04:35
04/05/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՇՈՒՇԻՆ` տեխնոլոգիական քաղաք դառնալու ճանապարհին

2020-03-26 13:32

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.)  

Կրթության և գիտության զարգացումը յուրաքանչյուր երկրի առաջընթացի ամենակարևոր գրավականներից է, և այդ ոլորտում կատարված ներդրումները ամենաարդյունավետն ու հեռանկարայինն են:
Հենց այդ գաղափարով առաջնորդվելով` 2015թ. (այն ժամանակ` ԼՂՀ վարչապետ) Արայիկ Հարությունյանի մոտ բավականին ռիսկային ծրագրի իրականացման միտք հղացավ. նա առաջարկեց Շուշիում ստեղծել տեխնոլոգիական համալսարան: Ինչո՞ւ ռիսկային և ինչո՞ւ հենց այդ ժամանակ: Խնդիրն այն է, որ երբ Արցախը ճանապարհ բռնեց դեպի ազատություն, բոլոր հաղթանակների հետ միասին ունեցավ նաև կորուստներ, հատկապես` ամենախոցելի ոլորտներում, որոնցից էին կրթությունը և գիտությունը: Այդ ժամանակ` շուրջ 25 տարի, ըստ էության, Արցախում նահանջ ապրեց բնագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում, երկիրը սկսեց հումանիտարիզացվել, և եկավ մի պահ, երբ բավականին լուրջ խնդիր առաջացավ` տեխնիկական մասնագետներ պատրաստելու հետ կապված: Փորձ կատարվեց այդ խնդիրը լուծելու երևանյան բուհերի մասնաճյուղեր ստեղծելու միջոցով, որը, սակայն, լուրջ արդյունքների չհանգեցրեց: Հենց այդ ժամանակ էր, որ Արայիկ Հարությունյանը նախաձեռնեց Շուշիում տեխնոլոգիական համալսարան հիմնելու ծրագիրը: «Դա ֆանտաստիկ մտահղացում էր, քանի որ այդ ժամանակ Շուշիում, կարծես թե, չկային դրա իրականացման համար անհրաժեշտ հիմքերը, սակայն կյանքը ցույց տվեց, որ որոշումն այդ կայացվել է ճիշտ ժամանակին, և այն դարձավ երկրի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերից մեկը»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
Կրթoջախի ստեղծման համար հիմք է ընդունվել Իսրայելի համալսարանի օրինակը, որը, թեև շուրջ մեկ տասնամյակ գտնվել է կազմավորման ընթացքի մեջ, սակայն հետագայում մեծ թռիչք է ապրել, և այսօր աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է համարվում:
Եվ ահա 2015թ. դեկտեմբերի 28-ին ԼՂՀ կառավարությունը որոշում ընդունեց ստեղծելու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը` Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի և Արցախի պետական համալսարանի շինարարական ֆակուլտետի բազայի հիման վրա:
Պետք է նշել նաև, որ մինչև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը, Շուշիում ևս մեկ շատ հետաքրքիր ծրագիր էր իրականացվել` կրկին Արայիկ Հարությունյանի անմիջական ջանքերով. դա ֆրանսիական կրթական մոդելով Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի ստեղծումն էր, որը, կարելի է ասել, տարածաշրջանում նմանը չունեցող կրթահամալիր է: Ուսումնարանի ողջ գործունեությունը հիմնված է եվրոպական չափանիշների վրա:
Այս երկու կրթօջախների ստեղծման նպատակն է Շուշին դարձնել կամպուս` համալսարանական (ուսանողական) քաղաք:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ունի շուրջ 230 տեղանոց ժամանակակից հանրակացարան, որտեղ յուրաքանչյուր սենյակ ունի իր սանհանգույցը և ապահովված է տաք ջրամատակարարման ու ջեռուցման համակարգերով: Հանրակացարանից անվճար օգտվում են նաև Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի սաները:
