14:02
10/09/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ԹԱՆԿ

2013-02-01 11:17

«Դե Ֆակտո» N42

Հարցազրույց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ

-Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Երևանի պետական համալսարանի հիմնադրման  90-ամյակը: Բուհ,  որտեղ ուսանել եմ ես և աշխատանքային առաջին քայլերս կատարել:  90-ամյա պատմությամբ մայր բուհն  իրապես լուրջ դերակատարություն է ունեցել մեր երկրի հանրային, սոցիալ-տնտեսական, քաղաքական ու գիտամշակութային կյանքում` տալով հասարակական-քաղաքական բազմաթիվ գործիչներ, որակյալ ու մրցունակ մասնագետներ, գիտնականներ ու մտավորականներ: Իննսունամյա այս ընթացքից հետո, կարծում եմ, համալսարանն այսօր առկա մարտահրավերներին համահունչ նոր գործելաոճ որդեգրելու խնդիր ունի: Եվ ես կցանկանայի, որ   համալսարանն արժանիորեն դիմակայի այդ մարտահրավերներին  և՛  իր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայանալիությամբ, և՛ իր ուսանողներով այսուհետ ևս լինի հանրապետության կրթագիտական տարածքի առաջատար բուհը:

   - Պարո՛ն Քարամյան, ի՞նչ ներուժ ունի համալսարանը և ինչպե՞ս կարող է նպաստել  մեր հանրապետության ու հասարակության հետագա զարգացմանը:

-Պաշտպանության համակարգից` մեր ազգային բանակից հետո համալսարանը մարդկային ռեսուրսի կենտրոնացման առումով այսօր երկրորդ հաստատությունն է հանրապետությունում` շուրջ 15 հազար ուսանող, շուրջ 4 հազար դասախոսական և սպասարկող անձնակազմ: Իմ կարծիքով` առաջիկայում մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որ այդ մտավոր ներուժն առավել  շատ ներգրավված լինի մեր պետության, հանրության այս կամ այն խնդիրների լուծման գործում:

  - Դուք նշեցիք ԵՊՀ  ներուժի մասին, իսկ Ձեր կարծիքով` որո՞նք են բուհի առջև այսօր ծառացած խնդիրները:

  -Այսօր պետք է խորապես քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են մեր կրթության առաջատարի` Երևանի պետական համալսարանի առջև, թեև այդ խնդիրներն ընդհանուր են ամբողջ կրթական համակարգի համար: Երեք տարի աշխատել եմ ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում, մինչ այդ էլ տարբեր պաշտոններ եմ վարել  համալսարանում, և համալսարանական իմ դիտարկումները վկայում են, որ ԵՊՀ  գլխավոր խնդիրն ուսանողների անհարկի ուռճացված թվակազմն է, ինչը, պետք է նաև խոստովանել,  այնքան էլ լավ օրից չի եկել: Ըստ իս` ԵՊՀ ուսանողների թիվը չափազանց  մեծ է, և այն միանշանակ բացասաբար է ազդում կրթության որակի վրա: Ուսանողների թիվը պետք է կրճատվի, քանի որ նախ` համալսարանի ինֆրակառույցները  (լսարանային, լաբորատոր պայմանները և այլն) շատ ուսանողներ ունենալու հնարավորություն չեն տալիս. համալսարանը կարող է լիարժեք սպասարկել առավելագույնը 8 հազար ուսանողի, իսկ ամենակարևորը` աշխատաշուկան այդքան մասնագետների պահանջարկ չունի:  Սա այնպիսի մի տարողունակ խնդիր է, որտեղ  հասարակությունն էլ իր մեղքի մեծ բաժինն ունի. գաղտնիք չէ, որ միայն մեր հասարակության մեջ բուհական ընդունելության քննությունները կարող են համազգային հետաքրքրություն առաջացնել: Որպես խնդրի համակարգային լուծման տարբերակ պետք է դիտարկել միջին մասնագիտական կրթահամակարգի երբեմնի վարկի վերականգնումը: Դեպի բուհ գնացող մեր երիտասարդի համար միջին մասնագիտական հաստատությունները պետք է դառնան  մտածելու, կողմնորոշվելու մի հանգրվան, այնպիսի մի հնարավորություն, որի միջոցով նա ավելի հեշտությամբ հետագայում կգտնի իր սոցիալական կարիքները հոգացող աշխատատեղը:

