10:45
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շարունակական կրթական գործընթացը մեզ համար սովորական առօրյա է, որի շնորհիվ հաջողվում է ապահովել միջազգային որակի բուժօգնություն

2020-08-04 10:43

 ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆ

«Նորք-Մարաշ» ԲԿ սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ սրտի վիրաբուժության գծով խորհրդատու, սրտային վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., ԳԱԱ սրտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ

  «Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Պարո՛ն Հեբոյան, սրտի վիրաբուժությունը օր օրի զարգանում է Հայաստանում, և այլևս կարիք չկա մեկնելու արտերկիր, ընդհակառակը` այլ երկրներից են գալիս Հայաստան ` վիրահատվելու: Որպես «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար` կներկայացնե՞ք, թե ինչ պայմաններ և հնարավորություններ են ստեղծված այսօր կլինիկայում, և ի՞նչ հաջողությունների եք հասել:
-Ներկայումս «Նորք-Մարաշ» ԲԿ սիրտ-անոթային վիրաբուժության ծառայությունը փորձում է իր բոլոր հնարավորություններով` թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական, քայլ պահել մասնագիտական միջազգային հանրության հետ: Կլինիկան ունի բոլոր անհրաժեշտ միջոցները, հնարավորություններն իրականացնելու թե՛ նորածինների, թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սրտային վիրաբուժությունը բոլոր հնարավոր ախտորոշումներով: Այդ ամենն իրականացնելու համար կենտրոնն ունի մասնագիտական մեծ պոտենցիալ ունեցող թիմ, որը շուրջօրյա աշխատանքային ռեժիմով ապահովում է պացիենտների բժշկական բարձրակարգ սպասարկումը:


-Մասնագիտական ինչպիսի՞ կազմ ունի կենտրոնը:
-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի վիրաբուժության դպրոցը հիմնադրել, կյանքի կոչել և շարունակում է ուղղորդել աշխարհահռչակ սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով իր կյանքի վերջին 30 տարիներն անմնացորդ նվիրել է հայրենիքին, մեր երկրում ժամանակակից և որակյալ բժշկություն և, հատկապես թե՛ մանկական, թե՛ մեծահասակների սրտաբանություն և սրտային վիրաբուժություն ունենալուն: Ուսուցչի կողքին ժամանակի ընթացքում ձևավորվել է մանկական և մեծահասակ սրտաբանների, ինվազիվ սրտաբանների, վիրաբույժների, ռենիմատոլոգների, անեսթեզիոլոգների, առիթմոլոգների, ռադիոլոգների, բիոինժեներների, բժշկության կազմակերպիչների բանիմաց, իր գործին տիրապետող, էնտուզիաստ մի ստվար թիմ: Գաղտնիք չէ, որ մեր մասնագետներից շատերը ներկայումս աշխատում են արտերկրի տարբեր հեղինակավոր կլինիկաներում: Կենտրոնում հիվանդ բուժելուն զուգահեռ` եռում է գիտա-ուսումնական պրոցեսը: Վիրաբուժական թիմում ընդգրկված են ավագ սրտային վիրաբույժներ, կրտսեր սրտային վիրաբույժներ, վիրաբուժական ռեզիդենտներ, վիրաբուժական սրտաբաններ, անեսթեզիոլոգներ, պերֆուզիոլոգներ, բուժակներ, բուժքույրեր: Մեր պերֆուզիայի դպրոցը միակն է երկրում, որտեղ պատրաստվել և պատրաստվում են արյան արհեստական ապարատի մասնագետները: Շարունակական կրթությունը, արտերկրի և հայաստանյան հնարավոր բոլոր մասնագիտական հարթակներին մասնակցությունը վիրաբուժական մեր միասնական թիմին թույլ են տալիս իր զուգահեռ քայլը պահել սրտային վիրաբուժության միջազգային հանրության հետ` մատը ամուր պահելով գիտական զարգացումների զարկերակին: Հատկապես կարևորում ենք մեր աշխատանքի շարունակական վերլուծությունը, անհրաժեշտ հետևությունները և շարունակական ինքնանորոգման պրոցեսները:
Ուզում եմ շեշտել, որ մեր դպրոցի հիմնադիր, առաջնորդող, ուսուցիչ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը մեծ հայ է, մեծ մտածող, և կարևորը` մեծ արվեստասեր. կցանկանայի, որ բոլորն իմանան, թե ինչպիսի եզակի, վառ անհատականություն է նա:


