08:15
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարբի համայնքը մեծ ծրագրերի իրականացման ճանապարհին

2020-08-21 10:04

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Կարբի համայնքի ղեկավար 

ԿԱՐՈ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ


«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ կպատմեք Կարբի համայնքի մասին:

-Կարբին շատ հին բնակատեղի է, ունի մոտ 3000 տարվա պատմություն, դա են ապացուցում մեր մշակութային կոթողները, պատմական գրառումներն ու վկայությունները: Մեր համայնքում են գտնվում շուրջ 7 եկեղեցիներ, որոնցից 6-ը խոնարհված են: Կանգուն է և գործում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը 15-16դդ. բազիլիկ եկեղեցի է. նրան հարակից կանգուն է 12-13դդ. կառուցված եկեղեցու զանգակատունը: Մի քիչ հեռու Մուղնիի եկեղեցին է, Հովհանավանքն է, Սաղմոսավանքն է, Սուրբ Սարգիսը: 1724թ. տեղի է ունեցել Կարբիի ճակատամարտը, տևել է 40 օր, սակայն թուրքերին չի հաջողվել գրավել Կարբին: Եղել է արտագաղթ, հետո կրկին ներգաղթ: 1828թ-ից Բայազեթից եկած ժողովուրդն այստեղ է ապրում արդեն 200 տարի, ունի իրեն բնորոշ ապրելակերպ, բնավորություն: Կարբեցին ընկերասեր է, հյուրընկալ, աշխատասեր, համառ, խելացի:
Ամեն տարի նոյեմբերի առաջին շաբաթը նշում ենք Կարբի համայնքի օրը: Մեծ շուքով ամփոփում ենք տարին: Տոնակատարությանը մասնակցում են ոչ միայն մեր համայնքի բնակիչները, այլև ունենում ենք բազմաթիվ հյուրեր:

-Որքա՞ն է Կարբիի բնակչությունը, և ինչո՞վ են նրանք հիմնականում զբաղվում:

-Մոտ 5000 բնակիչ ունեցող Կարբիում ամեն տարի 85-90 երեխա է ծնվում ու արդեն 5 տարի շարունակ ունենք այս ցուցանիշը: Կան նաև հիմնական բնակության տեղափոխվող մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Մեր համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու այգեգործությունն է: Ունենք վերամշակող գործարան: Տուրիզմի ոլորտի աշխատատեղերի աճ ունենք, իհարկե, համավարակի հետ կապված ոլորտն առայժմ պասսիվ է, սակայն ներգնա տուրիզմի ծավալների աճ ենք ակնկալում:

-Ինչպիսի՞ տարի է 2020 թվականը համայնքի համար:

-Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Կարբի համայնքի համար 2020թ.-ը անկանխատեսելի տարի էր: Ի հայտ եկան խնդիրներ, որոնց մասին չէինք էլ կարող մտածել: Չնայած դրան, մեր ծրագրերից շատ չենք շեղվել, որոշ դժվարություններ, իհարկե կան, սակայն փորձում ենք դրանք իրագործել: Մեր ծրագրերը բավականին շատ են, նույն մասշտաբի համայնքների համեմատ, կարելի է ասել` աննախադեպ: Ունենք կառավարության հավանությանն արժանացած 7 խոշոր սուբվենցիոն ծրագիր:


* Կարբի համայնքում նախատեսում ենք բացել IT դպրոց, որն իր բնույթով կլինի եզակի ու որտեղ կսովորեն ոչ միայն մեր, այլև Օհանավան, Ուշի համայնքների 13-18 տարեկան աշակերտները: Մոտ 150 տեղի համար աշակերտները կընտրվեն մրցույթով: Այս պահին ուսումնական ծրագիրը մշակման փուլում է, սեպտեմբերին այն արդեն պատրաստ կլինի: Դպրոցում դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները, նրանցից մեկը մեր համայնքի բնակիչ է, Սիլիկոնյան հովտում արժանացել է ոսկե մեդալի: IT դպրոցի կառուցման ֆինանսավորման 65 տոկոսը տալիս է համայնքը, 35 տոկոսը` կառավարությունը:
* Խմելու ջրի ներքին ցանցի մի հատվածի վերանորոգում, որից հետո Կարբի համայնքը ամբողջությամբ կունենա 24-ժամյա ջրամատակարարում: Այս ծրագրի 50 տոկոսը ֆինանսավորվում է կառավարության կողմից, մյուս մասը համայնքի:
* Հաջորդ ծրագրով նախատեսվում է վերանորոգել համայնքի կենտրոնական այգին, կառուցել մանկական խաղահրապարակ: Այս ծրագրի 60 տոկոսի ֆինանսավորումը կատարում է համայնքը:
* Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսում ենք ձեռք բերել ժամանակակից տրակտոր ճանապարհային և հողային աշխատանքներ կատարելու համար: Սա ևս մոտ 40 մլն դրամի ծրագիր է, որի 60 տոկոսը կրկին համայնքի ֆինանսավորմամբ:
* Մոտ 5 փողոց ու բնակելի թաղամաս կլուսավորվեն սուբվենցիոն հաջորդ ծրագրով: Դրանով համայնքն ամբողջությամբ կունենա գիշերային լուսավորություն:
* 6-րդ ծրագրով նախատեսվում է համայնքում 5 նոր միջհամայնքային ճանապարհների կառուցում զրոյից և համայնքի մյուս բոլոր ճանապարհների հիմնանորոգում: Դա մոտ 125 մլն դրամի ծրագիր է, որի 50 տոկոսն իր վրա է վերցրել համայնքը:
* Եվ վերջին սուբվենցիոն ծրագիրը սպորտային համալիրի կառուցումն է: Այս տարի նախատեսվում է կառուցել շենքը, որն ավարտին կհասցվի հաջորդ տարի:
Մյուս խնդիրներն ամենօրյա աշխատանք ու լուծում են պահանջում: Խոսքը համայնքի աղբահանության, բարեկարգման ու կանաչապատման մասին է:


-Համայնքի բյուջեն բավարա՞ր է նման ծրագրեր իրականացնելու համար:


-Նման աշխատանքներ իրականացնելու համար միայն համայնքի բյուջեն բավարար չէ: Մեր վարչական բյուջեն այս տարի 160 մլն դրամ է, որը տարեցտարի մենք ավելացնում ենք և արդեն 8-րդ տարին է ունենք բյուջեի 30 տոկոս աճ: Սա մեր թիմի ու կարբեցու համատեղ աշխատանքի արդյունքն է: Համայնքն այս տարի կապիտալ շինարարության համար ծախսելու է մոտ 250 մլն դրամ, ևս 170 մլն տրամադրում է պետությունը: Ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել մոտ 500 մլն դրամի կապիտալ շինարարություն:


-Ինչպե՞ս եք դիմակայում համավարակին:


-Հնարավոր բոլոր միջոցներով: Կատարում ենք կանխարգելիչ միջոցառումներ, մյուս համայնքների համեմատ Կարբիում վարակվածության ամենաքիչ թիվն է գրանցվել, մոտ 5-6 մարդ: Մեծ աշխատանք է կատարել այս ընթացքում մեր ամբուլատորիայի բժիշկների թիմը, որը սպասարկում է նաև հարակից 8 համայնքների մոտ 10000 բնակչի: Մեր բժիշկները հերոսներ են: Վարակակիրներին մենակ չենք թողնում, նրանց կողքին ենք ցանկացած հարցով:


-Սոցիալական ի՞նչ ծրագրեր ունեք:


-Սոցիալական ծրագրեր, իհարկե ունենք, արդեն 3 ամիս շարունակ 25-30 անապահով ընտանիքների համայնքապետարանն իր միջոցներով օգնություն է ցուցաբերում 30000-ից 50 000 դրամի չափով: Հիմա էլ, քանի դեռ արտակարգ դրությունը շարունակվում է, աշխատանքը կորցրած մարդկանց հնարավորության չափով օգնում ենք:


-«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովին մասնակցում էին նաև գործարարներ այլ երկրներից: Որքանո՞վ էր նրանց համար հետաքրքիր Կարբի համայնքը:


-Այդ համաժողովին մասնակցում էին նաև գործարարներ Կարբիից, ովքեր ներկայացրին արդեն իրագործված ծրագրերը` մոտ 50 հա-ի վրա հիմնված նոր տեսակի ինտենսիվ այգիներ, դրան կից ևս մեկ ծրագիր` խաղողի նոր տեսակի մշակում և գինու նոր գործարանի կառուցում: Ներքին ներդրողները և նաև Ռուսաստանից եկած գործարարները հետաքրքրված են մեր առաջարկած ծրագրերով` ագրոտուրիզմ, հյուրանոցային բիզնես, այգիների հիմնում, մրգի վերամշակում, սպիրտի արտադրություն: Բայց ներդրումները նախորդ տարիների համեմատ, ցավոք, նվազել են:


-Բերքի տեսակետից լա՞վ տարի է 2020թ.-ը:
-Այս տարի եղանակային պայմանները բարենպաստ չէին: Ծիրան գրեթե չունենք: Կեռասի բերքը նույնպես գոհացնող չէ: Սպասենք խնձորի բերքին աշնանը:


-Ոռոգման խնդիր կա՞ համայնքում:
-Տարին այնքան էլ տեղումնառատ չէր: Համայնքի հողերի ոռոգման 80 տոկոսը սպասարկում է Ապարանի ջրամբարը, մնացածը` Արզնի-Շամիրամ ջրանցքը: Համայնքին հիմնականում բավարարում է, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում օգտվում ենք կառավարության որոշմամբ Սևանից կատարվող ջրառից:
Այս պահին ունենք 30 մլն դրամ արժողությամբ ծրագիր, որի 10 տոկոսը ֆինանսավորում է համայնքը, մնացածը ՋՕ Ծիգը: Ծրագրի շրջանակում Այգեմիջյան ջրատարներն ու խողովակաշարը` մոտ 2,5 կմ, կփոխվեն ու կվերակառուցվեն: Ի հայտ եկած խնդիրներն անմիջապես լուծում են ստանում:


-Համայնքն ունի՞ գործող մանկապարտեզ:
-Իհարկե ունի, սակայն համավարակի պատճառով չի գործում: Այնուամենայնիվ բոլոր աշխատակիցները վճարվում են:


-Պարո՛ն Բաղդասարյան, ինչպիսի՞ն են համայնքի ղեկավար-համագյուղացի հարաբերությունները, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում
-Ամեն մարդ հարցին յուրովի է մոտենում, իրեն բնորոշ ձևով: Ես փորձում եմ համայնքի բնակիչների ու իմ միջև ոչ մի գիծ չքաշել: Մարդիկ ինձ են վստահել իրենց համայնքը, դրանից իմ պարտավորվածությունն ու պատասխանատվությունն ավելի է մեծացել: Իմ լիազորությունների սահմաններում, սակայն առանց հրամայականների, փորձում ենք գտնել խնդիրների լուծումը: Դա մի քիչ ավելի էներգիա է պահանջում, բայց դրական գնահատականն ավելին է, քան ծախսած էներգիան: Մարդկանց հետ պետք է խոսել իրենց հասկանալի ու ցանկալի լեզվով: Ինչ խոսք, աշխատանքը բարդ է, սակայն այն չեմ դիտարկում որպես զուտ աշխատանք, այն արդեն դարձել է ապրելակերպ, որն ինձ դուր է գալիս: Երբ աշխատանքդ գնահատվում է, դա արդեն խթան է նոր եռանդով աշխատելու, նոր ձեռքբերումներ գրանցելու համար: Կշարունակեմ նույն եռանդով այնքան, քանի դեռ ներքին բավարարվածության զգացում կունենամ, քանի դեռ մեր դրած նշաձողը չենք հաղթահարել, դա պատասխանատվության ու պատվի հարց է:
Ժամանակներն արագ են փոխվում և պետք է ճկուն լինել, չկորցնել լավատեսությունը, հակառակ դեպքում կորում են նաև նպատակները: Մենք չենք ընկճվում, բարձր ճակատով առաջ ենք շարժվում:


-Կատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Մեծ ընտանիք ունեմ, հավատարիմ հայկական ավանդույթներին: Ծնողներս, երկու եղբայրներս իրենց ընտանիքներով ու իմ ընտանիքը միասին ենք ապրում` մի տան մեջ: Ունեմ 2 որդի, մեկ դուստր:


-Ձեր երազած Հայաստանը:
-Շատ եմ սիրում Հայաստանը: Կարծում եմ, մեծ պոտենցիալ ունենք երջանիկ երկիր ստեղծելու և մյուսների համար ուսանելի օրինակ դառնալու համար: Ամենամեծ ցանկությունս խաղաղ երկինքն է: Պետք է նաև հասկանալ, որ միայն համախմբվելու և բարի կամք դրսևորելու դեպքում կունենանք առաջընթաց և զարգացում:


Հարցազրույցը` Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...