06:37
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Մեր երաժշտությունը մեր հոգու, մտածելակերպի արտացոլումն է

2013-02-27 11:02

«Դե Ֆակտո» 28 (2008թ.)

Հարցազրույց ՙԷմփիռեյ՚ խմբի երգիչ Սարգիս Մանուկյանի հետ

-Ի՞նչ է նշանակում էմփիռեյ:

-Էմփիռեյ բառը ծնվել է անգլիական բնափիլիսոփայությունից, որը նշանակում է իրականությունից կտրվածություն, յոթերորդ երկինք կամ տիեզերքի վերջին կետ:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ անվանումը:

-Մենք փորձել ենք իրար համապատասխանեցնել մեր խմբի անվանման ու մեր մատուցած երաժշտության գաղափարախոսությունները, չնայած դա չի նշանակում, որ մենք կտրված ենք իրականությունից. մենք պարզապես փորձում ենք երևույթներին վերևից նայել:

-Ինչպե՞ս ստեղծվեց ՙԷմփիռեյ՚ խումբը:

-1993թ. հրավեր ստացանք, որպեսզի նորաստեղծ  խմբում ես հանդես գամ որպես երգիչ, իսկ Կարենը` կիթառահար, սակայն այդ խումբը չկայացավ ու երկու-երեք ամսվա գործունեությունից հետո դադարեց գոյություն ունենալ, ինչն էլ ՙԷմփիռեյ՚ խմբի հիմնադրման հիմքը հանդիսացավ, որը ստեղծվեց 1994թ. մարտ ամսին: Այնուհետև խմբի կազմում փոփոխություններ եղան, սակայն արդեն հինգ տարի է, ինչ նույն կազմով ենք հանդես գալիս:

-Ներկայացրեք, խնդրեմ, խմբի անդամներին:

-ՙԷմփիռեյ՚ խմբի հիմնադիրները ես եմ և Կարեն Արզումանյանը, Խուրշուդյան Դավիթը բասկիթառահարն է, Գիսանե Պալյանը ստեղնահարն է, իսկ հարվածային գործիքներ նվագում է Բոբիկյան Կորյունը:

-Ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ այդ  ոճում:

- Հիմա կարծես թե ավելի շատ որոշում են, թե որ ոճում կարելի է հանդես գալ, քան զգում, սակայն մենք անում ենք այն, ինչ զգում ենք. մեր երաժշտությունը մեր հոգու, մտածելակերպի, երաժշտական երևակայության և ճաշակի արտացոլումն է:  Հայաստանում կան երաժիշտներ, որոնք հիմա ռաբիս են նվագում, որոշակի ժամանակահատվածում նաև ռոք. վերջնահաշվարկում նրանք, ամեն ինչ նվագելով, ոչինչ չեն նվագում: Դա կախված է մարդու նաև մարդու դաստիարակությունից, և Աստված տա միշտ լինի հնարավորություն, որպեսզի մարդը կարողանա իր ներաշխարհն արտացոլելով երաժշտության մեջ` արտահայտի իր հոգում եղածը:

-Ոճային փոփոխություններ սպասվո՞ւմ են:

-Ոչ, ոճային փոփոխություններ չեն սպասվում: Հնարավոր է, որ որևէ գործ յուրահատուկ մոտեցում պահանջի, սակայն գաղափարային փոփոխություններ չեն կարող լինել:

-Ովքե՞ր են Ձեր երգերի հեղինակները:

-Մինչև 1998թ. երգերի մեծ մասը միայն Կարենն էր գրում, որից հետո միացավ նաև Գիսանեն: Առաջին երգերի հավաքածուի մեջ, որը լույս տեսավ խմբի ստեղծումից տասը տարի հետո, տեղ էին գտել հենց նրանց ստեղծագործությունները, իսկ երկրորդում գերակշռում են Գիսանե Պալյանի ստեղծագործությունները:

-Ի՞նչ նոր անակնկալներով կուրախացնեք Ձեր երկրպագուներին:

-Մենք չենք դադարում ծավալել մեր գործունեությունը, ինչը ոմանց համար լավ, ոմանց համար վատ անակնկալ է: Արդեն նոր ձայնասկավառակի 70%-ը պատրաստ է, և հույս ունենք, որ այն երկրպագուների դատին կհանձնենք տարեվերջին կամ 2009թ. գարնանը: Կնկարահանվի նոր տեսահոլովակ: Տարվում են աշխատանքներ, որպեսզի տեղի ունենա մեր մենահամերգը: Երկու ամիս առաջ ԴՎԴ սկավառակ է լույս տեսել, որտեղ տեղ են գտել մեր տեսահոլովակներն ու մեր վերջին մենահամերգը: Մենք ստեղծագործական բնականոն ընթացքի մեջ ենք. թե ինչ արդյունք կտա մեր աշխատանքը, կգնահատեն մեր երգարվեստով հետաքրքրվողները:

-Բացի երգելուց ինչո՞վ եք զբաղվում. ի՞նչ հետաքրքրություններ ունեք կյանքում և առհասարակ ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:

Ես նույնպես ունեմ այն  հետքրքրությունները, ինչ կարող է ունենալ առողջ մարդն իր մտահորիզոնի ու պատկերացումների շրջանակներում: Համենայն դեպս այն, ինչ անում եմ, կապված է երաժշտության հետ: Ես նաև երգում եմ ակումբներում ֆինանսական ապահովության համար, իսկ ազատ ժամանակ մտածում եմ, թե ինչպես զբաղվեմ: 

Կարենն ու  Գիսանեն զբաղվում են ստուդիայի աշխատանքներով, ինչպես ՙԷմփիռեյ՚ խմբի, այնպես էլ շատ ու շատ այլ երգիչ-երգչուհիների երգերի ձայնագրություններով:

-Ինչպիսի՞նն եք եղել մանկության տարիներին: -Նախ պետք է նշեմ, որ իմ մանկության հետ շատ գեղեցիկ հուշեր են կապված և մանկության տարիներիին ես երջանիկ եմ եղել: Ես կարծում եմ, որ մարդու հետագա կյանքն իր մանկության արտացոլումն է:

-Կա՞ն երազանքներ, որոնք այդպես էլ մնացին լոկ երազանքներ:

-Եթե բոլոր երազանքներն իրագործված լիեին, ապրելն անհետաքրքիր ու անիմաստ կլիներ, սակայն ես փորձում եմ առավելագույնս երազել իրագործելի երազանքների մասին և խուսափել անհավանական երազանքներից: Երբ դադարում ես երազել, ապրելն անիմաստ է թվում:

-Ձեր սիրած գիրքը, տարվա եղանակն ու երկիրը որո՞նք են:

-Իմ սիրած երկիրը վաղվա Հայաստանն է: Ես շատ եմ սիրում ջերմություն, հետևաբար նախընտրում եմ ամառը, սիրում եմ նաև գարնան վերջն ու աշնան սկիզբը: Իսկ ամենասիրելի գիրքն ինձ համար Աստվածաշունչն է:

-Ինչի՞ մասին էիք մտածում, երբ 17 տարեկան էիք: 

-17 տարեկանում մտածում էի, թե ինչ եմ անելու 34 տարեկանում: Մտածում էի, թե որքան մեծ կլինենք, երբ 20-25 տարեկան լինենք, սակայն չհասցրեցինք աչք թարթել, դարձանք երեսունն անց: Այդ տարիքում, երևի թե, բնական էր, որ ապրում էինք հիմնականում ապագայի ծրագրերով և ավելի հաճախ երազանքներով: Իսկ հետո տարիների ընթացքում մարդու մտքերը դառնում են ավելի հստակ, և երազանքներդ սկսում ես համապատասխանեցնել հնարավորություններիդ:

-Ձեր պատկերացրած իդեալական կնոջ կերպարը:

-Ինձ համար իդեալական կնոջ երկու կերպար կա` իմ մայրն ու իմ կինը:

-Իսկ ինչո՞վ են նրանք առանձնանում Ձեզ համար:

-Նրանք ինձ համար են առանձնանում, իմն են, և ես չեմ կարող ուրիշներին ճանաչել ու գնահատել այնպես, ինչպես նրանց:

-Խանդո՞տ եք:

-Ես կարծում եմ, որ եթե տղամարդը սիրում է, չի կարող խանդոտ չլինել, սակայն, իհարկե, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ:

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, որպեսզի գրավի Ձեզ:

-Կնոջ մեջ գնահատում եմ կանացիությունն ու ներքին բովանդակությունը. չեմ սիրում դատարկ կանանց:

-Անհաջողությունները կոփո՞ւմ են մարդկանց, թե ավելի լավ է ապրել առանց դրանց:

-Պետք չէ փնտրել անհաջողություններ, բայց եթե ճակատագիրը մատուցում է դրանք, պետք է հաղթահարել, ինչն էլ, իհարկե, կոփում է մարդուն: Մարդուն կոփում է նաև հաջողությունը, պարզապես հաջողությանը դիմանալ է պետք:

-Ինչի՞ց եք կյանքում վախենում:

-Վախենում եմ քծնող և կեղծ մարդկանցից, այսինքն` ստից ու կեղծիքից:

-Ի՞նչը երբեք չեք ների մարդկանց:

-Դավաճանությունը երբեք չեմ կարող ներել:

Հարցազրույցը` Լիանա Մանուչարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...