-Վիրահատությունների ի՞նչ խմբեր կառանձնացնեք, որոնք կազմում են կենտրոնի վիրաբուժական գործունեության հիմնական ծավալը:
-Մեր կենտրոնի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունի նորածինների կյանքի առաջին օրերի և ամսվա սրտային վիրաբուժությունը: Թե՛ պոլիատիվ, թե՛ ռադիկալ նորածնային սրտային վիրաբուժությունը 25 տարուց ավել իր անհրաժեշտ բարձունքում է մեր կենտրոնում: Պետք է նշել, որ այս ասպարեզը պահանջում է մասնագիտական մեծ ներուժ:
Ստրատեգիական կարևոր ուղղություններից է սրտի իշեմիկ հիվանդության վիրահատական լուծումը: Կարևոր կետերն են. զարկերակային շունտերի գործածումը (կմախքային և ոչ կմախքային տեխնիկաներով), կամրջային կտրվածքներով և չկպնող տեխնիկայով հանված վենոզ շունտերի գործածումը, աշխատող սրտի վրա իրականացվող վիրահատությունները, աշխատող սրտի վրա առանց աորտային կպնելու տեխնիկայով իրականացվող կորոնար շունտավորումները:
Հատկանշական են փականների ռեկոնստրուկտիվ և փական պահպանող վիրահատությունները: Կենտրոնի այցեքարտերից է համարվում Ռոսսի վիրահատությունը և նրա մոդիֆիկացիաները:
Աորտայի արմատի վիրաբուժությունը ևս մեր սրտատեգիական ուղղություններից է: Հատուկ տեղ է գրավում սուր աորտալ սինդրոմի վիարահատական բուժումները: Մեր սրտային վիրաբուժության և անոթային վիրաբուժության թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ` աորտայի բոլոր տեսակի սուր և քրոնիկ պաթոլոգիաներն իրենց լուծումները ստանում են, հատկապես աորտայի սուր շերտազատումները:


-Ինչպիսի՞ մոտեցում է ցուցաբերվում հիվանդներին, ինչպիսի՞ն են հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունները:
-«Նորք-Մարաշ» բժշկական կենտոնի առաքելությունը հիվանդ բուժելն է, ամեն բան պտտվում է հիվանդի շուրջ, և բժիշկ-հիվանդ հարաբերությունները մեզ մոտ ամենաբարձր մակարդակում են: Մեր ողջ աշխատանքը կառուցվում է մեր գերխնդրի իրականացման` հիվանդին բուժելու ուղղությամբ, այդ թվում` կրթական-գիտական խնդիրները:


-Ինչպե՞ս եք ապահովում կլինիկայի հիվանդների անվտանգությունը համավարակի պայմաններում. արդյո՞ք կան Ձեր կողմից մշակված հատուկ կանոններ, որոնց հետևում են հիվանդներն ու կլինիկայի բուժանձնակազմը:
-Կարելի է հպարտությամբ ասել, որ մեր կենտրոնը` իր ողջ բուժանձնակազմով, խստագույնս հետևում է բոլոր կանոններին, հրահանգներին, և պատահական չէ, որ այսօր «Նորք-Մարաշ»-ը համավարակից պաշտպանվածության առումով ամենամաքուր պահված կենտրոններից է: Այստեղ հիվանդների համար ապահովված են լիովին անվտանգ պայմաններ: Ցանկացած փոքր հարցի դեպքում մեր թիմն իր պոտենցիալով քայլեր է ձեռնարկում դրա ուղղությամբ, անհրաժեշտ գործողություններ իրականացնում, հետևություններ անում և առաջ շարժվում: Մենք անհրաժեշտ զգոնությամբ ենք վերաբերվում համաճարակին: Արդարության համար պետք է ասել, որ նման աշխատելաոճը մեր առօրյա ոճն է, և համաճարակը, գործնական առումով, քիչ նոր բան է մտցրել մեր առօրյայի մեջ:


-Դուք բավականին երիտասարդ եք, բայց արդեն մեծ հաջողությունների եք հասել, ի՞նչ դպրոց եք անցել, և արդյո՞ք կլինիկայում հեշտությամբ ընթացավ սերնդափոխության գործընթացը:
-Ես ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո իմ ամբողջ մասնագիտական ճանապարհն անցել է «Նորք-Մարաշ» ԲԿ-ում` Հրայր Հովակիմյանի գլխավորությամբ: Ընդհանրապես, սրտի վիրաբուժության ճանապարհը միշտ դժվար է և երկարատև. սրտային վիրաբույժ դառնալու համար պահանջվում է երկար տարիների քրտնաջան աշխատանք, մի քիչ խենթություն, սեր և հավատ մասնագիտության նկատմամբ: Մենք սիրում ենք մեր մասնագիտական առօրյան, մեր արած գործը: Իսկ սերնդափոխությունը շարունակաբար տեղի է ունենում «Նորք-Մարաշ»-ում, որը առողջ և նորմալ գործընթաց է: Ամենակարևորն այն է, որ դրա ընթացքում պահպանվեն կենտրոնի հիմնարար արժեքները, որոնք ի սկզբանե դրվել են կենտրոնում սրտի վիրաբուժությունը զարգացնողների կողմից, և տարիների ընթացքում «Նորք-Մարաշ»-ը երբեք չփոխի իր դիմագիծը: Մենք փորձում ենք ամեն կերպ մնալ այդ առանցքի շուրջ:


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան, որ պետք է իրականացնեք:
-Ծրագրերը շատ են, դրանք հիմնականում վերաբերում են թե՛ բուժական, թե՛ գիտական տարբեր գործընթացների, բայց ժամանակը ցույց կտա, հետագայում կխոսենք արդեն արդյունքների մասին:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...