05:12
04/05/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Էդգար Գյանջումյան

2013-02-07 11:25

Ամենակարևորն անկեղծությունն է

«Դե Ֆակտո» 70 էքսկլյուզիվ

Հարցազրույց «Օգնեմ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ:

- Պարո՛ն Գյանջումյան, կպատմե՞ք ՙՕգնեմ՚ բարեգործական հիմնադրամի մասին: Ե՞րբ և ինչպե՞ս այն հիմնվեց:

- ՙՕգնեմի՚ հիմնադիրը ես եմ: Այն ստեղծվել է 4 տարի առաջ՝ 2008 թվականին: Հիմնադրամի շնորհանդեսը տեղի ունեցավ իմ հեղինակային համերգային երեկոյի ժամանակ Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: Նշեմ, որ համերգի ողջ հասույթը փոխանցվեց ՙՕգնեմ՚ բարեգործական հիմնադրամին: Համերգի ընթացքում հնչեցին իմ ստեղծագործությունները, և այդ օրը մարդիկ առաջին անգամ լսեցին մեր հիմնադրամի մասին: ՛Եվ արդեն 4 տարի է, ինչ մենք գործում ենք և օգնում արյան օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին: Այդ օգնությունն իրականացվում է մի քանի ուղղությամբ՝ դեղորայքի, բուժսարքավորումների տրամադրում, բարոյահոգեբանական վերականգնողական ծրագրերի կազմակերպում: Օրինակ` անցյալ ամռանը մեր հիմնադրամը կազմակերպեց վերականգնողական ճամբար, որը կոչվում էր ՙՈւրախ ճամբար՚: Ծրագրի մասնակիցներն էին այն երեխաները, ովքեր արդեն ապաքինվել էին: Նրանք հնարավորություն ունեցան հիանալի ժամանակ անցկացնելու իրենց ծնողների և կազմակերպչական խմբի հետ: Հետագայում նրանցից շատերը խոստովանեցին, որ այդ ճամբարում իրենք կարողացան մոռանալ հիվանդության հետ կապված բոլոր տհաճ հիշողություններն ու վերադառնալ նորմալ կյանքի: Ես ինքս մի քանի անգամ այցելեցի երեխաներին և համոզվեցի, որ ծրագիրն այնքան լավ էր կազմակերպված, որ երբեք հարց չէր ծագում, թե ինչպես լրացնել ժամանակը: Հուսով եմ՝ այս տարի նույնպես մեզ կհաջողվի կազմակերպել ՙՈւրախ ճամբար՚:

- Կարծում եմ` մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ Ձեր պատմությանը...

- Մի քանի տարի առաջ ես ինքս անցել եմ այս հիվանդության բոլոր դժվարությունների միջով, և Աստծո օգնությամբ ինձ հաջողվեց հաղթահարել այն: Այդ հիվանդությունից հետո ես շատ բան վերաիմաստավորեցի իմ կյանքում: Ես ազատվեցի այն անպետք և անիմաստ շղարշից, որով, ցավոք, պարուրված է մեր մոլորակը և որը խանգարում էր ինձ ապրելու լիարժեք կյանքով: Շատ մարդիկ այսօր ապրում են՝ չնկատելով ամենակարևորը, չնկատելով, որ ամեն մի օրը երկնային պարգև է: Շատերը չեն գիտակցում, որ կյանքի իմաստը մրցակցության մեջ չէ: Գիտե՞ք, մրցակցությունն ի վերջո բերում է պարծենկոտության, իսկ այն մարդն, ով պարծենկոտ է, անպայման նախանձ է: Ես կարծում եմ, որ պարծենկոտությունը և նախանձը ՙեսակենտրոնության թռչնի՚ երկու թևերն են: Իմ երգերից մեկը կոչվում է ՙԵրկու թևն ենք մենք սիրո՚: Մի օր ես հասկացա, որ գոյություն ունի նաև մի այդպիսի ՙմեղքի թռչուն՚: Ես գիտակցեցի, որ իրական երջանկությունը Աստծո ամեն օրը մարդկանց սեր և ուրախություն պարգևելն է, ստեղծելն է, այլ ոչ կործանելը: Գիտե՞ք, երաժշտությունն էլ կարող է կործանիչ լինել, և մենք այսօր դրա ականատեսն ենք: Այսօրվա ողջ ագրեսիվ երաժշտությունն ազդում է ինչպես մարդու ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեկան ներաշխարհի վրա: Իզուր չէ, որ իմ գիտական ատենախոսության թեման է ՙԵրաժշտական էկոլոգիան՚, որտեղ ես կարող եմ ներկայացնել իմ բոլոր դրույթներն այս հարցի շուրջ:

- Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ օնկոլոգիական հիվանդությունների հետ պայքարն իրականացվում է պետական մակարդակով: Արդյո՞ք կարելի է նույնն ասել Հայաստանի մասին:

- Մեծ հպարտությամբ պետք է նշեմ, որ այսօր Հայաստանում այդ խնդրին շատ մեծ ուշադրություն է դարձվում: Հատուկ կցանկանայի առանձնացնել ՙՆվիրիր կյանք՚ հիմնադրամը, որը գլխավորում է Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Որքանով տեղյակ եմ, արդեն մեկ տարի անց կբացվի նոր մանկական օնկոլոգիական կենտրոն, որը կօգնի երեխաների բուժման ավելի արդյունավետ կազմակերպմանը:

- Կխնդրեի պատմել Ձեր վերջին համագործակցության մասին  ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի հետ:

- 2011-ի դեկտեմբերին ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամից համագործակցության առաջարկ ստացանք, ըստ որի՝ ՙՏաշիր՚ հիմնադրամը խոշոր գումար հատկացրեց ՙՕգնեմ՚-ին, որն ուղղվեց այն երեխաների բուժմանը, ովքեր տվյալ պահին տառապում էին արյան քաղցկեղով: Մենք մեծ ուրախությամբ ընդունեցինք այդ առաջարկը և ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամին տրամադրեցինք երեխաների մասին տեղեկությունները: Հիվանդների թիվը մեր երկրում տվյալ պահին 27 երեխա է, և ես ուրախ եմ, որ այդ համագործակցությունը կայացավ: 27 երեխաներից յուրաքանչյուրը ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի կողմից ստացավ 800 հազարական դրամ: Մեկ անգամ ևս կցանկանայի շնորհակալություն հայտնել Սամվել և Կարեն Կարապետյաններին այդ օգնության համար: Հուսով ենք՝ այդ օգնության շնորհիվ երեխաները կառողջանան և կունենան լուսավոր ապագա:

-Ավելի քան 10 տարի է Դուք ճանաչված եք Հայաստանում և նրա սահմաններից դուրս որպես կոմպոզիտոր: Կցանկանայի խոսել Ձեր ստեղծագործական կյանքից:

- Իմ ստեղծագործական ուղին շատ հետաքրքիր է: Ես ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և միջազգային իրավունքի ֆակուլտետները, և միայն իմ երրորդ մասնագիտությունն է իմ կոչումը: Ես ավարտել եմ նաև Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, ինչպես նաև ասպիրանտուրան: Արդեն 15 տարի է, ինչ  ստեղծագործում եմ: Հաճելի է, երբ գիտակցում եմ, որ չնայած  երգերիցս շատերը գրվել են ավելի քան 10 տարի առաջ, սակայն  մինչ օրս մեր ժողովուրդը այն լսում է: Իմ վերջին համերգը, ինչպես ես արդեն նշեցի, տեղի է ունեցել 2008 թվականին: Նույն օրը կայացավ իմ ՙՀավատա և աղոթիր՚ սինգլի շնորհանդեսը, որը որպես նվեր հանձնվեց բոլոր ներկաներին: Անցյալ տարի լույս տեսավ իմ 5-րդ ձայնասկավառակը, որում զետեղված են գործիքային ստեղծագործություններ և երգեր: Վերջին շրջանում ես անցել եմ խոշոր ժանրի ստեղծագործությունների: Գրել եմ ՙՔանի դեռ մեզ հետ է Աստված՚ սյուիտը, որի մասերից մեկը հնչեց 2006թ. Մոսկվայի Կրեմլի դահլիճում` մեծն Ջիվան Գասպարյանի և Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Հուսով եմ՝ շուտով սյուիտը ամբողջովին կներկայացվի հայ հանդիսատեսին: Արդեն պատրաստ է նաև վոկալային ցիկլ՝ գրված Հովհաննես Թումանյանի խոսքերով:

- Արդյոք Ձեզ համար դժվար չէր անցումը մեկ ժանրից մյուսին:

- Կարծում եմ՝ ոչ: Ամենակարևորն ինձ համար երաժշտությունն է: Ե՛վ երգերում, և՛ խոշոր ժանրի ստեղծագործություններում կարևորը մեղեդին է: Ինձ համար թանկ են իմ բոլոր ստեղծագործությունները: Ամենակարևորը արվեստում, կարծում եմ, անկեղծությունն է:

Հարցազրույցը` Մարիաննա Քաբաբյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց