կազմում, և Մարտունին Արցախի երրորդ բնակավայրն էր. Մարտակերտի բնակչության թիվն ավելի մեծ էր: Շարժումը սկսվելուն պես` այդ բնակավայրերը դարձան Մարտունու և շրջակա հայկական գյուղերի գնդակոծման կրակային հենակետեր, որի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին: Այդ կրակակետերը վերացնելուց հետո դրանցում բնակության հնարավորություն ստացան Բաքվից և Սումգայիթից գաղթած մեծ թվով մեր հայրենակիցները:
Մարտունի քաղաքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` այգեգործություն, հողագործություն. մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, խաղող, վերջին տարիներին` նուռ, արքայանարինջ, ծխախոտ, բանջարաբոստանային կուլտուրաներ: Անասնապահությունն ավելի քիչ է զարգացած` հաշվի առնելով և՛ արոտավայրերի պակասը, և՛ քաղաքային համայնք լինելու հանգամանքը: Մեծ ցանկություն ունենք քաղաքում զարգացնելու ջերմոցային տնտեսությունները, անկեղծ ասած` մեկ-երկու նման փորձ արվել է մեր քաղաքացիների կողմից և չի հաջողվել, բայց դա մեզ մեր նպատակից հետ չի պահի, պետք է, անպայման զարկ տանք այդ ուղղության զարգացմանը:
Մարտունիում գործում են նաև մի քանի արտադրություններ, որոնց աշխատանքներում ներգրավված է բնակչության մի զգալի հատվածը: Ունենք գինու գործարան, թռչնաֆաբրիկա, ծխախոտի չորացման կետ, հացի գործարան, կան նաև մենատնտեսներ, որոնք զբաղվում են առևտրով:

Ես «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ եմ եւ պետք է նշեմ, որ Արայիկ Հարությունյանի հետ

միասին համայնքների զարգացման շատ կարեւոր ծրագրեր ունենք մշակած:

-Մշակովի հողատարածքների ոռոգումն ինչպե՞ս է իրականացվում համայնքում:

-Պետք է նշեմ, որ ոռոգովի հողատարածքներ քիչ ունենք, բայց կան արտեզյան ջրհորների միջոցով խնդիրը լուծելու ծրագրեր: Խորհրդային տարիներին մեր տարածաշրջանում ոռոգման ջրի խնդիրը հիմնականում այդպես էր լուծվում, այսինքն` փորձը կա:

-Ջրամբարի կառուցման հնարավորություն չունե՞ք:

-Ջրամբարի կառուցման հնարավորություն չկա, բայց փոքր ջրամբարներ, ավելի շուտ` ջրավազաններ, կարող ենք կառուցել, սակայն կրկին պետք է օգտվենք արտեզյան ջրհորներից: Նման ծրագիր, ինչպես արդեն նշեցի, կա, ըստ որի` պետք է կառուցվի երկու այդպիսի ջրավազան այն հողատարածքների վերևի հատվածում, որտեղ այգիներ են հիմնված կամ ծրագրվում են ստեղծվել:

-Ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի Մարտունի քաղաքը, և ի՞նչ աշխատանքներ են տարվում կառավարության հետ համատեղ:

-Անելիքները շատ են, բայց պետք է նշեմ նաև, որ բազում խնդիրներ արդեն գտել են իրենց լուծումները: Վերջին տարիներին քաղաքում կապիտալ շինարարական մեծ ծրագրեր են իրականացվել, որոնց արդյունքում ունենք նոր հիվանդանոց, որը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ԱՀ կառավարության և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության համատեղ ջանքերով: Ունենք երկու մանկապարտեզ, որոնցից մեկը կապիտալ վերանորոգվել է ծնունդով տեղացի տարբեր բարերարների կողմից, իսկ մյուսը` ռուսաստանաբնակ բարերար, արմատներով ճարտարեցի (Ճարտար համայնքը Մարտունու շրջանում է գտնվում) Վլադիմիր Ավագյանի միջոցներով:
Պետական բյուջեի միջոցներով կապիտալ վերանորոգվել է երկու դպրոցներից մեկը: CONIFA-2019-ի մրցաշարին ընդառաջ` ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է քաղաքի մարզադաշտը. ծրագիրն իրականացվել է Արցախի կառավարության, ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի և բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով:

 Հպարտանում ենք, որ Մոնթե Մելքոնյանի պես հրամանատար ենք ունեցել, ով ամբողջ հայ ազգի պարծանքն է:


-Պարո՛ն Սարգսյան, տեղյակ ենք, որ Դուք կուսակցական եք և համարվում եք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի թիմակիցը: Արդեն նշեցիք, որ մարզադաշտի կառուցման գործում նա աջակցել է: Հետաքրքիր է, քաղաքի զարգացման ի՞նչ այլ ծրագրեր եք քննարկել նրա հետ:

-Այո՛, ես «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ եմ և պետք է ասեմ, որ համայնքների զարգացման շատ կարևոր ծրագրեր ունենք մշակած: Օրինակ` առաջիկայում նախատեսված է ամբողջությամբ վերակառուցել մարտունեցիների ամենասիրելի ժամանցային վայրերից մեկը, որին դեռ մանկության տարիներից «պլյաժ» ենք անվանում: Այն հանգստի գոտի է` արհեստական ջրավազանով: Մեկ այլ ծրագրով` իրականացվելու են կոյուղու ցանցի ընդլայնման, «Քաջավան» կոչվող թաղամասը մշտական ջրով ապահովելու աշխատանքները. ճիշտ է, քաղաքն ապահովված է մշտական ջրով, բայց այդ թաղամասը Մարտունուց 1,5-2 կմ հեռու է, և տեղի բնակիչներն արտեզյան ջրհորից են օգտվում, որը չի բավարարում անհրաժեշտ ջրի պահանջը:

Կուսակցությունը և Արայիկ Հարությունյանն անձամբ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի լուծենք նաև բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման հարցը, որոնք տասնամյակներով անուշադրության են մատված: Այդ ուղղությամբ աշխատանքները ևս սկսված են: Ծրագիր ունենք` փողոցները աղյուսով սալապատելու հետ կապված: Նախատեսում ենք փողոցային լուսավորությունը ապահովել լեդ լամպերով: Մի խոսքով` անելիքները շատ են:

-Որո՞նք են քաղաքի առանձնահատկությունները:

-Կարծում եմ` շրջկենտրոնի առանձնահատկությունները պետք է գնահատել` ամբողջ շրջանի հնարավորությունները հաշվի առնելով: Փոքր քաղաքները, առանձին վերցրած, մեծ գրավչություն չեն կարող ունենալ, եթե պատմական կամ բնական հռչակավոր հուշարձանին մոտ չեն: Բայց մեր շրջանում է գտնվում Ամարաս վանքը, որտեղ Մաշտոցն իր առաջին դպրոցն է բացել Արցախում, ունենք երկուհազարամյա Տնջրի ծառ, որը մեծ հետաքրքրություն է վայելում զբոսաշրջիկների կողմից և շարքն այս, անշուշտ, կարելի է շարունակել:
Բուն շրջկենտրոնի բնակիչներս հպարտանում ենք, որ Մոնթե Մելքոնյանի պես հրամանատար ենք ունեցել, ով ամբողջ հայ ազգի պարծանքն է: Հաճելի է, երբ քաղաքի կենտրոնում վեր է խոյանում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մանրակերտը` կառուցված հայկական տուֆից:

-Ինչպիսի՞ Արցախի մասին եք երազում:

-Երազում եմ առաջին հերթին խաղաղ և բարեկեցիկ Արցախի մասին. թող երբեք պատերազմ չլինի, թեկուզ պահպանվի ներկայիս իրավիճակը, ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն և կարողանան իրենց քրտինքով ապահովել սեփական ընտանիքի կարիքները, իրենց թույլ տան տարին գոնե մեկ անգամ հանգստի մեկնել, ապրեն հնարավորինս անհոգ ու երջանիկ:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց