23:36
11/23/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, իսկ եթե հաջողվում է մի փոքր հանգստանալ, ապա միայն բնության գրկում ու սարերում

2020-08-18 11:48

ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Գառնի համայնքի համայնքապետ


«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Պարո՛ն Սահակյան, ի՞նչ տեսանելի աշխատանքներ են կատարվել Գառնի համայնքում:


-Գառնի համայնքում համայնքների համաչափ զարգացման ծրագրով բավականին մեծ աշխատանքներ են կատարվել: Կառավարության աջակցությամբ, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախորդ տարվանից սկսել ենք խմելու ջրի ցանցի թարմացման աշխատանքներ: Նախատեսվում է փոխել մոտ 20 կմ ջրագիծ: Հիմնական աշխատանքներն արվել են անցած տարի, շուտով դրանք վերջնականապես կավարտվեն:
Հաջորդ քայլը` հողային շերտ ունեցող փողոցների խճապատումն է, ինչն ավելի լավ որակի կդարձնի համայնքի ճանապարհները: Ծրագրի համար մրցույթով նախատեսվել է 150 մլն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 40-ը` համայնքը: Կատարվել է հսկայածավալ աշխատանք, նույնիսկ խորհրդային տարիներին այդ ծավալի աշխատանք մեր համայնքում չի կատարվել:
Համայնքի բնակչության մոտ 20-30 տոկոսն է օգտվում կոյուղային ցանցից: Այն անցկացվել է խորհրդային ժամանակներում ու աշխատանքները կիսատ են մնացել: Ցավոք այդ ամբողջ կեղտաջուրը գնում է դաշտեր: Խնդիրը կրկին մեր ուշադրության կենտրոնում է. Համաշխարհային բանկի և Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ կվերանորոգվի կոյուղին, ինչպես նաև կվերանորոգվեն ջրագծերը, Գառնիի կենտրոնական փողոցներն ամբողջությամբ` ներառելով մայթերը: Ոռոգման ջրի խնդիր համայնքը չունի: Երկու տարի առաջ պետական միջոցներով վերանորոգվեց համայնքի մայր ջրանցքը` մոտ 6կմ և ներքին ցանցը` 2,5 կմ: Աշխատանքները գնահատվել են մոտ 600 մլն դրամ: Նախատեսում ենք տարվա ընթացքում գործերն ավարտել, հատկապես դեպի Գառնու տաճար տանող ճանապարհի վերանորոգումը, քանի դեռ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, նվազել է զբոսաշրջիկների հոսքը:
Անցյալ տարի ամբողջությամբ լուսավորվել է Գեղարդի խճուղին, այս տարի նախատեսվում է երկրորդական փողոցների մոտ 2 կմ երկարությամբ լուսավորության աշխատանքների իրականացում:

-Ի՞նչ ծրագրեր կան այս տարվա համար:

-Այս տարվա ծրագրերը բազմաթիվ են: Մեր ներկայացրած սուբվենցիոն 3 հայտն էլ հաստատվել է:
Վերակառուցում ենք հին մանկապարտեզը, բարելավում ենք պայմանները և նոր մասնաշենք ենք ավելացնում. կարելի է ասել լրիվ նոր մանկապարտեզ ենք կառուցում: 150 երեխա է այսօր հաճախում մանկապարտեզ, նրանց թիվը, բնականաբար կավելանա, կունենանք նոր աշխատատեղեր: Այս պահին, իհարկե կապված համավարակի հետ, մանկապարտեզը չի գործում: 
Հաջորդ ծրագիրը` երաժշտական դպրոցի ամբողջական վերանորոգումն է, դպրոցի շենքը կառուցվել է 1960թ-ին: 
3-րդ ծրագիրը` Գառնիի մուտքի մոտ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգումն ու կանաչապատումն է, ինչպես նաև խաղահրապարակի և հանգստի ու ժամանցի տաղավարների կառուցումը:
Այս պահին ընթացքի մեջ է և հավանաբար օգոստոսին կավարտվի դեպի «Գառնու քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի վերանորոգումը: 2 տարի անց Գառնի համայնքը բոլորովին նոր տեսքով ու իմիջով կներկայանա հյուրերին ու զբոսաշրջիկներին: Համավարակից առաջ մեծ թափով զարգանում էր հյուրատնային բիզնեսը, հուսանք, որ ճգնաժամը հաղթահարելուց հետո ոլորտը նույն թափով կշարունակի զարգանալ:

-Համավարակը հյուրատների աշխատակիցներին գործազո՞ւրկ է թողել:

-Աշխատանքից զրկվելը, կարելի է ասել, ժամանակավոր էր, քանի որ սննդի ոլորտի օբյեկտներն այժմ բացվել ու գործում են, աշխատում են ներքին զբոսաշրջության հաշվին, իհարկե առաջվա ծավալները չեն, բայց աշխատանքը կա: Հիմնականում նվազել է բացօթյա տաղավարների առևտուրը, որը հիմնականում զբոսաշրջիկների հաշվին էր իրականացվում:

-Սոցիալական ի՞նչ ծրագրեր են իրականացվում Գառնի համայնքում:


-Բազմաթիվ են սոցիալական ծրագրերը: Համայնքն ապահովում է ուսանողների տրանսպորտը դեպի Երևան: Բավականին հետաքրքիր ու արդյունավետ ծրագիր է իրականացնում սփյուռքահայ մի գործարար, որը գինեգործական ընկերություն է հիմնել Հայաստանում և լավ նախադրյալներ կան մեր համայնքի բնակիչների հետ համագործակցելու խաղողի մթերման առումով:

-Ինչպիսի՞ն է տարին բերքի առումով, ի՞նչ կանխատեսումներ կան:


-Այս տարի խաղողի առատ բերք է լինելու, ակնկալում ենք նաև ընկույզի ու խնձորի լավ բերք, ցավոք ցրտահարությունից տուժեցին վաղահաս մրգերը` կեռասն ու ծիրանը: Վերջին 3-4 տարիներին ավելացել են մշակովի հողատարածքները, ունենք կաթիլային ոռոգման համակարգով 120հա ինտենսիվ այգի, որտեղ աճեցվում է նուշ, ընկույզ: Կա ևս 100 հա ինտենսիվ այգի հիմնելու ծրագիր, որտեղ կաճեցվի խաղող, դեղձ:

-Պարո՛ն Սահակյան, արդյո՞ք համայնքի բնակիչներն ապահովված են պատշաճ բժշկական օգնությամբ:

-Համայնքում գործում է բժշկական կենտրոն, ունենք շտապ օգնության 2 մեքենա, որը համայնքին բավարարում է: Համավարակը, ցավոք մեր համայնքը չի շրջանցել, ունեցել ենք մեկ մահ: Աշխատանքներ են տարվում մեկուսացվածներին պարենով ապահովելու համար: Հնարավոր ամեն բան արվում է վարակը կանխելու համար: Պատշաճ կերպով կատարվում է տարածքների ախտահանում: 
Ամեն օր, ամեն րոպե պետք է գնահատենք մեր բժիշկների աշխատանքը, շնորհակալ լինենք նրանց պատասխանատու աշխատանքի համար, ոգևորենք ու օրինակելի լինենք: Համավարակից հետո մենք կվերագնահատենք կյանքը, կլինենք ավելի ուժեղ:

Հարցազրույցը՝ Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-10-24 12:34

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...