Համալսարանի ուսանողների համար անվճար գործում են նաև հարմարավետ ավտոբուսներ, որոնք ուսանողներին Ստեփանակերտից Շուշի են տեղափոխում:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ներկայումս սովորում են 1404 ուսանողներ, դա բավականին մեծ ցուցանիշ է:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման և զարգացման ուղին լի է եղել դժվարություններով` սկսած լաբորատորիաներ հիմնելուց, մինչև գիտարտադրողունակ նոր փորձարարական նմուշների մշակումը: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ տարեցտարի աճում է մեր ուսանողների թիվը, այն ավելի ու ավելի հրապուրիչ է դառնում երիտասարդների համար: Լուրջ ձեռքբերումներ ունի համալսարանի բնական տեխնոլոգիաների hետազոտական լաբորատորիան (ղեկավար` պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ներսիսյան), որը լավագույններից է տարածաշրջանում: Այդտեղ արդեն իսկ ստեղծվել է շուրջ 165 նմուշ փորձարարական արտադրանք` եթերայուղեր, քսուքներ, բալասաններ և այլն: Քսուքներից երեքն արդեն անցել են եվրամիության փորձաքննություն, համալսարանը ստացել է 36 գյուտի արտոնագիր: Հատկանշական է` բոլոր արտադրատեսակները պատրաստվում են միմիայն բնական հումքից:
Հետազոտական մյուս ուղղությունը բժշկական սարքաշինությունն է (ղեկավար` դոցենտ Մարատ Մուրադյան), որը նույնպես հաջողությամբ զարգանում է: Հաջողվել է ստեղծել կոմպակտ ստոծանագրիչ` հիմք դնելով հետազոտական նոր ուղղության: Ներկայումս աշխատանքներ են տարվում սրտագրիչի հետ դրա համակցման ուղղությամբ: «Սա գիտության նոր ուղղություն է, որը ստեղծվել է մեր համալսարանում, և մենք ցանկանում ենք վերը նշված երկու նոր հետազոտական հնարավորությունները միավորել մեկ սարքի մեջ, ինչը մեզ կօգնի, համեմատություն կատարել, թե ինչպիսին է ստոծանու աշխատանքի նկարագիրը` սրտի հետ կապված տարբեր հիվանդությունների դեպքում:
Եթե Արցախը ճանաչված պետություն լիներ, ապա մեր ստեղծած գիտական նոր ուղղությունը կսկսեր շատ արագ զարգանալ»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Ռոբերտ Հարությունյանը:
Համալսարանի հաջորդ ուղղությունը կաթիլային ոռոգման ծրագիրն է: Դրա նախագծային ամբողջ աշխատանքն իրականացվել է բուհում: Աշխատանքի ընթացքում ընձեռված հնարավորություններից ելնելով` համալսարանի աշխատակիցները` պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ղեկավարությամբ, մշակել են գրունտների ֆիլտրացիայի գործակցի որոշման նոր մեթոդ:
Համալսարանում հետազոտություններ են իրականացվում նաև սելավապաշտպան նոր կառուցվածքների ստեղծման, ջրամատակարարման համակարգերի նախագծման (ղեկավար` պրոֆեսոր Պարգև Բալջյան), պոլիմերների օգտագործմամբ հակաֆիլտրացիոն միջոցառումների մշակման (ղեկավար` պրոֆեսոր Արևշադ Վարդանյան), սակավաջուր պայմաններում պոլիմերների օգտագործմամբ մշակաբույսերի մշակման (ղեկավար` դոցենտ Սարիբեկ Գալստյան), բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման (ղեկավար` Նվեր Միքայելյան) և այլ ուղղություններով:
Նախատեսվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի տարածքն ընդլայնել դեպի Հունոտի կիրճի վրա գտնվող Կատարոտի տափարակը: Այստեղ բոլոր հնարավորությունները կան կառուցելու և՛ նոր մասնաշենքեր, և՛ նոր սպորտային համալիրներ, և՛ նոր լաբորատորիաներ: Այսինքն` համալսարանը` որպես դասական կամպուս, պետք է ձգվի այդ ուղղությամբ և հետագայում` միջազգային ճանաչում ստանալուց հետո, պետք է դառնա հզոր ուսումնագիտական կենտրոն:
Եվ, իսկապես, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի զարգացման գործում ներդրված ջանքերը և օր-օրի զարգացող նորարարական միտքը հաստատ գրավելու են կրթական և գիտական միջազգային լայն շրջանակների ուշադրությունը` քաղաքական առկա խնդիրները մղելով երկրորդ պլան:


Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց