13:39
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեկ տարվա համառ աշխատանք եւ բազմաթիվ լուծված խնդիրներ

2020-08-22 10:09

 
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Օհանավան համայնքի ղեկավար
ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:


«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Պարո՛ն Հայրապետյան, մեկ տարուց ավելի է զբաղեցնում եք Օհանավան համայնքի ղեկավարի պաշտոնը, այս մեկ տարվա ընթացքում համայնքի համար ի՞նչ կենսական նշանակության հարցեր եք հասցրել լուծել:


-Երբ դարձա համայնքի ղեկավար, Օհանավանն ուներ շատ խնդիրներ: Մեկ տարվա ընթացքում բավականին աշխատանք է կատարվել: Անցած տարի մի քանի փողոց հիմնովին վերանորոգվել է, ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը: Համայնքի վերին հատվածի փողոցներից մեկում խմելու ջուր չկար, ջրագիծ ենք անցկացրել: Համայնքն այլևս խմելու ջրի խնդիր չունի:
Հովհանավանքի արտաքին լուսավորության հարցն ենք լուծել: 20 տարուց ավելի չգործող մանկապարտեզն ենք գործարկել, դա մեր առաջնային խնդիրն էր: Լուծել ենք գույքային խնդիրները, բարեկարգել ու կանաչապատել ենք բակը: Սեպտեմբերի 10-ին` գյուղի տոնի օրը, մեծ շուքով նշեցինք նաև մանկապարտեզի բացումը: Մանկապարտեզը սպասարկում է մոտ 100 երեխայի, այցելում են նաև երեխաներ հարևան համայնքներից: Ցավոք, այս պահին համավարակով պայմանավորված, մանկապարտեզը չի գործում:
Նորոգման աշխատանքներ ենք իրականացրել դեպի դաշտեր տանող ճանապարհներին: Այս տարվա ծրագրերում նախատեսել ենք նորոգել նաև Սաղմոսավանք տանող գյուղամիջյան ճանապարհը: Այս տարվա պլաններում, մոտ 4 կմ երկարությամբ ճանապարհներ կբարեկարգվեն ու կասֆալտապատվեն:
Երբ ընտրվեցի համայնքապետ, համայնքի բյուջեն ընդամենը 30 մլն դրամ էր: Այսօր այն կրկնապատկվել է` կապված մի շարք հանգամանքների հետ: Եկամուտների հավաքագրումն անցած տարի հասցրել էինք 104 տոկոսի: Այս տարի շատ են խնդիրները, մարդկանց եկամուտները քչացել են, բերքը քիչ էր, հուսանք մինչև տարեվերջ լավ արդյունքներ կունենանք:
Սուբվենցիոն 3 ծրագիր ենք ներկայացրել, բոլորն էլ հաստատվել են:
Առաջինն արդեն նշեցի` ճանապարհների բարեկարգում ու ասֆալտապատում: Ընդհանուր արժեքը 100 մլն դրամ, որից 55 տոկոսը համայնքի հաշվին:
Երկրորդ սուբվենցիոն ծրագրով ավելի կընդլայնենք արտաքին լուսավորության ցանցը: Ծրագրի արժեքը 20 մլն դրամ է, որի 50 տոկոսը կֆինանսավորվի համայնքի ուժերով:
Երրորդ ծրագիրը գազաֆիկացումն է 11 մլն դրամ արժողությամբ, որի 50 տոկոսը, կրկին համայնքի ֆինանսավորմամբ:

-Մի շարք խնդիրներ ներառել էիք Ձեր նախընտրական ծրագրում, հասցրե՞լ եք կյանքի կոչել դրանք:


-Նախընտրական ծրագրում ներառված խնդիրների լուծման մեկնարկը տրված է: Որոշ խնդիրներ արդեն լուծվել են, մի քանիսն էլ լուծման ճանապարհին են: Դա շարունակական պրոցես է և միանգամից արդյունք ստանալ հնարավոր չէ:
Մշակութային դաստիարակությունը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է: Վերջին մեկ տարում հիմնել ենք 3 պարային խումբ, որտեղ սովորում են տարբեր տարիքային խմբերի մոտ 75 երեխա: Կենցաղի տանն ունեինք մարզադահլիճ, որը չէր գործում: Դա ժամանակավորապես տրամադրել ենք սպորտային խմբակներին, օգնել ենք վերանորորգման հարցում, ծնողները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այդ գործում: Սպորտային լուրջ հաջողությունների հասած երեխաներ ունենք համայնքում:
2530 բնակիչ ունենք: Սոցիալապես անապահով ընտանիքներին միշտ ենք օգնել: 15-20 ընտանիքի վառելիք ենք տրամադրել: Ընդհանրապես ջերմ հարաբերություններ ունեմ բնակիչների հետ, ցանկացած խնդիր քննարկում ու համատեղ լուծում ենք գտնում: Ազնիվ եմ նրանց հետ, արդար, երբեք չեմ խաբում` դրանք իմ սկզբունքներն են:
Ներդրումային ծրագրերը համայնքում կապված են տուրիզմի հետ: Ծրագրեր կան ինտենսիվ այգիներ հիմնելու: Համայնքում հաճախակի են էլելկտրաէներգիայի անջատումները, դիմել ենք նախարարին, խոստացել են ներդրումային ծրագրերով հարցին լուծում տալ: Աղբահանության խնդիրն ենք փորձում կարգավորել: Շաբաթը մեկ օր մի քանի մեքենա աղբահանություն են կատարում գյուղում: Պլանավորում ենք աղբատար մեքենա և աղբամաններ գնել:
Համայնքապետ լինելը մեծ պատասխանատվություն է պահանջում: Աշխատանքը շատ է, ընտանիքին ու երեխաներին հատկացվող ժամանակը` քիչ: Բայց եթե սիրում ես աշխատանքդ, պիտի կարողանաս համատեղել և հասցնել կատարել պարտականություններդ:


Հարցազրույցը` Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...