Խնդիրը, անշուշտ, միայն համալսարանին չի վերաբերում: Այն առհասարակ խորքային է մեր բարձրագույն կրթության համար, և ինքս էլ բնավ վերջնական եզրահանգման իրավունքի հավակնություն չունեմ:

Հաջորդը գիտամանկավարժական երիտասարդ կադրերի պատրաստման ու կայացման խնդիրն է: Միանշանակ է, որ, այսպես ասած, ՙանհրապույր՚ աշխատավարձի պարագայում բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ շրջանավարտներ, տվյալ դեպքում ավարտելով ԵՊՀ-ն, սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում հաստատվել համալսարանում  և  գործունեություն են ծավալում հանրային կյանքի այլ ոլորտներում, որտեղ ավելի բարձր են վճարում: Այս խնդիրը ես շատ եմ կարևորում, քանի որ մենք այսօր ԵՊՀ-ում ունենք գիտամանկավարժական կադրերի ծերացման խնդիր, ավելին` որոշ մասնագիտությունների գծով ուղղակի չկան արժանի փոխարինողներ: Կարծում եմ` խնդրի լուծման ուղղությամբ պետությունը նույնպես պետք է հստակ մոտեցումներ ցուցաբերի: Հարկ է ջանքեր գործադրել, որ ԵՊՀ-ի ապագան էլ ավելի լավը լինի, իսկ երկրում առավել ընդգծվի նրա դերակատարությունը:

 -Իսկ ի՞նչ մոտեցում պետք է որդեգրել Ձեր նշած խնդիրները լուծելու համար:

  -Առհասարակ, բարձրագույն կրթության կազմակերպման գործը հարկ է կազմակերպել հետևյալ սկզբունքով. կրթությունը պետք է լինի որակյալ և թանկ: Բայց այն պետք է նաև մատչելի լինի  սոցիալապես նվազ ապահովված այն երիտասարդների համար, ովքեր ուսումնառության մեծ ձգտում և տաղանդ ունեն: Այսինքն` կրթությունը, թանկ լինելով հանդերձ, պետք է հստակ մեխանիզմներ մշակի` այդ երիտասարդների բարձրագույն ուսումն անվճար ապահովելու համար:

-Այսօր մի՞թե մեր բարձրագույն կրթությունը թանկ չէ:

 -Եթե միջազգային չափանիշներով դիտարկենք, ապա` միանշանակորեն ոչ, իսկ եթե ավելի անկեղծ ասեմ, ապա անհասկանալի ու անհավատալի էժան է:

    -Դուք նաև ՙԵՊՀ շրջանավարտների միավորում՚ ՀԿ-ի նախագահն եք: Ի՞նչ ծրագրեր Է իրականացնում կազմակերպությունը:

   -Միավորումը կազմավորվել է 1996 թվականին` ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարության ժամանակ: Սակայն լուրջ գործունեության սկիզբ կարելի է համարել թերևս 2003 թվականը: Մինչ օրս մենք շատ ակտիվ աշխատել ենք համալսարանական բազմաթիվ խնդիրների լուծման ուղղությամբ` փորձելով ներգրավել տարբեր տարիների մեր շրջանավարտների  ներուժը: Միավորման նախաձեռնությամբ է, որ կոմպոզիտոր Ռ. Ամիրխանյանի հեղինակությամբ ԵՊՀ-ն օրհներգ ունեցավ, հիմնադրվեց ԵՊՀ ուսանողական թատրոնը, կազմավորվեց Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նոր բովանդակություն ու տեսք ստացավ ՙԵրևանի համալսարան՚ պաշտոնաթերթը և այլն: Մեր միավորումը իր մասնաճյուղն ունի նաև ԱՄՆ-ում:

Մոտ երկու տարի առաջ մեր միավորման նախաձեռնությամբ և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո մեկնարկեց ՙԱջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը՚ ծրագիրը: Այն գիտամանկավարժական երիտասարդ  ներուժի պահպանմանն ու զարգացմանն ուղղված և սոցիալական հստակ շեշտադրումներ ունեցող նախաձեռնություն է: Ծրագրի հիմնական նպատակն է սոցիալական առումով համալսարանը հրապուրիչ դարձնել հեռանկարային երիտասարդ դասախոսների համար: Կարծում եմ` ծրագրի իրականացման արդյունքում առաջիկա 7-10 տարիներին երիտասարդ համալսարանականների բնակարանային ապահովման խնդիրը  մեծ մասամբ լուծված կլինի: Ծրագիրը ներկայումս հաջողությամբ իրագործվում է. 2010 թ.-ին մենք շահագործման կհանձնենք 315  բնակարան ունեցող համալիրը, և երիտասարդ համալսարանականները բնակարանամուտ կտոնեն: Ընդ որում բնակարանների արժեքն էապես ցածր է շուկայական գներից:

 -Երբ Դուք ԵՊՀ պրոռեկտոր էիք, ի՞նչ հարցերով էին  ուսանողները  Ձեզ դիմում:

-Այդ հարցերը հիմնականում սոցիալական բնույթ ունեին. օրինակ` ուսման վարձի զեղչում: Արդեն երկար տարիներ ԵՊՀ-ն ուսման վարձը զեղչելու որոշակի հնարավորություն է ընձեռում ուսանողության անվճարողունակ հատվածին: Տարեկան շուրջ 1400 ուսանող  օգտվում է այդ արտոնություններից: Սա լուրջ աջակցություն է: 

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում որպես սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար:

 -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համակարգում է պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Այս համատեքստում մենք ուղղակիորեն առնչվում ենք ինչպես բազմաթիվ երիտասարդների, այնպես էլ ուսանողական մեծ համայնք ներկայացնող ԵՊՀ-ի հետ: Պետական երիտասարդական քաղաքականության հիմնական խնդիրը  մեր պետության հանրային կյանքի   ամենատարբեր ոլորտներում երիտասարդ մարդկանց համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է` երիտասարդների քաղաքական, տնտեսական, մշակութային մասնակցությունն ապահովելու նպատակով:

Մեր երկիրը մինչև տարեվերջ կմիանա եվրոպական երիտասարդական քարտի պայմանագրին` ՙԵվրո-26՚ քարտային համակարգին, որը զեղչային բազմաթիվ հնարավորություններ կընձեռի մինչև 26 տարեկան մեր երիտասարդ քաղաքացիներին. նրանք կարող են ճամփորդել եվրոպական բազմաթիվ երկրներում և օգտվել համապատասխան ծառայություններից: Նույն հնարավորությունները մեր երկրում  ունենալու են նաև  եվրոպացի երիտասարդները: Կարծում եմ` սա էական խթան կդառնա մեր ուսանողական փոխանակման ծրագրերի համար:

 -Մեր երկրում ի՞նչ հեռանկարներ եք տեսնում  երիտասարդների համար:

 -Մենք ունենք շատ հրաշալի երիտասարդություն, որը լի է խանդավառությամբ: Նայելով նրանց` վստահ եմ,  որ  և՛ պետական համալսարանի, և՛  մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է լինելու: Մենք պետք է ունենանք գիտելիքահենք  տնտեսություն, որը նաև ՀՀ Կառավարության քաղաքականության հիմնական տեսլականն է: Եվ այդ քաղաքականության շրջանակում մենք պետք է ունենանք կրթագիտական բարձրակարգ համակարգ, ուժեղ բուհեր, և այդ ամենը` ԵՊՀ-ի` որպես մայր բուհի, որպես մեր կրթական գործի առաջատարի առաջնորդությամբ: 

Հարցազրույցը վարեց  Սուսաննա Թամազյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...